Գեղարվեստական հաղորդում (277)
Ողջույն Ձեզ հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Կաննի կինոփառատոնի Գրան Պրին բաժին է հասել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոսը» և Ֆինլանդացի ռեժիսոր Յոհո Կասմանինի «Համար 6 սենյակ» ֆիլմերին:
Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ Grand Lumiere սրահում: Արարողության ժամանակ հայտարարվել են փառատոնի մրցութային բաժնի հաղթողներին:
Մրցող 24 ֆիլմերի թվում, այս տարի «Ոսկե արմավենին» շնորհվել է «Տիտան» -ին, որի ռեժիսորն է 37-ամյա ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Ջուլի Դյուկորնոն: Ասղար Ֆարհադիի «Հերոս» և Յոհո Կասմանինի «Համար 6 սենյակ» ֆիլմերը համատեղ շահել են փառատոնի Գրան Պրի մրցանակն իսկ ժյուրիի մրցանակը համատեղ շնորհվել է Ապիչատպոնգ Վիրասետակուլայի «Հիշողություն» և Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմերին:
Լավագույն դերասան մրցանակին արժանացել է Քալեբ Լենդրի Ջոնսը՝ «Նիտրամ» ֆիլմի, իսկ լավագույն դերասանուհու կոչմանը՝ Ռենատա Ռեյնսվեյը՝ Յոկամա Տրիերայի «Աշխարհի ամենավատ մարդը» ֆիլմի համար:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված և Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն համարվող ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվեց Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Օլիմպիա-3» կինոթատրոնում:
Ֆիլմը ցուցադրվեց որպես 2020 թվականին Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված ֆիլմ, որը ներկայացված է եղել փառատոնին որպես հայկական ֆիլմ:
Ցուցադրությունը տեղի ունեցավ ռեժիսորի և պրոդյուսերի ներկայությամբ` հանրային և անվճար:
Կինոնկարի ռեժիսորը Նորա Մարտիրոսյանն է, սցենարիստներն են Նորա Մարտիրոսյանը և Էմանուել Պագանոն, օպերատորը Սիմոն Ռոկան է, պրոդյուսերը՝ Ջուլի Փարատյանը, համապրոդյուսերներն են Անի Որսկանյանն ու Անաբել Նեզրին:
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է օդանավակայանների՝ ազգությամբ ֆրանսիացի աուդիտոր Ալենի մասին, որը ժամանում է ԼՂ-ի նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանո՞ւմ է, արդյոք, միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:
Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները՝ հայկական «անԷվա պրոդաքշնը» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշնը» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմսը»՝ (Kwassa Films): «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Հայկական կինոարտադրության «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն արդեն երկրորդ անգամ մասնակցում է «Օսկարի» որակավորում ունեցող կինոփառատոնի:
«Ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր «SITGES» (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի «Anima't»՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-17-ը Սիտխես քաղաքում:
Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմերի «SITGES» կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Anima’t» կատեգորիաներում («Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում) հաղթած կարճամետրաժ կինոնկարները հայտնվելու են «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի ուշադրության կենտրոնում:
«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է նաև իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market» 13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021 սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը:
Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների և ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Բացի դրանից՝ այդ միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«ՏոպոԳրաֆիա» ցուցահանդեսի շրջանակում ընդգրկված է Գեղագիտության ազգային կենտրոնի երևանյան և մարզային ստորաբաժանումների ներքո գործող մասնագիտական արվեստանոցների սաների՝ վերջին տարիներին ստեղծած շուրջ 200 աշխատանք։ Բազմաբովանդակ գեղանկարները պատմում են հայրենի բնաշխարհի, երեխաների երևակայական աշխարհի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 16-ին Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում: Երևանից, Մեղրիից, Գորիսից, Վանաձորից, Սևանից մասնակից երեխաներին հնարավորություն տրվեց ոչ միայն ցուցադրել արդեն պատրաստ նկարները, այլև ստեղծագործել տեղում:
Կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանն ասաց՝ ուրախ է, որ մարզային ստորաբաժանումների և՛ սաները, և՛ ղեկավարներն են միացել ցուցադրությանը: «ՏոպոԳրաֆիա թարգմանաբար նշանակում է տեղագրում: Փորձել ենք ներկայացնել կենտրոնի հատկապես գեղանկարչության բոլոր ուղղություններն ու ցույց տալ, թե երեխաներն ինչ արդյունքների են հասել հատկապես վերջին երկու, երեք տարվա ընթացքում»,-նշեց նա:
Բադալյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցահանդեսի կայացման գործում: Նա հույս ունի, որ ցուցասրահում ներկայացված բոլոր վառ գույներն իրենց արտացոլանքը կթողնեն մեր կյանքում:
Վանաձորի մասնակից Էլիզա Տեր-Մովսիսյանը կես տարի է, որ հաճախում է կենտրոն, սիրում է իր դասընթացներն ու նշում, որ շատ բան է սովորել այդ կարճ ժամանակում: Խոսելով իր նկարի մասին՝ ասաց, որ այն մի քանի մասից է բաղկացած: «Առաջին հատվածում ներկայացրել եմ փոքր երեխայի, որն իր առաջին քայլերն է անում, հետո խաղում է ընկերուհու հետ, դպրոց է հաճախում, հետո զբաղմունք է գտել ու պարում է, հետո զբոսնում ընկերուհու հետ, իսկ վերջին հատվածում պատկերել եմ, թե ինչպես է ավարտել դպրոցը»,-պատմեց Էլիան: Նա նշեց՝ ավելի ուշ հնարավոր է՝ ներկայացնի հերոսուհուն արդեն համալսարան ընդունվելիս:
Էլիզան վստահեցրեց, որ ապագայում նկարչուհի է դառնալու:
Գորիսից Երևան ժամանած Լիա Հովսեփյանը հինգ տարի է՝ կենտրոնի սան է: Խոստովանեց, որ շատ-շատ է սիրում նկարել, իսկ ցուցահանդեսում նատյուրմորտ է ներկայացրել: «Սիրում եմ ծաղիկներ ու վառ գույներով եմ նկարում, որ շուրջս միշտ լավ տրամադրություն լինի: Շատ եմ նկարում բնանկարներ, բայց փորձել եմ նաև դիմանկար նկարել: Ստացվել է»,-ընդգծեց Լիան ու հավաստիացրեց, որ մասնագիտանալու է նկարչական բնագավառում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 20-ը: Յուրաքանչյուր շաբաթ քննարկումներ են նախատեսվում արվեստի շուրջ, որոնց կմասնակցեն մասնագետներ: Քննարկումներից զատ կլինեն միջոցառումներ, որոնց շրջանակում յուրաքանչյուր մարզի ստորաբաժանում կներկայացնի իր գործունեությունը:

Վերածննդի հանրահայտ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի արջի գլխի գծանկարը Լոնդոնի Christie's աճուրդում վաճառվել է 8,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (12,1 միլիոն դոլար), ինչը նկարչի գծանկարների համար ռեկորդային գին է:
artguide.com-ի հաղորդմամբ, 7×7 սմ նկարը ստեղծվել է 1480-ականների սկզբին, երբ Լեոնարդոն ստեղծել է կենդանիների փոքր նկարների շարք: Գծանկարն արված է արծաթե ասեղով բաց վարդագույն-դարչնագույն թղթի վրա։
Սա Լեոնարդոյի մասնավոր հավաքածուում գտնվող մի քանի գծանկարներից մեկն է։
Christie's- ի հին վարպետների փորձագետ Լետիցիա Մասոնը նկարագրել է «արծաթե ասեղը» որպես «շատ բարդ տեխնիկա, քանի որ այն ոչ մի սխալ չի թույլ տալիս»: Նախկինում գծանկարը ցուցադրվել է Լոնդոնի ազգային պատկերասրահում 2011 թվականին։

Միքելանջելոյին պատկանող ենթադրյալ մատնահետք է հայտնաբերվել մոմե քանդակի մակերևույթին:
Artguide.com-ի փոխանցմամբ, «Ալբերտ և Վիկտորիա» թանգարանի մասնագետները, հետք են նկատել,արձանիկը նկուղային պահոցից տեղափոխելուց հետո։
Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանի մասնագետները կարծում են, որ հայտնաբերել են Միքելանջելոյի բութ մատի հետքը մոմե քանդակի մակերևույթին:
2020 թվականի գարնանը վերականգնող մասնագետները վերին պատկերասրահից այդ փխրուն աշխատանքը տեղափոխել էին ավելի զով, նկուղային տարածք ՝ այն բարձր ջերմաստիճանից պաշտպանելու համար: Հինգ ամիս անց քանդակը վերադարձրել են Պատկերասրահ։ Սակայն այդ ժամանակ էլ հենց պատասխանատուները մատնահետք են նկատել։
Մատնահետքը տեսանելի է դարձել մեղրամոմի քիմիական կազմի փոփոխության շնորհիվ, որը պայմանավորված է ջերմաստիճանի և խոնավության տատանումներով:
Մոմե քանդակը ստեղծվել է 500 տարի առաջ, մարմարե քանդակի համար,որը նախատեսված էր Վատիկանում գտնվող Հռոմի Պապ երկրորդի անավարտ դամբարանի համար։
Ներկայումս այդ ամբողջական բայց անավարտ արձանը ներառված է Ֆլորենցիայի պատկերասրահի ակադեմիայի հավաքածուում։
Մոմե քանդակը մի քանի պահպանված նախապատրաստական մոդելներից մեկն է, որը պատկերացում է տալիս նկարչի չիրականացված մտահղացման մասին։
Եթե հնարավոր լինի ապացուցել, որ մատնահետքն իսկապես պատկանում է Միքելանջելոյին, ապա դա շատ կօգնի լուծել արձանի իսկության վերաբերյալ կասկածները:

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող Շպիցբերգեն արշիպելագի տարածքում երաժշտության ստորգետնյա շտեմարանի շինարարություն է սկսվել` Դատաստանի օրվա համար: Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն` վկայակոչելով Արկտիկյան և անտարկտիկյան գիտահետազոտական ինստիտուտի թելեգրամյան ալիքը, կառույցի շինարարությունը, որը գտնվում է 300 մետր խորությամբ, նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի սկզբին:
«Կառույցը գտնվելու է ձյան և ժայռի տակ` 300 մետր խորությամբ և պետք է ծառայի առնվազն 1000 տարի: Երաժշտության պահպանման արխիվացման համար կիրառվելու են Piql նորվեգական ընկերության հատուկ տեխնոլոգիաները»,- ասվում է թելեգրամյան ալիքի էջում:
Սկզբնական շրջանում շտեմարանում կպահվեն տեղական երաժշտական ոճերը, այնուհետև այլ ժանրեր կավելացնեն:
Նորվեգիայի իշխանությունները Շպիցբերգենում նաև սերմերի համաշխարհային ամբար էին ստեղծել, որը պարունակում է աշխարհի բոլոր տեսակի բույսերի սերմերը և որպես պահուստային տարբերակ կծառայի մարդկության համար համաշխարհային աղետից հետո: