Գեղարվեստական հաղորդում (270)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին:Ընկերակցեք մեզ։
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի պատկերասրահում բացվել է Իրանի հայկական եկեղեցիների լուսանկարների վիրտուալ ցուցահանդես`«Փառահեղ Իրան» խորագրով:
Ցուցահանդես կարելի է այցելել վիրտուալ պատկերասրահում https://gallery.irunesco.org/ հասցեով:

Երևանում, Գյումրիում և Արտաշատում մայիսի 30-ից հունիսի 15-ը կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնն իր գոյության մեկ ու կես տասնյակից ավելի տարիների ընթացքում կարողացել է Հայաստանում ձևավորել ու զարգացնել «մեկ դերասանի թատրոն»-ը:
«Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին:
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարի ևս, համավարակով պայմանավորված, փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում կլինի ակտիվ:
Փառատոնը ուշադրությունը կբևեռի բացառապես հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ կտանի Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև հարթակ կտրամադրի երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին ինքնաարտահայտվելու համար։
«Արմմոնո-Plus» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մոնոներկայացումներ մարզային թատրոնների դերասանների կատարմամբ, և 19-րդ «Արմմոնոն» կհյուրընկալվի Գյումրիում և Արտաշատում։
«Արմմոնո»-ի շրջանակներում կանցկացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Դրամատուրգիա» հանդեսի և tatron-drama.am կայքի հետ համատեղ։ Առաջին անգամ, հայ դրամատուրգներն իրենց մասնակցությունը կբերեն փառատոնին երկու ծրագրով՝«Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին»։

Երևանի գրադարանները 2021 թվականին համալրվել են նոր գրքերով՝ 20-25 անուն յուրաքանչյուր գրադարանի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
«Այս տարի բյուջեով նախատեսված չէր գրադարանները համալրել գրքերով, սակայն կարևոր համարելով այդ հարցը, միջնորդություն ներկայացրինք մեր ֆինանսական վարչությանը և մի փոքր գումար հնարավոր եղավ հատկացնել այդ համալրումների համար: Երևանյան գրադարաններից ստացանք այն գրքերի ցանկը, որոնք ամենապահանջվածն են և մոտ 20-25 անուն գիրք՝ երկուական օրինակով տրվեց նրանց: Ընդհանուր առմամբ մեր մայրաքաղաքի գրադարանները համալրվել են մոտ 800 անուն գրքով»,- նշեց Մելքոմ Մելքոմյանը:
Նա շեշտեց, որ հաջորդ տարվա բյուջեում հստակ գումար կնախատեսեն գրքերի համար, քանի որ սա փոքր թիվ է:

Ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը։
Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել բաղմաթիվ պրեմիերաներ, երկարամյա դադարից հետո մեծ բեմից հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։
Փակման գալա համերգը մեկնարկել է Հայկ Բոյաջյանի Թավջութակի եռամաս կոնցերտի պրեմիերայով։
Փարիզում ծնված կոմպոզիտորը Թավջութակի իր կոնցերտի մասին ասել է. «Իմ եռամաս թավջութակի կոնցերտն իր խորքում մի քանի տարրերի միաձուլում է: Դրանք սկիզբ են առնում իմ կյանքի մշակութային արմատներից․ ես նախ և առաջ ծագումով հայ եմ, ապա ֆրանսիացի եմ՝ ըստ ծննդավայրի, և արգենտինացի՝ իմ անձի ձևավորման առումով, քանի որ պատանեկությունս անցել է Բուենոս Այրեսի արվարձանում: Դրանից հետո միայն՝ քսաներկու տարեկանից ապրել եմ ԱՄՆ-ում: Այս ազդեցություններից է մշտապես հղկվել իմ երաժշտական լեզուն: Իմ ստեղծագործությունների մեծ մասում արևելյան ու արևմտյան ավանդույթները փոխակերպվում են այնպիսի երաժշտական լեզվի, որ բնորոշ է հենց իմ ներաշխարհին»։
Փառատոնի փակմանը հնչել է նաև Ադամ Խուդոյանի Թավջութակի թիվ 2 կոնցերտը, որը հայ կոմպոզիտորական դպրոցի ամենադրամատիկ կոնցերտներից մեկն է։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ կատարել է Մարտին Ուլիխանյանի «Լամենտո» ստեղծագործությունը թավջութակի և լարային նվագախմբի համար, որը նվիրված է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների մայրերին։
Նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Արամ Թալալյանը։
Համերգային ծրագիրն ամփոփվել է ևս մեկ պրեմիերայով. հնչել է անվանի կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի «Ալպիական դիմակահանդես» սիմֆոնիկ պատկերը, որը հեղինակը գրել է երեք տարի առաջ։
Համերգը ղեկավարել է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Դիրիժորը, խոսելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նշանակության մասին, շեշտել է, որ այն մեծ դեր է կատարում մեր մշակութային կյանքում։ Նա ընդգծել է, որ խորհրդային տարիներին բոլոր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ձայնագրվում ու պահպանվում էին, ինչի շնորհիվ մեր կոմպոզիտորական դպրոցը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Խորհրդային տարիներից հետո այս ասպարեզում վակուում էր առաջացել։ Այժմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը, նախաձեռնելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, շարունակում է այդ արժեքավոր գործը։ Դիրիժորը կարևորում է այն փաստը, որ փառատոնի շրջանակներում բազմաթիվ պրեմիերաներ են ներկայացվում։
«Ստեղծագործություններն անպայման պետք է բեմ բարձրանան, հակառակ դեպքում հավասարազոր են չգրվելուն։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելը հայրենասիրության դրսևորում է»,-ասել է նա։

Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մրցույթի նախորդ տարիների հաղթող, թավջութակահար Ջոնաթան Սվենսենը։ Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջուն Սան Պարկը, որը 2016թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է։
Հիշեցնենք, որ հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը տեղի կունենա դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։
Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի և նրա տիկնոջ բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս խոշորագույն միջոցառման կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

Սերգեյ Փարաջանովի թանգարանի նորանշանակ տնօրեն Անահիտ Միքայելյանը երկար տարիներ եղել է թանգարանի գլխավոր ֆոնդապահը և շատ լավ գիտի հաստատություն թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միքայելյանն ասում է, որ տասը տարի է՝ աշխատում է Փարաջանովի թանգարանում և կարծում է՝ նախ և առաջ անհրաժեշտ է հետաքրքիր դարձնել այցելուների հետ աշխատանքը:
«Կազմակերպելու ենք տարբեր միջոցառումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ ենք կիրառելու մշտական ցուցադրության մեջ, տարբեր տարիքի այցելուների համար համապատասխան ժամանցային ու կրթական ծրագրեր ենք մշակելու: Շատերի հետ ենք զրուցել, իսկ էքսկուրսիաների ընթացքում հաճախ էի լսարանին հարցնում, թե ինչ կցանկանային՝ լիներ թանգարանում և այլն: Դիտարկման շնորհիվ արդեն իսկ պատկերացում ունենք, թե ինչ նախաձեռնություններ է պետք իրականացնել առավել հետաքրքիր լինելու համար»,-նշում է Միքայելյանը:
Նրա խոսքով՝ Սերգեյ Փարաջանովի տանը մշտապես բազմաթիվ մարդիկ են հյուրընկալվել, որոնք երբեք առանց նվերների չեն լքել ռեժիսորի տունը, ինչի արդյունքում նրանց մասնավոր հավաքածուներում կան Փարաջանովի աշխատանքներ: «2024 թվականին Փարաջանովի 100-ամյակի առթիվ ցանկանում ենք կապ հաստատել այդ մարդկանց հետ, որոնք աշխարհի տարբեր երկրներում են և կինոռեժիսորի հոբելյանին Երևանում՝ մեր թանգարանում Փարաջանովի՝ մասնավոր հավաքածուների իրերի ցուցադրություն կազմակերպել: Եթե հյուրերը համաձայնեն, կարող ենք նաև աճուրդ կազմակերպել»,-տեղեկացնում է Անահիտ Միքայելյանը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Փարաջանովի գործերի հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:
Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվել է երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվել են: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվել է միայն 1991 թվականին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է Փարաջանովի մոտ 600 աշխատանքից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում՝ Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թվականներին, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:
Տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է: Այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի:
Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն:
Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:

ԱՄՆ կինոակադեմիան մեկ ամսով հետաձգել է «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը, որը նախատեսված էր 2022 թվականի մարտի 27-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին: Տեղափոխման պատճառները չեն նշվել:
««Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղափոխվել է 2022 թվականի մարտի 27՝ կիրակի», - ասվում է մրցանակաբաշխության կայքում: Միջոցառումը տեղի կունենա Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում և հեռարձակվելու է ABC հեռուստաընկերությամբ:
Ըստ ժամանակացույցի` մի շարք անվանակարգերի կարճ ցուցակում ընդգրկված ֆիլմերի ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին, մինչդեռ բոլոր անվանակարգերում հաղթանակի հավականորդները կհայտարարվեն փետրվարի 8-ին: