Ողջույն բարեկամ-296
Բարի հանդիպում հարգարժան տիկնայք ու պարոնայք, տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ, մեր շատ սիրելի բարեկամներ։ ։Ձեզ մաղթում են նախատոնական բարձր տրամադրություն։ Ինչպես արդեն գիտեք Հայերեն Ռադիոժամն ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ, պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։
․․․Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար.
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար:
Պարույր Սևակ
----
Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը մեկնարկելու է ուրբաթ դեկտեմբերի 31-ին Թեհրանի ժամանակով ժամը 22։50-ին, և կշարունակվի մինչև շաբաթ 2022 թ․-ի հունվարի 1-ի առավոտյան ժամը 00:50-ը, հոգևոր և հաճելի մթնոլորտ ապահովելով Ձեզ համար։
Իրանում մեր ունկնդիրները կարող են հաղորդումն ունկնդրել արտասահմանյան թողարկումների հեռուստաալիքների ցանկում ներառված թվային հեռուստատեսային ընդունիչների և Iran Seda բջջային հավելվածի միջոցով, իսկ Հայաստանում և աշխարհի այլ կետերում՝ Հայերեն ռադիոժամի ինտերնետային կայքի միջոցով, որի հասցեն է Parstoday.com/hy
Հարգարժան ունկնդիրներ, Ձեր տրամադրության տակ են Հայերեն Ռադիոժամի 22013761 հեռախոսահամարը և armenianradio@ ws.irib.ir Էլեկտրոնային հասցեն։ Սիրով սպասում ենք Ձեր ամանորյա ուղերձներին։