Հուլիս 11, 2021 16:24 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ  գաղտնիք չէ, որ ավելորդ քաշը 21-րդ դարի գլխավոր չարիք կարող է դառնալ, քանի որ ճարպակալմամբ տառապող մարդկանց քանակը աշխարհում շատ արագ աճում է: Ավելորդ քաշը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական խնդիր է, ուստի գիրանալու պատճառները կարող են տարբեր լինել,որոնց, հատկապես հոգեբանական պատճառներին կանդրադառնանք այս թողարկման ընթացքում:

Գիրությունը շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառներն ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները: Այն հիմնականում կարող է կապված լինել ընտանեկան ավանդույթների հետ, երբ երեխային սովորեցնում են շատ ուտել, պատճառներից մեկը կարող է լինել սխալ ընտրված սննդաբաժինը, որը չիմացության հետեւանք է, թե ինչ է ներկայացնում առողջ սննդակարգը: Դիետոլոգները փաստում են, որ գիրությունը կարող է լինել ժառանգական գործոնի, կենսակերպի եւ լավ ուտելու հակման հետեւանք: Կան նաեւ դեպքեր, երբ գիրությունը որոշ հիվանդությունների հետեւանք է: Դիետոլոգները խորհուրդ են տալիս գիրությունից խուսափելու համար նախ ստուգվել հատուկ մասնագետի կողմից եւ նոր ընդունել որեւէ սննդակարգ, եւ  շաբաթվա ընթացքում նաև զբաղվել սպորտով:

----

 

Գիրության պատճառներ կարող են լինել՝

1. Հիվանդությունները

Եթե նկատում եք, որ գիրանում եք առանց շատ ուտելու, ապա պետք է մտածել, որ գիրացման պատճառ կարող են լինել որոշ հիվանդություններ: Դրանց թվին են պատկանում վահանաձև գեղձի, մակերիկամների, երիկամների հիվանդությունները:

2. Ժառանգականություն

Ավելորդ քաշի պատճառ կարող է հանդիսանալ գենետիկական նախատրամադրվածությունը: Այսինքն, եթե ընտանիքում կան գեր մարդիկ, դա կարող է նշանակել, որ գիրանալու պատճառը ժառանգականությունն է:

3.Սթրես

Քաշի ավելացման պատճառ կարող է լինել նաև սթրեսը: Սթրեսային պայմաններում օրգանիզմը խնայում է էներգիա, ուստի առաջանում է սովի զգացում: Այսպիսի պայմաններում մարդը սովորաբար ուտում է ավելի մեծ քանակությամբ սնունդ, քան հարկավոր է: Այդ շրջանում հատկապես մեծանում է քաղցրի պահանջը: Սթրեսի հետևանքով նաև ավելանում է ինսուլին հորմոնի քանակը արյան մեջ, որը բերում է ճարպի կուտակման օրգանիզմում:

4.Սխալ սնվելը

Սխալ սնվելը կարող է պաճառ հանդիսանալ ավելորդ քաշի: Այս խնդիրը, ի տարբերություն հիվանդությունների հետևանքով առաջացած ավելորդ քաշի, հեշտությամբ կարող է լուծվել: Սխալ սնվելն իր մեջ ներառում է անտեղի, անօգուտ սննդի ընդունում: Այս շարքին են պատկանում անհայտ ծագման, քիմիական հավելումներով անորակ սնունդը: Հատկապես կարևոր դեր ունի գիրացման պրոցեսում արագ սնունդը (fast food): Անկանոն սնվելը, որտեղ պատահի, ուշ ժամին սնվելը հանգեցնում է ճարպակալման: Բացի այդ, պետք է սահմանափակել կալորիաների քանակը:

5.Նստակյաց կյանք

Գիրանալու պատճառ կարող է հանդիսանալ նստակյաց կյանքը: Այն խթանում է ճարպի կուտակումը օրգանիզմում: Երբ Ձեր աշխատանքը ենթադրում է նստած դիրք մի քանի ժամ շարունակ և աշխատանքից հետո ոչ ակտիվ կենսակերպ, ապա կարելի է ավելորդ ճարպի կուտակման պատճառ համարել նստակյաց կյանքը: Եթե սրան էլ գումարվում է այն, որ սխալ եք սնվում, ապա ավելորդ կիլոգրամներն իրենց սպասել չեն տա: Երկարատև նստած կյանք վարելը ճնշում է գործադրում մեջքի, կոնքերի և ազդրերի վրա` վնասելով մանր անոթները: Այս ճնշման հետևանքով վատանում է արյան մատակարարումը տվյալ հատվածներում, որն էլ իր հերթին բերում է վատ նյութափոխանակության, հետևաբար ճարպի կուտակման: Ահա թե ինչու շատ դեպքերում ցելյուլիտի հիմնական պատճառը երկար նստած լինելն է: Միակ խորհուրդն այս դեպքում մեկն է` հարկավոր է շատ շարժվել:

6. Դեղեր

Դեղերը կարող են պատճառ հանդիսանալ ավելորդ քաշի կուտակման: Դրանք հիմնականում հորմոնալ խմբի դեղերն են, որոնք փոխում են օրգանիզմի հորմոնալ ֆոնը, որն էլ բերում է ճարպակալման:

Հոգեբանական խնդիրները գիրանալու ամենագլխավոր պատճառներից են համարվում: Ընդ որում 90 տոկոս դեպքերում գիրանալու պատճառը հոգեբանական է: Այս դեպքում խնդիր կարող է համարվել վախը, մեղքի զգացումը, հարազատների հետ խնդիրները և այլն: Այսպիսով, եթե առաջացել է հոգեբանական խնդիր, ապա օրգանիզմը սկսում է պաշտպանվել և որպես պաշտպանական ռեակցիա շատ ուտել: Այս դեպքում, ամեն ինչ կատարվում է ենթագիտակցական մակարդակում: Եթե լուծվի հոգեբանական խնդիրը, ապա հեշտությամբ հնարավոր է նիհարել:

----

Ինչպես Հոգեբան Իրիան Ծատուրյանն ասաց՝  գիրությունը հիմնականում առաջանում է հոգեբանական խնդիրներից:

Հարգելի բարեկամ սննդի եւ օդի հետ մենք էներգիա ենք ստանում, որը հետագայում անհրաժեշտ է փոխակերպել ինչ-որ գործունեության` ֆիզիկական, մտավոր, հուզական եւ այլն: Եվ այստեղ շատ կարեւոր է հետեւել էներգիա ստանալու եւ տալու միջեւ հավասարակշռությանը: Ավելորդ քաշի պատճառները թաքնված են այդ հավասարակշռության խախտման մեջ. մենք անհամեմատ ավելի շատ ենք ստանում, քան տալիս ենք: Մարդու օրգանիզմը, չգիտես ինչու, սկսում է պահուստներ կուտակել: Իսկ ինչի՞ համար: Արժե մտածել: Գուցե ձեր կյանքի ինչ-որ ոլորտում շեղում կամ արգելակում է առաջացել: Միաժամանակ, որքան էլ տհաճ լինի ձեզ համար, դուք չեք փորձում որեւէ բան փոխել եւ ինչ-որ կերպ շտկել տվյալ իրավիճակը: Դուք չեք փորձում ձեր էներգիան, ժամանակը, ներքին ռեսուրսները տալ, որպեսզի շտկեք առկա իրավիճակը, այսինքն՝ դուք ագահություն եք անում, նշանակում է` հոգեբանական նախադրյալներ են առաջանում ավելորդ քաշի խնդրի առաջացման համար: Եթե ուզում եք սլացիկ լինել, նախ եւ առաջ պետք է վերացնեք ավելորդ քաշի գլխավոր պատճառը` «ագահությունը»: 100 տոկոսով իրացրեք ձեր ներուժը եւ ձեր գիրությունից հետք չի մնա: Զբաղվեք ստեղծագործելով, պլաններ կառուցեք եւ իրականացրեք դրանք, ձեր մեջ նոր պլաններ եւ տաղանդներ հայտնաբերեք եւ իրացրեք դրանք: Առատաձեռնորեն ձեր հույզերը նվիրեք մտերիմներին եւ ընկերներին, օգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, ապրեք լիարժեք, վառ կյանքով, այդ դեպքում ավելորդ կիլոգրամները ձեզ չեն դիպչի:

Ժամանակն է փոխել ամեն ինչ` հասկանալով, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, եւ «չեմ կարողներ» ուղղակի չկան: Մենք ենք մեր մտքերի պատասխանատուն, եւ մինչեւ չհաղթահարենք հոգեբանական գործոնը, մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Պարզապես պետք է հաղթահարել դժվարին օրերը, երջանիկ օրերը վաստակելու համար եւ պետք է հպարտանալ նրանով, թե ուր եք հասել եւ հավատալ, թե ուր կարող եք դեռ հասնել:

Ամեն դեպքում չլուծվող խնդիր չկա: Անհրաժեշտության դեպքում պետք է դիմել մասնագետի: Եղեք առողջ: