Մի գավաթ անդորր (273.Ընտանեկան բռնության պատճառները)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այսօր խոսելու ենք ընտանեկան բռնության մասին։
«Բռնություն» հասկացությունը ներառում է յուրաքանչյուր արարք, որի հիմնական նպատակն այլ անձի կամ անձանց վարքի վերահսկումն ու կառավարումն է, որն իրականացվում է սեփական կամքը նրան (նրանց) թելադրելով՝ առանց հաշվի առնելու նրա (նրանց) հետաքրքրությունները, շահերը, ցանկությունները, զգացմունքները և այլն: Ընտանեկան բռնությունը տարբերվում է բռնության այլ ձևերից, քանի որ բռնությունն իրականացվում է այն անձի կողմից, որին բռնության ենթարկվող անձը սիրում և վստահում է։ Ընտանեկան բռնությունը տևական ուժի և վերահսկողության շղթայի օրինաչափության մաս է, որը ստեղծում է կախվածություն բռնարարից, ինչն էլ բարդացնում է օգնության դիմելու, բարձրաձայնելու կամ բռնարար հարաբերությունները խզելու հնարավորությունը։
«Ընտանեկան բռնությունը» ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողություններն են, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե կատարողը բնակվում կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում, թե՝ ոչ։
Այսպիսով՝ ընտանեկան բռնությունն անձի կողﬕց մյուսի հանդեպ կիրառվող հարկադիր և վերահսկող վարքի կրկնվող մոդել է՝ ուղղված ուժի և իշխանության հաստատմանը:
Առավել հաճախ ընտանեկան բռնության հիմնական թիրախ են դառնում հենց կանայք: Կանանց ստորադաս կարգավիճակը, անհավասարությունը և գենդերային խտրականությունը հասարակությունում կանանց նկատմամբ բռնության հիմքում ընկած հիմնական պատճառներն են: Ուստի, կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը համարվում է նաև գենդերային հիմքով բռնության տեսակ: Այսինքն՝ այդ դեպքում կանայք բռնության են ենթարկվում` ի արդյունք տղամարդկանց համեմատ իրենց գենդերային անհավասար կարգավիճակի:
Ընտանեկան բռնության տեսակները
Առավել տարածված է համարվում բռնության տեսակների հետևյալ դասակարգումը՝
• Ֆիզիկական բռնություն է համարվում ֆիզիկական անհարմարություն պատճառելը և ֆիզիկական վնասվածքներ հասցնելը: Այն ներառում է այնպիսի պահվածք, ինչպիսին են հրմշտոցը, թափահարությունը, հարվածելը, հրելը, ապտակելը, խեղդելը, մազերից քաշելը և այլ գործողություններ, որոնք հանգեցնում են տրավմաների և ֆիզիկական ցավի:
• Հոգեբանական բռնությունը վարքի այն մոդելն է, որը հանգեցնում է մեկ այլ անձի բացասական էմոցիոնալ հակազդեցության և հոգեբանական ցավի: Հոգեբանական բռնությունը դրսևորվում է այլ անձի մտածելակերպի և վարքագծի պարբերական վերահսկողության, ինչպես նաև սպառնալիքի, կոպտության, ծաղրի, վիրավորանքի, մեկուսացնելու, պաթոլոգիական խանդի և համանման գործողությունների տեսքով:
• Սեռական բռնությունն անձի կամքին հակառակ սեռական հարաբերությունների և սեռական բնույթի գործողություններ կատարելու հարկադրումն է (ընդհուպ մինչև բռնաբարություն):
• Տնտեսական բռնությունն ընտանիքում նյութական միջոցների կառավարումն է ընտանիքի գերիշխող անդամ(ներ)ի կողմից և այդ միջոցների նկատմամբ խիստ վերահսկողությունը: Դրսևորումները ներառում են զբաղմունքի, աշխատանքի ընտրության կառավարում, աշխատավարձի տնօրինում, տնային տնտեսության վարման մեջ ձայնից զրկում, ընտանեկան ֆինանսների տնօրինման գաղտնիություն, գումարից զրկում և այլն:
Ընտանեկան բռնության բոլոր տեսակներն ու ձևերը խիստ փոխկապակցված են:
Բազմաթիվ են դեպքերը, երբ ընտանեկան բռնությունն ավարտվում է ինասպանությամբ:
---
Ցավոք, բայց շատ հաճախ կինը դառնում է բռնության զոհ իր ընտանիքի ներսում, բռնության է ենթարկվում իր ամուսնու կողմից: Ընտանեկան բռնությունը ուսումնասիրելը բարդ է: Քանի որ, բռնությանը ենթարկված կանայք, վախենալով փչացնել ընտանիքի հեղինակությունը և ոչնչացնել երևակայական բարեկեցության տեսքը, երկմտում են օգնություն հայցել ոչ միայն պետական մարմիններից, այլև ընկերներից, հարազատներից և մտերիմներից:
ֆիզիկական բռնությունը դա ապտակներն են, բռունցքով հարվածներն են, ծանր առարկաների, զենքի և արտաքին այլ իրերի օգտագործումն է, ինչը հանգեցնում է ցավի և վնասվածքների;
Հուզական կամ հոգեբանական բռնությունը դա անձի նկատմամբ կիրառվող հոգեբանական ճնշումն է, որը արտահայտվում է հետևյալ տեսքով՝ վերահսկողություն, խանդ, անձի ամբողջ ազատ ժամանակը վերահսկելուցանկություն, անձի սոցիալական շփումները սահմանափակելու ցանկություն, երկակի ստանդարտներ (Ես կարող եմ՝ դուք չեք կարող), ճնշում և պարտադրանք կատարել հատուկ գործողություններ, մեղքի զգացողության ներշնչում և այլն:
---
Ընտանեկան բռնությունը տարածված է ամբողջ աշխարհում և բնակչության բոլոր հատվածներում: Ընտանեկան բռնության մասին կարող ենք խոսել այն դեպքերում, երբ դաժան և վատ վերաբերմունքի փաստերը պատահական չեն, և կրում են կանոնավոր, համակարգված բնույթ և անընդհատ կրկնվում են: Հաճախ բռնության զոհերը չեն խզում հարաբերությունները ագրեսորի հետ, քանի որ ունեն պատրանք, որ բռնությունը այլևս չի կրկնվի: Դժբախտաբար, շատ դեպքերում դա այդպես չէ: Ժամանակի հետ բռնությունը ուժեղանում և հաճախանում է: Ընտանեկան բռնության ամենատարածված հետևանքներն են հոգեբանական տրավման, սթրեսը, վատթարացող առողջությունը:
Հաճախ բռնության զոհը, չհասկանալով իր նկատմամբ կիրառվող դաժանության պատճառները, սկսում է մեղադրել կամ դատապարտել ինքն իրեն՝ իր մեջ փնտրելով բռնության պատճառները:
Ընտանեկան բռնության հետևանքներն են հոգեբանական մակարդակում՝ քնի խանգարումներ, մղձավանջներ, կենտրոնացման դժվարություն, անհանգստության
և տագնապայնության բարձրացում, հիպերակտիվություն, հարաբերությունների խանգարում, հասարակության մեջ թշնամության զգացողություն;
ֆիզիոլոգիական մակարդակում՝ օդի պակասի զգացողություն, ստամոքսում տհաճության զգացողություն, ներքին ցավեր, գլխացավեր, վարքային մակարդակում՝ ինքնավնասում, ինքնասպանության փորձեր կամ մտքեր, ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահում, սննդի հետ կապված խնդիրներ (բուլիմիա կամ անորեքսիա):
• Հիշե´ք, որ ամենակարևորը Ձեր կյանքն ու ապահովությունն են:
• Պատմե՛ք եղելությունը, կիսե՛ք Ձեր մտահոգություններն և դիմեք համապատասխան մարմիններին։
Ի՞նչ անել, եթե անձը ենթարկվում է ընտանեկան բռնության։
Հարցին պատասխանում է հոգեբան Ա.Ղ.ը ...: