Գեղարվեստական հաղորդում (274)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:Ընկերակցեք մեզ։
Սեպտեմբերի 23-25-ը Երևանում կկայանա Իրանական ժամանակակից ֆիլմերի եռօրյա ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։ Կինոցուցադրումներին զուգահեռ, այդ օրերին կանցկացվեն նաև մի շարք ճանաչողական և գործնական կինոմիջոցառումներ, որոնք երեսնամյա դիվանագիտական ու բարեկամական կապերի արդյունքում ստեղծված համագործակցության լավագույն դրսևորումները կդառնան։
Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնում օրերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ու ԻԻՀ-ի մշակույթի խորհրդական պարոն Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային քննարկեցին սեպտեմբերին կայանալիք միջոցառումների մանրամասները։ Պարոն Թաբաթաբային նշեց, որ այս միջոցառումները երկու երկրների դիվանագիտական հարաբերություններին նվիրված լայնամասշտաբ ծրագրերի մի փոքր հատվածն են։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին և որոշեցին հետագայում իրանական ֆիլմերի երևանյան ցուցադրությունները դարձնել ամենամյա շարունակական ծրագիր, որը կունենա տարաբնույթ բաղադրիչներ, այդ թվում՝ համատեղ կինոարտադրության, կրթական ու մասնագիտական փորձի փոխանակման։ Հաջորդ տարի նախատեսվում է համանման մի ծրագիր՝ հայկական կինոյի օրեր, կազմակերպել Իրանում։
Կողմերը անդրադարձան նաև համատեղ այլ ծրագրերի աշխատանքներին, որոնք նախատեսվում են իրականացնել ավելի ուշ։ Տիկին Միրզախանյանը հայտնեց իր պատրաստակամությունը և նշեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը բաց է համագործակցության համար և կանի հնարավոր ամենը, որ հետագայում ունենանք շոշափելի և հաստատուն համագործակցության արդյունքներ։
Առաջիկայում կհստակեցվեն գործողությունների ժամանակացույցը և հաջորդ հանդիպման ընթացքում արդեն կամբողջացվեն միջոցառումների վերջնական ծրագրերը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 21-ին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը, հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում վերաստորագրեցին դեռևս 2017 թ․ գործող կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը։
Սույն համաձայնագիրը ենթադրում է գործակցության բազմազան ուղղություններ՝ նպաստել կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։

Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, գիտնականների, գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների, այդ թվում՝ արևելագիտության և իրանագիտության հայաստանյան դպրոցների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:
Հենց այդ պատճառով էլ իրանական կողմը նախատեսում է առաջիկայում համագործակցության հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային՝ խոսելով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-րդ տարեդարձի և առհասարակ հայ արևելագիտության դպրոցի, այդ թվում՝ իրանագիտության երկարամյա ավանդույթների ու դերակատարության մասին:
«Եթե այլ երկրների համար արևելագիտությունը ուրիշներին ճանաչելու գիտություն է, ապա հայերի համար արևելագիտությունը ինքնաճանաչման գիտություն է, և հենց այդ պատճառով ցանկացած ուսումնասիրություն արևելագիտության բնագավառում իր նպաստն է բերում հայ ժողովրդի կողմից իր էությունն էլ ավելի լավ ճանաչելուն: Եվ ինձ համար գաղտնիք չէր, որ արևելագիտությունը Հայաստանում իր ուրույն տեղն ունի և արժևորվում է բոլոր գիտությունների կողմից», - ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը՝ ընդգծելով, որ արևելագիտությունը շատ լավ ավանդույթների վրա է դրված Հայաստանում:
Նրա խոսքով՝ մեծ անուններ կան այս բնագավառում, բայց պետք է ընդգծել, որ այդ կարևոր արևելագիտական կենտրոնների՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Արևելագիտության ինստիտուտի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Մատենադարանի աշխատանքի շնորհիվ այսօր էլ այդ ավանդույթները լավագույնս շարունակվում են երիտասարդ արևելագետների կողմից:
«Ես գիտեմ, որ հայ արևելագիտական դպրոցը միջազգային մակարդակով շատ բարձր դիրք է գրավում ե՛ւ ցեղագիտության, ե՛ւ ազգագրության, ե՛ւ տարբեր ազգերի ու ցեղերի ուսումնասիրության բնագավառում: Իսկ ինչ վերաբերում է իրանագիտությանը՝ գիտենք, որ Հայաստանում իրանագիտության դպրոցն ի սկզբանե շատ լավ հիմքերի վրա է դրված եղել, այդ ավանդույթներն այսօր էլ են շարունակվում», - նշեց զրուցակիցը:
Հոսեյն Թաբաթաբային նաև տեղեկացրեց, որ ի շարս Հայաստանի իրանագիտական մյուս դպրոցների արժևորելով նաև ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կարևոր դերակատարությունը՝ մոտ ապագայում համագործակցության հուշագիր կստորագրվի գիտահետազոտական «Իրաս» կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի միջև, ինչն էլ ավելի կընդլայնի երկկողմ համագործակցությունը գիտական ոլորտում:
Իսկ հաջորդ կարևոր ձեռնարկն այն է, որ այս տարի կհանձնվի «Տարվա լավագույն արևելագետ» Հրաչյա Աճառյանի անվան մրցանակը:
«Արևելագիտության ինստիտուտի հետ միասին լավ ավանդույթի սկիզբ ենք դնում և հուսով ենք, որ այս մրցույթը կդառնա ամենամյա և ոգևորող կլինի երիտասարդ արևելագետների համար», - ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը:
Բացի այդ, քանի որ հաջորդ տարի մեկ այլ կարևոր տարեդարձ է նշվելու՝ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այդ առիթով Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը արդեն իսկ 2022թ. միջազգային գիտաժողովի անցկացման մասին հայտարարություն է տարածել, որին կարող են մասնակցել արևելագետները աշխարհի բոլոր երկրներից:
«Գիտաժողովը, որի խորագիրը լինելու է «Հայ-իրանական հարաբերություններ. անցյալը և ապագան», տեղի կունենա Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը՝ փետրվարի 9-ին», - հաղորդեց Հոսեյն Թաբաթաբային:

Հայաստանի ազգային գրադարանի և Google Cultural Institute-ի համագործակցության արդյունքում Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայ գրատպության առաջնեկները» առցանց ցուցադրությունը միջազգային լսարանին է ներկայացնում հայ գրատպության 500-ամյա պատմությունն ու անցած ճանապարհը` ցուցադրելով առաջին հայատառ տպագիր աշխատությունները:
Գրատպության թանգարանը բացվել է Հայաստանի ազգային գրադարանում, քանի որ այն համարվում է հայերեն տպագիր նյութի ամենամեծ պահոցը: Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որոնք ոչ ֆորմալ կրթության համար ինտերակտիվ միջավայր են ստեղծում: Այն հայ գրքի հետազոտման կենտրոն դառնալու միտում ունի:

«Գրքային արսենալ» փառատոնի շրջանակում, որն անցկացվել է Կիևում, կայացել է «Ուկրաինայի պատմության 100 լավագույն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդեսը:
Ուկրաինայի կինոյի պատմության լավագույն ֆիլմ է համարվել հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենը: Լավագույն տասնյակում է նաև Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և հարթմնի» կինոնկարը: Այն զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Ֆիլմերի ընտրության վերաբերյալ հարցումն անցկացվել է 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Մասնակցել է 97 անձ: Նրանք լավագույններին ընտրել են առանց ժանրային, տևողության, նկարահանման թվականի և այլ սահմանափակումների: Ստացված ցուցակներում ընդհանուր առմամբ հիշատակվել է 186 ֆիլմ:

Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծանուն բանաստեղծ և մտածող Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ կմասնակցի Ռավեննայի հեղինակավոր փառատոնին՝ հանդես գալով Քերուբինիի նվագախմբի հետ:
Իտալիայում երգչախումբը կհնչեցնի Տիգրան Մանսուրյանի, Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողները հունիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մասնակցեցին երգչախմբի փորձին և զրուցեցին երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի, տնօրեն Արմեն Արաբյանի և մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ:
Ռոբերտ Մլքեյանի խոսքով՝ Ռավեննայի փառատոնը բարձրակարգ երաժշտական միջոցառում է: «Այնտեղ երգելու ենք մի խումբ դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև կատարելու ենք Տիգրան Մանսուրյանի «Purgatorio» գործը՝ նվիրված Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցին: Երգչախմբի, բարիտոն Գուրգեն Բավեյանի հետ աշխատելու և դիրիժորական վահանակի մոտ է լինելու աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին»,-տեղեկացրեց Մլքեյանը:
Ռավեննայում համերգը կկայանա հուլիսի 1-ին: Նույն համերգը վերոնշյալ կազմով տեղի կունենա հուլիսի 4-ին Երևանի օպերային թատրոնում, և Հայաստանում առաջին անգամ կհնչի Մանսուրյանի ստեղծագործությունը:
Սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, անդրադառնալով Դանտեին, հիշեցրեց, որ մեծագույն մտածողի, պոետի գործը՝ «Աստվածային կատակերգությունը», երեք մասից է բաղկացած՝ «Դրախտ», «Քավարան», «Դժոխք»: Ռավեննայի փառատոնի ղեկավարությունն ընտրել է երեք հեղինակի, որոնցից յուրաքանչյուրը ստեղծագործության մասերից մեկի հիման վրա երաժշտություն է գրել: «Ինձ առաջարկեցին «Քավարան» մասը: «Purgatorio» գործը պետք է առաջին անգամ հնչի Երևանում: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարել պարոն Մասոտին, որի հետ լավ բարեկամներ ենք, աշխատաքի կայացման գործում մեծապես օգնել է Մինաս Լուրյանը, որն Իտալիայում ղեկավարում է հայ մշակութային կենտրոններից մեկը:
Կարևոր էր մաեստրո Մուտիի ցանկությունը այդ գործը հնչեցնելու թե՛ Երևանում, թե՛ Իտալիայում»,-շեշտեց մաեստրոն:
Մանսուրյանը պատմեց, որ ստեղծագործությունն ի սկզբանե գրվել է սիմֆոնիկ նվագախմբի մեծ կազմի և երգչախմբի համար, սակայն համավարակի պատճառով պահանջվել է փոքրացնել նվագախմբի կազմը: Մանսուրյանը պահպանել է առաջնային տարբերակը՝ մտածելով, որ գուցե մի օր այն կատարի որևէ մեծ նվագախումբ, սակայն գրել է նաև նվագախմբի փոքր կազմի համար:
Խոսելով երգչախմբի մասին՝ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ մշտապես համագործակցում են. հանդես են եկել Իտալիայում, աշխարհի տարբեր երկրներում, ձայնագրվել են նշանավոր ընկերություններում, համատեղ ջանքերով կյանքի են կոչել «Արս պոետիկա» խմբերգային մեծածավալ գործը: «Ռավեննայի փառատոնին մասնակցությամբ երգչախումբը հնարավորություն է ստանում երգելու Ռիկարդո Մուտիի՝ մեծագույն վարպետի ղեկավարությամբ և իտալական նվագախմբի նվագակցությամբ, ինչը շատ կարևոր է»,- եզրափակեց մաեստրոն:

Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային ցուցանմուշներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը:
Հավաքածուն հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթների մասին հանգամանալից պատկերացում կազմելու հնարավորություն է տալիս։ Դրանցում բացահայտվում են ոչ միայն տարազի սերտ կապն անցյալի և հավաքական հիշողության հետ, այլև հայ ազգի ճկուն մշակութային փոխառնչությունները և տեղացի արհեստավորների զարգացած գեղագիտական ճաշակը։