Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 9-ին հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել տրամադրել կոնտակտային անձանց տվյալներ, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում մինչև 2022 թվականի մարտ ամիսը ավարտին հասցվեն անհրաժեշտ միջոցառումները և մեկնարկի գործընթացը:
Հանդիպմանը դիտարկվել են բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները: ՊԵԿ ղեկավար կազմը, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով, պատրաստակամություն է հայտնել երկկողմ, 24 ժամյա ռեժիմով կապ պահպանել իրանցի գործընկերների հետ: Այդ նպատակով կողմերը կփոխանակվեն համապատասխան ստորաբաժանումների կոնտակտային տվյալներով։
Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Իրանի միջև գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, և ՀՀ կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը՝ դրանք առավել զարգացնելու ուղղությամբ։
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել են նաև «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակը, էլեկտրոնային միջավայրում հայտարարագրման ամբողջական գործընթացը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող նորարարական գործիքակազմը։ Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների (Big Data) անալիտիկ հաշվետվությունների համակարգին, իրական միջավայրում ցուցադրվել են սահմանային անցման ժամանակահատվածի հսկողության, մաքսային հսկողության ընթացակարգերի մշտադիտարկման և հաշվետվողական այլ համակարգեր։
Նշվում է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ հարթակներում ակտիվ քննարկումներ ծավալել գործակցության ծրագրերի վերաբերյալ:
-------------------------
Մենք կարող ենք ԵԱՏՄ ռազմավարական ուղղությունների զարգացման հուսադրող միջանկյալ արդյունքներ արձանագրել։
Այս մասին դեկտեմբերի 10-ին, առցանց ձեւաչափով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով` այս մասին հնարավոր կլինի խոսել միության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարական ուղղությունների ընդունումից հետո մեկ տարի անց:
«Եվրասիական ինտեգրման զարգացման կարեւոր ասպեկտը եւ ԵԱՏՄ-ի միջեւ փոխգործակցության հիմնական չափանիշներից մեկը պետք է լինի Միության ներքին շուկայի զարգացումը։ Հենց ներքին շուկայի՝ առանց խոչընդոտների, սահմանափակումների եւ բացառությունների ապահովումը հզոր խթան կհանդիսանա պետությունների տնտեսական եւ արդյունաբերական աճի, մրցունակության բարձրացման, բիզնեսի բարձրացման եւ գործազրկության կրճատման համար։ Ինտեգրացիոն գործընթացների ինտենսիվացումը եւ խորացումը նպաստում են Միության երկրների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին, դրանց արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչը շատ կարեւոր է հումքի համաշխարհային գների տատանումների ֆոնին։
Ակնհայտ է, որ ժամանակակից համաշխարհային տնտեսության դինամիկ բաղադրիչ դարձած ծառայությունների առեւտուրը նոր խթան է զարգացող երկրների արտահանման դիվերսիֆիկացման համար»,- ասաց Փաշինյանը։
ԵԱՏՄ ծառայությունների շուկաների ազատականացման եւ վերլուծության պլանների մոնիտորինգը, ըստ կառավարության ղեկավարի, հնարավորություն կտա ձեւակերպել դրա գործունեության մի շարք խնդիրներ եւ շարունակել հետագա կառուցողական աշխատանքը՝ փոխըմբռնման հիման վրա եւ հաշվի առնելով բոլոր անդամ երկրների շահերը։ «Անհրաժեշտ է նաեւ իրականացնել ազգային արժույթների մասնաբաժինը ԵԱՏՄ շրջանակներում առեւտրային գործարքների համար հաշվարկներում մշտապես ավելացնելու ռազմավարական խնդիրը։ Աշխարհում առկա գնաճը եւ գների աճը միայն հաստատում են այդ անհրաժեշտությունը»,- համոզված է վարչապետը։
Մեկ այլ առանցքային ուղղություն, նրա խոսքով, միջազգային համագործակցության հորիզոնների ընդլայնումն է եւ առեւտրատնտեսական կապերի ցանցի ստեղծումը։ Նա նաեւ ուշադրություն հրավիրեց Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ լիաֆորմատ ազատ առեւտրի համաձայնագրի վաղաժամկետ կնքման հարցում հետաքրքրվածության վրա։ «Ժամանակավոր համաձայնագրի գործելու փորձը վկայում է այն մասին, որ համագործակցության հետագա խորացման ներուժ եւ հեռանկարներ կան»,- ընդգծեց Փաշինյանը։
---------------------------
Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը` Ռուսաստանի (Ռուդենկո), Հայաստանի (Գևորգյան), Ադրբեջանի (Խալաֆով), Թուրքիայի (Օնալ) արտաքին գործերի նախարարների տեղակալների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:
Նշենք` ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ձևաչափի հանդիպում է տեղի ունենալու Մոսկվայում, որին ԱԳ փոխնախարարի մակարդակով կմասնակցի նաև Հայաստանը։ Նա հիշեցրեց, որ ավելի վաղ հայտնել էր` Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ–ն արդեն իսկ ընդգրկված է այլ հարթակներում։
Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը որոշել է տարածաշրջանային քաղաքականություն վարել և աշխատում է այդ ուղղությամբ։
«Հիմա ես չեմ շտապի հետևություններ անել, բայց որ մենք պիտի փորձենք տարածաշրջանային երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել, փաստ է, և մենք կփորձենք այդ ուղղությամբ հնարավորինս արդյունավետ աշխատել», - ասաց Փաշինյանը։
3+3 ֆորմատում ներառված են Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը: Վերջինիս մասնակցությունը դեռ հստակեցված չէր:
-----------------------------------
Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որի համաձայն, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվող զինված սադրանքները կրում են ամենօրյա բնույթ:
«Դեկտեմբերի 10-ին նման մի սադրանքի հետևանքով զոհվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Վահե Վաղարշակի Մանասերյանը, ևս ութ զինծառայողներ վիրավորվել են:
Խորին ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքին, շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորված զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները և արձանագրում, որ դրանք կրում են պլանավորված բնույթ և տարածաշրջանում իրադրությունը շարունակաբար սրելու նպատակ ունեն:
Այս արձանագրումը հենվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անհեթեթ հռետորաբանությունը, ինչը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին, նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումն է»,- ասվում է հայտարարության մեջ:
Նկատելով, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք, ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, որ է դեկտեմբերի 10-ի միջադեպը տեղի է ունեցել օկուպացված այդպիսի հատվածներից մեկում:
«Մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի Հանրապետության առաջարկին, որը նոյեմբերի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել նաև գրավոր:
Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է վերը շարադրված փաստերի, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»,- հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն և հավելում, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ իրավիճակի հետագա սրումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկանյքով միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը:
---------------------------------
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` դեկտեմբերի 7-ին ընդունած հայտարարության կետերին։
----------------------------------
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոան Դոնոգյուի, հրապարակեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Առաջին ալիքի «Լուրեր»-ից, Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը:
Ըստ որոշման առաջին կետի՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև: Միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: Ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների:
Դատարանը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կդժվարացնեն դատարանի աշխատանքը:
Հայաստանի Հանրապետությունը 2021 թ. սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին Ադրբեջանի Հանրապետության դեմ՝ Բաքվին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ: