Գեղարվեստական հաղորդում (310)
Թանկագին բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։
Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի 125-ամյակին, հեղինակին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել ոչ միայն նրա ծննդյան օրը՝ մարտի 13-ին, այլև ամբողջ տարվա ընթացքում կկազմակերպվեն միջոցառումներ: Նախատեսվում են գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, նամականիշի մարում, «Եղիշե Չարենց-125» հուշամեդալի շնորհանդես, օպերային ներկայացման պրեմիերա, հուշատախտակի բացում և այլ նախաձեռնություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնական միջոցառումներին ընդառաջ՝ մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասել է՝ եթե մենք ուզում ենք անցնել ազգային ինքնաճանաչողության դժվարին ու բարդ ճանապարհով, պետք է ընթերցենք Չարենց, եթե ուզում ենք սթափ տեսնել մեր տեղն ու դիրքը համաշխարհային վայրիվերումներում, աշխարհաքաղաքական ու մշակութաբանական գործընթացներում, մենք չենք կարող շրջանցել Չարենցին, եթե ուզում ենք, որ մեր սերունդները զգան հայոց բառի, հայոց լեզվի ուժը, հմայքն ու հարստությունը, ապա առանց Չարենցի դա անել հնարավոր չէ, և եթե մենք ուզում ենք ունենալ ամուր ու առնական սերունդ, Չարենցն անշրջանցելի անուն է:
Փոխնախարարը շեշտեց՝ շատ են ցանկանում, որ Չարենցի գործերը մեկնաբանելիս հանրության տարբեր շերտերը լինեն ազատ, որովհետև Չարենցն ազատության հրավեր ու հրամայական է: «Հոբելյանական միջոցառումներում ընդգրկված են պատանիներ, դպրոցականներ, երիտասարդներ: Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա մի ներկայացման առաջնախաղ, որի ռեժիսորը Գոռ Մարգարյանն է, և ես ուրախ եմ, որ երիտասարդները ինքնուրույն ու յուրովի են մեկնաբանում Չարենցին»,-ասել է Խզմալյանն ու հավելել՝ պետք է այնպիսի կրթական, մշակութային միջավայր ստեղծել, որով հնարավոր կլինի երիտասարդ սերնդին ավելի մոտ բերել Չարենցին:
Մարտի 13-ի առավոտյան Չարենցի տուն-թանգարանից հոբելյանական երթ էր կազմակերպվել դեպի հեղինակի հուշարձան: Նախաձեռնությանը միացել են 125 չարենցասեր: Նույն օրը տուն-թանգարանում տեղի է ունեցել «Ճանապարհ գրքով. Չարենց-125» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի ընթացքում տեղի է ունեցել «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդեսը, որը երկար տարիների աշխատանքի արդյունք է: Այն գիտական ու գրական հանրության համար է: Այնուհետև տեղի է ունեցել «Ամբոխները խելագարված» ստեղծագործության բեմադրությունը:
Տուն-թանգարանը ձեռնամուխ է եղել Չարենցի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորի կազմման աշխատանքներին: Նախատեսում են հրատարակել ութ կամ տասը հատոր, սակայն դրա համար անհրաժեշտ է Չարենցի բոլոր ձեռագրերի մեկտեղումը: Դիմելով այն մարդկանց, որոնց հավաքածուներում կան Չարենցի ձեռագրերից՝ Մանուկյանը խնդրեց դրանք նվիրել կամ վաճառել թանգարանին ժողովածուն ամբողջացնելու համար: Ակադեմիական հրատարակության առաջին հատորը լույս կտեսնի մինչև տարեվերջ:
Միջոցառումներ կկազմակերպվեն նաև հեղինակի անվան դպրոցում, Հայաստանի նկարիչների միությունում, որտեղ մարտի 13-ին բացվել է Չարենցին նվիրված բացառիկ ցուցադրությունը:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը վստահեցրեց, որ Չարենցն իր ստեղծագործություններով մեզ փոխանցեց կուռքերին սպանելու, կուռքերին իջեցնելու ավանդույթը, որովհետև գրականությունը մեռած գրականություն չէ, այն միշտ շարժման մեջ է: Ըստ Միլիտոնյանի՝ Չարենցի գրականությունն այժմ էլ շարժվում է և նոր մտածողությունների հիմք ստեղծում:
Միության նախագահը հայտնեց, որ իրենք ևս հոբելյանական միջոցառումներ կանցկացնեն: Մարտի 21-ին՝ Պոեզիայի համաշխարհային օրը, Գրողների միության պոեզիայի այգում կընթերցեն Չարենցի գործերը, գրողին նվիրված ստեղծագործություններ: «Մենք պատրաստում ենք «Չարենցի նվիրումներ» գիրքը, որում ժամանակակից գրողների պոեզիան է, խոհագրությունը, կլինեն նաև արձակ պատմվածքներ, Ծաղկաձորի ստեղծագործական տանը մայիսին կանցկացվի «Չարենցի օր» միջոցառումը»,-տեղեկացրեց Միլիտոնյանն ու հավելեց՝ միջոցառում կանցկացնեն նաև Չարենցավանում:
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում մոտ ապագայում կլինի Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» կամ «Սոմա» օպերային ներկայացման առաջնախաղը, որի հիմքում Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմներն են:
Օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն ասաց՝ օպերան նոր խոսք կլինի երիտասարդների համար և հանդիսատեսը, գալով թատրոն, կհաղորդակցվի Չարենցի հետ: «Տերտերյանի օպերան գրվել է 1967 թվականին, բայց այսօրվա լեզվով է: Այն բեմադրվել է 1967 թվականին և 1977-ին: Հույս ունեմ՝ օպերան ոչ միայն Հայաստանում, այլև օտար ափերում կներկայացվի: Ներկայացման մեջ ընդգրկված է մոտ 300 մարդ. բեմահարթակում մեծ երգչախումբ կլինի, սիմֆոնիկ նվագախումբ, մենակատարներ»,-շեշտեց նա:
Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը գրողին տիեզերական մեծություն է համարում: Գոհար Չարենցի ջանքերով «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության 35 լեզվով թարգմանություններ զետեղվել են մեկ գրքում, իսկ այս տարի նա պատրաստում է Չարենցի էպիգրամների գիրք հրատարակել: «Եղիշե Չարենցը շատ գիտակ էր և գրել է տարբեր ժանրերում՝ տաղ, բանաստեղծություն, սոնետ, տրիոլետ, բալլադ և այլն, բայց ունի նաև էպիգրամներ, որոնք ծաղրական բանաստեղծություններ են: 1920-ական թվականներից, երբ սկսեցին հալածել, քննադատել նրան, Չարենցն իր գրչակից ընկերներին պատասխանում էր էպիգրամներով, որոնք շատ հետաքրքիր են: Հավաքել եմ մի տեղ այդ բոլորը: Գիրքը լույս կտեսնեի այս տարի»,-հայտնեց Գոհար Չարենցը:
Չարենցի թոռնուհին հիշեցրեց, որ 1937 թվականին, երբ ձերբակալվել է Եղիշե Չարենցը, նրա որոշ ձեռագրեր հայտնվել են Գևորգ Էմինի ձեռքում, մարդու, որը չարենցապաշտ էր: Հետագայում այդ ձեռագրերը փոխանցվել են նրա որդուն՝ Արտաշես Էմինին, որը վաճառել է ձեռագրերի մի մասը: Գոհար Չարենցը պետական այրերին խնդրեց միջամտել ձեռագրերը Չարենցի տուն-թանգարան բերելու համար:

Մարտի 10-ին կյանքից հեռացավ գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը։ Այս տարվա սեպտեմբերին նա կդառնար 76 տարեկան. ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 4-ին:
Ա. Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին Երևանում: 1968թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: Գրող, հրապարակախոս էր: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997թ.):
1969-1975թթ. հեռուստառադիոպետկոմում եղել է խմբագիր, 1975-1979թթ. աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-1981թթ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: 1982-1990թթ. եղել է «Սովետական գրականություն» (այնուհետեւ՝ «Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1990-1994թթ.՝ «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,1994-1998թթ.՝ Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետ, 1998-ից՝ ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ:
1999-2007 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
Կանանց միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Մոսկվա» կինոթատրոնը կինոյի բոլոր երկրպագուներին հրավիրեցին դիտելու կին ռեժիսորների ստեղծած լավագույն ֆիլմերի ընտրանին:
Ֆիլմերը ստեղծվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Մարտի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում» ցուցադրվեցին ռեժիսորներ Օվսաննա Շեկոյանի «2 անհայտով հավասարում», Լուսինե Պապոյանի «Գլխիվար», Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը», Նաիրի Հախվերդի «Ավլելով Երևանը» ֆիլմերը:
Ցուցադրությունից անմիջապես հետո տեղի ունեցավ հանդիպում ֆիլմերի ռեժիսորների հետ:

«Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը, որի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» է, որը պատմում է եվրոպացի հինգ մեծ հումանիստ կանանց կյանքի և Հայոց ցեղասպանության տարիներին նրանց գործունեության մասին:
Այն էկրան է բարձրացել 2015 թվականի ապրիլին, թարգմանվել 13 լեզուներով և առ այսօր ցուցադրվել է արդեն 20 երկրների բազմաթիվ քաղաքներում, հայաստանյան հեռուստաալիքներով, գնացքներում և համացանցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմաշարի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է:
«Փրկության քարտեզ» ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է, իսկ «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը: Ֆիլմը պատմում է փրկվածների մասին ու նաև այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդների բեկորներ: Մարդկային կյանքի փրկությունն էր նրանց առաքելությունը:
Ֆիլմի ընթացքում ցեղասպանության մասին պատմում է ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լևինը: Նա և անկախ հետազոտողներ, ուսումնասիրելով 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ծրագրված և իրագործված ցեղասպանությունները, ներկայացնում են ԱՄՆ-ի հումանիտար օգնության մասին հետաքրքիր տեղեկություններ:
Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի և Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների և թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ՝ պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի և Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ:
Վավերագրական դրաման նկարահանվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում և Հայաստանում:
68 րոպե տևողությամբ ֆիլմի բնօրինակ լեզուն անգլերեն է, թարգմանվել է հայերեն:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը ցեղասպանություն վերապրած ժողովուրդների երախտագիտության արտահայտումն է ազգերի փրկության գործի նվիրյալների հիշատակին:
Ֆիլմը 2021-ին նկարահանել է «Ման Փիքչերս Փրոդաքշենը»: Ստեղծմանն աջակցել են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի կառավարությունը՝ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի միջոցով:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում:

Հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմը, որում զուգահեռ երկու պատմություն է ներկայացվում, երևանյան կինոթատրոններում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրեմիերային ընդառաջ լրագրողները հանդիպել են ստեղծագործական կազմին և պարզել՝ ֆիլմն իրական հենք ունի:
Ռեժիսոր Արման Գևորգյանն ընդգծում է՝ կինոնկարում ներկայացված մի պատմությունը մելոդրամ է երիտասարդ աղջկա և տղայի մասին, որոնք հանդիպում են Երևանում, իսկ մյուսը՝ սիրիաբնակ ընտանիքի մասին, որի անդամներից մի քանիսը պատերազմի հետևանքով ապաստան են գտնում Հայաստանում, իսկ հետո ՀՀ ԱԳՆ-ի միջոցով փորձում են գտնել ընտանիքի մյուս անդամներին, որոնք մնացել են Սիրիայում:
«Ֆիլմը սիրո մասին է. սեր մարդկանց, հայրենիքի, ընտանիքի նկատմամբ: Կինոնկարը դրական ու պայծառ ավարտ ունի»,-շեշտում է ռեժիսորը:
ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որը խաղում է ինքն իրեն, անգամ անունն է նույնը: 24-ամյա Յուրին ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, եղել առաջնագծում, մինչև զինվորական կյանքը հասցրել է հայտնվել հունական «Ձայնը» նախագծի եզրափակչում, ապա նույն նախագծի ռուսական տարբերակի կիսաեզրափակչում:
«Առաջին անգամ եմ նկարահանվում ֆիլմում: Որպես երգահան և երգիչ, կարծում եմ, որ այնքան էլ հեռու չեմ այդ աշխարհից: Ըստ իս՝ կինոնկարը օտար երկրում հայ մնալու, հայ զգալու և հայրենիքի հետ կապը չկորցնելու մասին է: Հույս ունեմ՝ կհավանեք: Գեղեցիկ կինոնկար է»,-նշում է նա:
Մելիքովի սիրած աղջկան՝ Մարիային մարմնավորած դերասանուհի Դիանա Մալենկոն միշտ ցանկացել է մի պահ չիմանալ հայերեն և օտարի աչքերով տեսնել Հայաստանը: Կերպարն այդ հնարավորությունը որոշ չափով ընձեռել է: «Գեղեցիկ երկիր է, սիրելու շատ առիթներ է տալիս»,-ժպիտով ասում է նա ու հավելում՝ կապ չունի, թե աշխարհի որ ծայրում ես ապրում. բոլոր հայերի սիրտը լեռներում է:
Սցենարիստ Հարություն Ղուկասյանը կինոնկարը բացառիկ է համարում, քանի որ բոլոր հերոսները սփյուռքահայեր են: «Սա պատմություն է սփյուռք-հայրենիք կապի մասին, հայորդու մասին, որը ապրում է արտերկրում, բայց այնքան ամուր է կապված Հայաստանին, որ դառնում է մեկ այլ հայ ընտանիքի փրկության օղակը: Յուրին հայերեն երգեր էր գրել և մենք որոշել էինք սյուժե մտածել հոլովակի համար, սակայն նյութն այնքան շատ էր, որ ֆիլմ նկարահանեցինք»,-պատմում է սցենարիստը:
Կինոնկարը, որում հնչում է Յուրի Մելիքովի հեղինակած երաժշտությունը, նկարահանվել է Հայաստանում, Կիպրոսում: Զինվորական հատվածի նկարահանումները իրականացվել են Կիպրոսի ԶՈՒ-ի հետ համատեղ ու օգնությամբ։
Կինոնկարի սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, ռեժիսորը՝ Արման Գևորգյանը, օպերատորը Արման Աբովյանն է, գլխավոր պրոդյուսերը Ալեքս Լիտմանն է:
ֆիլմում նկարահանվել են Յուրի Մելիքովը, Սարգիս Գրիգորյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Արսեն Լևոնյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք:

Պետական Էրմիտաժը իտալական հաստատություններին հարցումներ է ուղարկել՝ վերադարձնելու արվեստի գործերը, որոնք տրամադրվել էին ժամանակավոր ցուցադրություններում ներկայացնելու համար: «Ալբա Ֆենդի» հիմնադրամը հարցում է ստացել վերադարձնել Պիկասոյի «Երիտասարդ տիկինը» (1909 թ.), որը նախկինում չէր ցուցադրվել Իտալիայում. «մեկ նկարի» ցուցահանդեսը բացվել է փետրվարի 15-ին և նախատեսված էր մինչև 2022 թվականի մայիսի 15-ը:
Նմանատիպ հարցումներ են ստացել Միլանի Palazzo Reale -ն, ուր Էրմիտաժն ուղարկել էր Տիցիանի «Երիտասարդ կնոջ դիմանկարը փետուրե գլխարկով» կտավը, ինչպես նաև Intesa Sanpaolo բանկի Gallerie d'Italia հավաքածուի թանգարանը, որտեղ ցուցադրության համար փոխանցվել էր 23 նկար։
The Guardian թերթի հաղորդմամբ, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու նամակում՝ ուղղված թանգարաններին, ասվում է, որ Ռուսաստանի մշակույթի նախարարության որոշմամբ ցուցադրությունների համար տրված բոլոր ցուցանմուշները պետք է արտասահմանից վերադարձվեն Ռուսաստան. «Էրմիտաժը պետական թանգարան է, որը գտնվում է մշակույթի նախարարության ենթակայության տակ»։
Էրմիտաժի մամուլի ծառայությանից հայտնել են, որ «ձեռք բերված պայմանավորվածությունների և գործող ցուցահանդեսային պայմանավորվածությունների համաձայն՝ տարբեր երկրներում ցուցադրությունների համար տրված ցուցանմուշները աստիճանաբար վերադառնում են թանգարան»։