Փետրվար 27, 2022 11:28 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։

 

Մայրաքաղաք Թեհրանի  բազմամարդ ցուցասրահներից մեկում՝ «Աթաշզադ»-ում բացվել է իրանահայ նկարչուհի Մառլեն Դավթյանի «սպասումով» խորագիրը կրող անհատական, ջրաներկով նկարված կտավների ցուցահանդեսը։

Գարնանային զարթոնքը, եւ կյանքի գունային խառնուրդն ու բազմերանգությունը տեղ են գտել Մառլեն Դավթյանի կտավներում։

34-ամյա նկարչուհին գույների սիրահար է, եւ ինչպես ինքն է ասում գույները նրա ստեղծագործական ու ոգեշնչման աղբյուրն են, գույների միախառնմամբ նա արարում է, իսկ այս անգամ՝ գույների տարբեր լուծումներով, եւ այլընտրանքային մատուցման փորձերով, նկարչուհին ազդարարել է գարնան մեկնարկը, եւ նոր կյանքի սկիզբը։

Թեեւ, իր այս տարվա ցուցադրությանը, Մառլենը պատրաստվել է կորոնավիրուսային ժամանակաշրջանում, այդուհանդերձ, նրա ստեղծագործություններում բացարձակապես տեղ չեն գտել հուսահատության մթնոլորտը եւ միագունությունը, այլ աշխատել է բազմազանության երանգների հետ՝ բազում գունային պատկերացումներով:

Հատկանշական է, որ «Սպասումը» նրա երկրորդ անհատական ցուցադրությունն է: Առաջինը տեղի է ունեցել է 2018 թվականին՝ «Ֆարհանգսարա-է-Մելլալ» ցուցասրահում։ Իսկ խմբային տարբերակով, նա մասնակցել է մի քանի այլ ցուցահանդեսների։

«Շատ զգացված եմ, եւ շնորհակալ բոլոր նրանց, որոնք միշտ ինձ աջակցել են, իմ կողքին են եղել, մասնավորապես՝ մայրիկիս եւ ընկերոջս, որոնք իրենց խորհուրդներով նպաստել են իմ աշխատանքների կատարելագործմանը»,- զրույցում ասել է Մառլեն Դավթյանը եւ հավելել, որ երկու տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել ցուցադրության կայացման ուղղությամբ։

Նշենք, որ իրանահայ նկարչուհու ցուցահանդեսը շարունակվեց մինչեւ չորեքշաբթի՝ փետրվարի 23-ը։

 

 

Փետրվարի 21-ին Հայաստանում նշվեց Մայրենի լեզվի տոնը։ Փետրվարի 21-ը մայրենի լեզուների օր է հռչակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է ողջ աշխարհում 2000 թվականից։ Հայաստանում այն սկսեց նշվել 2005 թվականից։

Այս օրը Գրողների միությունում ավանդաբար հանձնում են տարբեր անվանակարգերում միության ամենամյա մրցանակները։ Նույն օրը տեղի ունեցած հանդիսության ժամանակ միության նախագահը Էդվարդ Միլիտոնյանը հայտարարեց մրցանակակիրների անունները և հանձնեց մրցանակները՝ 2021 թվականին իրենց ստեղծագործական ձեռքբերումները գրանցած գրողներին։

Հանդիսության մեկնարկից առաջ նա լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդգծեց. - «Մենք մտածեցինք, որ լավ կլինի Մայրենիի օրը մենք մրցանակները հանձնենք։ Մայրենին ամենաբարձրակետով ներկայանում է գրականության մեջ, գեղարվեստի մեջ։ Էնպես որ, մենք որ ասում ենք հայոց լեզու, մենք որ խոսում ենք գրականությունից, հենց հայոց լեզվի հիմնական դաշտի մասին է, հիմնական էության, հիմնական ոգու մասին է, որը մեր գրականությունը պիտի պահպանի հզոր, խորը, արմատական և նաև ընթացքի մեջ եղող լեզուն»։

Արձակի անվանակարգում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակը հանձնվեց Մհեր Իսրայելյանին՝ «Մեն ու միակ մոլորակ» գրքի համար, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը հրապարակախոսության բնագավառում հետմահու շնորհվեց Վաչագան Մանուկյանին՝ «Չկորցնեք լույսը» գրքի համար, Հովհաննես Մասեհյանի անվան թարգմանական մրցանակը հանձնվեց Սուրեն Դավթյանին՝ «Աստղային մարդ» գրքի թարգմանության համար։ Մեր անվանի գրողների անունը կրող անվանակարգերում անցյալ տարի հրատարակած գրքերի համար մրցանակների արժանացան նաև Ֆելիքս Բախչինյանը, Ներսես Խառատյանը, Վանո Եղիազարյանը, Արևշատ Ավագյանը, Շանթ Մկրտչյանը և Կարինե Խալատովան։ Ի դեպ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Կարինե Խալատովան արժանացել է Եղիշե Չարենցի անվան մրցանակին՝ Զապել Եսայանին նվիրված «Խիզախ կինը» գրքի համար։

«Զապել Եսայանը իսկապես վերջին տարիները՝ սկսած Ադանայի իր ճամփորդությունից, թե ինչ է արել մեր երեխաներին, որբերին ազատագրելու, օգնելու համար, մինչև գալը Սովետական Միություն, այդ ստալինյան ժամանակների մասին։ Նամակները բանտից առաջին անգամ ես տպագրել էի 90-ականների սկզբներին, հիմա բոլորը այստեղ են տպագրված՝ ռուսերեն, հայերեն։ Այս գիրըք ինձ համար շատ թանկագին է, որովհետև երբ որ պիտի գնար տպագրվելու, 44-օրյա պատերազմն էր, և արդեն ես որոշեցի գիրքը նվիրել Արցախի փառապանձ պաշտպաններին»։

Գրողների միության ամենամյա մրցանակաբախշությունը իրականացվում է միության նախագահության և վարչության անդամների կողմից, և ինչպես ընդգծում է նախագահության անդամներից մեկը՝ գրող, թարգմանիչ Վան Արյանը, այս մրցանակաբախշությունը նաև նոր անուններ է ի հայտ բերում. - «Մի ժամանակ մեզ ասում էին՝ անընդհատ նույն անուններն են, անընդհատ երևում են նույն անունները, բայց այս անգամ այնպիսի անուններ կան, որոնք միշտ չէ, որ մրցանակակիրների շարքում են, և դա հաճելի է։ Բայց ինքնին դա գրողին ինչ-որ տեղ թև է տալիս, քաջալերում է։ Դա իր արածի գնահատման մի կերպ է, մի ձև է։ Մրցանակները աշխատել ենք որքան հնարավոր է լինի օբյեկտիվ, բայց դե գրողները նեղացող մարդիկ են, չստացողները միշտ նեղանում են, ստացնողները՝ ուրախանում»։

«Շատ լավ է, որ գրողը մրցանակն է ստանում։ Նախ իր համար, և երկրորդը՝ ընթերցողի։ Որովհետև ընթերցողը արդեն ճանաչում է, գրողի անունն է հնչում, գրողի գրքի անունը», - ասաց Միլիտոնյանը՝ հավելելով, որ մրցանակը ենթադրում է նաև որոշակի դրամական պարգը. - «Մեզ այդ իմաստով օժանդակում է մեր բարերարներից ամերիկահայ գրող Նաթելդա Լալաբեկյանը»։

 

 

«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը։

Հիմնադրամի գլխավոր նպատակն է  պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։

Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը հանդիսանում է հենց հիմադրամը և նախանձախնդիր հետևելու է Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։

Հիմնադրամը նախատեսում է մշակութային և կրթական ծրագրեր։

Առաջին մեծ ծրագիրը դա Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը  կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երևանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։

Հիմնադրամի ծրագրերում է նաև ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» HAYKO MUSIC FEST ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը։

Հիմնադրամն ուզում է ստեղծել երաժշտական գրականություն՝ նոտագրելով Հայկոյի ստեղծագործությունները։ Սրա նպատակն է ժամանակակից կոմպոզիտորական միտքը դարձնել հասանելի երաժիշտների համար, դասագրքային մոտեցմամբ փորձել այն կիրառել երաժշտական ուսումնական հաստատությունների ջազային ֆակուլտետներում։

Հիմնադրամը կունենա նաև կրթական ծրագրեր և կրթաթոշակներ։

Հայկոյի հիսնամյակին ընդառաջ կստեղծվեն գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր Հայկո կոմպոզիտորի և նրա ստեղծագործական կյանքի մասին։

Հայկոյի երգերի հիման վրա կստեղծվի երաժշտական ներկայացում, որը կունենա իր խաղացանկային գրաֆիկը։

Հիմնադրամի նախագահն է Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ  երգիչ, երգահան Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։

 

 

Երևանում էին գտնվում անվանի երաժիշտներ, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիրներ, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար, դիրիժոր Վասիլի Պետրենկոն և դաշնակահար Սիմոն Տրպչեսկին՝ Հյուսիսային Մակեդոնիայից։

Փետրվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում նրանք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկան համերգով, որի ծրագրում տեղ էին գտել Վեբերի, Ռավելի ստեղծագործությունները և Բրամսի թիվ 1 սիմֆոնիան։

Համերգից առաջ հրավիրված ասուլիսին Հայաստանի ազգայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը ներկայացնելով Վասիլի Պետրենկոյին՝ շեշտեց, որ նա այսօր աշխարհի ամենապահանջված դիրիժորներից է. - «Ուրախ եմ, որ Պետրոնկոյի նման մեծագույն դիրիժորը Հայաստանում է։ Շատ հայտնի դիրիժոր, որ աշխարհի լավագույն նվագախմբերի հետ է աշխատում։ Մեր ձգտումը միշտ եղել է, որ օրկեստրը առաջ գնա, որ լինի լավագույն օրկեստրների մեջ մի օր։ Եվ հիմա մեծ ձգտում ունենք ամենաբարձր կարգի դիրիժորները որպեսզի գան ու աշխատեն մեր ֆիլհարմոնիկի հետ։ Այս տարի մեզ հաջողվել է, ունենք մի քանի այդ կարգի դիրիժոր, և հիմա մեր կողքին Վասիլի Պետրենկոն է, որը աշխարհի լավագույն, փայլուն դիրիժորներից մեկն է, ամենամեծ, ամենահանրահայտ։ Եվ իր հետ ունենք Սիմոն Տրպչեսկուն, որն արդեն քաջ ծանոթ է հայաստանյան ունկնդրին։ Պատճառներից մեկը նա է, որ իրենք շատ հաճախ են իրար հետ նվագել։ Շնորհավորում եմ նախ մեզ, հետո մեր ունկնդրին»։

Վասիլի Պետրենկոն ասաց, որ 35 տարի առաջ է առաջին անգամ եղել Հայաստանում ծնողների հետ, երբ 12 տարեկան հասակում պարզապես հյուր էին եկել։ Այս անգամ արդեն բոլորովին այլ է։ Նա ղեկավարելու է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, և արդեն իսկ տեղի ունեցող նվագախմբի հետ փորձերից պարզ է, որ փոխըմբռնման մակարդակը շատ լավն է։ Առհասարակ, ընդգծում է Վասիլի Պետրենկոն, համերգի հաջողությունը, նվագախմբի և դիրիժորի արդյունավետ համագործակցությունը մեծ չափով կախված է այն բանից, թե որքանով է նվագախումբը համամիտ դիրիժորին և ինչպես է կարողանում իրականացնել առաջադրված գաղափարները։ Իսկ Ֆիլհարմոնիկ նվագախումբը, նրա համոզմամբ, ընդունում է իր մեկնաբանությունները և հրաշալի համագործակցություն է ստացվում։

Դաշնակահար Սիմոն Տրպչենսկին արդեն մի քանի անգամ է ելույթ ունեցել Հայաստանում և' Ազգային ֆիլհարմոնիկ և' Պետական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Շեշտում էր, որ ամեն անգամ մեծ հաճույքով է ընդունում հյուրախաղերի հրավերը, հատկապես մեծ համավարակի այս ժամանակաշրջանում։

Համերգային ծրագիրը դիրիժորի ընտրությամբ է եղել։ Ծրագրում ընդգրկված Բրամսի թիվ 1 սիմֆոնիան բացում է Խավարից դեպի Լույսը տանող ճանապարհը։ «Մեր կյանքի իմաստը, Բրամսի կյանքի իմաստը աշխարհը ավելի լավը դարձնելն է», - ասաց Պետրենկոն։

 

 

Ֆրանսիայի հարավ-արեւելքում աղբակույտի մեջ հայտնաբերվել է նկարիչ Անրի Մատիսի անհայտ կտավը։

Գնահատող-աճուրդավար Ջենիֆեր Պրեմպիե-Ռոլլանի խոսքով՝ նա նկարը գտել է Վար դեպարտամենտի տներից մեկում՝ խնամակալություն կազմելիս գույքը ստուգելու ժամանակ:

Գծանկարը կանացի դիմանկար է։ Այն պահվում էր ստվարաթղթե տուփի մեջ՝ աղբի կույտի տակ։

Գծանկարն այժմ արվեստաբանական փորձաքննություն է անցնում։

Մոտ մեկ տարի առաջ նույն գնահատողը գտել էր Հելեն Մերսիեի՝ արքայադուստր Գոլիցինայի դիմանկարի էսքիզը, որը կորել էր 1948 թվականին: Պարզվել էր, գծանկարը պահվում էր Մանոսկ կոմունայի բնակչուհու պահարանի մեջ։ 2021 թվականի մայիսին էսքիզն աճուրդում վաճառվեց 220.000 եվրոյով։

 

152 տարի անց այսպես կոչված մոաին՝ հազարամյա քարե մոնոլիտ արձանը Խաղաղ օվկիանոսում գտնվող Զատկի կղզուց, Չիլիի բնական պատմության ազգային թանգարանի կողմից կվերադարձվի ռապա նուի ժողովրդին: Այս մասին իրենց պաշտոնական կայքում հայտնել են թանգարանի ներկայացուցիչները, որոնց ցուցահանդեսում արձանը ցուցադրվում էր 1878 թվականից:

Մոայ Տաուն, ինչպես նաեւ կոչվում է արձանը, սկսում է իր վերադարձը բարդ տեխնիկական եւ դիագնոստիկ գործընթացից հետո, որը երաշխավորում է կառուցվածքային ամբողջականությունը բազալտե ժայռի այս կտորի տեղափոխման ժամանակ, որն իրենից նախնիների ոգու մարմնավորում է ներկայացնում: Ներկայումս Զատկի կղզում 887 մոաի արձան կա, սակայն «Կա Հակա Հոկի Մայ Տե Տուպունայի հայրենադարձության ծրագիրը», որի նպատակը «նախնիների սուրբ մարմինները» կղզի վերադարձնելն է, ենթադրում է, որ կղզուց երբեւէ դուրս բերված արձանները պետք է վերադարձվեն: Ռապա նուիների համար իրենց նախնիները, նրանց իրերը եւ ծիսական պարագաները կարող են նույնքան կենդանի լինել, որքան իրենց համայնքի անդամները:

Մոայ Տաուն մոնոլիտ բազալտե ժայռային քանդակ է, որը 715 կգ է կշռում եւ տեղադրված է 230 կգ բետոնե հարթակի վրա: Արձանը տեղափոխելու համար 116 կգ քաշով նոր մետաղական հիմք եւ 194 կգ կշռող հատուկ փաթեթ է պատրաստվել՝ այն պաշտպանելու համար։ Ընդհանուր 1255 կգ-ն թանգարանի երկրորդ հարկից տեղափոխվել է բեռնատարի մեջ, որն այդ ամենը հասցրել է Վալպարաիսո նավահանգստում վայրէջքի վայր, որտեղից փետրվարի 28-ին մոաին Rancagua նավով կտեղափոխվի Զատկի կղզի:

Հայրենիք վերադառնալուց հետո այս մոաին կցուցադրվի Սեբաստիան Էնգլերտի անվան մարդաբանական թանգարանում։ Ավելի վաղ ռապանույցիները  Բրիտանական թանգարանին եւս խնդրել էին վերադարձնել վաղ շրջանի արձանը՝ Հոա Հաքանանաիա մոաին, որը կղզուց դուրս էր բերվել 1868 թվականին: