Մարտ 10, 2022 16:16 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։


 

Հինգշաբթի՝ մարտի 3-ին Թեհրանի հայ Մշակութային «Արարատ» կազմակերպության «Խաժակ Արզումանյան» ցուցասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Լեոնի (Լալիկ) Թաշճյանի կտավների, արվեստագետներ Օֆիկ Նազարյանի եւ Մարո Զովելյանի ձեռքի աշխատանքների ցուցադրությունը՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպության Արվեստից միության եւ «Արտակ Մանուկյան» թանգարանի կազմակերպմամբ: Ստեղծագործությունների զգալի մասը հասարակությանը ներկայացվեց առաջին անգամ:

Ցուցահանդեսի բացման հանդիսությանը ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանը, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչության նախագահ Հենրիկ Խալոյանը, փոխնախագահ Արա Գալստյանը, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչության մյուս անդամները, «Արտակ Մանուկյան» թանգարանի նախագահ Ալիս Շահմուրադյանը, Հ. Մ. «Սիփան» միության նախագահ Արա Մկրտչյանն, ազգային մարմինների եւ միությունների այլ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբին բացման խոսքով հանդես եկավ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արվեստից միության անդամ Մեղեդի Նազարյանը, որի ընթացքում անդրադարձավ միջոցառման կազմակերպման նպատակներին, արվեստագետների ստեղծած մնայուն արժեքների արժեւորման կարեւորությանը, եւ նրանց թողած ավանդին՝ հայության պատմության, եւ հայկական արվեստի պահպանման ուղղությամբ, եւ այն նոր սերնդին փոխանցելու անհրաժեշտությանը:

Այնուհետեւ, իր խոսքը ներկայացրեց Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչության նախագահ Հենրիկ Խալոյանը: Նա իր խոսքերում նշեց, որ «Արարատ» կազմակերպության «Խաժակ Արզումանյան» ցուցասրահի պատմությունը այս ցուցադրության արդյունքում հարստացավ եւս երեք հանճարեղ արվեստագետի ստեղծագործությունների ցուցադրման պատվավոր իրադրությունով:

Նա, մասնավորապես կարեւորեց սերունդների թողած մնայուն արժեքներն լայն հասարակությանը մշտապես ներկայացնելու անհրաժեշտությունը: Շեշտեց, որ նման միջոցառումները արվեստասեր հասարակության համախմբման եւ տարատեսակ քննարկումների առիթ է տալիս:

Հենրիկ Խալոյանն ընդգծեց, որ ցուցադրող ստեղծագործությունները արտացոլում են հեղինակների անցած ճանապարհն ու ամբողջ կյանքի ընթացքում կատարած աշխատանքը եւ ներդրած ավանդն, որոնք նպաստել են հայ մշակույթի զարգացման, ճանաչմանն ու տարածմանը:

Միջոցառման ավարտին կազմակերպիչների անունից արվեստագետներին նվիրվեց հուշանվերներ:

 

 

Ֆիլմարտադրողների սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կարող են վատ հետևանքներ թողնել  Հայաստանի կինոթատրոնների վրա. կինոթատրոններն ակնկալում են, որ իրենց գործընկեր դիստրիբյուտոր ընկերությունները կլուծեն խնդիրը։

«Երևան Մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը նշեց՝ մոլում գործող «Կինոպարկ» կինոթատրոնը վարձույթները ձեռք է բերում Ռուսաստանից։ Նա հավելեց, որ տարածաշրջանում ֆիլմերի դիստրիբյուտոր Ռուսաստանն է համարվում։ Պայմանագրերը կազմվել են նախօրոք, չեն պատրաստվում որևէ ֆիլմ հանել ֆիլմացանկից։ Եթե պատժամիջոցները ազդեցություն ունենան, հայաստանյան կինոդիտողները կզրկվեն մեծ էկրաններին ֆիլմեր նայելու հաճույքից։

«Մենք ամեն օր մեր գործընկեր դիստրիբյուտորների հետ կապի մեջ ենք, զարգացումներին ենք սպասում։ Այո, մենք գիտենք, որ կարող է լինեն ֆիլմեր, որոնց ցուցադրությունը մենք ամիսներ առաջ գովազդել ենք, բայց դրանք կասեցվեն։ Պաշտոնական հայտարարություն չունենք դիստրիբյուտորների կողմից։ Ենթադրում ենք, որ մոտ օրերս հստակ տեղեկություններ կստանանք»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ավագիմյանը։

Վերջինիս խոսքով՝ ռուսական ընկերությունները պարտավորվածություններ ունեն իրենց հանդեպ։ Ակնկալում են, որ այս խնդիրները հենց նրանք պետք է լուծեն։

«Լիահույս ենք, որ մեզ պիտի այլընտրանքային տարբերակներ տան և բանակցեն ստուդիաների հետ, որպեսզի  Հայաստանում ֆիլմերը  ցուցադրվեն։ Այս տարբերակը կյանքի կոչելու համար մեր դիստրիբյուտորը պետք է բանակցի»,- նշեց նա։

Ավագիմյանի խոսքով՝ չեն կարող քննարկել ֆիլմերը անգլերեն տարբերակով ցուցադրելու հարցը։ Վստահեցնում է՝ հնարավոր չէ ուղիղ ֆիլմարտադրողներից անգլերեն տարբերակով ֆիլմեր վերցնել։

«Մոսկվա» կինոթատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ արդեն մտածում են այլընտրանքների մասին։ Դրանք շատ չեն, եթե պատժամիջոցները Հայաստանի վրա էլ ազդեն, խնդրի առաջ են կանգնելու։ Վստահեցնում է՝ նոր համագործակցություններ գտնելն այդքան էլ հեշտ չէ։

«Վստահ ենք մեր գործընկեր դիստրիբյուտոր կազմակերպությունները այլընտրանքային տարբերակ իրենց կողմից ևս կունենան։ Հիմա միայն կանխատեսումներ կարող ենք անել, իսկ գործողությունները բացառապես պաշտոնական հաղորդագրություն ստանալուց հետո ենք նախատեսում»,- նշեց Խաչատրյանը։

Վերջինս, անդրադառնալով համացանցում տարածված այլընտրանքային տարբերակներին նշեց, որ անգլերեն տարբերակով ֆիլմեր վաղուց են ցուցադրվում կինոթատրոններում։ Անգլերեն տարբերակով ուղիղ ֆիլմարտադրողից ֆիլմերը գնելը, նրա գնահատմամբ՝ ֆանտազիայի ժանրից են:

«Եթե լավագույն սցենարի դեպքում մենք հասնենք նրան, որ ուղիղ ֆիլմարտադրողից անգլերենով ֆիլմեր կարողանանք ձեռք բերել, հանդիսատեսի կրճատում կունենանք։ Ենթագրերով ֆիլմերին ևս նույն ճակատագիրն է սպասվում»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նա վստահեցրեց՝ Հայաստանում ֆիլմերը թարգմանելը ձեռնտու չէ. Հայաստանի  շուկան փոքր է, իսկ գործընթացը ճիշտ և գրագետ կազմակերպելու համար մեծ ներդրումներ են պահանջվում։

Հայաստանյան կինոթատրոններից վստահեցնում են՝  «Բեթմեն» ֆիլմը վստահաբար ցուցադրվելու է Հայաստանում։

The Walt Disney Company ամերիկյան ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում Է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում: «Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա եւ ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք դադարեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, այդ թվում՝ «Ես կարմրում եմ» Pixar-ից» մուլտֆիլմի առաջիկա ցուցադրությունը»,-ասվում Է Disney ընկերության հայտարարության մեջ:

Warner Bros. ընկերությունը չեղարկել Էր «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ուկրաինայի իրադրության պատճառով: «Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի լույսով WarnerMedia-ն կասեցնում Է իր գեղարվեստական ֆիլմի՝ «Բեթմեն»-ի Էկրան բարձրանալը Ռուսաստանում»,-ԶԼՄ-ները մեջբերում են WarnerMedia-ի ներկայացուցչի խոսքը:

Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում պետք Է կայանար մարտի 3-ին:

 

 

Կաննի կինոփառատոնի թիմն իր ամբողջական աջակցությունն է հայտնել ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ֆրանսիայի կինոփառատոնը որոշել է այս տարի չընդունել ռուսական պաշտոնական պատվիրակությանը։

2022 թվականի Կաննի կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։

«Որոշում է կայացվել, որ եթե ագրեսիվ պատերազմը չդադարի ուկրաինացի ժողովրդին բավարարող պայմաններով, չընդունել Ռուսաստանի պաշտոնական պատվիրակություններ և թույլ չտալ որևէ մեկի ներկայությունը, որը կապված է Ռուսաստանի կառավարության հետ», - հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։

Այս տարի փառատոնը տեղի կունենա մայիսի 17-28-ը։

 

 

Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնը չեղարկել է «Մեծ թատրոնի» արտիստների հյուրախաղերը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է բրիտանական թատրոնի պաշտոնական ներկայացուցիչը։

««Մեծ թատրոնի» բալետի ամառային հյուրախաղերը «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնում գտնվում էր պլանավորման վերջին փուլում: Ցավոք, ներկա պայմաններում հյուրախաղը չի կարող կայանալ»,- ասվում է Լոնդոնի թատրոնի հայտարարության մեջ:

Լրացուցիչ տեղեկատվություն չի հաղորդվում։

 

 

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ  Ռուսաստանը չի կարող մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Եվրոպական հեռարձակողների միության գործադիր խորհուրդը փետրվարի 25-ին որոշում է կայացրել «Եվրատեսիլ» երգի մրցույթի ղեկավար մարմնի առաջարկությամբ՝ ելնելով միջոցառման կանոններից և ԵՀՄ-ի արժեքներից»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տեղադրված է կազմակերպության կայքում։

Կազմակերպությունն այս որոշումը բացատրել է ուկրաինական ճգնաժամով, քանի որ Ռուսաստանի մասնակցությունը կարող է վնասել մրցույթի հեղինակությանը։

Տեքստում նշվում է, որ հեռարձակման միությունը որոշում կայացնելուց առաջ խորհրդակցություններ է անցկացրել իր անդամների միջև։

 

 

Լիտվայում ՀՀ պատվո հյուպատոսության եւ Լիտվայի ազգային գրադարանի կողմից պաշտոնապես ներկայացվեց դեռ անցյալ տարի Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ կազմակերպմամբ լիտվերեն վերահրատարակված Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» բացառիկ աուդիո գիրքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է նախկինում Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում, իսկ այժմ՝ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Հպարտ եմ, որ նման արժեքավոր, մնայուն եւ շատ առումներով օրինակելի գործ ենք թողել։ Շնորհակալ եմ Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասին, Լիտվայում Վատիկանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Պետար Ռայիչին, Բալթյան երկրներում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին, Լիտվայում ՀՀ պատվո հյուպատոս Կարապետ Բաբայանին, Լիտվայում հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին, որոնք աջակցեցին մեզ այս աշխատանքը կյանքի կոչելու համար եւ հիմա էլ ջանք չեն խնայում այն պատշաճ ձեւով ներկայացնելու համար։ Ուրախ եմ, որ հայ ժողովրդի լիտվացի մի շարք բարեկամներ մասնակցել են միջոցառմանը։ Շնորհակալ եմ Լիտվայի ազգային գրադարանի տնօրեն, իմ ընկեր Ռենալդաս Գուդաուսկասին միջոցառումն իր հարկի տակ ընդունելու համար։ Տպավորիչ է լիտվացի դերասանների կողմից ընթերցանությամբ միջոցառման անցկացումը»,- գրել է Տիգրան Մկրտչյանը:

 

 

Անգլիայի բնակիչը տուն է գնել եւ այնտեղ 300 000 ֆունտ սթեռլինգ ընդհանուր արժողությամբ անտիկվարիատի հավաքածու գտել: Տղամարդու խոսքով՝ գտածոյի մեծ մասը վերաբերում է անցյալի տարիների նորաձեւությանը ։

Ալեքս Արչբոլդը հին տունը գնել է նախորդ սեփականատիրոջ մահից հետո: Գործարքի համար տղամարդը վճարել է 7331 ֆունտ սթեռլինգ՝ այս արժեքը ներառել է նաեւ նախորդ բնակիչների թողած բոլոր իրերը: Բրիտանացին, ով երկար տարիներ հնաոճ իրեր է գնել ու վաճառել, սկսելով հնոտիները ջոկել, անմիջապես հասկացել է, թե ինչպես է իր բախտը բերել։

Պարզվել է, որ տանը Tiffany-ի բազմաթիվ վինտաժային զարդեր կան եւ Chanel-ի եւ Burberry-ի հագուստով մի ամբողջ զգեստապահարան։ Բացի այդ, Ալեքսը գտել է փողով լի դրամապանակներ, 100 ունցիա կշռող արծաթյա ձուլակտոր եւ ոսկե ու ադամանդե մատանիներով լի պայուսակներ։

«Սա լավագույն ներդրումն է, որը ես երբեւէ արել եմ»,- մեկնաբանել է նա:

Արչբոլդը հաշվել է, որ ընդհանուր հավաքածուն մոտ 300 000 ֆունտ սթեռլինգ արժե։ Տղամարդը մտադիր է հայտնաբերված իրերը աճուրդի հանել։

 

 

Մինչ այժմ Չիլիի Ակատամա անապատում հայտնաբերված չինչորոյի մումիաները համարվում էին ամենահինը, դրանք 7000 տարեկան են։ Եգիպտոսում թաղման նման սովորույթները 5600 տարի առաջ են սկսել կիրառվել։

Իսկ Պորտուգալիայի Սադու գետի հովտում հայտնաբերված մումիաները մոտ 8000 տարեկան են, հայտնում է «Աշխարհի շուրջը» պորտալը՝ վկայակոչելով SceinceAlert-ին։

Գիտնականները կարծում են, որ նախապատմական ժամանակներում մումիֆիկացումը սովորական թաղման պրակտիկա է եղել: Բայց դա բավական դժվար է ապացուցել՝ փափուկ հյուսվածքները ժամանակի ընթացքում քայքայվում են, որքան էլ մումիֆիկացման հմտորեն արված լինի։

1960-ականներին Պորտուգալիայում հայտնաբերված մնացորդները փափուկ հյուսվածքներ գրեթե չեն պահպանել: Ենթադրյալ մումիաները տեղափոխել են Պորտուգալիայի Հնագիտության ազգային թանգարան, սակայն հետազոտությունները դադարեցվել են պեղումների վայրից անորակ լուսանկարների պատճառով:

Վերջերս գիտնականները հայտնաբերել են նախկինում կորած նկարներ, որոնցում երեւում է մնացորդների տեղը։ Սա հնարավորություն է տվել թաղման ծեսը մանրամասն վերականգնել եւ հասկանալ, թե ինչպես են վերաբերվել աճյուններին մինչեւ թաղումը:

Բացի այդ, մարդաբանները մի շարք փորձեր են անցկացրել մարմնի քայքայման վերաբերյալ եւ պարզել են, որ կան մումիֆիկացման նշաններ: Դրանք են՝ խիստ ծալվածված վերջույթները, էկզարտիկուլյացիայի բացակայությունը (անդամահատում՝ առանց ոսկրային հյուսվածքների սղոցման), ոսկորների վրա նստվածքները։