Գեղարվեստական հաղորդում (304)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։
Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-ամյակի տոնակատարությունների շրջագծում Թեհրանում մեկնարկել է «Ֆաջր» ազգային 40-րդ կինոփառատոնը:
«Ֆաջր» ազգային 40-րդ կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու են իրանական կինոյի անցած մեկ տարվա արտադրանքներն ու իրանցի կինոգործիչների աշխատանքների արդյունքը:
Կինոփառատոնի ավարտին ներկայացվելու են տարբեր անվանակարգերում լավագույնները, որոնց կհանձնվեն «Ֆաջր» կինոփառատոնի խորհրդանիշը համարվող «Սիմորղ» մրցանակներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 24-ին ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Երաժշտական արվեստում Ձեր հեղինակած ժառանգությունն ու ավանդը անգնահատելի են բոլորիս համար: Ուրախ եմ հայրենիքում Ձեզ կրկին տեսնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել»,- ողջունելով մաեստրոյին՝ նշել է Վահրամ Դումանյանը:
Նախարարը հետաքրքրվել է կոմպոզիտորի գործունեությամբ, ընթացիկ աշխատանքներով:
«Աշխատանքը կյանքը քաղցրացնում է»,- ասել է մաեստրոն: Նրա տեղեկացմամբ՝ վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ. երկու մեծ ստեղծագործություն նվիրել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, իսկ վերջին գործը ռեքվիեմ է՝ ի հիշատակ կորոնավիրուսի համավարակի զոհերի: Լորիս Ճգնավորյանը նշել է, որ ամեն անգամ մեծ սիրով և սպասումով է գալիս Հայաստան. «Հայրենիքի հետ ինձ կապում են նաև ամենախենթ հիշողությունները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի մշակման և իրականացման, մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
Վահրամ Դումանյանը կոմպոզիտորին հրավիրել էր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 25-ին կայացած «Հերոսներին. 44» խորագրով համերգին, որի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը: Համերգը նվիրված էր 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:

Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության "Վաչիկ Ղարաբեգյան" սրահում, տեղի ունեցավ դկտ. Շերլի Ավետյանի «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի ներկայացման, Շերլի Ավետյանին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա կաթողիկոսի կողմից "Մեսրոպ Մաշտոց"-ի անվան շքանշանով պարգեւատրման, կոնդակի ընթերցման, եւ շքանշանի հանձնման միջոցառումը, որն նրան հանձնվեց ԹՀԹ Թեմակալ առաջնորդի ձեռամբ:
Միջոցառման ընթացքում ելույթով ներկայացան՝ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնական վարչության նախագահ՝ Հենրիկ Խալոյանը, ԻԻՀ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, ԹՀԹ. Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսյանը եւ դոկտ. Շերլի Աւետյանը:
Դկտ. Շերլի Աւետյանը անդրադարձավ իր հեղինակած գրքի հրատարակման անցած ճանապարհին նշեց, որ անդրադարձ է կատարվել այն հայկական եկեղեցիներին ու վանքերին, որոնք դարերի ընթացքում կառուցվել են Իրանում:
Նա շեշտեց, որ իր գիրքն ավարտվում է Իրանի հայկական վանքերի եւ եկեղեցիների ամբողջական ցանկով:
Միջոցառման ընթացքում ընթերցվեց Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի Առաջնորդների ողջույնի եւ գնահատականի խոսքերն՝ ուղղված Շերլի Ավետյանին:
Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական հայտագրով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Հերոսներին. 44» խորագրով համերգը՝ նվիրված ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:
Համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Համերգին հրավիրված էին նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:
Միջոցառմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը, որը հայտնի է նաև «Զանգերով» սիմֆոնիա անվամբ:
Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունը գրվել է Հայրենական մեծ պատերազմի օրերին: Այն ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է և լավագույնս արտահայտում է այն ապրումները, հայրենիքի հանդեպ նվիրվածությունն ու անկոտրում պայքարը, որը դրսևորել է հայ զինվորը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։
Համերգին զուգընթաց՝ ցուցադրվել է նաև թեմատիկ տեսաշար:

Երևանի «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Վահագն Դավթյանի «Բարի հսկան» խորագրով գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը։
««Վերնատուն» հրատարակչությունը նախաձեռնեց գրքերի մի շարք, որը կոչվում է «Անհատներ»։ Այդ շարքով լույս են տեսնում հայտնի մարդկանց կենսագրականները հիմնականում։ Եվ Վիլյամ Սարոյանի մասին Վահագն Դավթյանի հուշագրությունը այդ շարքի կարևոր գրքերից մեկն է։ Վահագն Դավթյանի «Բարի հսկան» գիրքը վերջին անգամ լույս էր տեսել Խորհրդային Միության տարիներին, դեռևս Վիլյամ Սարոյանի կենդանության օրոք։ Գիտենք, որ Դավթյանը միշտ ուղեկցել է Սարոյանին Հայաստան իր այցերի ժամանակ։ Գիրքը պատմում է Վահագն Դավթյանի և Վիլյամ Սարոյանի բարեկամության մասին, այն հանդիպումների, որոնք եղել են Ֆրեզնոյում, Երևանում», - նշեց «Վերնատուն» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց, որ Վիլյամ Սարոյանի մահվան բոթը ստանալուց հետո Վահագն Դավթյանը սկսում է վերամշակել նրան նվիրված իր հուշագրությունների գիրքը, որի նոր, այս անգամ մոտ 50 էջով ավելացած հրատարակությունը ներկայացվել է ընթերցողին. - «Գրքի վրա Արա Գյուլերի նկարն է՝ Վիլյամ Սարոյանը նստած, թեյի բաժակը ձեռքին։ Շատ հետաքրքիր նախապատմություն ունի նաև Արա Գյուլերի և Սարոյանի կապը, գիտենք, որ Արա Գյուլերը շատ հետաքրքիր ֆոտոշարք ունի Վիլյամ Սարոյանից։ Վիլյամ Սարոյանը այստեղ բոլորովին նոր լույսի տակ է ներկայանում։ Ասեմ ավելին, որ գրքի վերջին էջերը գրվել են, երբ Վահագն Դավթյանը կարդացել էր Վիլյամ Սարոյանի որդու՝ Արամ Սարոյանի կենսագրական հուշագրությունը հոր մասին։ Հիշում ենք՝ երկու հուշագրություն գրեց, որոնցից առաջինում բողոքում էր, դժգոհում էր հորից, ասում էր, որ վատ բնավորություն ուներ... Եվ ահա այդ ազդեցությունների տակ Վահագն Դավթյանը որոշ վերլուծություններ է անում, իհարկե որդուն է մեղադրում, որովհետև, ասում է, ես շփվել եմ Սարոյանի հետ, գիտեմ, թե ինչ կարգի բարի մարդ էր։ Առաջին անգամ Վահագն Դավթյանը մի հոդված է տպում Վիլյամ Սարոյանի մասին մամուլում, վերնագրում է «Բարի հսկան»։ Եվ երբ Սարոյանը հանդիպում է Դավթյանին, պատմում է նրան այդ հոդվածի մասին և Սարոյանը ասում է Վահագն Դավթյանին՝ այդ ի՞նչ հոդված է, վերնագիրը ի՞նչ է, Դավթյանը ասում է՝ «Բարի հսկան»։ Ասում է՝ բարին կհասկընամ, հսկան ի՞նչ է։ Թարգմանում ենք անգլերեն, հավանում է այդ վերնագիրը։ Եվ հետո էլ էդ հուշագրությունը հենց էդպես էլ կոչվում է»։
Վահագն Դավթյանի մոտ երկու հարյուր էջանոց այս հուշագրությունը շատ հետաքրքիր մանրամասներ է բացահայտում Սարոյանի կյանքից։ Այն նաև երկու տասնյակից ավել բացառիկ լուսանկարներ է պարունակում Վահագն Դավթյանի արխիվից, որոնք , արխիվային այլ նյութերի հետ մեկտեղ, սիրով տրամադրել է նրա դուստրը՝ Հասմիկ Դավթյանը։
«Ե'վ Դավթյան սիրողները սա կարող են կարդալ, և' Սարոյանը սիրողները։ Իհարկե, Վահագն Դավթյանը իրեն վայել համեստությամբ մի կողմ է քաշված գրքում, ստվերում է մնում, և առաջին լույսի տակ, բեմում Վիլյամ Սարոյանն է։ Բայց Վահագն Դավթյանը ևս մեծություն է, չմոռանանք, որ այս տարի լրանում է նրա ծննդյան հարյուրամյակը, և հետաքրքիր հարգանքի տուրք է նաև այս գիրքը Վահագն Դավթյանի վառ հիշատակին։ Ոչ միայն Սարոյանի»։

ՀՀ֊ում Ֆրանսիայի դեսպանության «հայ և ֆրանսիացի մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման» ծրագրով Փարիզում գտնվող «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց֊թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը արդյունավետ աշխատանքային հանդիպում են ունեցել Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների դեպարտամենտի ղեկավար Արիեն Թոմայի և վերջինիս տեղակալ Վենսան Բլանշարի հետ։ Այս մասին հայտնում են Էրեբունի» պատմահնագիտական արգելոց֊թանգարանից։
Տեղի ունեցած քննարկումների ընթացքում Լուվրի և Էրեբունի պատմահնագիտական արգելոց֊թանգարանի միջև ձեռք են բերվել ապագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ։ Մասնավորապես, Լուվրի մասնագետները կաջակցեն Էրեբունի թանգարանի ապագա նոր ցուցադրության ստեղծման, ինչպես նաև, Էրեբունի թանգարանի մասնագետների վերապատրաստման գործում։ Կողմերը պատրաստակումություն են հայտնել իրականացնել ընդհանուր ծրագրեր և համագործակցել ուրարտագիտության բնագավառում։

Իսպանիայի Կատալոնիայի մարզի ոստիկանությունը հետաքննում Է մասնավոր տնից Սալվադոր Դալիի (1904 – 1989) երկու գործերի ենթադրյալ գողությունը: Հունվարի 25-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային իրավապահ մարմինների մամուլի ծառայությունում:
«Մենք հետաքննում ենք կոտրանքով գողությունը, որը տեղի Է ունեցել կիրակի երեկոյան Բարսելոնի մի բնակարանում»,- նշել են ոստիկանությունում: Ոստիկանության վարկածով «գողացված իրերի թվում են երկու նկարներ, որոնց հեղինակը կարող Է լինել նկարիչ Սալվադոր Դալին»:
El Pais թերթի վարկածով՝ խոսքը վերաբերում Է գեղանկարչի երկու գործերին, որոնք 1922 թվականին նկարվել են ածխով գրքի նկարազարդման համար: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր գծանկարի արժեքը կազմում Է շուրջ 300 հազար եվրո: Սալվադոր Դալին ծնվել է 1904 թվականի մայիսի 11-ին:
Նա համարվում Է սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա ստեղծել Է հարյուրավոր գեղարվեստական գործեր: Դալին ամուսնացած Էր ծնունդով Կազանից Ելենա Դյակոնովայի հետ (1894 – 1982), որը հայտին Է որպես Գալա: Գեղանկարիչը վախճանվել Է 1989 թվականի հունվարի 23-ին Ֆիգերաս քաղաքում:

Սանդրո Բոտիչելիի «Վշտերի մարդը» կտավը Նյու Յորքի Sotheby's աճուրդի տունը վաճառել է 45,4 մլն դոլարով, հինգշաբթի հայտնել է աճուրդի տան մամուլի ծառայությունը։
Կտավը վերջին անգամ վաճառվել է 1963 թվականին 26 000 դոլարով: Այն ստեղծվել է ավելի քան հինգ հարյուր տարի առաջ:
Աճուրդը տևել է մոտ յոթ րոպե: Գնորդի անունը չի նշվում։
Թեև Վերածննդի դարաշրջանի ստեղծագործության գինը բավականին բարձր է, սակայն այն ռեկորդային չէ Sotheby's-ում Բոտիչելիի գործերի համար. 2021 թվականին Բոտիչելիի վրձնած կտավը վաճառվել է 92,2 միլիոն դոլարով։

Ամերիկյան Վաշինգտոնի շրջանում գտնվող փոքր քաղաքում պատմական շենքում վերանորոգում իրականացնելիս ամուսնական զույգը մտադիր էր այն վերածել սրճարանի, սակայն արդյունքում ջանքեր են գործադրում հնագույն որմնանկարները վերականգելու համար:
Ինչպես ներկայցնում է CNN-ը, Նիք և Լիսա Թիմերը 2021 թվականի վերջին գնել են շինությունը, որը գտնվում է մի քանի ժամվա ճանապարհի վրա Սիեթլից: Անցյալ շաբաթ նրանք 18 մետր լայնությամբ և 6 մետր երկարությամբ որմնանկարներ են հայտնաբերել շենքի հյուսիսային և հարավային պատերին:
Հայտնի է, որ 1907 թվականին շինությունը որպես կինոթատրոն է ծառայել, այնուհետև նաև որպես լողավազան և նույնիսկ աքլորակռվի վայր:
Տեղի պատմական հարցերով միությունը հաջողացրել է 1915 թվականի թերթ գտնել, որը բացահայտում է որմնանկարների նախնական ծրագիրը: Տեղաբնակ նկարիչներից մեկը հանձն է առել վերականգնել որմնանկարները: