Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ղասեմին վստահեցրել է, որ հայ֊իրանական համագործակցությունը քաղաքաշինության հարցերում կշարունակվի։
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։
Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022թ-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։
Նախարար Ղասեմին փոխանցել է իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, նաև նշել է, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը, կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։
Նշենք, որ Արտաշես Թումանյանը շուտով ավարտելու է իր պաշտոնավարումը, քանի որ Իրանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը խիստ կանոններ է սահմանել իրանական բեռնատարների համար, որոնք հատում են հայ-իրանական սահմանը՝ գալով դեպի Հայաստան։ Ադրբեջանական կողմը բեռնատարների վարորդներից նաև գումար է պահանջում։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանը հայտնել էր, որ առաջիկա շաբաթներին մեծ ակտիվություն կլինի 2 երկրի հարաբերություններում։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Տաթևից մինչև Սյունիքի մարզի Աղվանի գյուղ 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջովին պատրաստ ու ասֆալտապատված կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Այս ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ–2` մինչև Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։ Սյունիքի այլընտանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 մլրդ դրամ։ Մինչև ձմեռ կկատարվեն գրունտային աշխատանքները, գարնանը` ձնհալից հետո, ճանապարհը կասֆալտապատվի։
-----------------------
Անցած շաբաթ Իրանից Հայաստան էր ուղևորվել առևտրի ոլորտում մասնագիտացած երկու պատվիրակություն՝ ուսումնասիրելու Իրան-Հայաստան առևտրային համագործակցության խոչընդոտները և երկու երկրների միջև արտահանման հնարավորությունները:
Այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդի հայտարարությունը:
Ըստ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության հաղորդագրության՝ Իրանի դեսպանատան առևտրի կցորդ Աքբար Գոդարին հայտնել է, որ նշված այցի ընթացքում պոլիմերի և պլաստմասսայի արտադրության ոլորտի գործարարների պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ աշխարհաքաղաքական խնդիրները, հայկական շուկայի կարևորությունը, օրենքներն ու կանոնակարգերը, ինչպես նաև` համատեղ արտադրությանը առնչվող հարցերը քննարկելու համար:
«Հանդիպման ընթացքում իրանցի գործարարները խնդրել են Իրանում ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ, ներկայացուցչությունների հետ միասին, գործուղել նաև առևտրային պատվիրակություններ: Որոշվել է այդ հարցը քննարկել կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո», - ասել է Աքբար Գոդարին:
Իսկ Հայաստան-Իրան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը իրանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև առևտրի զարգացման և արտահանման ու առևտրի ոլորտներում առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը
Հերվիկ Յարիջանյանի տեղեկություններով՝ հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին հասնում են 500 մլն ԱՄՆ դոլարի:
-------------------------------
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը խոսել է ընդդիմության փողոցային պայքարից և նշել, որ պայքարի ելնելուց առաջ «Հայաստան» դաշինքը պետք է կարողանա գտնել այնպիսի հարցեր, որոնք հասարակական ընդվզում կառաջացնեն։
-------------------------------
Անհրաժեշտ է հասկանալ, թե խորհրդային որ քարտեզներն ունեն բավարար իրավական հիմնավորում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը որոշելու համար։
Այս մասին հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։
Փաշինյանի կարծիքով՝ սահմանազատման քարտեզները, որոնք նախկինում նշել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե ոչ 100 տոկոսով, ապա առնվազն 99 տոկոսով համընկնում են «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքում նկարագրված սահմանների հետ։
«Դրանք մոտավորապես համընկնում են միութենական հանրապետությունների քարտեզների հետ։ Այլ բան է, որ պետք է հասկանալ, թե այս քարտեզներից որը կարող է ելակետ ծառայել սահմանը որոշելու համար։ Չէ՞ որ միութենական հանրապետությունների սահմանները բազմիցս փոխվել են։ Այս փոփոխությունները կարող են կատարվել տարբեր պատճառներով: Կարող էր լինել նաեւ, որ ԽՄԿԿ Կենտկոմի հերթական պլենումով շրջաններից մեկի շրջխորհուրդը, օրինակ, արոտավայրը տար եղբայրական հանրապետության հարեւան շրջանին կամ հակառակը։ Պետք է հասկանանք, թե ինչպես են փոխվել քարտերը, երբ են փոխվել եւ ինչու»,- ասել է կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը Ադրբեջանի ԽՍՀ իրավահաջորդը չէ, ինչը անհասկանալի է դարձնում Խորհրդային Ադրբեջանի սահմանների նկատմամբ նրա հավակնությունները։
--------------------------
Այս պահին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Միևնույն ժամանակ, և այս պահին և, ընդհանրապես, պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ ու, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում, գուցե, լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում», - ասաց նա:
Արարատ Միրզոյանը նշեց, թե փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ այնուամենայնիվ, նման հանդիպումները Հայաստանի համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն:
Նախարարի խոսքով՝ այդ հանդիպումները հնարավորություն են նաև՝ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում ու փորձելու ջանքեր գործադրել՝ ավելի երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ:
Միրզոյանը նշեց, թե բանակցությունները որոշակի գաղտնիության կոմպոնենետ են պարունակում:
«Բայց ես ուզում եմ այսօրվա, երեկվա ու վաղվա համար վստահեցնել՝ բոլոր փակ դռների հետևում բանակցություններում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում են մեր քաղաքական թիմի, ՀՀ վարչապետի կողմից հրապարակային հայտնած դիրքորոշումներին՝ որևէ միլիմետր չենք նահանջում», - ասաց նա:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Ալիք Մեդիա»-ն տեղեկացրեց, որ նոյ. 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները սահմանագծման ու սահմանազատման, նաև տարածաշրջանային ապաշրջափակման մասին երկու փաստաթղթեր են ստորագրելու:
----------------------------------
Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները շարունակում են պնդել, որ բացվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։
«Ադրբեջանը եւ Թուրքիան նախատեսում են միավորել թյուրքական աշխարհը՝ առեւտրային միջանցք բացելով, որն Ադրբեջանը կմիացնի Նախիջեւանի հետ Հայաստանով»,- ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր Զանգեզուրի միջանցքի բացման համար»,- հավաստիացրել է Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Anadolu-ն։
«Մի անգամ մենք կկարողանանք (ուղղակի) ճամփորդել Զանգեզուրից Ստամբուլ՝ ամրացնելով տարածաշրջանի դիրքերը որպես տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի»,- նրան կրկնել է Էրդողանը մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր Լեռնային Ղարաբաղում, օկուպացված Վարանդայում օդանավակայանի բացման արարողությունից հետո։
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ոչ մի բանակցություն միջանցքների բացման մասին չի վարում։ Դա նաեւ հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որտեղ ասվում է հաղորդակցությունների, այլ ոչ թե միջանցքների բացման մասին։