Մի գավաթ անդորր(270.Հիվանդագին խանդ)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ ընտանեկան կյանքի անխուսափելի կողմերից են կոնֆլիկտները: Կոնֆլիկտների առաջացման ամենահզոր պատճառներից մեկը խանդն է:Այսօր խոսելու ենք հիվանդագին խանդի մասին։ Ընկերակցեք մեզ։
Խանդը մարդու ծննդի հետ միասին է առաջ գալիս, այն բնածին հուզավիճակ է: Դա անբռնազբոսիկ, աֆեկտիվ վիճակ է: Խանդի ժամանակ գիտակցությունը կարծես նահանջում է: Այն տարիքային սահմանափակումներ չունի:
Երբեմն խանդը վերածվում է քաոսի և խանդվողի, և հենց իր` խանդողի համար:
Եթե հիմքեր չկան խանդելու` տեղի-անտեղի է խանդում, կարելի է խանդը դիտարկել որպես հիվանդություն: Խանդը կարող է ի հայտ գալ այնպիսի իրադրություններում, երբ մարդն ինչ-որ բանից ձեռնունայն է և դրան համապատասխան պատմություն է լսում:
Խանդը երբեմն իրական կյանքի հետ ոչ մի առնչություն չունի:
Չափից շատ խանդոտ մարդը ֆանտաստիկ պատկերացումներ է ստեղծում, որոնք կապ չունեն իրականության հետ:
Նա, ում խանդում են, ստիպված է անընդհատ լսել կասկածանք և մեղադրանք արտահայտող խոսքեր:
Կանանց համար խանդը կարող է սիրո լավագույն դրսևորում լինել: Սակայն հիվանդագին խանդը կնոջ համար շատ տհաճ երևույթ է:
Խանդը կարող է բերել անցանկալի հետևանքների` բռնություններ, սպանություններ, ինքնասպանություններ, ամուսնալուծություններ:
Խանդը լիովին վերացնել հնարավոր չէ: Դրա հաղթահարման համար անհրաժեշտ է ամուր կամք և պատրաստակամություն: Պետք է փորձել լինել ավելի նրբանկատ, շրջահայաց, խոհեմ ու համբերատար: Անհրաժեշտ է խիզախություն ունենալ ներողություն հայցելու դիմացինից, եթե պարզվի, որ կասկածներն անհիմն էին, ու խանդը` անտեղի:
Խանդից խուսափելու միջոց է նաև ինքնագնահատականի բարձրացումը: Քանի դեռ մարդն ունի սեփական անձի անլիարժեքության զգացման հետ կապված խնդիրներ, խանդի զգացումը կշարունակի տանջել մարդուն:
Ցավագին խանդոտ մարդը պետք է գտնի իրեն հոգեհարազատ մեկին, խոսի նրա հետ, եթե իրական պատճառ չկա, ապա դա իսկապես վտանգավոր է և մտածելու տեղիք է տալիս:
---
Այժմ կներկայացնենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերջապես սանձել խանդն ու սովորել վերահսկել սեփական հույզերը
Խանդը կարող է փչացնել անգամ ամենաանթերի հարաբերությունները։ Հաճախ մենք գիտակցում ենք, թե որքան հիմար ձևով ենք վարվում, սակայն շարունակում ենք խանդել և տանջվել։
Հոգեբաններն առաջարկում են մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերջապես սանձել խանդն ու սովորել վերահսկել սեփական հույզերը:
1. Ընդունեք այն փաստը, որ դուք իսկապես խանդում եք։Շատ հաճախ, երբ խանդում եք, սկսում եք ագրեսիվ կերպով պահանջներ ներկայացնել և չեք խոսում այն մասին, թե ձեզ իսկապես ինչն է մտահոգում։ «Այո, հիմա ես խանդում եմ, քանի որ նա նախորդ գիշեր զրուցում էր անծանոթ կնոջ հետ», – սկզբում պարզապես ընդունեք այս փաստը և խուճապի մի մատնվեք։ Սա կդառնա առաջին և արդեն շատ կարևոր քայլը։
2. Փորձեք ձեր հարաբերություններին նայել ձեր ընկերներից մեկի աչքերով։Ի՞նչ կանեիք, եթե լինեիք Ձեր սեփական ընկերը և լսեիք մի իրավիճակի մասին, որը տեղի է ունենում ձեր հարաբերություններում։ Գուցե դուք սարսափեի՞ք այն ամենից, ինչ երկուսով անում եք։ Հարաբերություններին կողքից դիտելը միշտ օգնում է սթափ գնահատել դրանք, և ո՞վ գիտե, միգուցե, դա կօգնի Ձեզ որևէ նոր բան տեսնել։
3. Կարևորեք ձեր հարաբերությունները։ Ճանճից փիղ մի սարքեք, այլ փորձեք հարաբերություններին փոխանցել ջերմություն և ներդաշնակություն։
4. Ձեր մտքում ժամանակից շուտ բացասական պատկերներ մի ստեղծեք։ Որքան է պատահել, որ ես ինչ–որ բանից այնքան եմ վախեցել, կարծես այն արդեն տեղի է ունեցել, և ես ցավում եմ իմ կորստի համար։ Շատ դեպքերում նման իրադարձություններն այնքան հեռու են եղել իրականություն դառնալուց։ Ձեր բոլոր սարսափելի մտավախությունները կարող են միայն բուռն երևակայության արդյունք լինել, իսկ եթե Դուք չունեք որևէ ապացույց, ապա մտահոգվել էլ պետք չէ։ Եթե կասկածները Ձեզ խենթացնում են, ապա խոսեք այդ մասին։ Դուք կամ կհանգստանաք, կամ կիմանաք ոչ այնքան հաճելի բաներ, սակայն, ամեն դեպքում, ամեն ինչ կպարզվի և կկարողանանք առաջ շարժվել։
5. Գտեք Ձեր խանդի իրական պատճառը։Հաճախ մենք իրականում խանդում ենք այն պատճառով, որ չարացած ենք զուգընկերոջ վրա միանգամայն այլ պատճառով։ Միգուցե նա մոռացել է Ձեզ շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ կամ վերջերս հազվագյուտ է Ձեզ աջակցում։ Եվ սրտաբաց զրույցի փոխարեն Դուք նախընտրել ենք կասկածով վերաբերվել այն ամենին, ինչ նա անում է և բոլորին, ում հանդիպում է։
6. Մի արձագանքեք խանդին ակնթարթորեն։ Երբ զայրացած եք, ցանկություն կա բղավել առաջին իսկ պատահած մարդու վրա և ամեն ինչ այս ու այն կողմ նետել, եթե անգամ գտնվում եք սրճարանում։ Դրա փոխարեն կարող եք ինքներդ Ձեզ ասել. «Այսպես, սա ընդամենը զայրույթ է, և այն անպայման կանցնի»։ Նման սխեման աշխատում է նաև խանդի դեպքում, պարզապես փորձեք։
7. Մի խառնեք նախորդ հարաբերությունների փորձը ներկա հարաբերությունների հետ։ Միգուցե Դուք չափից դուրս խանդոտ եք, քանի որ Ձեզ ժամանակին դավաճանել են կամ Ձեր հայրը դավաճանել է մորը։ Սակայն ներկա հարաբերություններն ամբողջովին ուրիշ են, մարդիկ ևս տարբեր են։ Ձեր զուգընկերը որևէ ընդհանուր բան չունի ձեր նախորդ փորձի հետ, այնպես որ այնքան էլ արդար չէ նրան համեմատել այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին Ձեզ ցավ են պատճառել։
8. Ի սրտե հավատացեք, որ դուք արժանի եք մի մարդու, ով սիրում է ձեզ։ Ասում են, որ հիմնականում խանդում են ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ։ Հոգու խորքում կասկածներ են առաջանում, որ մենք արժանի չենք սիրո, իսկ ընտրյալը կարող է ավելի լավին գտնել։Սակայն դա այդպես չէ։ Չնայած բնավորության բոլոր թերություններին և բարդություններին` Դուք արժանի եք մի մարդու, ով սիրում է Ձեզ և հազարավոր ուրիշ մարդկանցից ընտրել է հենց Ձեզ։ Այնպես որ դադարեք տանջվել հիմար կասկածներից, իսկ մեկ այլ անգամ ավելի լավ է աշխատեք Ձեր ինքնագնահատականի վրա։
---
Սիրելի երիտասարդներ սիրեք և եղեք սիրված: Վստահեք միմյանց` տալով սիրելիին սեփական կյանք ունենալու իրավունք: Եղեք խելամիտ և խանդի դրսևորմանը դիմեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մի սահմանափակեք Ձեր սիրելիի ազատությունը, թույլ տվեք, որ նա էլ կարողանա շրջապատում ինքնահաստատվել և կայանալ: Թող, որ Ձեր սերը նպաստի զուգընկերոջ կատարելագործմանը, այլ ոչ թե Ձեր անձի քայքայմանը: