Օգոստոս 25, 2021 06:43 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Լույս տեսավ եռամյա աշխատանքների արդյունքը համարվող «Ռոստամ Զալ. հայ-իրանական դյուցազնավեպ» գիրքը՝ նվիրված Սարգիս Հարությունյանի հիշատակին։ Ժողովածուում ընդգրկված են «Ռոստամ Զալի» նախկինում հրատարակված և անտիպ պատումներ։ Գիրքն ունի ընդգրկուն առաջաբան, ծանոթագրություններ, բառարան, տեղանունների ու անձնանունների ցանկեր։

Գրքի խմբագիր և առաջաբանի հեղինակ Հայկ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնելով այս մասին, շնորհակալություն է հայտնել «Ռոստամ Զալի» ուսումնասիրության խմբի անդամներին, այս աշխատանքի բոլոր մասնակիցներին ու հրատարակչին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին և Գիտության պետական կոմիտեին։

 

 

8 տարի շարունակ հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի երևանյան ծրագրի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին Երևանի Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Հոգեշնորհ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի աղոթքից, և մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ` Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը ազդարարել են երևանյան ծրագրի մեկնարկը։

Ելույթ են ունեցել Դավիթ Ամալյանը, թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և երաժիշտ Ալեքսեյ Արխիպովսկին: Փառատոնն այս տարի անցկացվում է օգոստոսի 14-29-ը։ Մարզային ծրագրի մեկնարկը տրվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ 41 երկրից: Oգոստոսի 17- 29-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով: Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների և արվեստագետների, ովքեր մեծ ներդրում և ասելիք ունեն հասարակական և մշակութային կյանքում:

Փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես է եկել «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին, օգոստոսի 22-ին՝ Վահան Արծրունին` «Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Օգոստոսի 27-ին բացօթյա ներկայացում է ծրագրված՝ «Անուշ» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն): Օգոստոսի 28-ին սպասվում է Հայաստանի երգի պետական թատրոնի համերգը։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, իսկ վայրն անփոփոխ՝ Երևանի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների տարածք:

2021 թվականի ծրագիրը կազմելիս՝ «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, և ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով:

Փառատոնի ծրագրում կհյուընկալվի Նատալյա Կռելը՝ «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտե» հասարակական միությունների համառուսական միության գործադիր տնօրեն, անվասայլակների պարի սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը, ով կիրականացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց սոցիալ - մշակութային գործիչների համար:

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:

 

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 96-րդ համերգաշրջանը կբացի այս տարվա սեպտեմբերի 2-ին: Համերգին ելույթ է ունենալու դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը Բելգիայից։ Համերգային երեկոն ղեկավարելու է դիրիժոր Կարեն Դուրգարյանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 96-րդ համերգաշրջանի բացումն ազադարարող համեգին հնչելու է Ռախմանինովի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 2» և Չայկովսկու «Սիմֆոնիա թիվ 6» ստեղծագործությունները։

 

Սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։

«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրի ընթացքում կհնչեն «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ», «Արևիկ», «Հին օրերի երգը», «Յոթ սարից այն կողմ», «Գիքոր», «Կտոր մը երկինք» ֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների մեղեդիները:

 

«Okko» առցանց կինոթատրոնը կցուցադրի Նարինե Աբգարյանի «Մանունյա» պատմվածքի էկրանային տարբերակը:

Սերիալային գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Կինոտավր» կինոփառատոնի արտամրցութային սերիալային շոուի շրջանակներում։

«Մանունյա»-ն կատակերգական սերիալ է երեխաների և այն մեծահասակների համար, որոնք դեմ չեն ժամանակ առ ժամանակ վերադառնալ մանկություն:

Ֆիլմի գործողությունները, ինչպես գրքում է, տեղի է ունենում Հայաստանում 1980-ականներին:

Այն պատմում է տարբեր ազգությունների խորհրդային երկու ընտանիքի բարեկամության մասին:

«Ես շատ ոգևորված էի, երբ իմացա, որ «Մանունյա»-ի առաջին եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են: Առանձնահատուկ ուրախություն էր նորությունը, որ ֆիլմը «տուն» է գտել, և շատ շուտով մարդիկ կկարողանան այն տեսնել «Okko» մուլտիմեդիա ծառայությունում:

Յուրաքանչյուր երազանք ունի իր վերջնաժամկետը և կատարման իր ժամանակը: Սա, թերևս, իմ սովորած ամենակարևոր դասն է: Մի դադարեք երազել, մի դավաճանեք ինքներդ ձեզ: Երազներն իրականանում են, երբ հավատում ես դրանց »,- ասել է Նարինե Աբգարյանը:

10 մասից բաղկացած սերիլը «Okko»-ում հասանելի կլինի 2021 թվականի վերջին:

 

 

Ստամբուլում հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի կապակցությամբ ցուցահանդես է բացվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։

Ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի հայտնի «Գալաթա» աշտարակում։

Օգոստոսի 16-ին բացված ցուցահանդեսում ներկայացված է Գյուլերի  75 ստամբուլյան լուսանկար։

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի վերջ, այն տեղակայված է աշտարակի երրորդ հարկում։

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչը  մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և հուղարկավորվել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը։

Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին, Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958թ. դարձել է ամերիկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ: 1961թ. աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:

1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը: 2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:

 

 

Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը միացել է izi.TRAVEL նախագծին և շարունակում է ստեղծել աուդիոպատմություններ թանգարանի ցուցանմուշների մասին:

«Սա գլոբալ, բաց և անվճար հարթակ Է. նպատակն է օգնել մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին՝ իրենց պատմությունները ամենապարզ և ժամանակակից ձևով փոխանցելու հետաքրքրված ունկնդիրներին: Այս համակարգի օգնությամբ այցելությունները թանգարաններ ավելի հետաքրքիր և տպավորիչ են»,- նշված է Գրատպության թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվել է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը, որը ներկայացնում է հայ գրատպության անցած պատմությունը։

 

 

Շրջանակները նույնպես պատմություններ ունեն պատմելու. Ֆրանսիայի Լուվրի թանգարանը ցուցադրել է դատարկ շրջանակներ, որոնք ներառում են դարերի պատմություն։

Ի դեպ՝ հուլիսի 21-ից,18 տարեկան և ավելի բարձր տարիքի Լուվրի թանգարանի բոլոր այցելուները պետք է ցույց տան Եվրոպական բժշկական անձնագիր։ Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Սեպտեմբերի 30-ից հետո այս պարտավորությունը տարածվելու է 12 և բարձր տարիքի բոլոր այցելուների վրա: