Ելք դեպի լույս 599
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հաջ սուրայի 77-րդ այա
Ո՛վ հավատացյալներ, ծնկի իջեք ու պաշտեք Աստծուն: Բարիք գործեք ու երջանիկ կլինեք:
Այս այան ներկայացնում է այն պատվիրանները, որ պետք է կատարեն հավատացյալները: Այայի սկզբում խոսվում է նամազի երկու կարևոր կարգերի մասին, որոնք կոչվում են ռոքու և սոջուդ: Ռոքու նշանակում է խոնարհում, իսկ սոջուդ` գլուխը հպել գետնին: Այնուհետև այան խոսում է Աստծուն պաշտելու մասին: Պաշտամունքը Ղուրանում երկու իմաստով է ներկայացված: Առաջին դեպքում նամազն է, պահք պահելը և ուխտագնացությունը, որոնք կարևոր են և բոլոր հավատացյալները դրանք պարտավոր են կատարել: Սակայն Աստծուն ծառայելը միայն հատուկ տեղով ու վայրով չի սահմանափակվում: Դա պետք է լինի մարդու կյանքում մշտապես: Նա, ով հավատում է Աստծուն, իր աշխատանքի ժամանակ էլ պետք է նրան հիշի: Ընդհանրապես, իսլամի տեսակետից Աստծո տեղը միայն մզկիթում չէ: Աստված ամենուր է, մեր կողքին, և՛ աշխատավայրում և՛ շուկայում: Մուսուլման ուսանողը կրթության ժամանակ պետք է լսարանում, իր կողքին, զգա Աստծո գոյությունը: Նա պետք է ձեռք բերի այն կրթությունը, որն օգտակար է իր և հասարակության համար: Նա պետք է հետևի կրոնական ու բարոյական արժեքներին: Իսկ մուսուլման կնոջ համար կարևոր է արժանապատվությունն ու ինքնասիրությունը: Մուսուլման կինը հեռու է սպառող լինելուց: Նա պետք է իրեն զուսպ պահի և՛ արտաքուստ և՛ ներքուստ:
Աստծուն պետք է միշտ հիշել և ոչ թե միայն աղոթքի ժամանակ: Հենց այդ պատճառով, այս այայում ասվում է. «Հավատացյալ մարդը պետք է բարի գործ կատարի ու ծառայի ուրիշներին: Նա, ով հետևելով իր կրոնական ուսմունքներին բարի գործ կատարի, երջանիկ կլինի»:
Այս այայից սովորում ենք.
1. Անշուշտ նամազը կրոնի ամենակարևոր սկզբունքներից է, սակայն դա հավատքի միայն մի մասն է:
2. Աստծուն հավատալու հետ միասին, հավատացյալը պետք է ծառայի նրա արարածներին, որպեսզի այդպիսով երջանիկ լինի:
Հաջ սուրահի 78-րդ այա
Քաջությամբ պայքարեք Աստծո դրոշի տակ: Դուք Նրա ընտրյալներն եք: Նա ձեր կրոնի մեջ դժվար պատվեր չի տվել: Ձեր հոր`Աբրահամի կրոնն է, որ դավանում եք: Նա է, որ ձեզ սրանից առաջ մուսուլման անվանեց: (Ղուրանը հաստատում է սա): Որպեսզի Իմ առաքյալը ձեր առաջ վկա լինի, դուք էլ վկայություն պիտի տաք մարդկային ցեղի առաջ: Ուրեմն աղոթեք, ողորմություն տվեք, ապավինեք Աստծուն: Աստված ձեր Տերն է,և ինչպիսի՜ Տեր ու ինչպիսի՜ պաշտպան:
Այս այան, որ Հաջ սուրայի վերջին այան է, դիմելով հավատացյալներին. ասում է. «Այժմ, երբ Աստված ընտրել է ձեզ ու մարգարեի միջոցով առաջնորդել, պետք է ընթանաք նրա ճանապարհով ու կատարեք ձեր կրոնական պարտականությունները: Իհարկե առաջին հերթին պետք է բարի գործ կատարել ու ազնիվ լինել: Իսկ կատարած գործը պետք է արվի Աստծո գոհունակությունը ձեռք բերելու նպատակով»: Այս այայում ջիհադ բառը նշանակում է սրբազան պատերազմ անհավատների և իր սեփական արատների դեմ: Ինչպես նշվում է, իսլամի մարգարեն, մի պատերազմից վերադառնալիս, իր հետևորդներին ասում է. «Փոքր ջիհադից անցանք մեծ ջիհադի»: Երբ նրան հարցնում են, թե ո՞րն է մեծ ջիհադը, նա պատասխանում է. «Մարդու Պայքարը իր ցանկասիրության դեմ»: Այնուհետև այան ասում է. «Աստված ձեզ ընծայեց իսլամ կրոնն ու Աբրահամի ուսմունքը, որի սկզբունքները կատարելիս մեծ դժվարության չեք հանդիպում, քանի որ այդ կրոնի սկզբունքները համապատասխանում են մարդու կարողություններին»: Որպես օրինակ, նամազի հարցով շատ ճկուն վերաբերմունք գոյություն ունի: Այսպես` հիվանդ մարդը կարող է առանց հատուկ ծեսին հետևելու, անկողնում իրականացրել իր նամազը: Կամ օրինակ անկարող մարդիկ, հիվանդները, կարող են պահք չպահել: Իսկ ուխտագնացությունն անհրաժեշտ է միայն նրանց համար, ովքեր ունեն ֆիզիկական ու ֆինանսական համապատասխան կարողություններ: Բնականաբար, նրանք, որ հետևում են իսլամին, մշտապես պետք է նամազ անեն, մուծեն զաքաթը, իրենց համարեն Աստծո արարած, իսկ նրան ծառայելն իրենց կյանքի իմաստը:
Այս այայից սովորում ենք.
1. Աստվածային պատվիրաններն իրականացնելու համար պետք է հրաժարվել ծուլությունից:
2. Կրոնական պարտավորությունները կատարելու հարցում պետք է ճկուն լինել:
3. Հավատքն առանց բարի գործի, չի կարող արդյունավետ ու գեղեցիկ լինել: