Գեղարվեստական հաղորդում (298)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:
Դեկտեմբերի 11-ին Ա․Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ իրանական ժամանակակից պոեզիային նվիրված երեկո՝ ՀՀ-ում ԻԻՀ Դեսպանության մշակույթի կենտրոնի և «Գրքամոլ Ակումբ»-ի համատեղ նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ներկայացրեց պարսից նորագույն շրջանի պոեզիայի զարգացման փուլերի պատմությունը։
Հատկապես ընդգծվեց նորագույն շրջանի պոեզիայի սահմանման բացատրությունը, երբ բանաստեղծական կայուն կաղապարների, շարադրանքի ու հանգավորման կանոններն իրենց կարևորությունը զիջեցին պոեզիայի արտահայտած մտքի խորությանն ու բովանդակությանը, այլ կերպ ասած՝ նոր պոեզիայի բերած փոփոխությունը հետևյալն էր, որ բովանդակությունը չմթագնվեր և չստորադասվեր ձևի գեղեցկությանը։
Քննարկմանը ներկա էր նաև հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աբգար Ափինյանը, ով զուգահեռներ անցկացրեց իրանական նորագույն պոեզիայի հիմնադիր Նիմա Յուշիջի և հայ գրականության «Նիմա» համարվող Ռազմիկ Դավոյանի միջև։
Իսկ վերջում ընթերցվեցին իրանցի ժամանակակից պոետների բանաստեղծություններից մի քանիսը։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացրել են «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին:
«Միջազգային գիտական նստաշրջանին ընդգրկված էին 40 մասնակիցներ ՀՀ-ից, ԼՂ-ից, ՌԴ-ից, Լատվիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից: Ներկայացվեցին բազմազան զեկույցներ՝ նվիրված Սպենդիարյանի կյանքի ուղուն, ստեղծագործության տարբեր ոլորտներին, ժանրերին և ոճական առանձնահատկություններին` թե՛ անցյալի, թե՛ 21-րդ դարի դիտանկյունից, դիրիժորական գործունեությանը, իր ժամանակակից մշակութային գործիչների հետ առնչություններին, նրա կերպարին՝ կերպարվեստում և քանդակագործության մեջ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանին՝ Հայաստանի երաժշտական թանգարանների շարքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի սկզբին կհրատարակվեն գիտական նստաշրջանի արդյունքները, որոնք կարտացոլեն միջազգային սպենդիարյանագիտության արդի վիճակը և կարևոր ներդրում կդառնան ակադեմիական սպենդիարյանագիտության մեջ:

Իրանական «Հերոս» ֆիլմը 2022 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» (ոչ անգլալեզու) անվանակարգի հինգ հավակնորդներից մեկն է։
Ըստ ISNA-ի՝ HFPA-ն (Hollywood Foreign Press Association) հրապարակել է «Ոսկե գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը: Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը ներառվել է լավագույն արտասահմանյան ֆիլմի 5 հավակնորդների ցուցակում
«Հերոսը» 2021 թ. Կաննի 74-րդ կինոփառատոնի մրցութային բաժնում արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին։
Ֆիլմը նաև արժանացել է Asia Pacific Screen Awards- ի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին և ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի (NBR)՝ «Լլավագույն արտասահմանյան ֆիլմ» և «Տարվա լավագույն սցենար» մրցանակներին:
Կինոյի և հեռուստատեսության 79-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 9-ին։

Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը նշանավորվեց համերգով։ Այն տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ հնչեցին Բախի, Պուլենկի, Չայկովսկու, Մանչինիի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը: 1996 թ. Թոփիկյանի հիմնադրած Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտասեր հանրության շրջանում՝ ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ, և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ): Երգչախումբը համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։
2016 թ., երգչախմբի հիմնադրման 20-րդ տարեդարձի առթիվ, իբրև գնահատանք երգչախմբային արվեստի մեջ ունեցած մեծ ներդրման ու 20-ամյա վաստակի՝ կոլեկտիվը ստացավ պետական պարգևներ ու պատվոգրեր և բազում շնորհավորանքներ հանրաճանաչ համաշխարհային փառատոներից։ Կոլեկտիվը 16 ձայնասկավառակ է ձայնագրել։

Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը եզրափակվեց «Խաչատրյան ջազ» սիրված և սպասված համերգային նախագծով։ Դեկտեմբերի 20-ին կայացած համերգի ընթացքում հնչեցին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Ջազային մշակումները կատարել էին Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Խորհրդային Հայաստանի հիմնը, Երիտասարդ քրդերի պարը «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Լեզգինկան «Գայանե» բալետից, Սուսերով պարը «Գայանե» բալետից, Անդատինոն, «Ձոն ցնծությանը» և այլն։ Նվագախմբի հետ ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր) և Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն):
Դեկտեմբերի 14-ից 20-ն անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպվել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնը կրում էր «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը:

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենդարանում առկա են ինչպես Մայր Աթոռի հատարակչության լույս ընծայած, այնպես էլ թեմերի, պատրիրաքությունների, տեղի և սփյուռքյան՝ հրապարակված և մինչ օրս հրապարակվող մամուլի հարյուրավոր օրինակներ: Դրանք համակարգվել, լրացվել և կազմվել են:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, էլեկտրոնային գրացուցակը հասանելի է Ս. Էջմիածնի մատենադարանի պաշտոնական կայքէջում:

Գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը, որն իր գրքերով անդրադառնում է նշանավոր մարդկանց, դեպքերի և իրադարձությունների, այս անգամ գիրք է լույս ընծայել՝ նվիրված լեգենդար ծանրորդ, ժամանակին աշխարհի ամենաուժեղ մարդը համարված Սերգո Համբարձումյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վեպում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, առաջին անգամ ընթերցողը կծանոթանա մեր պատմության էջերի նոր բացահայտումներին:
Շնորհանդեսին ներկայացվեց վավերագրական ֆիլմ, որում գրքի հեղինակը զրուցում է Համբարձումյանի դստեր՝ Սուսաննա Համբարձումյանի, որդու՝ Մհեր Համբարձումյանի հետ: Վերջիններս Աղաբաբյանին են պատմում հոր հետ կապված հետաքրքիր հուշեր:
Ֆիլմում Աղաբաբյանն ասում է՝ գիրքը վավերագրությամբ և գեղարվեստականորեն անդրադառնում է Սերգո Համբարձումյան անհատի անհավանական թվացող փոթորկալից կյանքին, որն ուղեկցվել է Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Հայաստանի ՆԳԺԿ պետ Խաչիկ Մուղդուսու, Աղասի Խանջյանի հետ կապված բազմաթիվ իրադարձություններով:
Իսկ «Բուկինիստ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Խաչիկ Վարդանյանը խոստովանում է՝ երբ սկսել է կարդալ ձեռագիրը, հասկացել է, որ ցանկանում է անընդհատ շարունակել ու ընթերցել է մինչև վերջ՝ մի կողմ թողնելով բոլոր գործերը:
«Կարծում եմ՝ այս գիրքը պետք է հրատարակվեր, և համոզված եմ, որ այն բեսթսելեր է դառնալու»,-շեշտում է Վարդանյանը:
Գրքի խմբագիր Ներսես Աթաբեկյանը «Վերջին անգամ ենք ապրում» գիրքն ինքնատիպ ու յուրահատուկ է համարում և հիշեցնում, որ այն Աղաբաբյանի գրքերի շարքի մի դրվագն է: «Աղաբաբյանն անդրադարձել է հետախույզ Հայկ Հովակիմյանին, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին, Սերգո Համբարձումյանին… Շարքը շարունակվելու է: Նպատակն է հանրայնացնել մեր հաղթանակների պատմությունը: Աղաբաբյանն այդ խնդիրն է լուծում ու մեզ ներկայացնում է մեզ, իսկ հաղթանակները շատ կարևոր են և՛ մարդու, և՛ ժողովրդի համար»,- ընդգծում է խմբագիրը:
Շնորհանդեսը, որին ներկա էին մշակութային, քաղաքական գործիչներ, Աղաբաբյանի մտերիմներն ու ընկերները, ուղեկցվեց երաժշտական կատարումներով: Ելույթ ունեցան ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը, միջազգային մրցանակների դափնեկիր, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը, կոմպոզիտոր Արտյոմ Լալայանը, հավաքվածներին երկու ջազային երգերով ողջունեց գրքի հերոսի որդին՝ Մհեր Համբարձումյանը:
Աղաբաբյանն ընթերցողին հայտնի է «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ», այլ բեսթսելերներով, որոնք բազմիցս վերահրատարակվել են, թարգմանվել ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով:
Պերճ Զեյթունցյանն Աշոտ Աղաբաբյանի մասին գրել է. «Ինչո՞ւ ենք լռում, համարձակորեն ասենք՝ Աշոտ Աղաբաբյանի գրականությունը հենց նոր գրականությունն է, բոլորովին նոր ու հզոր, բարդ հոգեբանական ու ցնցող, ու այդ պատճառով է նաև, որ այսօր ամենաշատը Աշոտի վեպերն են կարդում: «Մենակը» և «Ռեզիդենտը» խենթանալու գործեր են…»:

Ֆրանսիայի Ազգային ժառանգության և ճարտարապետության հանձնաժողովը հավանություն է տվել Փարիզի Աստվածամոր տաճարի ինտերիերի վերանորոգման առաջարկներին՝ չնայած նախաձեռնության հակառակորդների առարկություններին:
artguide.com-ը գրում է, որ նախագիծը նախատեսում է ինտերիերում ժամանակակից արվեստի գործերի և լուսային էֆեկտների ավելացում, թեև քննադատները կարծում են, որ նման նորարարությունները կխախտեն գոթական ճարտարապետության ներդաշնակությունը։
Հանձնաժողովը նաև լիազորել է տաճարի տնօրինությանը փոխել խորանի և այլ իրերի տեղը՝ այցելուների համար ավելի շատ տեղ հատկացնելու համար։
Տաճարի վանահայրը կարծում է, որ այս նորամուծությունները կդարձնեն տաճար այցելելն ավելի հեշտ և հաճելի, ինչպես նաև կստեղծեն «երկխոսություն» միջնադարյան ճարտարապետության և ժամանակակից տարրերի միջև։
Վերակառուցման ծրագիրը քննադատության է ենթարկվել, Ֆրանսիայի ավելի քան հարյուր հասարակական գործիչներ Le Figaro թերթում հրապարակել էին բաց նամակ՝ անդրադառնալով տաճարի վերանորոգման առաջարկներին:
Նիդեռլանդների կառավարությունը պատրաստ է 175 միլիոն եվրո վճարել ֆրանսիական Ռոտշիլդների ընտանիքին հոլանդացի գեղանկարիչ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդտի ինքնանկարի (De Vaandeldrager, 1636) համար։
artguide.com կայքը գրում է, որ նկարը Ռոտշիլդներին է պատկանում 1844 թվականից։ Գնման գործընթացը դեռ չի ավարտվել, քանի որ Նիդեռլանդների կառավարությունը սպասում է խորհրդարանի հաստատմանը: Ամստերդամի Ռայքսթանգարան հիմնադրամը կներդնի 10 միլիոն եվրո, ևս 15 միլիոն եվրո կտրամադրվի Ռեմբրանդտի ասոցիացիայի կողմից: Մնացած 150 միլիոն եվրոն կվճարվի հարկատուների միջոցներից։ Գնումից հետո նախատեսվում է Ռեմբրանդտի աշխատանքը տեղափոխել ամբողջ երկրով մեկ, որից հետո իր տեղը կզբաղեցնի Ռայքսթանգարանում։
Կտավը վաճառքի էր հանվել 2019 թվականին։ Սկզբում Ֆրանսիան արգելք էր դրել նկարի արտահանման վրա՝ այն հռչակելով որպես ազգային հարստություն, սակայն հետագայում հրաժարվել էր գնել այդ աշխատանքը, քանի որ չէր կարող բավարար միջոցներ հայթայթել։
Նիդեռլանդների կողմից գնելուց հետո նկարը ձեռք կբերի պետական սեփականության կարգավիճակ։