Հունվար 04, 2022 09:56 Asia/Yerevan

Խուճապային գրոհն ինտենսիվ վախի հանկարծակի շրջան է, որը կարող է ի հայտ գալ ցանկացած ժամանակ։ Այն սկսվում է հանկարծակի և զարգանում արագ՝ իր գագաթնակետին հասնելով հաշված րոպեների ընթացքում։ Մարդը համակվում է անբացատրելի տանջալից վախով ու տագնապի զգացումով, թեև որևէ իրական վտանգ կամ վախի այլ պատճառ առկա չէ:

Վախը պաշտապանական մեխանիզմ է, որն անհիշելի ժամանակներից օգնում է մարդուն և կենդանիներին ողջ մնալ: Երբ մարդը վախենում է, օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները նրան պատրաստում են պոտենցիալ վտանգին: Նա պատրաստ է հակահարված տալ կամ փախչել:

Իսկ խուճապային գրոհ անվանում են չհիմնավորված, առանց իրական վտանգի վախի դրսևորումները: Այս խանգարումը համարվում է նևրոզի տեսակներից մեկը:

Սա իրականում բավական լուրջ ու տարածված խնդիր է, սակայն մարդիկ ոչ միշտ են կարողանում ինքնուրույն ախտորոշել խուճապային գրոհը՝ ենթադրելով, որ դա պարզապես հույզերի պոռթկում է: Սա է պատճառը, որ խուճապային գրոհների դեպքում շատ քչերն են դիմում մասնագետին՝ անհրաժեշտ օգնություն ստանալու համար:

Առավել հաճախ խուճապային գրոհն առաջանում է նիկոտինային, սննդային ու ալկոհոլային կախվածություններից տառապողների, ինչպես նաև նստակյաց կենսակերպ վարող, չափազանց հուզական ու շատ վախեր ունեցող մարդկանց մոտ:

--- 

Խուճապային գրոհի  դեմ պայքարելու համար հարկավոր է առաջին հերթին կարողանալ ախտորոշել այն, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խուճապային գրոհների հիմնական ախտանշանները, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին:

Խուճապային գրոհի առաջացման պատճառները դեռևս հստակ պարզված չեն: Համարվում է, որ դեր են խաղում հետևյալ գործոնները.

  • Ուժեղ սթրեսը կամ հոգեկան տրավման: Բայց այդպիսի իրավիճակներից հետո ոչ բոլոր մարդիկ են սկսում տառապել խուճապային գրոհից:
  • Ժառանգականությունը: Նշանակություն ունեն նյարդային համակարգի բնածին առանձնահատկությունները: Այդպիսի մարդիկ սովորաբար տառապում են բարձր տագնապայնությամբ, կասկածամտությամբ, տպավորվող և դյուրազգաց են:
  • Էնդոկրին համակարգի առանձնահատկությունները: Մակերիկամների կեղևի հորմոններն ակտիվ մասնակցություն են ունենում վախի առաջացմանը: Դրանք արտազատում են ադրենալին և սթրեսի այլ հորմոններ:
  • Օրգանիզմի ընդհանուր վիճակը: Օրինակ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դժվար տանող մարդիկ ավելի հաճախ են տառապում խուճապային գրոհներից:
  • Ներքին օրգանների հիվանդությունները: Սրտի պաթոլոգիաների դեպքում հաճախ են առաջանում անբացատրելի վախեր:

---- 

Խուճապային գրոհի դրսևորումները

Խուճապային գրոհներից տառապող մարդիկ մշտական ներքին լարվածություն մեջ են: Նրանք իրենց զգում են անօգնական, շրջապատող աշխարհին և սոցիումին չհարմարված: Ավելի հաճախ վախի նոպաները պատահում են երեկոյան ժամերին և գիշերը:

Ինչպե՞ս տարբերել նորմալ վախը խուճապային գրոհից, ինչպե՞ս հասկանալ, որ ունենք այդ խնդիրը: Կազմվել է խուճապային գրոհների առավել հաճախակի դրսևորվող նշանների ցանկը: Եթե որևէ մեկի մոտ առկա է դրանցից գոնե 4-ը, ուրեմն արժե դիմել համապատասխան մասնագետի օգնությանը:

  • Ներքին դող, ձեռքերի և ոտքերի դող, սարսուռ:
  • Բարձր քրտնարտադրություն, սառը կպչուն քրտինք:
  • Հաճախակի երակազարկ, հաճախակի և ուժեղ սրտխփոց:
  • Դիսկոմֆորտ որովայնում, սրտխառնոց:
  • Սրտի շրջանում ցավի և անհարմարության զգացում:
  • Շնչառության դժվարություններ, շնչահեղձության զգացում:
  • Ինչ-որ արարք թույլ տալու, խելագարվելու վախ.
  • Շրջապատող աշխարհի հեռավոր, ոչ իրական ընկալում:
  • Ինքն իրեն կարծես կողքից ընկալելը, զգացումը, որ տվյալ պահին ի վիճակի չեք ինքներդ ձեզ կառավարել:
  • Գլխապտույտ, հավասարակշռության զգացումի խանգարման, գիտակցության կորուստի զգացում:
  • Քնել չկարողանալը:
  • Ձեռքերի և ոտնաթաթերի տհաճ զգացողություններ. սառչել, ծակծկոց, թմրություն:
  • Մահանալու վախ:
  • Մտքերի խառնաշփոթ, կենտրոնանալու անկարողություն:

Այս նոպաները սկսվում են առանց ակնհայտ պատճառների և իրական վտանգի առկայության, հաճախ դրսևորվում կոնկրետ իրավիճակներում, օրինակ, տրանսպորտում, հրապարակային ելույթների ժամանակ և այլն: Դրանք կարող են տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Նոպաների հաճախականությունը նույնպես տարբեր է:

Այս ախտանշաններւ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել կամ անուշադրության մատնել: Հարկ է հիշել, որ խուճապային գրոհից տառապող մարդը պետք է անպայման բժշկական օգնություն ստանա, քանի որ այս խնդիրը ժամանակին չլուծելու դեպքում կարող են առաջանալ տագնապային խանգարումներ և այլ հոգեկան հիվանդություններ:

------------------ 

Ի՞նչ կարելի է անել խուճապային գրոհի ժամանակ

Խուճապային գրոհներն ինքնուրույն հաղթահարելը շատ դժվար է:  Դրանք դրսևորվում են հանկարծակի և լուրջ տառապանք են պատճառում մարդուն: Ժամանակի ընթացքում հիվանդը սկսում է մշտապես գտնվել տագնապային վիճակում, վախենում է հերթական նոպայից: Իջնում է կյանքի որակը, աշխատունակությունը: Այս դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ հոգեբանի կամ հոգեթերապևտի  օգնությանը:

Խուճապային գրոհը բուժում են հոգեթերապիայի և համապատասխան հանգստացնող պրեպարատների միջոցով: Ներկայումս տարբեր հոգեթերապևտիկ մեթոդիկաներ կան, որոնց շնորհիվ հնարավոր է լինում օգնել մարդուն: Շատ ծանր դեպքերում բժիշկը կարող է նաև համապատասխան դեղորայքային բուժում նշանակել:

Միշտ չէ, որ միայն հոգեթերապիայի և դեղերի օգնությամբ հաջողվում է հաղթահարել խուճապային գրոհները: Կարևոր նշանակություն ունի նաև ապրելաձևը փոխելը՝ լիարժեք սնվելը, բավարար քնելն ու հանգստանալը, ֆիզիկական ակտիվությունը և հաճախ մաքուր օդում լինելը սովորություն դարձնելը: Իհարկե, անհրաժեշտ է նաև հնարավորինս կյանքից բացառել կոնֆլիկտները, սթրեսները, հոգետրավմատիկ իրավիճակները: