Ողջույն բարեկամ-271
Բարի հանդիպում հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Արդեն ամառն իր վառ ու ջերմ գույներով մտել է իր լիիրավ իրավունքների մեջ։ Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ աշխատակազմը և ամառային այս ջերմ օրերին բոլորիդ մաղթում է հոգու ջերմություն։
Հողից սովորեմ
Հողից սովորեմ՝ գոհացնել մարդուն,
Հովից սովորեմ՝ զովացնել մարդուն:
Ծովից սովորեմ՝ խորացնել մարդուն,
Հասկից սովորեմ՝ զորացնել նրան:
Ամպից սովորեմ՝ հույս տալ մարդուն,
Խոտից սովորեմ՝ խոնարհվել նրան,
Խոփից սովորեմ՝ խոնարհել նրան,
Վազից սովորեմ՝ վստահել մարդուն:
Յուրացնեմ անգիր օրենքը ջրի,
Ջրից սովորեմ՝ լիացնել մարդուն:
Օդից սովորեմ՝ առաքվել ձրի,
Ծաղկից սովորեմ՝ հիացնել մարդուն:
Հոգսից սովորեմ՝ մարդուն չլքել,
Հույսից սովորեմ՝ հասնել նեղ օրվան,
Փորձանքի պահին որոնել նրան
Եւ վհատության մրուրից փրկել:
Կամքից սովորեմ՝ բարձրացնել մարդուն,
Խղճից սովորեմ՝ վեհացնել նրան՝
Սիրուց սովորեմ՝ վերածնել նրան...
Լույսից սովորեմ՝ արթնացնել մարդուն:
Համո Սահյան