Գեղարվեստական հաղորդում (283)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Թեհրանի Արտակ Մանուկյանի անվան ազգային թանգարանը դարձել է փորձարկման առաջին կենտրոնը Իրանի գյուտարարների թիմի նախագծած սարքի: ԻՌՆԱ-ի համաձայն՝ նրանք, Շվեյցարիայի միջազգային գյուտերի մրցույթի առաջին փուլում աշխարհի զանազան երկրներից 800 մասնակիցների մեջ հաջողել են Իրանի համար շահել ոսկյա մեդալ, իրենց պատրաստած սարքի բերումով, որը համարվում է թանգարանների իրերի եւ ձեռագրերի պահպանման ու վերահսկման սարք: Սարքի նպատակն է՝ խելացի դարձնել թանգարանների մոնիտորինգը: Գյուտերի միջազգային առաջին շրջանի մրցույթը, որը IFIA-ի համաշխարհային ֆեդերացիայի անդամ գյուտարարների հատուկ մրցույթն է, առցանց ձեւով կազմակերպվել է հուլիս ամսին Ժնևում, որի ընթացքում Իրանի խմբի անդամներ՝ Մահմուդ Ռեզա Գորջին, Սալար Բասիրին եւ Մարջան Հաջի Ռահիմին իրենց պատրաստած սարքի շնորհիվ Իրանի համար ոսկյա մեդալ են ապահովել:
Իրանի թանգարանների ազգային կոմիտե ԻԿՕՄ-ի համագործակցությամբ, «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանը լինելու է առաջին թանգարանը, որտեղ շահագործման է հանձնվելու այս նոր գյուտը: Իրանի ԻԿՕՄ-ի կենտրոնական գրասենյակում կազմակերպված նիստի ընթացքում, որին ներկա էր նաեւ «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադյանը, գյուտարարները բացատրություններ ներկայացրեցին իրենց սարքի մասին: Գյուտարարների խմբի ներկայացուցիչ Մահմուդ Ռեզա Գորջին երախտագիտություն հայտնելով գյուտարարների համաշխարհային Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի մասնավոր ներկայացուցիչ դոկտ. Մասուդ Թաջբախշի մասնագիտական խորհրդատվությունների ու հովանավորությունների համար ասել է. «Այս սարքի միջոցով մտադիր ենք նվազեցնել թանգարանների դժվարությունները, եւ հուսանք ինչ որ քայլեր կիրառենք երկրի թանգարանների խելացի դարձնելու ուղղությամբ»:
Հանդիպմանը, Իրանի ԻԿՕՄ-ի նախագահ Սեյեդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային եւս հավաստել է. «Անցյալ երկու տարիներին աշխարհի թանգարանները կորոնայի համաճարակի պատճառով, մեծ դժվարությունների դիմաց կանգնեցին, սակայն եղել են թանգարաններ, որոնք կիբեր տարածքում օգտագործել են արդի սարքավորումները եւ այդպիսով իրենց կենսունակ պահել, որոնցից է Թեհրանում, «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանը»:
Նա ընդգծել է, որ իրանցի գյուտարարների այս նախագիծը աշխարհի թանգարանների առումով առաջընթաց է եւ հաճելի երեւույթը հետեւյալն է, որ սարքը պատրաստել են իրանցի երիտասարդ գյուտարարները:
Միջոցառմանը, «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադյանը անդրադառնալով թանգարանի աշխատանքներին ասել է. «Չենք խնայում մեր ջանքը, որպեսզի թանգարանում լավագույնս պահպանենք պատմական բոլոր իրերը: Օրինակ թանգարանում պահվում են 600-ամյա ձեռագրեր, որոնց պահպանման ձեւը խիստ կարեւոր է մեզ համար եւ այս սարքի միջոցով մենք կկարողանանք ավելի մոտենալ մեր հիմնական նպատակին, որն է՝ թանգարանի իրերի լավագույնս պահպանումը»:
Նաեւ մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության գիտահետազոտական ինստիտուտի տեխնոլոգիայի եւ կիրառման գծով տեղակալ՝ Ալիռեզա Ղոլի նեժադը ուրախություն հայտնելով, որ ի վերջո արդյունավորվել է նման մի նախագիծ ասել է. «Մինչ այժմ բազմաթիվ խմբեր են նման քայլի գնացել, սակայն բոլորը դա անավարտ են թողել եւ մենք շատ ուրախ ենք, որ այս խումբը հաջողել է այս սարքը պատրաստելուց բացի, այն ներկայացնել նաեւ միջազգային բեմում: Նա նշել է. «Թանգարանային իրերի պահպանման համար շրջակա միջավայրի ուսումնասիրությունը եւ մոնիտորինգը, նաեւ իրերի դասավորման կարգը, այս նախագծում նկատի առնված կարեւորագույն խնդիրներից են: Վերահսկողության միջոցով է, որ թանգարանը կարելի է ավելի ցանկալի վիճակի բերել»:
Առաջիկա շաբաթ, Թեհրանի «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանում սկսվելու է թանգարանների իրերի եւ ձեռագրերի պահպանման ու մոնիտորինգի սարքի տեղադրման գործնական աշխատանքը:

Օգոստոսի 30-ին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում իրականացվեց հայկական արծաթագործության ցուցադրություն:
Ցուցադրվել է 3 արծաթյա գոտի՝ կրկնօրինակված պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Արծաթագործությունը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության գանձարանում իր ուրույն տեղն ունի: Արծաթյա գոտիները զարդարել են հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքներին բնորոշ տարազները և հանդիսանում են զարդարվեստի ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուր:
Յուրաքանչյուր գոտի ինքնատիպ ու կատարյալ է թե՛ պատրաստման, թե՛ նախշազարդման առումով: Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» համատեղ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում:
Սպասվող ցուցադրությունը նախարարության «Արծաթապար» խորագրով մրցութային դրամաշնորհային ծրագրի ամփոփումն է: Այս ծրագիրը միտված է ոչ միայն հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորում, պահպանությանն ու կենսունակության ապահովմանը, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրի հանրահռչակմանն ու հայ-իրանական մշակութային համագործակցությանը:
Ցուցադրության մուտքն ազատ է:
Ցուցադրությունն իրականացնում է «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Օգոստոսի 25-ին, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի համագործակցությամբ և իրանական «Պալետ դայմոնդ» նկարիչների խմբի անդամների մասնակցությամբ, Երևանում, տեղի ունեցավ Իրանցի նկարիչների խմբային ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսն իր աշխատանքը շարունակեց մինչև օգոստոսի 29-ը:

Շաբաթ, 28 օգոստոսի կեսօրին, իր մահկանացուն կնքեց Իրանի կինոլաբորատորիայի ասպարեզում մեծ ճանաչում ունեցող՝ Տիգրան Թումանյանը:
Թումանյանը ծնվել է 1946 թվականին Նոր Ջուղայում: 1969-ին ավարտել է Հեռուստատեսության ու կինոյի կոլեջը: Իրանի Պետական հեռուստատեսությունում աշխատանքի անցնելուց հետո, նա աշխատել է լաբորատորիայի բաժնում, որտեղ երեւակել է տեսանյութերի նեգատիվ լենտերը, ինչպես նաեւ կտրում, տրոկաժ եւ տիտրաժ աշխատանքներն է իրականացրել:
Թումանյանը տարիների ընթացքում համագործակցել է բազմաթիվ սերիալների եւ ֆիլմերի հետ: Սամվել Խաչիկյանի նկարած՝ «Արծիվները» (Օղաբհա) հեղափոխությունից հետո Թումանյանի առաջին ֆիլմերից էր, որով կինոասպարեզ վերադարձավ նա: Նրա մյուս աշխատանքներից կարելի է հիշատակել «Քրիզանտեմները» (Գոլհայէ Դաւուդի), «Անցումը», «Աստղ ու ադամանդը», եւ «Գավիար»-ը, որոնք հետագա ֆիլմերն են, որոնց հետ համագործակցել է Տիգրան Թումանյանը:
«Սիրո ջոկատ»-ը, «Արագություն», «Տերմինատոր» եւ «Հաբութը»-ը հետագայում համալրեցին նրա աշխատանքային հավաքածոն:
Նրա ստեղծագործությունների թվում են նաեւ Եադօլլահ Սամադիի «Դոմրոլ»-ի տեսողական էֆեկտները: Թումանյանն աշխատել է «Բադի» ստուդիայում եւ նրա վերջին գործունեությունը ներառում է «Ես Թարանեն եմ, 15 տարեկան եմ», «Վերջին ընթրիքը», «Լքված կայարան»-ը, «Անտող թղթեր»-ը եւ «Տունը ջրի վրա» ֆիլմերը:
Հատկանշական է, որ Տիգրան Թումանյանը մեծ ներդրում ունեցավ նաեւ հեղափոխությունից հետո իրանահայ շախմատի ավանդույթների վերականգնման աշխատանքներում: Նշենք նաեւ, որ Իրանի Շախմատի ազգային հավաքականի կազմում է հանդես եկել նրա որդին՝ Համլետ Թումանյանը:

97 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդականվ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:
Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (1952) և ստեղծագործական (1967) բաժիններում։
1952-1954 թթ. եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։
1955-1961 թվականներին ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը։
1961-1964 թթ. եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը:
1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։
1966 թվականին ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որի տնօրենն է եղել մինչև 1972 թվականը:
1972-1975 թթ. եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն:
1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
Ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր։
Հայաստանի կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների անդամ է:
2001 թվականից՝ աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ:

2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 – ամյակը։ Այս կարևոր հոբելյանը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․օրացույցում։
Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սպենդիարյան-150 երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում նախատեսված է աննախադեպ համերգ՝ աշխարհահռչակ հայ երաժիշտների, ինչպես նաև տաղանդաշատ պատանի երաժիշտների մասնակցությամբ՝ դաշնակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլաննա Նավասարդյան, oպերային երգիչ, բաս, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյան, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյան, օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյան, Կոմիտասի անվան պետական լարային քառյակ, դաշնակահարուհի Աիդա Ավանեսյան, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիր անդամներ։
Համերգին կհնչեն բացառապես Սպենդիարյանի ստեղծագործությունները։