Մի գավաթ անդորր (281. Մանկական վախեր)
Բոլոր երեխաներն էլ վախենում են ինչ-որ բաներից: Իրականում մեծերը հաճախ հենց վախի զգացողությունից են օգտվում, երբ փորձում են անվտանգության նախազգուշական միջոցներ սովորեցնել: Ինչ-որ բան սովորում են փորձից, ինչ-որ բան էլ, օրինակ` բարձրության, բարձր ձայների նկատմամբ կամ հավասարակշռությունը կորցնելու վախը բնազդային է: Որոշ դեպքերում վախի ուժգնությունը կարող է նորմայի սահմաններից դուրս լինել:
Նորմայում երեխաները կարող են կաշկանդվել կամ վախենալ օտար մարդկանցից, բարձր ձայներից, մթությունից, մենակ մնալուց, ծնողներից բաժանվելուց: Նորմայից դուրս է, երբ երեխան վախենում է ակնհայտ վտանգ չպարունակող երևույթներից և այդ վախն անհաղթահարելի է, խանգարում է նրա կյանքի բնականոն ընթացքին: Դրանք կարող են հասնել ֆոբիայի աստիճանի, արտահայտվել զզվանքի ու հակակրանքի ձևով, կամ վերածվել խուճապի ու սուր տագնապային վիճակի.
2-4 տարեկան հասակում սովորական երևույթ են ամպրոպի, մթության, կենդանիների և օտարների նկատմամբ ունեցած վախերը:
4-6 տարեկան հասակում երեխան ամենից հաճախ վախենում է երևակայական էակներից, ինչպիսիք են հրեշները և ուրվականները:
Քչերն են, որ շարունակում են վախենալ գերբնական արարածներից մինչև տասը տարեկանը, սակայն այդ տարիքից սկսած` երեխաների մոտ տարածված են ֆիզիկական վտանգների և փողոցային բռնության նկատմամբ վախերը:
Խնդրին նպաստող հանգամանքները
Թեպետ որոշ երեխաներ կարծես ծնվում են մնացածներից ավելի վախվորած, ամաչկոտ և զգուշավոր, վախերը հաճախ փոխանցվում են մեծահասակներից և հասակակիցներից: Երեխաները սովորում են, որ որոշակի իրավիճակներ վտանգավոր են: Վախ կարող է առաջացնել նաև վատ փորձը: Երեխան, որին կծել է շունը, ամենայն հավանականությամբ կվախենա շներից, գուցե նաև ընդհանրապես բոլոր բրդոտ կենդանիներից, եթե դեպքից անմիջապես հետո որևէ կանխարգելիչ միջոց չի ձեռնարկվել: Վախի աղբյուր կարող են հանդիսանալ հեռուստացույցով կամ կինոյում տեսած և մինչև վերջ չհասկացված սարսափելի տեսարանները, ինչպես նաև մեծերի կողմից արված սարսափազդու զգուշացումները: Նույնիսկ լավագույն մղումներով արված քաջալերող արտահայտությունները (օրինակ` «դպրոցում վախենալու ոչինչ չկա») կարող են վախ ներշնչել երեխային: Վախը ընկալված վտանգն է, և այն հաղթահարելու լավագույն միջոցը դրա հանդեպ կոնկրետ մոտեցում ցուցաբերելն է:
---
Մանկական վախերը բազմազան են: Դրանք կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներից: Բացի ձեռքբերովի վախերից,որոնք առաջանում են այս կամ այն արտաքին իրավիճակներին ի պատասխան, կարող են լինել նաև տարիքային վախեր, որոնք բնական են և ժամանակավոր բնույթ են կրում, եթե երեխային շրջապատող միջավայրում սթրեսային իրադրություններ չեն լինում.
Մինչև վեց ամսական երեխային կարող են վախեցնել ցանկացած բարձր ձայնը, անսպասելի աղմուկը, անկումը, ֆիզիկական հենարանի կորուստը:
Յոթ ամսականից մինչև մեկ տարեկան երեխային արդեն սկսում են վախեցնել որոշակի ձայները, անծանոթ մարդիկ, բարձրությունը, հագուստ հագնելու և հանելու գործընթացը:
Մեկից երկու տարեկանում երեխաները սկսում են վախենալ ծնողներից բաժանումից, անծանոթ մարդկանցից, քնից:
Մինչև երեք տարեկան երեխաների համար վախի աղբյուր է կրկին ծնողներից բաժանումը, ծնողների կողմից մերժվածությունը, անծանոթ հասակակիցները, միջավայրի փոփոխությունը, օրակարգի փոփոխությունը:
Երեքից չորս տարեկանում երեխաների մոտ ակտիվանում է մթության, մենակության, փակ տարածությունների վախը:
Վեցից յոթ տարեկանում սկսվում է մահվան վախը:
Յոթից ութ տարեկանում ծնողների սերը կորցնելու, ծնողների սպասելիքները չարդարացնելու վախն է ակտիվանում:
Ութ տարեկանից սկիզբ է առնում ծնողների մահվան, ծնողներին կորցնելու վախը:
Վախերի սրության հարցում մեծ դեր ունեն նաև երեխայի բնավորության առանձնահատկությունները՝ նրա տագնապայնության մակարդակը, զգայունակությունը,երեխայի հանդեպ կիրառվող պատիժները և սպառնալիքները, ինչպես նաև համակարգչային խաղերի և մուլտֆիլմերի ազդեցությունը:
---
Մանկական վախերի առաջացմանը նպաստող արտաքին գործոններից կարող են լինել.
- Ընտանիքը՝ այն ընտանիքներում , որոնցում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, կոնֆլիկտային հարաբերությունները ընտանիքի անդամների միջև, երեխաներն առավել հաճախ են ունենում զանազան վախեր: Դրանք հիմնականում կապված են լինում ծնողական սերը կորցնելու հետ:Հաճախ դիտվում են մթության , մենակ մնալու վախը:
- Ծնողների մեծ սպասելիքները, որոնք չեն համապատասխանում երեխայի տարիքային զարգացման մակարդակին:Նման դեպքերում երեխաների մոտ սրվում է սխալվելու վախը:
- Իրավիճակային վախեր: Երեխաները կարող են վախենալ մեծ շներից, մեքենաներից, բժիշկներից և այլն:
- Համակարգչային խաղերը:
---
Մանուկ հասակում ունեցած վախերն անհետք չեն անցնում: Երբեմն դրանք կարող են դառնալ հոգեկան և նյարդային հիվանդությունների պատճառ, որոնք կարող են ի հայտ գալ տարիներ անց: Ուստի կարևոր է, որ ծնողներն օգնեն երեխաներին հաղթահարել վախերը, չանտեսել դրանք, որքան էլ անկարևոր թվան դրանք:
Եվ այսպես ՝ ի՞նչ կարելի է անել, եթե նկատում եք,որ երեխան վախենում է.
- Եթե վախերի պատճառը ընտանեկան կոնֆլիկտային հարաբերություններն են, ապա պետք է խոսել երեխայի հետ՝ բացատրելով իրավիճակը: Անդրադարձեք երեխայի զգացմուքներին, առաջացած վախերին և անհանգստութոյւններին: Դրանով Դուք ցույց կտաք երեխային,որ նրա կողքին եք և հասակնում ենք նրան և պատրաստ եք օգնել:
- Պետք է խրախուսել երեխային, քանի որ վախերը ուղղակիորեն ազդում են ինքնագնահատականի վրա:Հաճախակի նշեք երեխայի ուժեղ կողմերը, դրական խոսքեր ուղղեք նրան և քաջալերեք:
- Պետք է ուշադրություն դարձենլ ծնող-երեխա հարաբերությունների վրա: Արդյո՞ք ամեն բան նորմալ է, արդյո՞ք մեր պահանջները համապատասխանում են երեխայի տարիքային, հոգեբանական, ֆիզիկական հնարավորություններին: Քանի որ երեխայի մոտ կարող է բավականին սրված լինել ծնողների հրամանները , ցանկությունները պատշաճ կերպով չկատարելու և պատժվելու վախը:
- Պետք է հարգանքով վերաբերվել երեխայի վախին ` չծաղրելով, չկասկածելով, չանտեսելով այն:Մի՛ ծաղրեք երեխային և նրա վախը: Դա էլ ավելի կսրի նրա զգացումը: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի ապահով, հանգիստ միջավայր, որում երեխան կկարողանա արտահայտվել, կիսվել, նաև հանգստանալ:
- Կարելի է նաև պատմել երեխային սեփական կամ մեկ ուրիշի վախի մասին, դրա դրսևորումների մասին և անպայման պատմել երեխային, թե ինչպես այն հաղթահարվեց:
Որոշե՛ք, թե ինչն է կոնկրետ, որ վախեցնում երեխային: Խրախուսեք նրան խոսել այդ մասին և փորձեք պարզել խնդրի պատճառն ու բնույթը: Մի թերագնահատեք երեխայի վախը և մի ծաղրեք այն: Տրամաբանական բացատրությունները կարող են օգնել, բայց մի ակնկալեք, որ դուք դրանցով մեկընդմիշտ կվանեք վախը:
Հնարավորության դեպքում կազմակերպե՛ք, որ ձեր երեխան ուրիշներին ուրախ և ապահով տեսնի այն իրավիճակում, որից նա վախենում է:
Կազմակերպե՛ք, որ երեխան ուշադիր վերահսկողության պայմաններում սերտ շփման մեջ մտնի իր վախի աղբյուրի հետ, որի ընթացքում դուք նրան դրական աջակցություն և ըմբռնում կցուցաբերեք: Թռչուններից վախեցող երեխայի հետ դա կարելի է անել հետևյալ կերպ.
Քայլ 1. Նայե՛ք թռչունների նկարներ: Քննարկե՛ք՝ կարող է արդյոք թռչունը վնաս պատճառել:
Քայլ 2. Երեխայի ձեռքը որևէ խաղալիք թռչուն տվե՛ք: Դա կարող է լինել պլաստմասե կամ փափուկ խաղալիք:
Քայլ 3. Արե՛ք այնպես, որ երեխան տեսնի, թե ինչպես է մեկ այլ երեխա սիրում և խնամում ընտանեկան որևէ թռչնի:
Քայլ 4. Թո՛ւյլ տվեք, որ երեխան նայի վանդակում փակված որևէ թռչնի:
Քայլ 5. Առաջարկե՛ք երեխային մի փոքր շոյել ընկերոջ ձեռքում պահված թռչնին:
Քայլ 6. Խնդրե՛ք երեխային ձեռնոցներով հինգ վայրկյան ձեռքերում պահել թռչնին:
Քայլ 7. Խնդրե՛ք երեխային ձեռնոցներով տասը վայրկյան ձեռքերում պահել թռչնին:
Քայլ 8. Խնդրե՛ք երեխային գիրկը վերցնել թռչնին և շոյել: