Օգոստոս 02, 2021 12:07 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ մարդկային հարաբերությունները, նույնիսկ ամենամտերիմ անձանց միջև, միշտ չէ, որ հարթ են ընթանում: Հնարավոր է, որ պատահեն թյուրիմացություններ, փոքրիկ վիճաբանություններ և կոնֆլիկտներ կամ էլ լուրջ վեճեր: Որպես կանոն, այսպիսի իրավիճակներում տուժում են երկու կողմերը, և՛ այն մարդը, ով իրեն ճիշտ է համարում, և՛ նա, ով զգում է իր արած սխալը և մեղքը:

 Եվ եթե դուք ինչ-որ վիրավորական բան եք արել` թեկուզ և ակամա կամ պատահականորեն, ապա ձեր հարաբերություններին կայունություն վերադարձնելու միակ և լավագույն ձևը ներողություն խնդրելն է,ինչից հաճախ մարդիկ խուսափում են: Այս անգամ որոշել ենք խոսել հենց այդ մասին: Ընկերակցեք մեզ։

---

 «Ների՛ր ինձ» արտահայտությունը հենց այնպես բառեր չեն, դա ուրիշ մարդու և նրա զգացմունքների նկատմամբ Ձեր ունեցած հարգանքի արտահայտությունն է:

 

Կան ներողություն խնդրելու շատ եղանակներ, և տարբեր մարդիկ ունեն իրենց ձևը, քանի որ մենք բոլորս էլ տարբեր ենք: Կարելի է ուղղակի ասել. «Ների՛ր ինձ, ես սխալ էի…» կամ պարզապես. «Կներես, ես մեղավոր էի…» կամ էլ. «Ես շատ սխալ էի, ներողություն եմ խնդրում»:

Կարելի է ուղարկել հաղորդագրություն կամ նամակ` ներողության խոսքերով, իսկ վերջում դնել մեղավոր արտահայտություն ունեցող մի դեմք` սմայլիկ: Բայց բոլոր դեպքերում պետք է գտնել որևէ տարբերակ, որ անպայման արտահայտեք կատարածի մեջ ձեր մեղավորությունն ընդունելու պատրաստակամությունը:

Պետք չէ մտածել և հույս դնել այն բանի վրա, որ ամեն ինչ ինքն իրեն կանցնի-կգնա և կմոռացվի:  Փոքր տարաձայնությունները և վիրավորանքները, կուտակվելով, կարող են առաջացնել խորը ճեղքվածք ձեր հարաբերություններում և բերել լուրջ հակասությունների:

 

Իսկ եթե՞ նեղացրել կամ վիրավորել են Ձեզ:Այս դեպքում ինչ անել։

Մի վանեք այն մարդուն, ով ձեզանից ներողություն է խնդրում: Իհարկե, ամեն ինչ կախված է վեճի բուն պատճառի լրջությունից և այն բանից, թե ինչքան խորն է Ձեր վիրավորանքը, ինչ զգայուն թելեր են խոցվել:  Եվ հնարավոր է, որ դուք այլևս չեք կարողանա այդ մարդուն համարել ձեր իսկական ընկերը:

 

Այնուամենայնիվ, ընդունեք ներողությունը, իսկ ժամանակը ցույց կտա, թե ինչպես կշարունակվեն ձեր հարաբերությունները:

Ինչո՞ւ են մարդիկ խուսափում ներողություն խնդրել, արդյոք ներողություն խնդրելը համարվո՞ւմ է թուլություն և ինչպե՞ս հեշտ ընդունել սեփական սխալները: Հարցերին պատասխանում է  հոգեբան Արմենուհի Ղազարյանը:

---

 

 Ինչպե՞ս սովորեցնել երեխային ներողամիտ լինել:

 Հոգեբան Անի Կարապետյանն ասում է.-Ներողամտությունը բարության դրսևորման ձև է, գիտակցում, որ մարդիկ կարող են սխալվել, ուստի հարկավոր է հնարավորություն տալ սխալն ուղղել և շարունակել հարաբերությունների կառուցումը: Ներողամտությունը կոնֆլիկտն իմաստուն կերպով լուծելու լավագույն տարբերակներից է: Այսինքն, այս գործում շատ կարևոր գործոն է իրադրության օբյեկտիվ վերլուծությունը. ինչո՞ւ սխալը տեղի ունեցավ, ի՞նչն է դրդել մարդուն այդ քայլը կատարել, արդյո՞ք այս պատմության մեջ ես ունեմ իմ սխալը, ո՞րն է իմ սխալը և ո՞րը՝ դիմացինինը, ի՞նչ արժեք ունի այդ մարդն ինձ համար, արդյո՞ք նա ցանկանում է, որ ես իրեն ներեմ, ի՞նչ արժեք ունեմ ես իր համար, ինչպիսի՞ն պետք է այսուհետև լինեն մեր հարաբերությունները, ես պատրա՞ստ եմ այդ մասին խոսել նրա հետ: Իհարկե, հասուն հոգեբանական տարիքում գտնվող անձը կարող է անել այս վերլուծությունը և իր հետագա գործողությունները կառուցել օբյեկտիվ վերլուծության հիման վրա:Երեխաների դաստիարակության մեջ ավելի մեծ դեր ունի ծնողների, ընտանիքի այլ անդամների վարքագիծը, քան խոսքը: Եթե երեխան ընտանիքում տեսնում է, որ կոնֆլիկտները չեն բերում հարաբերությունների կտրուկ և տևական վատացման, այլ լուծվում են կոստրուկտիվ ճանապարհով, այսինքն, փնտրվում և գտնվում են կոնֆլիկտի հաղթահարման ելքեր, որ մարդիկ միմյանց ներում են և գտնում խնդրի լուծման տարբերակներ, ապա նա կընդօրինակի այդ վարքագիծը:

Եթե երեխան մեծանում է մի ընտանիքում, որտեղ ներողություն խնդրելն այնքան էլ ընդունված չէ, ապա ի՞նչ ակնկալել այդ երեխայից:

Այդ դեպքում երեխան ձեռք չի բերում հարաբերությունների կառուցման ադեկվատ մեխանիզմներ: Նա դառնում է նեղացկոտ, կասկածամիտ, ագրեսիվ, հնարավոր է՝ ստախոս և մեծամիտ՝ մտածելով. ես ներման կարիք չունեմ, ես միշտ ճիշտ եմ, մեղավոր են մյուսները:

Երբեմն մայրիկներն իրենց զավակներին պատժում են նրանց չգործած սխալների համար՝ ինչ-ինչ պատճառներով: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ պատիժը երեխայի վրա:

Սա շատ կարևոր հարց է: Ընդհանրապես, և երեխաների դեպքում մասնավորապես, կա ներողություն խնդրելու և ներելու «լուռ» տարբերակ: Դա տեղի է ունենում, երբ մարդը, գիտակցելով իր սխալը, իր արարքով հասկացնում է, որ ներողություն է խնդրում: Սա հնարավորություն է տալիս երեխային հասկանալ և ուղղել սխալը, բայց արժանապատվությունը պահպանել, քանի որ միշտ չէ, որ ծնողները պատժելով երեխային՝ փորձում են նրան հասկացնել, որ արարքն է սխալ, այլ ոչ թե երեխան է վատը: Անհարկի ներողություն խնդրելը կամ պատիժ կրելը կոտրում է երեխայի անձի «ողնաշարը». նա դադարում է հավատալ արդարությանը, ծնողներին, աշխարհին, օտարանում մարդկանցից, դառնում ինքնամփոփ կամ ագրեսիվ, կարող է անգամ հանցածին վարք դևսևորել: Հաճախ ծնողներն իրենց կյանքի տագնապները, լարվածությունը, թուլությունը չեն կարողանում հաղթահարել, և կարծես դրա համար պատժվում է իրենցից առավել թույլը, ով տվյալ պահին չի կարող համարժեք պատասխան տալ: Մենք՝ ծնողներս, սիրում ենք ցույց տալ, որ մենք ավելի խելացի և ուժեղ ենք: Հիշեք, որ կգա օր ու մեր երեխաները մեզ հետ նույն կերպ կվարվեն:

Ներողամիտ լինելը թերությո՞ւն է:

Հոգեբանն «ակտիվ» և «պասիվ» ներողամտություն հասկացողության մասին ասում է․ Իրականության օբյեկտիվ վերլուծությունն ակտիվ ներողամտության արդյունք է. մարդը գնում է ներողամտության ճանապարհով, հաշվի է առնում թերի և դեմ կողմերը, թե ի՞նչ արդյունք այն կարող է տալ: Այստեղ ներողամտությունը նաև ապահովագրում է անձին ուրիշի ծուղակն ընկնելուց: Չէ՞ որ սխալ գործող մարդը կարող է ունենալ մանիպուլյատիվ, ուրիշին իր շահի համար օգտագործող հատկանիշներ: Մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, ովքեր բարության և ներողամտության պատճառով լուրջ խնդիրներ են ունենում: Սա կանվանեմ «պասիվ» ներողամտություն, որը տարիների ընթացքում կարող է դառնալ մարդու հատկանիշ և լուրջ խնդիրների պատճառ: Խոսքն, իհարկե, առավել մեծ սխալների մասին է, որոնք կարող են քայքայել հարաբերությունները: Իսկ այսպես կոչված մանր սխալները կարելի է անտեսել, ներել, խնդրել, որ դրանք չկրկնվեն:

Շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու պատնեշը՝ կարծելով, որ եթե ներողություն են խնդրում, ուրեմն թույլ մարդ են: Ինչպե՞ս հաղթահարել այդ բարդույթը:

Իրականում թույլ մարդը չի կարողանում ներողություն խնդրել, որովհետև վիրավորված է մանկուց, իրեն չեն ներել: