Մի գավաթ անդորր (278. Ինչպե՞ս մոտիվացնել երեխային)
Հատկապես կարանտինային ամիսներից հետո ծնողներից շատերն են դժգոհում, թե երեխայի մոտ մոտիվացիան, ձգտումը կորել է կամ այս առումով հետընթաց է նկատվում: Եվ, ընդհանրապես, շատ ծնողներ են դժգոհում, որ իրենց երեխաները մոտիվացված չեն: Սակայն մասնագետները պնդում են՝ չմոտիվացված երեխա չկա, գոյություն ունեն նրանց մոտիվացնելու սխալ մեթոդներ, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում երեխայի պահվածքի վրա:
Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ աջակցել և մոտիվացնել երեխային։ Մոտիվացիան շարժառիթ է, որը կարող է կախված լինել ներքին և արտաքին գործոններից, որոնք դրդում են մարդկանց, երեխաներին իրականացնել գործողություններ, որպեսզի հասնեն իրենց նպատակին։
Երբ կա նպատակ, որին հասնելու ցանկություն չկա, բայց պետք է դա կատարել ստիպողաբար, չի կարող ունենալ արդյունք, որին կարող եք հասնել, եթե Ձեր մարմնի բոլոր բջիջներով ցանկանայիք դա անել։ Այս փաստն առավել նուրբ է, երբ խոսքը երեխաների մասին է, ստիպե՞լ երեխաներին անել դա, թե՞ մոտիվացնել։ Միգուցե թվում է, թե ստիպելը հեշտ է, արդյունքն արագ է երևում, հետևաբար նաև արդյունավետ է, բայց արդյունքում որքան է ճնշվում երեխան, որքան կապեր են քանդվում իր համար, և հարց է առաջանում, արդյո՞ք երեխային փոխանցեցինք լավը, ոգևորեցի՞նք, թե՞ հակառակը, սահմանափակեցինք, թույլ չտվեցինք պայքարել, ազատ մտածել, վերջիվերջո հաղթահարել իր առջև դրված փոքրիկ խոչընդոտը։
Որոշ երեխաներ մոտիվացված են բնույթով, ոմանք էլ ունեն աջակցման կարիք այդ հարցում։ Հավատացե՛ք, երեխաներին մոտիվացնելը շատ ավելի հեշտ է, քան մեծահասակներին։ Կարևոր է ճանաչել երեխայի նախասիրությունները, հետևել առօրյային, իր կատարած ընտրություններին:
---
Երեխաներին մոտիվացնելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս
1․ Հաճախ զրուցեք երեխաների հետ, պատմեք Ձեր անելիքների և նպատակների մասին, պատմեք, թե ինչու եք որոշել այդ նպատակին հասնել, ինչու է դա կարևոր և ինչու է անհրաժեշտ, ինչն է խանգարում անել դա և ինչպես եք պատրաստվում հասնել դրան։ Զուգահեռ հարցադրումների միջոցով էլ իրեն ուղղորդեք արտահայտվել, ինչ է կարծում Ձեր ասածի մասին, միգուցե առաջարկի օգնել Ձեզ, պատրաստ եղեք ընդունել դա։
2․ Որոշել այն նպատակները, որոնց պետք է հասնի երեխան՝ Անմիջական զրույցի արդյունքում վերհանեք այն գաղափարները, որոնց շուրջ ցանկանում եք երեխան մտածի, ընտրեք նպատակները, քննարկեք դրանց կարևոր կողմերը, դրական կողմերը։ Կարևոր է ընտրել մի քանի հեշտ հասանելի նպատակներ, սակայն որոնց ի կատար ածելու համար պետք է ջանք գործադրել, և վերջում մի ավելի դժվար հասանելի նպատակ։
3․ Սահմանել քայլերը՝ Ցանկացած նպատակի հասնելու համար պետք է մշակել ստրատեգիկ պլան․ որն է այն լավագույն ճանապարհը, որով նպատակին հասնելը կլինի լավագույնը, հաճելին, հետաքրքիրը, երեխան ինքը պետք է ընտրի։ Երեխայի հետ պաստառ պատրաստեք, որտեղ արտացոլված կլինեն իր նպատակներին հասնելու քայլերը, և տեղ հատկացրեք դրանք կատարելուց հետո նշումների համար։ Ձևավորեք պաստառը, գեղեցկացրեք և որքան հնարավոր է դրական էմոցիաներ փոխանցեք երեխային այդ ընթացքում։ Միասին պաստառը փակցրեք իր սենյակում, հասանելի անկյունում, այնպիսի բարձրության վրա, որ աչքի առաջ լինի։
Մի պաստառ էլ Ձեզ համար պատրաստեք, որտեղ ձեր նպատակները նշված կլինեն, եղեք օրինակելի, ներգրավեք իրեն այդ գործընթացում, թեկուզ կարող է օգնել ձևավորման հարցում, կամ օգնել որոշել, թե որտեղ եք փակցնելու։
4․ Ցուցաբերեք հետաքրքրվածություն՝ Պարբերաբար միասին մոտեցեք պաստառին, ոչ թե ստուգելու, այլ ցույց տալու Ձեր հետաքրքրվածությունը և ներգրավվածությունը։ Շատ զրուցեք երեխայի հետ, թույլ տվեք, որ վստահի Ձեզ։
5․ Բացահայտեք ոգևորության աղբյուրը՝ Փորձեք նորը, հետևեք և օգնեք երեխային էլ հասկանալ, թե ինչն է իրեն ոգևորում։ Զրուցեք այն մասին, թե ինչ զգաց նա, ինչը դուր եկավ, և հիշեք, զրուցեք, ոչ թե հարցաքննեք, մի՛ մոռացեք Դուք էլ ձեր զգացածով կիսվել իր հետ։
6․ Տոնեք հաղթանակները՝ Հատուկ օր հայտարարեք այն օրը, երբ նա կհասնի իր նպատակին, հետաքրքիր ուտեստ կամ կոկտեյլ պատրաստեք, կամ իր նախասիրություններին համապատասխան մի բան կազմակերպեք։ Միգուցե իրեն գերագույն հաճույք կպատճառի այն, որ դուրս գաք բակ և իր հետ ֆուտբոլ խաղաք։ Ոգևորեք նրան իր նպատակներով և հաղթանակներով, ցույց տվեք, որ դուք էլ եք ոգևորված և փոխանցեք նրան դրական էներգիայի ամբողջ հոսանքը։
Երեխաներին մոտիվացնելը որքան կարևոր, այնքան էլ պատասխանատու գործ է, վստահ եղեք, արդյո՞ք ճիշտ նպատակներ եք ընտրել Ձեր երեխաներին մոտիվացնելու համար։
Երեխաների հետ աշխատելիս արդյունքի հասնելու համար ծնողը կամ ուսուցիչը պետք է հետևեն կարևորագույն 2 պայմանի՝
1․ Լինել օրինակելի՝ Ձեր գործով ցույց տվեք, որ դա հնարավոր է, լավ է և արդյունավետ։
2․ Լինել հետևողական՝ առօրյա հոգսերից ծանրաբեռնված և ուժասպառ եղած ժամանակ էլ հիշեք, որ երեխան սպասում է Ձեր դրական վերաբերմունքին, գովեստի փոքրիկ, ամենակարճ խոսքին ու ժպիտին։
---
Եվ վերջում դարձյալ մի քանի խորհուրդներ հոգեբանից՝
1.Միշտ հավատացեք Ձեր երեխայի հաջողությանը, եթե նույնիսկ կա անհաջող փորձ։ Եթե ծնողները չհավատան իրենց երեխայի հաջողությանը, հնարավոր է, որ երեխան չկարողանա իր մեջ ուժ գտնել, որպեսզի ինքն իրեն մոտիվացնի։ Պետք է ասել․ «Ես քեզ հավատում եմ», «Երբեք մի հանձնվիր», « Քեզ մոտ ամեն ինչ կստացվի»։
2. Հպարտացեք Ձեր երեխայի արարքներով և աջակցեք նրա ցանկացած, նույնիսկ ամենաաննշան ձեռնարկումներին։ Դա շատ է մոտիվացնում։
3.Աջակցեք և եղեք հենարան երեխայի համար։ Զգացումը, որ քեզ հավատում են, շատ է օգնում երեխային ավելի համարձակորեն շարժվել դեպի նպատակը, տալիս է հնարավորություն հաղթահարել դժվարությունները․
4. Խրախուսեք արարքը, ոչ թե անձին։ Ծնողները հաճախ են ասում․ «Ապրես դու», բայց այս արտահայտությունը երեխայի համար ոչ մի իմաստային ծանրաբեռնվածություն չունի, բացի դա, չի մոտիվացնում նրա հետագա գործողությունները։ Ավելի լավ է ասել․ «Քեզ մոտ (նշեք գործողությունը) հրաշալի է ստացվում»։
5. Ավելի շատ շեշտը դրեք այն բանի վրա, ինչը լավ է ստացվում։ Ծնողները բավականին հաճախ մատնացույց են անում երեխայի սխալները, որպեսզի մոտիվացնեն նրան ապագայում ճիշտ գործողություններ անելու համար։ Սա սխալ կարծիք է։ Մոտիվացիայի մեխանիզմն աշխատում է հետևյալ կերպ․ երեխան արել է ինչ֊որ լավ բան, խրախուսեք նրա արարքը, այս կերպ Դուք երեխայի մոտ առաջացնում եք ցանկություն հաջորդ անգամ ևս այդ կերպ վարվել։ Մենք ամրապնդում ենք հաջողության զգացումը, որը դրդում է հետագա գործողությունների։
6.Միշտ ցանկացած իրավիճակում գտեք դրական֊ը։ Նույնիսկ ամենաանհաջող իրավիճակում միշտ կա դրական մասնիկ, շեշտը դրեք այդ մասնիկի վրա։
7. Եթե երեխան օգնություն է խնդրում, միշտ պատրաստ եղեք օգնելու։
8. Երեխայի համար եղեք արժանի օրինակ։
Եվ ամենակարևորը․ սիրեք Ձեր երեխաներին անպայմանորեն, ուղղակի, նրա համար, որ նրանք կան՝ իրենց «դրական» և «բացասական» կողմերով հանդերձ։ Երեխայի ընդունումը սիրով ու ջերմությամբ օգնում է երեխայի մոտ ձևավորել հաջողության զգացումը։