Ելք դեպի լույս 591
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հաջ սուրահի 35-րդ այա
Նրանց (համար սահմանեք), ովքեր (Աստծո) հիշատակը երկյուղով պահում են, ովքեր համբերությամբ տանում են իրենց բաժին հասած դժվարությունները, ովքեր աղոթում են ու աղքատներին տալիս այն հարստության մի մասը, որ իրենց ենք տվել:
Այս այան անդրադառնում է նրանց, ովքեր մշտապես ենթարկվում են Աստծո պատվիրաններին ու խոնարհվում Աստծո առաջ: Այան ասում է, որ այդ մարդկանց մշտապես մտահոգում է այն, որ իրենց կրոնական պարտավորությունները լիարժեք չեն իրականացնի և Աստծո անունը տալիս նրանց սիրտը դողում է: Բնականաբար, նման անձինք, իրենց արարքներում, օրինակ կրոնական պարտավորություններում և նամազ անելիս, անում են լավագույնը: Նրանք մշտապես նամազ են անում և եթե որոշ դժվարություններ ունեն կյանքում, համբերատարությամբ հաղթահարում են դրանք: Նրանք երբեք ապերախտ չեն լինում, մշտապես փառաբանում են Աստծուն, անտարբեր չեն լինում կարիքավորների նկատմամբ ու օգնում են նրանց։
Այս այայից սովորում ենք.
1. Բարեպաշտությունը և աստվածավախ լինելը մարդուն տանում են դեպի կատարելագործում: Եվ դա ամրապնդում է մարդու դիմադրությունը:
2. Աստծո հետ կապը մարդկանց հետ կապից առանձին չպետք է լինի: Մարդը չպետք է մեկուսանա հասարակությունից, այլ պետք է լինի ակտիվ և կատարի իր պարտավորությունները:
Հաջ սուրահի 36-րդ այա
Ուղտերը պետք է ծառայեն Բարձրյալին: Դուք դրանցից ստանալու եք բազմատեսակ առավելություններ: Աստծո անունը կանչեք այն ուղտերի վրա, որ մատաղ եք անելու։ Թող նրանք ոտքի վրա լինեն: Երբ կողքի վրա ընկնեն՝ կերեք նրանց միսը ու բաժանեք կարիքավորներին: Նրանց այսպես ձեզ ենթարկեցինք: Թերևս շնորհակալ լինեք (այս բարիքի համար):
Այս այան մեկ անգամ ևս անդրադառնում է հաջի ուխտագնացությանը և պատվիրում խոշոր ուղտեր ընտրել մատաղ անելու համար: Այդպիսով մարդը ցույց է տալիս, որ հետևում է Աստծո պատվիրաններին և մյուս կողմից, մեծ ուղտերը կարող են բավարարել կարիքավոր ընտանիքների կարիքները: Իհարկե, աղքատները բաժանվում են երկու մասի: Մի մասն իր կարիքի մասին բարձրաձայնում է , իսկ մյուս մասը` լռում: Իսկ հավատացյալները պատասխանատու են երկու խմբի առաջ: Այնուհետև այան անդրադառնում է այն փաստին, որ ուղտի նման մեծ կենդանին ենթարկվում է մարդուն, նշելով, որ դա Աստծո շնորհիվ է, որի համար պետք է երախտապարտ լինենք Նրան:
Այս այայից սովորում ենք.
1. Աստվածային արարողակարգը կատարելիս պետք է լինել առատաձեռն ու հոգատար: Չնայած կարելի է մատաղ անել նաև գառ ու հորթ, սակայն Ղուրանն ուղտի մասին է խոսում և այն էլ խոշոր ուղտի:
2, Ղուրանում «կերեք» պատվիրանի հետ միասին կա նաև ուրիշ պատվերներ «Կերեք, սակայն մի վատնեք», «Կերեք և մյուսներին էլ տվեք», «Կերեք և բարի գործ արեք», «Կերեք և երախտապարտ եղեք»:
Հաջ սուրահի 37-րդ այա
Ոչ նրանց մսերը և ոչ էլ արյունը Աստծուն չեն հասնելու: Ձեր բարեպաշտությունն է,որ հասնում է Նրան:Աստված այսպես նրանց ձեզ ենթարկեց, որպեսզի փառաբանեք Նրան, որ ձեզ առաջնորդեց:Ավետիս տուր բարեգործներին:
Այս այան ասում է, որ թեև կարիքավորներն օգտվում են մատաղի մսից, սակայն մատաղի իսկական նպատակը ոչ թե մարդկանց կշտացնելն է, այլ նյութապաշտ կյանքից հրաժարվելն ու Աստծո հրամաններին հնազանդվելը: Մատաղը խորհրդանշում է այն, որ մարդը պատրաստ է նահատակվել հանուն Աստծո: Քանի որ հնում մատաղի արյունը լցնում էին կուռքերի ոտքերի տակ, այս այան ասում է. «Աստված ոչ մատաղացու մսի կարիքն ունի և ոչ էլ դրա արյան: Նպատակն այն է, որ մարդու մեջ տարածվի բարեպաշտության ու աստվածավախության ոգին»: Այնուհետև այան ասում է, որ մատաղ անելը բարեգործություն է և մարգարեին հորդորում է բարեգործ մարդկանց այս ավետիսը տալ:
Այս այայից սովորում ենք.
1. Աստված չունի մեր պաշտամունքի կարիքը: Յուրաքանչյուր պատվիրան մի դասարան է, որպեսզի մարդը կատարելագործվի ու մերձենա Աստծուն:
2. Պետք է մշտապես փառաբանել Աստծուն, որ հնարավորություն է ստեղծում, որպեսզի առաջնորդվենք:
Հաջ սուրահի 38-րդ այա
إِنَّ اللَّهَ یُدَافِعُ عَنِ الَّذِینَ آمَنُوا إِنَّ اللَّهَ لَا یُحِبُّ کُلَّ خَوَّانٍ کَفُورٍ
Աստված հավատացյալներին պաշտպանում է, որովհետև ատում է ապերախտ խաբեբային:
Այս այան անդրադառնում է մի ընդհանուր սկզբունքի, որն ասում է, որ երբ մարդը պայքարում է անհավատության ու սնոտիապաշտության դեմ և հավատում Աստծուն, նա զայրացնում է անհավատներին: Նրանք իրենց լեզվով կամ արարքով պայքարում են մուսուլմանների դեմ: Սակայն հավատքի մարդիկ ապավինում են Աստծուն և Աստված նրանց պաշտպանում է թշնամիներից:
Այս այայից սովորում ենք.
1. Որքան էլ հավատացյալները նվազ ու սակավ լինեն, սակայն անպաշտպան չեն: Աստված խոստացել է ու պաշտպանում է նրանց:
2. Աստված սիրում է հավատացյալներին, իսկ անհավատները մերժվում են Աստծո կողմից:
3. Անհավատությունը նշանակում է երախտամոռ լինել և դավաճանել Աստծուն ու նրա մարգարեին: