Գեղարվեստական հաղորդում (05-05-2016)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:
Համաձայն ԻՌՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման, Իրանի «Խաղաղություն» երգչախումբը Մոհամմեդռեզա Փուր Մողադամի խմբավարությամբ և Երաժշտության ուսուցման կենտրոնի հովանավորությամբ, Հայաստանի Գյումրի քաղաքում կայացած «Վերածնունդ» փառատոնի ժամանակ շահել է երգչախմբային կատարման երկրորդ, ինչպես նաև լավագույն կոմիտասյան կատարման մրցանակը:
«Խաղաղություն» երգչախումբը հիմնադրվել է դասական երաժշտության տարածման նպատակով ու աշխատում է «Դասականը՝ խաղաղության պատգամաբեր» կարգախոսով:
Խումբն այս տարի մասնակցելու է «Ֆաջր» երաժշտական փառատոնին, հունիսին հանդես է գալու Ավստրիայի Լինզի, հոկտեմբերին՝ Իսպանիայի Քալալայի փառատոներում, իսկ 2017 թվականի փետրվարին` Բեռլինի փառատոնին:
------------------------------
Տեղի է ունեցել «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան:
Կինոկենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ ոչ մի երաժիշտ այնքան զորեղ ազդեցություն չի գործել հայ ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը: Հավաքելով հայկական ժողովրդական երգերը՝ նա դրանք ժողովրդին էր վերադարձնում մաքրված եւ վերածնված:
Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց:
«Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության եւ մահվան թաքնված հանգամանքների վրա:
--------------------------
Հայաստանում մեկնարկել է «Խաղաղություն մոլորակին» նախագիծը, որի նպատակն է երաժշտության միջոցով խաղաղություն տարածելը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ նախագահ Քրիստինե Շերոյանը:
Նախագիծն իր մեջ ներառում է երգչախմբային համերգներ, տարբեր ազգային երաժշտության թեմաներով համատեղ բաց դասեր և խմբավարների ու երգչախմբի երգիչների միջև փորձերի փոխանակումներ:
Նա տեղեկացրեց, որ նախագծին մասնակցում են Մոլդովան, Վրաստանը, Լեհաստանը և Հայաստանը. «Արդեն Հայաստանում են Լեհաստանի Խուրտովնիա հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Յուստինա Դյուման և Մոլդովայի «Ռապսոդիա» մանկապատանեկան երգչախմբի խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Նատալյա Բարաբանշիկովան»:
Հանդիպմանը ներկա Լեհաստանի Խուրտովնիա հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Յուստինա Դյուման էլ նշեց, որ նախագծի միջոցով ցանկանում ենք խնդրել մարդկանց՝ դադարեցնել պատերազմները.
«Եկեք միասին երգենք, քանի որ տարածված կարծիք կա, երբ երգում են միասին, ապա չեն կրակում»:
----------------------------
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2007-2016 թթ. վերականգնվել և ամրակայվել է 10 որմնանկար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
2007 թ. վերականգնվել և ամրակայվել է Մ. Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը՝ Ջաջուռի Մ. Ավետիսյանի տուն-թանգարանում, իսկ 2010 թ. Մ. Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ կառավարության N 1 շենքում:
2011-ին վերականգնվել և ամրակայվել միանգամից մի քանի որմնանկարներ: Դրանք են Մ. Ավետիսյանի «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարները՝ «Արմենիա» միջազգային օդանավակայանում» և Նախագահական համալիրում, Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը՝ Գյումրի քաղաքում վերակառուցվող հուշարձան-շենքի տարածքում`«Ֆրանսիա» հյուրանոց, Աբովյան 218, ինչպես նաև Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը՝ Գյումրու քաղաքաղապետարանում:
2013-ին վերականգնվել և ամրակայվել է Վահրամաբերդի մշակույթի տանը գտնվող Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը:
2014-2015 թթ. վերականգնվել և ամրակայվել է Գյումրիի Երիտասարդական պալատում գտնվող Ռ. Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարը, իսկ 2016-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում գտնվող Հ. Հակոբյանի «Սարերում» որմնանկարը:
----------------
Հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանի հրապարակախոսական ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Ապաշխարություն» ֆիլմը ապրիլի 29-ին ներկայացվեց հանդիսատեսի դատին: Ֆիլմի ռուսերեն տարբերակի պրեմիերան տեղի ունեցավ Հայ-ռուսական համալսարանում:
Զորի Բալայանի խոսքով՝ ֆիլմի ռեժիսոր Արշակ Մարգարյանի հետ արդեն մի քանի անգամ աշխատել է: «Արշակը կարդացել էր իմ վիպակներից մեկը օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին ու անմիջապես ֆիլմ նկարահանել: Այս անգամ էլ նա վերցրել է տասնյակ գրքեր, հատկապես հրապարակախոսության ժանրից ու ստեղծել մի նոր կինոնկար»,- պատմեց գրողը: Բալայանը հավելեց, որ դժվարանում է կոնկրետ նշել ֆիլմի ժանրը, քանի որ հիմքում ընկած են տասնյակ պատմություններ:
Ռեժիսորը նշեց, որ ֆիլմն ընդգրկում է շատ թեմաներ, բայց բոլորը հանգում են մեկ ընդհանուր եզրակացության. այն հայ ժողովրդի հույզերի, ցանկությունների ու նպատակների մասին է: «Եթե փորձենք ներկայացնել ֆիլմի ընդհանուր գաղափարը, ճիշտ կլինի տալ հետևյալ ձևակերպումը՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Մենք կողմ չենք «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքին. նպատակը պետք է արդարացվի միջոցներով, որպեսզի լինի բարոյական»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մարգարյանը
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ՀՌՀ Գիտական խորհրդի որոշմամբ Զորի Բալայանին հանձնեց համալսարանի բարձրագույն պատվո շքանշան: ՀՌՀ ռեկտորն ընդգծեց, որ Բալայանը շատ բազմաբովանդակ մարդ է, ում հնարավոր չէ մեկ բառով նկարագրել: «Այնուամենայնիվ նրա կարևորագույն գծերից եմ համարում նրա վիթխարի ուժն ու հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը»,- հավելեց Դարբինյանը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով՝ Զորի Բալայանն իր ժամանակաշրջանի վկան է և եթե ամփոփենք նրա ողջ գործունեությունը, կստանանք ամբողջական պատկեր այդ շրջանի մասին: «Կարծում եմ, այսօր կկարողանանք կվերհիշենք այդ տարիները և տեսնել դրանք Զորի Բալայանի աչքերով»,- ավելացրեց մշակույթի նախարարը:
----------------------
Ապրիլի 22-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Օպերայի և բալետի պետական թատրոնի կամերային դահլիճում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
«Շնորհակալ եմ քեզ» խորագրով համերգին «Աստանա օպերա»-ի մենակատարներ՝ Ղազախստանի վաստակավոր գործիչներ Սունդետ Բայգոժինի, Ժան Տապինի, Բաշկորտոստանի վաստակավոր արտիստ Ալֆիյա Կարիմովայի, միջազգային մրցույթների դափնեկիրներ Եվգենի Չայնիկովի, Տատյանա Վիցինսկայայի, Մարգարիտա Դվորեցկայայի կատարմամբ հնչել են մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը:
Նշանավոր դաշնակահար Գուլդանա Ժոլըմբետովան (ԱՄՆ) հանդես է եկել Բաբաջանյանի «Անուրջներ» ստեղծագործության կատարմամբ:
Համերգի ընթացքում ցուցադրվել են նաև կադրեր՝ մեծ կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմերից:
Համերգին ներկա էին Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների քսանից ավելի ղեկավարներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
----------------------
Հրապարակվել է Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի առաջին թրեյլերը, որը պատմում է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի մասին, հայտնում է Tech Insider-ը:
Ֆիլմում գլխավոր դերը մարմնավորում է Ջոզեֆ Գորդոն-Լևիթը: Ֆիլմը ներկայացնում է նախապատմությունը Սնոուդենի մասին մինչ վերջինիս կողմից հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերն ու տեղեկությունները լրագրողներին հաղորդելը:
Սնոուդենն ինքը, ինչպես երևում է նրա թվիթերյան գրառումից, հավանել է ֆիմի թրեյլերը: «Երկու րոպե 39 վայրկյանով բոլորն Ազգային անվտանգության գործակալությունում պարզապես դադարեցին աշխատելուց», - իր միկրոբլոգում գրել է Սնոուդենը:
Թրեյլերը ներկայացնում է երիտասարդ Սնոուդենին բանակային մարզումներում, որի ժամանակ նա կոտրում է ոտքն ու ստիպված լինում զորացրվել: Այնուհետև նա հայտնում է հատուկ ծառայություններում` ԿՀՎ-ում, ապա նաև ԱԱԳ-ում:
---------------------------
Ամբողջ աշխարհի արվեստագետների ու ոլորտի փորձագետների շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը, որը պատկանում է Վերածննդի դարաշրջանի հանճարեղ ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի վրձնին, ստեղծվել է և՛ կին, և՛ տղամարդ բնորդների օգնությամբ։
Ինչպես նշում է The Guardian-ը, նման եզրակացության է հանգել արվեստի ոլորտի փորձագետ Սիլվանո Վինչետին, ով նախքան այս Դա Վինչիի գլուխգործոցն ուսումնասիրել է ինֆրակարմիր տեխնոլոգիաներով:
Իտալացի մասնագետի համոզմամբ՝ Դա Վինչին տվյալ կտավը նկարելիս սկզբում որպես բնորդուհի է օգտագործել Ֆլորենցիայի հայտնի վաճառականներից մեկի կնոջը` Լիզա Գերարդինիին, սակայն նրանից հետո նկարիչը շարունակել է իր աշխատանքը` որպես բնորդ օգտագործելով Ջան Ջակոմո Կապրոտիին, ով առավել հայտնի է Սալայ անունով:
«Մենք մանրազնին ուսումնասիրել ենք բոլոր այն կտավները, որոնցում Դա Վինչին որպես բնորդ է օգտագործել Սալային: Այնուհետև մենք դրանք համեմատել ենք «Մոնա Լիզայի» հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանք ունեն բավական շատ ընդհանրություններ և համընկնումներ: Դա Վինչին մեծ վարպետությամբ համադրել է 2 բնորդներին ու մի շարք դետալներ է ավելացրել` առաջնորդվելով սեփական երևակայությամբ։
Կարծում եմ նաև, որ այս կտավը Դա Վինչիի իրական էության կատարյալ արտացոլումն է: Իրականում Դա Վինչին իր մեջ ներառում էր կնոջ և տղամարդու տեսակների համադրությունը»,-նշել է փորձագետը։
-------------------------