Ողջույն բարեկամ-303
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Երեկոն կիրակի է և ինչպես յուրաքանչյուր կիրակի այսօր ևս հայերեն ռադիոժամը հյուրըկալվում է Ձեր ջերմ օջախում։
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
Վ. Տերյան
Փետրվարի 12-ին նշվեց Ս. Սարգիս զորավարի տոնը: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է։ Նա երիտասարդների արագահաս բարեխոսն է։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Ս.Սարգիս զորավարի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: