Գեղարվեստական հաղորդում (294)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:
Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։
Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր: Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի,գիտության կրթության,արդյունաբերության և այլ ոլորտներում: Եվ ահա հաշվի առնելով այս ամենը խոսենք մի շատ հետաքրքիր գրքի հրատարակության,թարգմանության ու շնորհանդեսի մասին:
Այսպիսով՝ Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի սերտ համագործակցության արդյունքում հայ ընթերցողի դատին է հանձվել իրանական արդի գրականագիտության անվանի ներկայացուցիչ Շաֆիի Քադքանիի «Պարսից պոեզիայի զարգացման փուլերը (Սահմանադրական շարժումից մինչև միապետության անկումը)» գիրքը: Գրքի թարգմանիչն է Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը: Նշենք,որ գիրքը Գառնիկ Գևորգյանի առաջին թարգմանված աշխատությունն է, նրա «Պարսից պատմավեպի զարգացման միտումները հետհեղափոխական Իրանում (1980-2010թթ.)» մենագրությունից հետո:Գիրքը թարգմանվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի նախաձեռնությամբ ու Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնի և արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի գրքի հրատարակությունը երաշխավորելու համար:
Խոսելով գրքի բովանդակության ու կառուցվածքի մասին կարող ենք նշել, որ հեղինակն իր ուսումնասիրության մեջ պարսկական պոեզիան դասակարգել է ըստ վերոհիշյալ ժամանակաշրջանների՝ նախասահմանադրական ժամանակաշրջան,Ռեզա շահի դարաշրջան (1920-1941),1941 թվականի սեպտեմբերից մինչև 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջումը, այս հեղաշրջումից մինչև 1961 թվականը, 1961-ից մինչև 1970 թվականը, 1970-ից (զինված պայքարի գագաթնակետը) մինչև 1978-ը (իշխանության անկումը), և իր արժեքավոր աշխատանքում ուսումնասիրել ու քննարկել է պարսից հայտնիներին, պոեզիայում գերիշխող հիմնական հարցերի տեսանկյունից, ինչպիսիք են՝ մտածողությունը, կառուցվածքը, ճանաչողությունը, ինչպես նաև պոեզիայի տեխնիկան, փոփոխման, զարգացման գործոնները, դրա սոցիալական, մշակութային քաղաքական և պատմական հարթությունները: Այսպիսով՝ սույն թվականի նոյեմբերի 15-ին Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Միջոցառումը տեղի ունեցավ «Իրանական ժամանակակից գրականության օրեր» ծրագրի շրջանակներում:
Շնորհանդեսին մասնակցում էին գրականագետներ, թարգմանիչներ, իրանագետներ ուսանողներ: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ, ինչպես նաև շնորհանդեսը վարում էր Երևանի Քաղաքապետարանի «Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարանի» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Բացելով միջոցառումը նա մի քանի խոսքով ներկայացրեց միջոցառումն ու նպատակներն, ինչպես նաև նշեց,որ մեր երկրում հայտարարված է իրանական գրականության շաբաթ, որի շրջանակում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ, մասնավորապես՝ գրքերի ցուցադրություններ տեղի են ունենալու շնորհանդեսներ և այլն:
Այս միջոցառումները տեղի են ունենալու Հայաստանի Գրողների միության հետ համատեղ համագործակցության շրջանակներում:Իսկ խոսելով գրքի թարգմանության ու հրատարակության նպատակի մասին, նա նշեց որ սա կատարվել է հայ ընթերցողներին ու ուսանողներին իրանական ժամանակակից պոեզիայի ու գրականության հետ ծանոթացնելու նպատակով: Իր խոսքի վերջում նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներից ու ներկաներից այս գեղեցիկ ծրագրին մասնակցելու համար, իսկ ուսանողներին հրավիրեց գրադարան մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և արևելագիտության, մասնավորապես՝ պարսկագիտության չուսումնասիրված հարցերը հետազոտելու նպատակով:
Գրքի մասին, ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ով իր խոսքում նշեց գրքի կարևորությունն ու դրա նպատակները, իսկ վերջում շնորհակալություն հայտնեց թարգմանիչին անձնվեր ու ջանասեր աշխատանքի համար՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում Մշակույթի կենտրոնը հանդես կգա իր նորանոր նախաձեռնություններով ու ծրագրերով, որոնք կնպաստեն հայ-իրանական դարավոր,մասնավորապես՝ մշակութային հարաբերությունների ամրապնդմանը: Իր ելույթի ընթացքում Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին ու հյուրերին մասնակցության համար և նշեց, որ այսօրվա միջոցառումը նվիրված է հայ-իրանական մշակութային սերտ կապերին,մասնավորապես՝գրականությանն ու դրան վերաբերվող հարցերին:Նա հույս հայտնեց,որ իր պատրաստակամությամբ մշտապես աջակցելու այս հետաքրքիր ու կարևոր գործընթացին: Շնորհանդեսի վերջում աշխատության թարգմանության ու կառուցվածքի մասին հակիրճ ներկայացրեց գրքի թարգմանիչը՝ Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը: Իր ելույթը նա ավարտեց շնորհանդեսի կազմակերպիչներից ու գրքի թարգմանության համար աջակիցներից՝նշելով,որ մոտ ապագայում հանդես կգա նորանոր թարգմանություններով ու ծրագրերով: Այսպիսով՝ հուսանք,որ «Գիտություն» հրատարակչությունում կյանքի կոչված այս գիրքն օգտակար կլինի պարսից 20-րդ դարի «նոր պոեզիայի» գաղտնիքներին ծանոթանալու և, առհասարակ, բարեկամ Իրանի հոգեկերտվածքին հաղորդակից լինելու առումով:

Թեհրանի «Արան» ցուցասրահում բացվել է Սանահին Բաբաջանյանի «տիեզերքում դեգերելիս» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Սանահին Բաբաջանյանը ժամանակակից հայ նկարիչ է, որի համար փորձարկումները, նոր տարածքների բացահայտումն իր արվեստի անբաժան մասն են կազմում: Երբեք չվախենալով կտրուկ քայլեր անելուց, հարցեր ուղղելուց՝ նա երիտասարդ տարիքից սկսած անվերապահ նվիրվել է արվեստին: Սանահինն արդեն հասցրել է իր ստեղծագործությունները ցուցադրել Թեհրան մայրաքաղաքի ճանաչված ցուցասրահներում։
Երիտասարդ արվեստագետը, շարունակում է իր համար բացահայտել ժամանականից գեղանկարչությունը՝ որպես դրսեւորման անսահմանափակ դաշտ՝ փնտրելով ինքնության համար միջանկյալ տարածություններ։
Հետաքրքրական է, որ Սանահին Բաբաջանյանը նշել էր, որ իր մոտ բազում են՝ հարցականները՝ կապված իր ինքնության խնդրականացման՝ սփյուռքահայի իր կոչման հետ։
Ու, հիմա արդեն՝ նա՛ խոսքը գործի է վերածել: Իր վերջին ցուցադրության ընթացքում՝ այդ բոլոր հարցերի վերաբերյալ պատկերացումներով՝ մանրակրկիտ մշակվածությամբ առանձնացող, ազգային, էթնիկ առանձնահատկությունների վերաբերյալ շեշտադրումներով եւ փոքրամասնությունների ինքնությունը խնդրականացնող, ինչպես նաեւ՝ բազմամշակութայինությանն առնչվող բազում հարցականներով, ընկալումներով՝ եկել է նյութականացրած իր վերջին հավաքածոով:
Սանահինն, իր ցուցասրահը բաժանել էր երկու մասի։ Այնտեղ ներկայացված էին՝ ստեղծագործություններ փայտյա մատերիալով, եւ կտավի վրա աշխատություններն՝ ընդգրկելով, իրանական եւ հայկական ճարտարապետական եւ մշակութային փոխկապակցվածությունը, որտեղ ընդգծված են՝ երկու մշակույթների միջեւ անքակտելի կապը։
Ցուցասրահը շարունակվեց մինչեւ նոյեմբերի 19-ը:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը ցուցադրվեց Ամստերդամում: Արվեստասերներն այն դիտեցին նոյեմբերի 21-ին Տուշինսկի թատրոնում:
«Բացակա պատկեր» ֆիլմում, որը սև և սպիտակ է, օգտագործվել են հատվածներ Արտավազդ Փելեշյանի տարբեր կինոնկարներից:
Հրանտ Վարդանյանը մի առիթով նշել է, որ ցանկացել է՝ երիտասարդները, ապագա սերունդները լսեն Փելեշյանին, ճանաչեն նրան, կինոյի դասերից դասեր քաղեն, հասկանան՝ ինչպես է նա կադրերը մոնտաժել, ինչ է ուզել ասել բացակա պատկերներով։ Ֆիլմում ուղղակի խոսքեր չկան, բոլորը վերաբերում է փելեշյանական կինոյին:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որն անդրադառնում է Ղարաբաղյան պատերազմին, Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»):
Ռեժիսորի խոսքով՝ «Դրախտի դարպասը» ֆիլմ է ավելի շատ` հայացքը դրսից դեպի ԼՂ-ն:
«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ ղարաբաղյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։
Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ Հայաստանից և արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։
Ֆիլմը կյանքի է կոչվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

«Մեկ օր Պոմպեյում» ցուցադրության շրջանակում ներկայացված են կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մ. թ 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված հռոմեական քաղաքի՝ Պոմպեյի առօրյայի, նիստուկացի, բարքերի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետաքրքիր ցուցանմուշներով հարուստ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ նմուշները Պոմպեյի հնագիտական արգելոցից են բերվել Հայաստան և առաջին անգամ են ներկայացվում Կովկասում: «Այս ցուցադրությունն ամփոփում է լեգենդար քաղաքի կյանքը: Այն ոչ թե վախճանի, մահվան, կործանման մասին է, այլ ապրեցնող ցուցահանդես է, որը վերակերտում է կյանքը»,-շեշտեց նա և հավելեց, որ ներառվել է ավելի քան հարյուր արտեֆակտ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ շեշտեց, որ հայերի և իտալացիների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, իսկ ցուցահանդեսը և մշակութային այլ միջոցառումներն օգնում են տեսնելու երկու ժողովուրդների նմանությունները՝ խնդիրներով, նվաճումներով, ավանդույթներով ու սովորույթներով:
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ընդգծեց, որ հրաբխային ապարների շնորհիվ քաղաքում պահպանվել է այն ամենը, ինչին դիպել է լավան՝ թե՛ մարդկանց, թե՛ արվեստի գործերը, թե՛ կենցաղային պարագաները: «Այս ցուցադրությունը եզակի հնարավորություն է ականատես դառնալու ոչինչ չկասկածող բնակիչների առօրյա կյանքին հենց ողբերգության նախօրեին: Ներկայացված են սքանչելի սափորներ, զարդեր»,-ասաց դեսպանը:
Նրա հավաստիացմամբ Պոմպեյի հնագիտական արգելոցն աչքի լույսի պես է պահում ցուցանմուշները և դժվարությամբ է որոշում կայացնում այլ երկրում ցուցադրել դրանք:

Մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի ինքնանկարը, որը ստացել էր «Դիեգոն և ես» անվանումը, մոտ 34,9 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Sothebey's աճուրդի տանը:
«Ֆրիդա Կալոյի «Diego y yo» («Դիեգոն և ես») ինքնանկարը վաճառվել է 34,9 մլն դոլարով՝ գերազանցելով գեղանկարչուհու նախորդ ռեկորդը: Այս առեղծվածային գործը Կալոյի վերջին «կիսանդրային» ինքնանկարն է, որն ավարտին է հասցվել վերջինս մահից առաջ 1954 թ-ին»,- ասվում է աճուրդի տան հայտարարության մեջ:
Ինքնանկարում Կալոն ինքն իրեն պատկերել է ճակատին ամուսնու՝ նկարիչ Դիեգո Ռիվերայի դիմանկարով: Ռիվերան, ի դեպ, պատկերված է երեք աչքով:
Ինչպես աճուրդի տնից հայտնում են, նկարը ձեռք է բերվել Էդուարդո Ֆ. Կոնստանինի հավաքածուի կողմից, որը լատինամերիկյան արվեստի թանգարան է հիմնել Բուենոս Այրեսում:

Վենեսուելացի երաժիշտները մտադիր են գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ նվագախումբ։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նրանք համերգ են տվել, որին մասնակցել է ավելի քան 12 000 մարդ։ Նրանք կատարել են Պյոտր Չայկովսկու «Սլավոնական երթը»։ Դիրիժոր Անդրես Դավիդ Ասկանիոյի խոսքով՝ ընտրվել է Չայկովսկու «Սլավոնական երթը», քանի որ այն գիտեն բոլոր երաժիշտները։
Ռեկորդը գրանցելու համար հրավիրվել է 240 գնահատող։ 12 098 վենեսուելացի երիտասարդ երաժիշտների (ամենաերիտասարդը 12 տարեկան) ելույթը երկրի ԱԳՆ-ում «անթերի» են անվանել։
Համաձայն կանոնների՝ նվագախմբի բոլոր անդամները պետք է լինեն պրոֆեսիոնալ երաժիշտներ և նվագեն իրենց գործիքները ողջ համերգի ընթացքում, որը պետք է տևի առնվազն հինգ րոպե։
Վեց ամիս առաջ երիտասարդ վենեսուելացի երաժիշտներն փորձել էին ռեկորդ սահմանել, այդ փորձին մասնակցել էր 10 071 մարդ, սակայն տեխնիկական թերությունների պատճառով ձեռքբերումը չի ճանաչվել Գինեսի ռեկորդների գրքում
Սպասվում է, որ գնահատողները իրենց որոշումը կհրապարակեն 10 օրվա ընթացքում։ Այս պահին աշխարհի ամենամեծ նվագախմբի ռեկորդը պատկանում է ռուսներին։