Սեպտեմբեր 05, 2021 16:25 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ  այսօր խոսելու ենք նախանձի մասին:

Դժվար թե մեզանում գտնվի որևէ մեկը, ով գոնե մեկ անգամ չի ընկել սեփական «նախանձ»ի թակարդը:  Ասում են՝ նախանձը բնածին է, ծնունդ է առնում մարդու գիտակցական կյանքից եւ շարունակում է ապրել նրա հետ: Սակայն մեզանից ոմանք կարողանում են ինքնատիրապետել եւ չցուցադրել այն, ոմանք իրենց մատնում են դեմքի արտահայտության (միմիկայի) միջոցով: Նախանձը առաջանում է թերարժեքության զգացումի հենքի վրա, առաջին հերթին վնասում սեփական անձի նկատմամբ հարգանքին:  Նախանձը, խանդը, ատելությունն ու վրեժխնդրությունը իրականություններ են, որոնց հետ մարդկությունը պայքարի մեջ է հարյուրամյակներ շարունակ: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ գոյություն ունի նախանձի մի քանի տեսակ՝ դեպրեսիվ նախանձ, թշնամական նախանձ եւ հիացմունքային նախանձ: Առաջինի դեպքում նախանձն առաջանում է այլոց երջանկության պատճառով եւ ուղեկցվում է դեպրեսիվ մտքերով, ինչպիսիք են՝ «երբեք չեմ կարող (չեմ ունենա) եւ այլն»: Երկրորդի ժամանակ նկատվում են ավելի ագրեսիվ բնույթ ունեցող արտահայտություններ կամ մտքեր, շեշտադրվում է թերարժեքության բարդույթը: Նախանձի երրորդ ձեւը մարդիկ անվանում են «բարի նախանձ», որը այնքան էլ բարի չէ, սակայն վերոհիշյալ տարբերակներից ամենաընդունելին է: Այս դեպքում հաճախ օգտագործվում են՝ «արժանի է, շատ է աշխատել (երանի նրան)» այսօրինակ արտահայտություններ: Վերջին տարիների հետազոտությունները բացահայտել են տխուր իրականություն, երբ մարդիկ կարող են նախանձել մոտիկ, նույնիսկ մտերիմ մարդկանց: Նախանձը վտանգավոր է մի պարզ պատճառով, որ այն կարող է առաջ բերել բացասական մտքեր, որոնք էլ կնպաստեն մարդու ամբողջ օրգանիզմի քայքայմանը

Մի՞թե հնարավոր է մեկընդմիշտ հրաժարվել նախանձ կոչվածից: Դժվար թե հնարավոր լինի: Բայց կառավարել սեփական հույզերն ու թույլ չտալ, որ նախանձը թունավորի ձեր ու շրջապատի կյանքը, իհարկե, հնարավոր է:

«Նրա զգեստն ավելի լավն է քան, իմը», «Հարևանս ավելի բարձր պաշտոն ունի, քան ես» և վերջապես «Ինչու՞ նա և ոչ թե ես
Այսպիսի համեմատություններ հաճախ են անցնում մեր մտքով:
Նախանձը կուրացնում է մարդուն ու ստիպում մտածել, որ իր անհաջողությունների պատճառը մեկ ուրիշն է կամ ինքն ավելի արժանի է ուրիշի հաջողություններին: Ըստ հոգեբան Արկադի Մեհրաբյանի՝ նախանձի հիմքում ինքնավստահության բացակայությունն է.«Նախանձող մարդիկ ունեն ցածր ինքնագնահատական, հաճախ մրցակցության մեջ են դիմացինի հետ: Սա գալիս է համեմատությունից: Հարկավոր է վերահսկել մտքերը՝ ինչ-որ մեկի վրա չկենտրոնանալու համար»:


«Հաճախ եմ նախանձում, օրինակ քրոջս զգեստներին, ընկերուհուս կազմվածքին, բայց դա բարի կամ, ինչպես ասում են, սպիտակ նախանձ է», - ասում է Հասմիկը:
Սակայն հոգեբանն այդպես չի կարծում:Նա ասում  «Պետք չէ դասակարգել սև, սպիտակ, բարի, չար նախանձի տեսակներ. երևույթը դրանից չի փոխվում: Նախանձը մնում է  նախանձ»:

«Մի՞թե այսքան նախանձ կա իմ մեջ»,- շարունակ հարց եք տալիս ձեզ: Գիտակցում եք, որ նախանձը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, հարկավոր է ջնջել բնավորությունից այդ գիծը: Հեշտ է ասել, բայց իրականացնե՞լ...
Բանն այն է՝ շատ քչերն են կարողանում հասկանալ, որ կարելի է հաղթահարել սեփական նախանձի զգացողությունը: Միայն թե հարկ է հասկանալ ու ցանկանալ այդ: Ոմանք նախանձից հրաժարվելու համար դիմում են մասնագետի օգնությանը, բայց և կան մարդիկ, ովքեր սկսում են պայքարել իրենց նախանձի դեմ՝ հենվելով կյանքի սեփական փորձի վրա:

---

Ճապոնացի հոգեբանները բացահայտել են, որ նախանձի գլուխ բարձրացնելու ժամանակ սկսում է աշխատել մարդու ուղեղի այն հատվածը, որն ակտիվանում է ֆիզիկական ցավի ժամանակ: Մի՛ վնասեք ձեր առողջությունը:

 Նայում եք զբոսայգում ձեռք ձեռքի բռնած զբոսնող սիրահարներին ու մտածում. «Կգա՞ մի օր, ու ես էլ սիրած տղամարդ կունենամ, այդպես հաշտ ու երջանիկ կզբոսնեմ նրա հետ»: Բուդդայականներն այդպիսի երկխոսությունները սեփական անձի հետ անվանում են «համեմատական միտք»: Հենց այս արտահայտությունը որոշակի ելք է մեզ անհանգստացնող գործընթացի ճանապարհին: Ստացվում է՝ եթե չհամեմատենք, կդադարենք նախանձելուց:

Հաճախ օտարների նկատմամբ նախանձ տածող անձանց ինքնագնահատականը չափազանց ցածր է, ինչը շատ դեպքերում ծնունդ է առնում մանկությունից: Ոմանք ընտանիքում ամենափոքրն են ու նկատել են, որ մեծերն իրենց բավարար ուշադրություն չեն դարձնում: Ոմանք, ընդհակառակը, եղել են տան երեխաներից ավագը, ու այն ժամանակ, երբ տարեկիցները զբոսնում էին, խաղում բակում, հաճախում տարբեր խմբակներ, իրենք հոգ էին տանում փոքր քույր ու եղբայրների մասին: Ոմանք մեծ ուշադրություն են դարձնում շրջապատի կարծիքին, ոմանք իրենց բավարար գեղեցիկ, խելացի չեն համարում: ժամանակակից հասարակության մեջ շատ մեծ տեղ է հատկացվում համեմատությանն ու պայքարին, ինչի արմատները հասնում են մանկապարտեզ ու դպրոցական նստարան: Ով ում հետ ընկերություն կանի, ով կկարողանա բարձր գնահատական ստանալ, դպրոցն ավարտելուց հետո ով ինչ մասնագիտական ընտրություն կկատարի, ինչ բուհ կընդունվի, ինչ աշխատանքի կանցնի: Ու այսպես ամբողջ կյանքի ընթացքում մարդը շարունակում է մարաթոնյան մրցավազքը որևէ մեկին հասնելու, նրանից անցնելու, գերազանցելու համար:

Վերցրեք թուղթ ու գրիչ և նշեք ձեր այն հատկությունները, որոնք գնահատում են շրջապատողները: Իսկ այժմ ժամանակն է հասկանալ, թե ձեր պարագայում ինչն է նախանձ առաջացնում: Շրջապատողների շատ փող ունենա՞լը: Հասկանալի է, բայց հիշեք, որ տվյալ մարդիկ հաճախ չեն ունենում այն ընտանեկան երջանկությունը, որ դուք ունեք, դուք նախանձում եք բարակիրան ընկերուհուն, բայց մի՞թե հաճելի չէ ամեն երեկո ընթրիքի սեղանի շուրջը ջերմ-ջերմ զրույցի բռնվել ամուսնու հետ:

---

 

Նախանձի դեմ պայքարելու համար հոգեբանները նաև խորհուրդ են տալիս`

Քայլ 1. Պայքարել բարդույթների դեմ

Նախանձի հիմքում ընկած է թերարժեքության բարդույթը: Մենք միշտ նախանձում ենք այն բանին, ինչը չունենք: Այդ պատճառով պետք է լրջորեն զբաղվել բարդույթների և սեփական վախերի վերլուծմամբ:

Քայլ 2. Գիտակցել Ձեր ուժեղ կողմերը

Եթե ընդունում եք, որ նախանձ եք, ուրեմն խելացի մարդ եք` ընդունակ գլուխ հանելու սեփական զգացմունքներից և կարող եք իրերը կոչել իրենց անուններով:

Քայլ 3. Գիտակցել հաջողության գինը

Ցանկացած հաջողության հետևում հսկայական աշխատանք կա: Դուք պատրա՞ստ եք այդպիսի զոհողությունների: Արեք ընտրություն այն բանի օգտին, ինչը ձեզ համար ավելի կարևոր է:

Քայլ 4 . Ճիշտ համեմատություն անցկացնել

Նախանձելով՝ մենք մեզ համեմատում ենք շրջապատի հետ: Սակայն հարկավոր է հետ նայել` ինչի ենք հասել վերջին ժամանակում: Գուցե այժմ ավելի լավ է, քան առաջ:

Ուրեմն ուրիշներին նախանձելու փոխարեն մտածեք, թե ինչ կարող եք անել ավելի շատ բանի հասնելու և ավելի երջանիկ դառնալու համար:

---