Ելք դեպի լույս 594
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հաջ սուրահի 52 –րդ այա
Քեզանից առաջ քանի մարգարե ուղարկեցինք: Սատանան իր մոլորյալ մտքերը տվեց նրանց: Բայց Աստված քանդում է սատանայի արարքները,և աստվածային պատվիրանները մնում են մաքուր: Աստված գիտուն և իմաստուն է:
Այս այան ասում է. «Սատանաների սադրանքները, որոնք մեծ մասամբ մարդու կերպարով են հայտնվում, պատմության ընթացքում միշտ են եղել: Դրանց նպատակը եղել է թուլացնել հավատացյալների հավատքն Աստծո այաների նկատմամբ և թույլ չտալ, որ մարգարեները տարածեն երկնային կրոնները: Դա այն դեպքում, երբ Աստված կամեցել է իր խոսքը հասցնել մարդկանց և մշտապես պաշտպանել իր մարգարեներին»:
Այս այայից սովորում ենք.
1. Սատանայի ու նրա աջակիցների քայլերն Աստծո այաների նկատմամբ, կասկած հարուցելու համար, մշտապես եղել են: Ուստի հավատացյալները պետք է դրանց ընդդիմանալու համար որոշակի ծրագիր մշակեն:
2. Աստված խոստացել է, որ ճշմարիտը հաղթելու է չարին, իսկ հավատացյալներն ապավինելով Աստծուն, կհաղթեն չարագործներին:
Հաջ սուրահի 53 և 54-րդ այաներ
Նա սատանայի արարքները թույլատրում է, որպեսզի կուրանան նրանք, ում սիրտը կարծրացած ու փտած է: Ամբարիշտները խորասուզվել են (արդարությունից) հեռու թշնամանքի մեջ:
Նրանք, որ ընդունել են գիտությունը, համոզված են, որ (Ղուրանը) հավիտենական ճշմարտությունն է ու հավատում են դրան: Նրանց սրտերն ապահովությամբ հանգչում են այս հավատքի վրա, և Աստված հավատացյալներին առաջնորդում է դեպի փրկության ճանապարհ:
Այս այաներն ասում են. «Ընդդիմադիրների սադրանքները փորձության դաշտ են բոլորի համար. և հավատացյալների և անհավատների: Այն անհավատները, որ հիվանդ են և ճշմարիտ խոսքն այլևս չի ազդում նրանց վրա, ընդունում են սատանաների քարոզչություններն ու հետևում դրանց: Դա էլ պատճառ է դառնում, որ նրանք գնալով հեռանան ճշմարտությունից: Դա այն դեպքում, երբ հավատացյալները, իմաստության ու գիտակցության հիման վրա, զատում են ճշմարտությունը սխալից և սատանայի քարոզչությունը նրանց վրա չի ազդում: Նրանք հնազանդվում են Աստծուն, իսկ Աստված նրանց ցույց է տալիս ճշմարիտ ճանապարհը: Բնականաբար, ճշմարտությանը հետևելն ունի արդյունքներ և աշխարհիկ և հանդերձյալ կյանքում: Իսկ երբ մարդը չի հետևում ճշմարտությանն ու դառնում է անհավատ, նրա վերջը դժոխքում է»:
Այս այաներից սովորում ենք.
1. Թշնամությունն ու նախանձն այնպիսի հիվանդություններ են, որ մարդուն թույլ չեն տալիս ընդունել ճշմարտությունն ու քարացնում են նրա սիրտը:
2. Ճշմարիտ գիտությունն այն է, որը մարդուն թույլ է տալիս հասկանալ որն է ճշմարիտը և որը` սխալը:
3. Նա, ով քայլում է ճշմարտության ուղղությամբ, աջակցություն է ստանում Աստծո կողմից:
Հաջ սուրահի 55-57-րդ այաներ
وَالَّذِینَ کَفَرُوا وَکَذَّبُوا بِآیَاتِنَا فَأُوْلَئِکَ لَهُمْ عَذَابٌ مُّهِینٌ
Անհավատները չեն դադարի կասկածել, մինչև որ ահավոր ժամը հանկարծակիի բերի իրենց, և կրեն ահավոր օրվա սարսափելի չարչարանքները:
Այդ օրը իշխանությունն Աստծուն է պատկանում: Նա պիտի դատի (մահկանացուներին): Այն հավատացյալները, որոնք բարիք են գործել, երանության պարտեզների մեջ են լինելու:
Զարհուրելի պատիժ է բաժին հասնելու անհավատներին ու նրանց, ովքեր մեր նշանները սուտ են համարել:
Այս այաներն ասում են, որ անհավատ մարդն իր անհավատության պատճառով, մինչև կյանքի վերջը չի գտնում ճշմարիտ ճանապարհը, մինչև որ դատաստանի օրը տեսնում է չարչարանքները: Իսկ այնտեղ այլևս չի կարող ոչինչ մերժել, ինչպես որ հավատքն էլ նրա համար այլևս ոչ մի օգուտ չի ունենալու: Դատաստանի օրը հաշվի օր է և դատավորն էլ իմաստուն ու արդար Աստվածն է: Նա յուրաքանչյուրին իր հավատքի ու գործի հիման վրա հարցաքննում է: Բարերար հավատացյալները գնում են դրախտ, իսկ անհավատները` դժոխք:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե կասկածը ճշմարտությունն ուսումնասիրելու և ընկալելու նախաբանը լինի, շատ արժեքավոր է: Սակայն եթե մարդը մինչև վերջ ապրի կասկածով, կմոլորվի:
2. Հարության օրը, ինչպես մահը, միանգամից է հայտնվում և դրա ժամանակը ոչ ոք չգիտի:
3. Դատաստանի օրը Աստված մարդկանց դատում է ըստ իրենց հավատքի ու գործերի: