Օգոստոս 16, 2021 19:52 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ առհասարակ դեռահասության տարիքը ընդունված է համարել դժվար շրջան, քանի որ այս տարիքում են ձևավորվում մարդու աշխարհընկալման, աշխարհայացքի և առհասարակ առաջնային արժեքների համակարգը։ Ապացուցված է նաև, որ դեռահասի վարքը հաճախ անկառավարելի է դառնում այն պատճառով, որ տարիքային առանձնահատկության հետ կապված նրանց վարքագծում գերակշռում է հուզական ֆոնը։ Այսօր խոսելու ենք շատ ծնողների հուզող թեմայի, դեռահասության  մասին:

Դեռահասության կամ պատանեկության տարիքային շրջանը տարբեր տարբեր անվանումներ է գտել` դեռահասություն, անցումային և այլն: Տարբեր անվանումերը արտացոլում են դեռահասի տարբեր տարիքային առանձնահատկությունները: Դեռահասության տարիքի առանձնահատկությունն այն է, որ մարդը մտնելով այս փուլ որպես երեխա, դուրս է գալիս  չափահաս դարձած: Այս փուլում անցում է կատարվում մանկությունից դեպի հասունություն:

Հոգեբանների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում դեռահասության շրջանում տեղի ունեցող հոգեկան փոփոխութունները: Բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունենում դեռահասի հետաքրքրությունների համակարգի մեջ: Մի կողմից կորում է հետաքրքրությունը այն իրերի և երևութների նկատմամբ, որոնք նրան հետաքրքրում էին նախկինում, մյուս կողմից ծագում են նոր հետաքրքրություններ: Հնարավոր է, որ դեռահասը իրեն այնպես դրսևորի, որ թվա թե նրա մոտ լրիվ բացակայում է ինչ-որ մի բանի հանդեպ հետաքրքրությունը: Այս շրջանում նկատվում է նաև դեռահասների կողմից դպրոցի գնահատականների նկատմամբ հետաքրքրության բացակայություն:

---

 

Չափահասության զարգացումն իր ամենատարբեր դրսևորումներով կախված է նրանից, թե որ ոլորտում է դեռահասը փորձում հաստատվել, ինչ բնույթ է ձեռք բերում նրա ինքնուրույնությունը հասակակիցների հետ հարաբերություններում, ազատ ժամանակի օգտագործման, տարբեր զբաղմունքների, տնային գործերի կատարման մեջ։ Կարևոր է այն հանգամանքը,որ նրան բավարարում է իր ձևական ինքնուրույնությունը, չափահասության արտաքին թվացող կողմը, թե անհրաժեշտ է իրական, խորքային ինքնուրույնություն։ Այս գործընթացի վրա էականորեն ազդում է երեխայի հարաբերությունների համակարգը ծնողների,ուսուցիչների, հասակակիցների կողմից նրա չափահասության ընդունումը։

Չափահասության զգացումը դառնում է կրտսեր դեռահասության տարիքի կենտրոնական նորագոյացությունը, իսկ տարիքի ավարտին՝ մոտավորապես 15 տարեկանում, երեխան ևս մեկ քայլ է կատարում իր անձնային զարգացման մեջ։ Մոտավորապես 11-12 տարեկանում հետաքրքրություն է առաջանում սեփական ներաշխարհի նկատմամբ, այնուհետև տեղի է ունենում ինքնաճանաչողության աստիճանական բարդացում և խորացում։ Դեռահասն իր համար բացահայտում է իր ներաշխարհը։ Նոր հարաբերությունների հետ կապված բարդ ապրումները, իր անձնային գծերը, արարքները վերլուծվում են դեռահասի կողմից շատ կողմնակալ։ Դեռահասը ցանկանում է հասկանալ՝ ինչպիսին է ինքն իրականում, պատկերացնում է իրեն, թե ինչպիսին է ցանկանում լինել։ Ինքն իրեն ճանաչելու գործում օգնում են մոտ ընկերները, մոտ մեծահասակները։

---- 

Դեռահասության տարիքին բնորոշ են ուժեղ, երբեմն միմյանց փոխարինող հետաքրքրություններ։ Կա կարծիք, որ դեռահասության տարիքն առանց հետաքրքրությունների նման է առանց խաղի մանկության։ Երեխան ինքն է ընտրում իրեն հաճելի զբաղմունքը՝ դրանով իսկ բավարարելով և ինքնուրույնության, և ճանաչողության պահանջմունքը և այլն։

Հենց այս տարիքում է երեխաների մոտ առաջանում ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքը։ Կրտսեր դեռահասության տարիքը զգայուն է ավելի բարձր մակարդակի ուսումնական գործունեության անցնելու համար։ Երեխայի համար ուսումը կարող է ձեռք բերել նոր անձնային իմաստ՝ դառնալու ինքնակրթության և ինքնակատարելագործման գործունեություն։ Դժբախտաբար, դա հաճախ չի դրսևորվում։ Այս ուղղությամբ դեռահասի հետաքրքրությունները ղեկավարել կարող են ծնողները, սիրելի ուսուցիչները։ Դեռահասին այլ, լրացուցիչ զբաղմունքների դրդելու համար պետք է գործել շատ զգույշ. ավելորդ ճնշումը նրանց կողմից կհանգեցնի հակադիր ռեակցիաների՝ ինչ-որ բան անելու ցանկության բացակայության, անտարբերության։

Որպես կանոն, հետաքրքրություններն ունեն ուսումնական բնույթ։ Դպրոցական ուսուցման հետ կարող են հատվել միայն ինտելեկտուալ-էսթետիկ բնույթի հետաքրքրությունները, այն էլ ոչ բոլորը։ Դրանք կապված են սիրելի զբաղմունքի նկատմամբ խորը հետաքրքրության հետ. պատմություն, երաժշտություն, ռադիոտեխնիկա, նկարչություն և այլն։ Սրանք երեխայի զարգացման տեսանկյունից առավել արժեքավոր հետաքրքրություններն են, բայց նրանք երբեմն բարդացնում են երեխաների և նրանց ծնողների կյանքը։ Պատահում է, որ տարված լինելով իրենց գործով՝ դեռահասները բաց են թողնում դասերը։

Ինտելեկտուալ-էսթետիկ հետաքրքրություններին արտաքնապես նման են, այսպես կոչված, եսակենտրոն հետաքրքրությունները։ Հազվադեպ օտար լեզուների ուսումնասիրությունը, սպորտով զբաղվելը, գեղարվեստական ինքնագործունեությամբ զբաղվելը և այլն. ցանկացած գործ դառնում է միայն սեփական հաջողությունների ցուցադրման միջոց։ Այսպիսի հետաքրքրություններ ունեցող դեռահասները փորձում են ուշադրություն գրավել իրենց զբաղմունքների օրիգինալությամբ, առանձնանալ շրջապատողների աչքերում։ Համանման ուղղվածությամբ երեխաների հատուկ են նաև լիդերության հետաքրքրքություններ, որոնք հանգեցվում են այնպիսի իրավիճակի որոնմանը, որտեղ կարելի է կազմակերպել, ղեկավարել հասակակիցներին։ Նրանք փոխում են տարբեր խմբակներ, սպորտային սեկցիաներ, մինչև չգտնեն այն խումբը, որտեղ կարող են դառնալ լիդեր։

 Կոլլեկցիաների նկատմամբ հակումը կարող է համադրվել ճանաչողական պահանջմունքի, նյութական արժեքների կուտակման, նորաձևությանը հետելու ցանկության հետ։

Հեռուստացույցով ժամերով կարելի է դիտել ամեն ինչ, բայց հատկապես դետեկտիվ-արկածային ժանրերի ֆիլմեր, մարտաֆիլմեր։ Ամբողջ ինֆորմացիան յուրացվում է բավականին մակերեսային մակարդակում, երբեմն փոխանցվում է ուրիշին և մոռացվում։ Ժամանակի այսպիսի անցկացումը դժվար է անվանել հետաքրքրություն բառիս բուն իմաստով, բայց այն բնորոշ է դեռահասների որոշակի մասին։

Հոգեբաններն ասում են՝ անկախ նրանից՝ լեզու գտնում եք ձեր դեռահասի հետ, թե դժվարությունների եք հանդիպում, կարևոր է ցույց տալ, որ սիրում և աջակցում եք նրան, պատրաստ եք օգնել դժվար իրավիճակում և նրա կողքին եք՝ ցանկացած պահի:  Հոգեբանները խորհուրդ են տալիս՝ 

. Քաջալերեք դեռահասներին, որ ձեզ հետ կիսեն իրենց զգացումները.

  • Ինքներդ ճանապարհ փնտրեք՝ դեռահասի հետ լեզու գտնելու: Հարցրեք, թե ինչպես է անցել օրը, ինչով է զբաղվել: Նրան ներգրավեք որոշ տնային գործերում, օրինակ՝ կարող եք միասին ընթրիք պատրաստել, որի ընթացքում հնարավորություն կունենաք քննարկել օրվա ընթացքում նրա հետ տեղի ունեցածը:

. Ժամանակ անցկացրեք նրանց հետ, աջակցեք նրանց.

  • Միասին նորովի կազմակերպեք առօրյան և սահմանեք իրագործելի առօրյա նպատակներ:
  • Տունը կարգի բերելու գործերը հարմարեցրեք դպրոցական գործերին, կամ դրեք նպատակներ, ասենք՝ տնային աշխատանքը կատարել նախքան ընթրիքը:

. Հակասությունները հաղթահարեք միասին.

  • Լսեք ձեր դեռահասի տեսակետները և փորձեք հակասությունները հաղթահարել անվրդով: