Ելք դեպի լույս 615
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մոմենուն սուրահի 99 և 100-րդ այաներ
حَتَّى إِذَا جَاء أَحَدَهُمُ الْمَوْتُ قَالَ رَبِّ ارْجِعُونِ
Երբ նրանցից մեկի մահը վրա հասնի՝ գոչելու է. «Տե՛ր, թույլ տուրվերադառնամ աշխարհ»:
Գուցե ես բարիք գործեմ որոշ ժամանակամիջոցում, որն ինձ տվել ես: Այս իզուր խնդրանքները մերժվեցին։ Անթափանցելի մի պատնեշ կասեցրեց այն մինչև հարության օրը:
Այս այաներն անդրադառնում են կռապաշտների, մեղավորների ու անհավատների վիճակին՝ մահանալու ժամանակ, երբ նրանք զգում են, որ լքում են այս աշխարհն ու գնում հանդերձյալ աշխարհ: Այդ ժամանակ նրանք ուշքի են գալիս և տեսնում են, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Նրանք նաև զգում են այն կյանքը, որ կորցրել են և այն մեղքերի հետևանքները, որ իրենք գործել են: Ուստի նրանք դիմում են Աստծուն, որպեսզի վերադառնան աշխարհիկ կյանք ու հատուցեն իրենց չարածների համար և իրենց հարստությունը ծառայեցնեն բարի գործերի համար: Սակայն դա երբեք իրականություն չի դառնում, որովհետև Աստված այս աշխարհում նրանց տվել էր ապաշխարելու հնարավորություն, սակայն նրանք այդ հնարավորություններին ուշադրություն չէին դարձրել: Այնուհետև, այաներն անդրադառնում են քավարանին, որը գտնվում է այս և հանդերձյալ կյանքերի միջև: Ղուրանի համաձայն, մահից հետո, մարդու հոգին գնում է քավարան, իսկ հարության օրը միանում է մարմնին: Քավարանում մարդիկ տեսնում են և դրախտը և դժոխքը: Որոշ աղբյուրներում ասվում է, որ գերեզմանը կարող է վերածվել դրախտի այգիների, կամ մի փոսի, որը դժոխքի փոսերի դրսևորումն է:
Այս այաներից սովորում ենք.
1. Պետք է լավագույնս օգտվենք այն հնարավորություններից, որ մեզ տրվել են, քանի որ զղջումը շատ հաճախ ոչ մի օգուտ չի ունենում:
2. Կյանքը չպետք է անտեղի վատնենք, քանի որ մահվան ժամանակ մնում է միայն ափսոսանքը, իսկ մահից հետո լավագույն պաշարն այն բարի գործերն են, որ մարդն անում է աշխարհիկ կյանքում:
Մոմենուն սուրահի 101-րդ այա
فَإِذَا نُفِخَ فِی الصُّورِ فَلَا أَنسَابَ بَیْنَهُمْ یَوْمَئِذٍ وَلَا یَتَسَاءلُونَ
Երբ փողը հնչի, այդ ժամանակ արյունակցական կապերը կխզվեն, ու ոչ մեկը մյուսին այլևս չի օգնելու:
Այս այաների համաձայն, շեփորը հնչում է երկու անգամ: Առաջին անգամ՝ աշխարհի ավարտի ժամանակ, երբ կենդանի բոլոր էակները մեռնում են և երկրորդ անգամ՝ հարության ժամանակ: Քանի որ անցյալ այայում խոսվում էր նաև քավարանի մասին, այստեղ շեփորի մասին խոսելիս, Ղուրանն ի նկատի ունի երկրորդ շեփորը, որը հարությունն է: Աշխարհիկ համակարգում մարդիկ ծնվում են իրենց մորից և ընտանիքի անդամները գտնվում են ընտանեկան կապերի մեջ: Սակայն հարության ժամանակ աշխարհիկ հարաբերությունները խզվում են և մարդիկ առանձին առանձին են հայտնվում Աստծո առջև: Ուստի նրանք չունեն ոչ ապավեն և ոչ էլ ծանոթ կամ բարեկամ: Իսկ դատաստանի օրվա սարսափն այնքան մեծ է, որ ոչ մեկը մյուսից չի հարցնում իր տրամադրության մասին և ոչ ոք օգնություն չի խնդրում: Յուրաքանչյուր ոք հասկանում է, որ իր խնդրանքն օգուտ չունի:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծո գոհունակությունն ամեն ինչից վեր պետք է դասենք, քանի որ հանդերձյալ կյանքում, Աստծուց բացի, ոչ մեկին չենք կարող ապավինել:
2. Հանդերձյալ կյանքում այլևս չի կարելի հպարտանալ բարեկամական կապերով, կամ մեծ ընտանիքի պատկանելիությամբ:
Մոմենուն սուրահի 102 ,103 և 104-րդ այաներ
فَمَن ثَقُلَتْ مَوَازِینُهُ فَأُوْلَئِکَ هُمُ الْمُفْلِحُونَ
وَمَنْ خَفَّتْ مَوَازِینُهُ فَأُوْلَئِکَ الَّذِینَ خَسِرُوا أَنفُسَهُمْ فِی جَهَنَّمَ خَالِدُونَ
تَلْفَحُ وُجُوهَهُمُ النَّارُ وَهُمْ فِیهَا کَالِحُونَ
Նրանք, որոնց կատարած արարքի կշիռը ծանր լինի, երանություն պիտի վայելեն:
Իսկ նրանք, որոնց կատարած արարքի կշիռը թեթև լինի, կորցնելու են իրենց հոգին ու հավիտյանս կբնակվեն դժոխքում:
Կրակը գիշատելու է նրանց դեմքը, և նրանց շրթունքները կծկվելու են:
Հարությունը նրա համար է, որպեսզի մարդիկ ներկայանան Աստծո արդար դատաստանին, սակայն Աստծո չափանիշը պատժի կամ վարձատրության համար, մարդկանց արարքն է: Այդտեղ է, որ Աստված բարի ու արժեքավոր գործը զանազանում է անարժեք ու չար գործից և դրա հիման վրա էլ յուրաքանչյուր անձի արարքը ներկայացնում է նրան: Բնականաբար, նա, որ մոլորվել է, չի գնալու դրախտ ու հենց դրա համար էլ շատ անհանգիստ է:
Այս այաներից սովորում ենք.
1. Աշխարհիկ կյանքում մեր արարքներն ունեն հետևանքներ և առաջին հերթին մեր ճակատագիրն են պարզում հանդերձյալ կյանքում:
2. Ամենամեծ վնասն այն է, երբ մարդը վատնում է իր կյանքը: Սա ավելի մեծ վնաս է, քան նյութական ու տնտեսական վնասը: