Մի գավաթ անդորր(265.Ինչպես ընտրել ճիշտ մասնագիտություն)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այսօր կխոսենք ճիշտ մասնագիտություն ընտրելու մասին: Կներկայացնենք հոգեբանների,այդ թվում հոգեբան Աննա Առաքելյանի խորհուրդներն այս թեմայի շուրջ: Ընկերակցեք մեզ:
Մասնագիտության ընտրությունը հեշտ գործ չէ: Երբ դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտը փորձում է որոշում կայացնել, նրան հուշումներ ու խորհուրդներ են տալիս բոլորը՝ բարեկամները, ընկերները, հարևանները:
Եթե մանկությունից ու պատանեկությունից չեն ձևավորվել հստակ նախընտրություններ, ապա շատ մեծ է հավականությունը սխալվելու և ընտրելու մասնագիտություն, որը հաստատող դիպլոմը այդպես էլ կմնա փոշոտվելու դարակի մեջ:
Չէ՞ որ եթե մասնագիտությունը Ձեզ համապատասխան չէ, առաջին իսկ կուրսում սովորելու ընթացքում կարելի է այնպիսի հիասթափություն ապրել, որ կորցնեք սովորելու հանդեպ հետաքրքրությունն առհասարակ:
Շատ մարդիկ միայն հասուն տարիքում են հասկանում, որ սխալ ընտրություն են արել մասնագիտության հարցում: Բայց նոր հմտություններ ձեռք բերել ու նոր մասնագիտություն յուրացնել երբեք ուշ չէ:
Ամենակարևորը պետք է ընտրել այնպիսի մասնագիտություն,որն ամենից լավ կհամապատասխանի ձեր բնավորությանը:
Քայլ դեպի ապագա
Հավանաբար շուտով կգա Ձեր կյանքի կարևոր որոշումը կայացնելու պահը: Մասնագիտության և, համապատասխանաբար, համալսարանի ընտրությունը շատ կարևոր նշանակություն ունի: Եթե դեռևս չեք կողմնորոշվել այդ հարցում, ներկայացնում ենք մի քանի խորհուրդ:
1. Առանց խուճապի
Դուք հավանաբար շատ կլսեք կարծիք, որ մասնագիտության ընտրությունը ճակատագրական որոշում է, որը մեկ անգամ եք ընդունում, և պետք է դրան լրջորեն վերաբերվել: Անկասկած սա կարևոր որոշում է, և հարկավոր է մտածել դրա մասին: Եթե դեռևս դժվար է կողմնորոշվել, կարիք չկա խուճապի մատնվել: Ամեն դեպքում, այս հարցում չեք կարող կոպիտ սխալ թույլ տալ, եթե, օրինակ՝ չեք սիրում երկրաչափություն, ուրեմն հաստատ չեք ընտրի մաթեմատիկայի ֆակուլտետը: Իսկ ընդհանրապես, դիպլոմում նշված մասնագիտությունը ոչ բոլոր գործատուներին է հետաքրքրում: Կարևորը լավ ինքնադրսևորվելն ու լավագույն որակները ցույց տալն է:
2. Դպրոցական առարկաների բազմազանությունը
Հաճախ են հնչում բողոքներ դպրոցական առարկաների և յուրաքանչյուր առարկայից հանձնարարվող առաջադրանքների բազմազանության մասին: Ընտրություն կատարելիս օգտագործեք այս հանգամանքը: Ուշադրություն դարձրեք այն առարկաների վրա, որոնք Ձեզ դուր են գալիս և զարգացրեք Ձեր գիտելիքները առաջին հերթին այդ ուղղությամբ:
3. Սիրած զբաղմունքի նշանակությունը
Հաշվի առեք ձեր նախասիրությունները: Եթե շատ եք սիրում դասավանդել, ուրեմն ընտրեք մանկավարժության մասնագիտությունը: Այն ոլորտը, որտեղ միշտ ուզում եք կատարելագործվել, ձեզ հաճույք կպատճառի: Եթե նույնիսկ ձեր ապագա մասնագիտությունը ոչ մի ընդհանուր բան չունի ձեր սիրած զբաղմունքի հետ, մի՛ վհատվեք և մի՛ հրաժարվեք դրանից: Սիրած զբաղմունքն օգնում է զարգանալ և հաղթահարել աշխատանքի հետ կապված դժվարությունները: Երբեմն էլ մարդիկ այնքան իմաստուն են գտնվում, որ իրենց սիրած զբաղմունքն դարձնում են բիզնես և համատեղում այն աշխատանքի հետ:
4. Խուսափեք ճնշումներին ենթարկվելուց
Ապագա մասնագիտությունը պետք է բացառապես ձեր ընտրությունը լինի և ոչ ոք չի կարող դա անել ձեր փոխարեն՝ ո՛չ ծնողները, ո՛չ ընկերները, ոչ էլ ուսուցիչները: Այս իրավիճակում հարկավոր է ցույց տալ համառություն և վճռականություն. լսեք բոլոր կարծիքները, համաձայնեք կամ ոչ՝ արտահայտելով և փաստարկելով ձեր մոտեցումը:
5.Դժվար ընտրություն
Եթե արդեն պատկերացնում եք ձեզ որոշ ոլորտներում, բայց ոչ մի կերպ չեք կարողանում վերջնականորեն կողմնորոշվել, ապա կարող եք մի թղթի վրա նշել դրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները: Սա կօգնի մտքերը դասավորել և արագ որոշում կայացնել:
Ձեր Մտերիմներին խնդրեք պատասխանել հետևյալ հարցերին.
- Քո կարծիքով ինձ մոտ ի՞նչն է լավ ստացվում:
- Քո կարծիքով ո՞ր որակներն են օգնում ինձ առաջ գնալ:
- Ի՞նչ կուզես, որ դառնամ 5 տարի անց:
- Ե՞րբ ես հպարտանում ինձնով:
Որոշ պատասխաններ կարող են բացահայտումներ լինել, և չի բացառվում, որ օգնեն այլ կերպ գնահատել սեփական անձը:
Մասնագիտություն ընտրելիս կարևոր է հետևել սրտի թելադրանքին: Եթե չսիրեք ձեր աշխատանքը, երբեք բավարարվածության զգացում չեք ունենա: Լսեք ձեր ներքին ձայնին և մտածեք՝ իրականում ինչով եք ուզում զբաղվել: Ինչը կխթանի ձեր մեջ աճելու, զարգանալու, նոր բարձունքների ձգտելու ցանկությունը: Ինչն է ձեզ հետաքրքրում կամ ինչն է հեշտ տրվում: Այս հարցերի անկեղծ պատասխանները կփարատեն ավելորդ կասկածներն ու անհանգստությունը:
---
Մասնագիտական կայացման վրա ազդեցություն կարող են ունենալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են սոցիալական պայմանները, հոգեբանական իրավիճակները, նաև այն, թե անձը ի՞նչ հնարավորությունների սահմաններում է իրականացրել իր առաջատար գործունեությունը: Մինչև պատանեկան տարիքն առաջատար գործունեություն են համարվում դերա-սյուժետային խաղերը և ուսումը, որոնց շնորհիվ ամրապնդվում են ապագա մասնագիտական հետաքրքրությունների ու հակումների նախահիմքերը, դրանց հետևում է մասնագիտական միտումների ձևավորումը: Ամբողջանում են գիտակցված պատկերացումը և մասնագիտության ցանկալի կամ պարտադրված ընտրությունը: Ուսումնամասնագիտական գործունեության ընթացքում անձի ակտիվությունն ուղղվում է ընդհանուր մասնագիտությունների բնագավառում իր տեղի և ապագա մասնագիտությունն ընտրելու հստակեցմանը: Մասնագիտական ակտիվության աճը կայունանում է որոշակի մակարդակում, երբ անձն իրեն դրսևորում է որպես մասնագետ` շնորհիվ իր անհատական հոգեբանական և անձնային առանձնահատկությունների: Այն բոլոր մասնագետները, ովքեր ցուցաբերում են ստեղծարարություն ինքնազարգացման և ինքնիրացման գործընթացներում, հնարավորություն են ունենում հասնել մասնագիտական վարպետության:
Մասնագիտությունն ընտրելիս պետք է առաջնորդվել մասնագիտությանը վերաբերող տեղեկացվածությամբ, որը մարդը հիմնականում ստանում է ուղղակի և անուղղակի ձևերով: Ուղղակին ենթադրում է կրթության շրջանակներում ձեռքբերված հետաքրքրությունները, համապատասխան գիտելիքների պաշարը, կարողությունները, նախասիրությունները: Անշուշտ, նախադրյալները պայմանավորում են ապագա մասնագիտության ցանկալի ընտրությունն ու կողմնորոշումը: Մասնագիտության մասին տեղեկությունների ստացման անուղղակի միջոցներից է ԶԼՄ-ների, ծնողների, բարեկամների, ծանոթների և այլոց խորհուրդներին և ցանկություններին հետևելը, որը դժվարացնում է մասնագիտության ընտրությունը։
Անձի մասնագիտական ինքնիրացումը և կայացումը, որոնք ապահովում են մասնագիտական աճը, կատարելագործումը, հիմնական նախապայման են մասնագիտական ինքնադրսևորման համար: Մասնագիտական գործունեության մակարդակի բարձրացումը և անձի ինքնիրացումը խթան են հանդիսանում նոր հմտությունների և կարողությունների ձևավորման, մասնագիտական վարպետության աճի համար: Ինտելեկտուալ զարգացումը առավել հստակեցնում է անհատի մասնագիտական չափորոշիչները` դրականորեն ազդելով նրա անձնային և մասնագիտական ձեռքբերումների, մոտիվացիայի, հետաքրքրությունների, պահանջմունքների ձևավորման վրա: Այդ ամենը գործնականորեն չունի էական սահմանափակումներ, քանի որ մասնագիտական աճը ոչ թե մարդու զարգացման գործընթացին վերջակետ դնելն է, այլ անսահման զարգացման հնարավորություններ փնտրելը, որոնց համար մեծ դեր են խաղում անձի անհատական առանձնահատկությունների այս կամ այն խմբավորումները: Անձի մասնագիտական կայացման համար մեծ նշանակություն կարող է ունենալ սոցիալ-հոգեբանական ուղղորդման իրականացումը բազմազան հոգեբանական տեխնոլոգիաների կիրառմամբ: Անձը սկսում է պատրաստակամություն դրսևորել մասնագիտական կայացման համար այլ պլանների կառուցման ճանապարհով և ապագայում մասնագիտանալու պատասխանատվություն է ստանձնում: Մասնագիտական ինքնիրացման հոգեբանական ուղղորդման տեխնոլոգիաների կիրառման միջոցները և բովանդակությունը որոշվում են գնահատվող գործոնի և ուղղորդման միջոցի համապատասխանությամբ: Որպես գնահատվող գործոններ կարող են հանդես գալ անհատական հոգեբանական առանձնահատկությունները, մասնագիտության իրատեսական պատկերացումները, հավականությունների համապատասխանությունը և իմաստային արժեքները: Անձի մասնագիտական կայացման արդյունավետության համար առանձնակի դեր կարող է կատարել հետաքրքրությունների և մտադրության, ապագա պլանների ուղղվածության և մասնագետի պիտանելիության հստակեցումը:Ներկայիս պայմաններում անձի մասնագիտական կայացման համար գործնական նշանակություն կարող է ունենալ հոգեդիագնոստիկական աշխատանքների կազմակերպումը հետևյալ ուղղություններով.
- մասնագիտորեն կողմնորոշված անձի գնահատում,
- անձի հակումների և հետաքրքրությունների գնահատում,
- անձի ստեղծագործական և մտավոր ներուժի գնահատում,
- անձի մասնագիտական նախընտրության գնահատում,
- անձի մասնագիտական պիտանելիության գնահատում:
Այսպիսով, մասնագիտական ինքնորոշումը, որպես կայացման հիմնական նախադրյալ, հասարակության զարգացման անհրաժեշտ բաղադրիչ է և ունի իր հստակ բնութագրիչները, որոնց գնահատման և ուղղորդման ճանապարհով կարելի է հասնել մասնագիտական աճի և տվյալ բնագավառում ինքնիրացման գործունեության: