Դեկտեմբեր 08, 2021 07:24 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:

 

«Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» ծրագրի շրջանակներում Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ջանքերով տեղի ունեցավ «Պարսկերենից հայերեն թարգմանության պաթոլոգիա» թեմայով քննարկում, որում ընդգծվեց թարգմանիչների միջև հաղորդակցության ընդլայնման և գրական ստեղծագործությունների թարգմանության հարցում հայ ընթերցողի ճաշակի վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա էին Էդուարդ Հախվերդյանը, Գևորգ Ասատրյանը, Էմմա Բեգիջանյանը, Էդիկ Պողոսյանը, Էմմա Ալեքսանդրյանը, Աշխեն Մակարյանը, Արեգ Բագրատյանը, Նունե Հովհաննիսյանը, Արմինա Սարգսյանը և Աննա Մացակյանը։

ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային այս նիստով սկսվող հանդիպումների և ծրագրերի շարքի հիմնական նպատակը համարեց գոյություն ունեցող իրավիճակի ճշգրիտ որոշարկումը, կարիքների գնահատումը, թերությունների բացահայտումը և ցանկալի արդյունքի համար անելիքների պլանավորումը, որը վստահաբար հասանելի կլինի՝ օգտագործելով ներկաների փորձն ու գաղափարները։

 

Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդն Ասղար Ֆարհադիի «Հերոս» ֆիլմին երկու մրցանակ է շնորհել՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Հայտնի են դարձել այս տարվա Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհրդի (NBR) մրցանակաբաշխության հաղթողները: Փիլ Թոմաս Անդերսոնի «Պիցցա լիկորիս» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն գլխավոր դերասան» (Ալանա Հեյմ և Կուպեր Հոֆման) մրցանակներին:

Ասղար Ֆարհադի «Հերոսը», որը ներկայացվելու է նաև 2022 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը,  արժանացել է երկու մրցանակի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» և «Լավագույն  օրիգինալ սցենար» մրցանակներին:

Ավելի վաղ, Ֆարհադիի «Բաժանում» ֆիլմը նույնպես արժանացել էր ԱՄՆ ազգային քննադատների մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» մրցանակին:

Ֆարհադին երկու անգամ «Օսկար» է ստացել իր նախորդ ֆիլմերի համար։  «Լավագույն  օրիգինալ սցենար» մրցանակը Ֆարհադին NBR-ից  ստանում է առաջին անգամ:

 

«Կին» միջազգային կինոփառատոնը, որը նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, 2021-ին անցկացվեց ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն հարթակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  փառատոնից հայտնում են, որ 18-րդ  կինոփառատոնը տեղի ունեցավ նոյեմբերի 29-30-ը:

Ֆիլմերը հասանելի դարձան օնլայն հարթակում՝ ՀԲԸՄ սրահում ցուցադրությունից հետո։ Յուրաքանչյուր ֆիլմ նախատեսված էր 300 օնլայն դիտումի համար:

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը կինոյի երկրպագուները հնարավորություն ունեցան դիտելու 51 ֆիլմ 19 երկրից։ Կցուցադրվեն ավանդական մրցութային ծրագիրը և հյուրերի ծրագիրը։

Հյուրերի ծրագրում ցուցադրվեցին արդեն ճանաչված ֆիլմեր, որոնց առաջնախաղերը տեղի են ունեցել Բեռլինի կինոփառատոնում և Կաննի կինոփառատոնում։ Սելին Շիամայի «Փոքրիկ մայրիկը» և Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմերն ունեցան միայն կենդանի ցուցադրություններ։

18-րդ «Կին» միջազգային կինոփառատոնն իր հարգանքի տուրքն է մատուցել հանրահայտ խորհրդային կինոռեժիսոր Եկատերինա Վերմիշևային:

Փառատոնի ավարտին շնորհվեցին մրցանակներ «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում, դիպլոմներ, մրցանակ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, հանդիսատեսի մրցանակ, որը տրվում է հանդիսատեսի ձայների հաշվառման հիման վրա:

 

 

Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ հոբելյանական համերգ:

Համերգի ընթացքում հնչեցին Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: հնչեցին նաև Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից:

Համերգին ներկա եղան հեղինակավոր հյուրեր, արվեստագետներ թե՛ Հայաստանից, թե՛ Ֆրանսիայից. ներկա գտնվեցին նաև Վերնոյի ընտանիքի անդամները:

Միջոցառման նպատակն էր հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնել Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորել նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտել ազգային ինքնության առանձնահատկությունը:

Միջոցառման կազմակերպիչներն էին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ները:

Նշենք, որ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում:

 

 

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դեկտեմբերի 2-ին Yerevan Jazz Fest-ի շրջանակում ներկայացրեց համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:

Համերգը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Երեկոյի ընթացքում հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Համերգը ղեկավարեց դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։

Հնչեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել էր Վահագն Հայրապետյանը։ Նախագծի հեղինակն էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։

Համերգը նույն ծրագրով ներկայացվել է Կամերային երաժշտության տան զբոսայգում, ինչպես նաև մարզերում՝ Կապանի մշակույթի կենտրոնում և Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Համաշխարհային դասական գրականությունը՝ ազգային գրականությունների համատեքստում» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի հետ համատեղ՝ ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ողջույնի խոսքում շեշտեց ՀՀ ԳԱԱ և ՌԳԱ երկու ինստիտուտների համագործակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կկրի մշտական բնույթ: «2019 թվականը հայ ժողովրդի համար անցկացվեց երկու մեծ գործիչների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հովանու ներքո։ Հայաստանի Հանրապետությունից դուրս այս հոբելյանները նշվեցին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կազմակերպված միջազգային գիտաժողովների ժամանակ: Այս տարին գիտության և մշակույթի տեսանկյունից միջազգային հանրության և մեր ժողովրդի համար նշանավորվում է ռուս և համաշխարհային գրականության ականավոր գործիչներ Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակով։ Ուրախալի է, որ այս գիտաժողովը կազմակերպվել է նախորդ երկու գիտաժողովների ձևաչափով՝ երկու երկրների անվանի գրականագետների, լեզվաբանների, արվեստաբանների և պատմաբանների մասնակցությամբ», - ասաց Աշոտ Սաղյանը։

 ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ռուս և համաշխարհային գրականության մեջ անգնահատելի է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ավանդը: Դեսպանը այս գիտաժողովը հերթական կարևոր քայլը համարեց՝ Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների կապերի ամրապնդման ուղղությամբ:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Գիտաժողովի ավարտին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի միջև ստորագրվեց հուշագիր:

 

 

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը։

90 տարվա ընթացքում թանգարանում հավաքվել և պահպանվում են հայ արծաթագործ վարպետների բացառիկ գործեր։ Ցուցադրությունն առանձնանում է 19-20-րդ դարերով թվագրվող նախշազարդ գոտիներով ու ապարանջաններով։ «Դրանց աշխարհագրությունն Արևմտյան Հայաստանից ու ԼՂ-ից հասնում է մինչև Իրան, Հնդկաստան և անգամ Չինաստան։ Զարդերից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ խորհուրդ։ Շուշիի ոսկեջուր ճարմանդն, օրինակ, ընտանիքի կանայք կրել են պտղաբերության համար։

Զարդերը պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով՝ մանրարուք, դրվագում, արծնակիտում, սևադ։ Դրանց մի մասն ունի արծաթագործ վարպետի կնիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ցուցադրված են նաև սպասք և ծիսական առարկաներ, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի, ինչպես նաև թանգարանի նվիրատու Ռոստոմ Ոսկանյանի հարուստ ֆոնդերից:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2022-ի փետրվարի 28-ը:

 

 

Ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր» գիրքը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»՝ հաղթելով TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում: Մրցույթն անցկացվել է առցանց ձևաչափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կարմիր»-ը  Հայաստանից միակ գիրքն է եղել, որը մասնակցել է միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը։ Այն հաղթել է ընթերցասերների քվեարկության արդյունքում:

«Շատ ուրախ եմ, որ «Կարմիր»-ը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»: Ու քանի որ այն ամբողջ մրցույթում հարյուրավոր գրքերի մեջ միակն էր Հայաստանից, այսօր կարող եմ հանգիստ գլուխս դնել բարձին՝ վստահությամբ, որ մի բան արեցի Հայաստանի համար: Շնորհակալ եմ բոլոր ընթերցողներին, որոնց օգնությամբ տեղի ունեցավ այս հաղթանակը»,- նշում է Հովիկ Աֆյանը։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։

«Կարմիրը» գրքում հեղինակն ընդգծում է՝ պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:

Այս գիրքը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:

 

Դեկտեմբերի 14-ից 20-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը։

Այն այս տարի կրում է «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։ Փառատոնային չորս համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի 20-րդ դարի այս խոշորագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Չայկովսկու դաշնամուրային թիվ 1 և թիվ 2 կոնցերտները, 12-րդ սիմֆոնիան, Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, 7-րդ սիմֆոնիան, Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, 2-րդ սիմֆոնիան՝ «Զանգով սիմֆոնիա»։ Փառատոնը կեզրափակվի «Սիմֆոնիկ ջազ» համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։

Նվագախմբից տեղեկացնում են նաև, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021թ. նոյեմբերին դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ։

 

 

Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի դիմանկարը, որն արել է Դմիտրի Լևիցկին, և նրա նամակը՝ ջրծաղիկի դեմ պատվաստման անհրաժեշտության մասին, Լոնդոնի MacDougall’s բրիտանական աճուրդի տանը վաճառվել է 951 հազար ֆունտ ստեռլինգով (1,2 միլիոն դոլար)։

Վաճառքն իրականացվել է դեկտեմբերի 1-ին ռուսական արվեստի ստեղծագործությունների շարքի ցուցադրման ժամանակ:

Կայսրուհու՝ 1797 թվականին հեղինակած նամակն ուղղված է եղել կոմս Պյոտր Ռումյանցևին: Նամակում Եկատերինան մատնանշում է «Ծաղիկի դեմ պատվաստման կարևորությունը, որը, ինչպես հայտնի է, հատկապես վնաս է հասցնում հասարակ ժողովրդին»: Նամակը համարվում է Ռուսաստանում պատվաստման արշավի մասին առաջին պատմական փաստաթուղթը: