Հուլիս 11, 2021 16:18 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:


 

Երևանն Իրանին էլեկտրաէներգիա է մատակարարում «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում, ընդ որում` ծավալները տարբեր են` կախված տարվա եղանակից։

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանն Իրան կուղղի հնարավորինս շատ էլեկտրաէներգիա։

Ավելի վաղ Իրանի էլեկտրաէներգետիկ արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին հայտարարել էր, որ Թեհրանը ամբողջ երկրում շարունակվող էլեկտրաէներգիայի անջատումների ֆոնին որոշել է էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստանից, Ադրբեջանից ու Թուրքմենստանից։

Մնացականյանի խոսքով` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանձնարարել է հնարավորինս մեծ ծավալների էլեկտրաէներգիա ուղղել Իրան։

«Այսպես թե այնպես ամռանը մենք Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա ենք ուղարկում, քան ձմռան ամիսներին` ելնելով նրանց սպառումից։ Այսինքն` գազ էլեկտրաէներգիայի դիմաց սխեմայով ձմռանն ու գարնանը կարող ենք ավելի շատ գազ ստանալ և ավելի քիչ հոսանք տալ, իսկ ամռանը` լրացնել։ Այնպես որ ամռանը մատակարարումներն այսպես թե այնպես աճում են», – հավելեց նա։

Նշենք, որ Հայաստանը Իրանից տարեկան մի քանի հարյուր միլիոն (սովորաբար 400-500) խմ գազ է ստանում, դրա դիմաց Հայաստանը 1 խմ–ի համար 3 կՎտժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ 

2020 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Իրանը պայմանավորվել էին ընդլայնել «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

-------------------------

Այս օրերին Կովիդի դեմ պատվաստման նպատակով իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում դեպի Հայաստան:

Թեմային օրերս «Համշահրի» օրաթերթի հետ հարցազրույցում անդրադարձել է  Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

Դեսպանը նշել է, որ սկսած այս տարվա մարտ ամսվանից Հայաստանում իրականացվում են բնակչության պատվաստման աշխատանքներ: Այդ նպատակով օգտագործվում են երեք տիպի պատվաստանյութեր՝ Սպուտնիկ-V, Աստրա Զենեկա և Սինովակ: Պատվաստումներն իրականացվում են անվճար և կամավորության սկզբունքով: Ներկա դրությամբ նշված պատվաստանյութերի կիրառման ուղղությամբ տարիքային սահմանափակումներ չկան:

Անդրադառնալով պատվաստման նպատակով Իրանի քաղաքացիների Հայաստան կատարվող ուղևորությանը դեսպան Արտաշես Թումանյանը նշել է, որ ապրիլի 23-ին հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով թույլատրվել է Հայաստանում գտնվող օտարերկրացիների պատվաստումն անվճար և կամավորության սկզբունքով: Նման որոշման համար հիմք են ծառայել Հայաստանում գործող մի շարք օտարերկրյա դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հանգամանքների բերումով Հայաստանում գտնվող այլ անձանց կողմից պատվաստումներ ստանալու մասին բազմաթիվ դիմումները: Հարկ է նշել, որ մինչ օրս իրականացված պատվաստումների բացարձակ մեծամասնությունն իրականացված է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում մշտական բնակություն ունեցողների նկատմամբ, և որոշակի չափով նաև այս ծառայությունից օգտվել են օտարերկրացիները: Այս ընթացքում այդ հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում նաև իրանցիներ:

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նաև հավելել է, որ հուլիսի 15-ից Հայաստանում միայն այն արտասահմանցիները կարող են COVID-19-ի դեմ պատվաստում ստանալ, որոնք նվազագույնը տաս օր Հայաստանում եղած լինեն:

Ի դեպ, Իրանի Մաքսատան զեկույցի համաձայն վերջին 105 օրվա ընթացքում ցամաքային ճանապարհով Հայաստան է մտել մոտ 8,000 քաղաքացի, որոնցից 2,326-ը միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Իրանից դեպի Հայաստան գործում է նաև շաբաթական 9-11 ավիաթռիչք, այսինքն` շաբաթական նվազագույնը ևս 700 ուղևոր։

-------------------------------

Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում բացվել է Եվրասիայի մասնավոր ցուցահանդեսը:

Այս ցուցահանդեսում, որ շարունակվելու է մինչև յուլիսի 12-ը, ներկա են լինելու ԵԱՏՄ-ին անդամ երկրների ընկերությունները ներառյալ 30 ընկերություն ՌԴ-ից, 30 Ղրղզստանից, 10 Հայաստանից, ավելի քան 10 Ղազաղստանից ու մի քանի ընկերությունը Բելառուսից:

Ըստ այս հաղորդման ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները գործունեություն են ծավալում բանկային ու ֆինանսական, տեխնոլոգիաների փոխանակման, խոշոր ձեռնարկությունների, սիլոսների, նավահանգիստների, նավամատույցների և յուղի պահեստների կառուցման, նավաշինության և պողպատի ու ցեմենտի արտադրության ոլորտներում: Այս ցուցահանդեսին մասնակցում են նաև անասնակեր, յուղ և գյուղատնտեսական այլ արտադրանքներ վաճառող ընկերություններ:

--------------------------------------

Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովն անդրադարձել է Գեղարքունիքի և Սյունիքի սահմանային երկայնքով ռուս սահմանապահների տեղակայմանը։

-----------------------------

Մոսկվայում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Բացելով հանդիպման հրապարակային մասը՝ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

«Ցանկանում եմ եւս մեկ անգամ անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ, որ դա կարեւոր է բոլորի, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի համար, հայ ժողովրդի համար», - ասել է Պուտինը:

«Դժվար, սուր, շատ զգայուն խնդիրները կարող են լուծվել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության դեպքում: Իսկ դրա համար ամենակարեւորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Դուք այն ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները:», - նշել է Վլադիմիր Պուտինը:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նույնպես հանդիպման ժամանակ նշեց, որ սա այս տարի արդեն երրորդ հանդիպումն է Մոսկվայում, եւ դա, իր կարծիքով, արտահայտում է երկրների միջեւ հարաբերությունների դինամիկան:

«Ցավոք, վերջին շրջանում հաճախացել են անվտանգության հետ կապված շատ հարցեր: Իրավիճակը մեր տարածաշրջանում այնքան էլ կայուն չէ: Բոլորը գիտեն 44-օրյա պատերազմում հրադադարի ռեժիմի հասնելու ձեր անձնական ջանքերը եւ Ռուսաստանի Դաշնության ջանքերը: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայուն է, բայց ժամանակ առ ժամանակ կան անհանգստության ու անկայունության օջախներ»:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է    ռազմագերիների հարցին ընդգծելով, որ այդ հարցն ամբողջությամբ լուծված չէ:

«Չնայած այստեղ, բարեբախտաբար, լավ լուրեր կան: Մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Այստեղ եւս ուզում եմ ընդգծել ձեր անձնական դերը: Հունիսի 24-ին կայացած հեռախոսազրույցում մենք քննարկեցինք այս թեման: Մեկ շաբաթ անց 15 հայրենակիցներ վերադարձան հայրենիք»,-նշել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հանդիպման ժամանակ կողմերը նաև ակնարկ են կատարել տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերություններին:

-----------------------------------

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար` դրան հաջորդող սահմանազատմամբ՝ երկրների միջեւ առկա հակամարտությունը շուտափույթ կերպով լուծելու համար: Այս մասին ուրբաթ ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք բազմիցս շեշտել ենք, որ, որպես այս խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում, մենք տեսնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափութ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանազատմամբ: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, եւ ներկայումս շփումները շարունակվում են արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ սահմանային ծառայությունների միջոցով, այդ թվում՝ լարվածության դեէսկալացման նպատակով»,- ասել է նա:.

Դիվանագետի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունը չի համարում, որ երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կապված է ղարաբաղյան կարգավորման հետ, բայց դա սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք է: «Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ տարածքներում իրավիճակն անմիջականորեն կապված չէ ԼՂՀ կարգավորման հետ եւ սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայության հետեւանք է: Ընդհանուր ֆոնը, իհարկե, սրում է կողմերի փոխվստահության պակասը, դա իսկապես այդպես է»,- հավելել է Զախարովան: