Գեղարվեստական հաղորդում (311)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։
«Գարուն ա» կինոնկարը մեծ էկրաններին է:
«Ֆիլմ մեր մասին». այսպես է «Գարուն ա» կինոնկարի ստեղծագործական թիմը բնորոշում այն: «Գարուն ա» ֆիլմի հերոսները սիրում են, պատերազմում, հուսալքվում ու կոտրվում, սակայն շարունակում են պայքարել և ապրել հանուն հայրենիքի, հանուն երկրի ապագայի: Կինոնկարը, որն ասես ամփոփում է Հայաստանի վերջին երեսուն տարին, մարտի մեկից կինոթատրոնների էկրաններին է:
ֆիլմի պրեմիերային լրագրողները ոչ միայն հնարավորություն ունեցան դիտելու այն՝ վերապրելով յուրաքանչյուրիս առնչվող իրադարձությունները, որոնք վառ ներկայացվում են կինոնկարում, այլև հանդիպելու ստեղծագործական կազմին և զրուցելու նրանց հետ:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Խաչատրյանը նաև գլխավոր դերակատարներից է: Նա կերտել է բացառիկ զինվորականի կերպար, որի համար երկիրն ու հայրենիքը բացարձակ արժեք են: Ավելի վաղ Խաչատրյանը նշել էր՝ կինոնկարը մեր մասին է, մեր՝ հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, հայրենասիրական դրսևորումների տեսակների մասին: Նրա խոսքով՝ «Գարուն ա» կինոնկարը նաև սիրո, բանակի, ազգային գաղափարախոսության անհրաժեշտության ու արժանապատվության մասին է:
«Մենք ներկայացնում ենք այն մարդու տեսակը, որն ուզում ենք՝ լինի: Չենք ցանկանում ցուցադրել մարդու այն տեսակը, որը վատն է: Կան տարբեր հայրենասիրություններ. ուզում ենք ցույց տալ այն հայրենասիրությունը, որը ուզում ենք՝ լինի: Ինձ համար այս ֆիլմն ասես հոգու պարտք լիներ, իսկ նյութը և թեման շատ արդիական ու ցավալի են: Շատ ցավալի խնդիրներ են բարձրաձայնվում, որոնց լուծում չեմ կարողանում գտնել: Կարծեցինք՝ պետք է խոսել այդ մասին ֆիլմի միջոցով»,-շեշտում է Խաչատրյանը:
----------------
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը փետրվարի 28-ին է կարողացել Հայաստան վերադառնալ Ուկրաինայից, ուր մեկնել էր ֆիլմին վերաբերող որոշ աշխատանքներ ավարտին հասցնելու նպատակով: Նա խոստովանում է՝ ցավալի տեսարանների ականատես է դարձել ու վերապրել այն, ինչ կատարվել է մեզ հետ:
«Այս կինոնկարի միջոցով հիշեցնում ենք, որ յուրաքանչյուրս է պատասխանատու հայրենիքի ապագայի համար: Պետք չէ միայն մեղադրել… Ինչպես հերոսներից Արամ Ամատունին է ասում ֆիլմում. «Այս երկրի կայացման համար յուրաքանչյուրը պետք է արյուն և քրտինք թափի»: Սա ուղերձ է մեր հանրությանը: Պետք չէ գոռալ, թե ինչու ամեն բան չի փոխվում, այլ անհրաժեշտ է պատասխանատվություն կրել հայրենիքի նկատմամբ, հայրենասիրությունն արտահայտել գործով»,-ասում է Մուշեղյանը:
Կինոնկարում ռեժիսորը փորձել է գլխավոր կերպարներից մեկի՝ ջութակահար Լևոնի միջոցով, նրա աչքերով նկարագրել պատերազմը և հանդիսատեսին թույլ տալ խորհելու, թե ո՞րն էր ի վերջո ճիշտ որոշումը. ջութակահարը պետք է հայրենիքին ծառայեր՝ մեծ բեմեր նվաճելով և մեր երկրի անունը միջազգային հարթակներում հնչեցնելով, թե՞ զենքով:
Ջութակահարին մարմնավորած դերասան Լևոն Հախվերդյանը կարծում է՝ արվեստագետը ազգի, ժողովրդի խիղճն է: «Ինչպես շատ դասական ֆիլմերում, այնպես էլ այստեղ արվեստագետի միջոցով ներկայացվում է պատերազմը, ինչն առավել ազդեցիկ է դարձնում ամեն բան: Իմ կերպարը պետք է ջութակ նվագի: Նա հնարավորություն ունի հանդես գալու մեծ բեմերում, բայց կյանքը, հանգամանքներն այնպես են դասավորվում, որ նա իր տաղանդը ստիպված մարտի դաշտում է օգտագործում: Ես շատ կուզեի, որ սա միայն ֆիլմ լիներ»,-եզրափակում է դերասանը:
Արմեն Մարգարյանը «Գարուն ա» ֆիլմում կերտել է Լևոնի հոր՝ Գնելի կերպարը: Իմանալով բանակում ծառայելու ծանր գինը՝ նա չի ցանկանում, որ որդին անցնի դժվարությունների միջով: Ըստ նրա՝ կարելի է հայրենասեր լինել նաև բեմում:
Մարգարյանը երբեմն դերեր է ստանձնում, որոնք առնչվում են իր անձնական կյանքին: Դերասանը համաձայն չէ իր կերպարի որոշ մտքերի, գործողությունների հետ, սակայն այդ ժամանակաշրջանում վերապրել է այն, ինչ իր կերպարը: «Պարտադիր չէ հայրենիքին ծառայել բանակում ու զինված, կարելի է հայրենիքին ծառայել քո աշխատանքով, նվիրումով հատկապես, երբ խոսքն արվեստագետի մասին է: Ես ուրախացա, որ Գնելի դերն եմ խաղալու, քանի որ այն բովանդակալից է ու հարուստ, սակայն վախ կար իմ որդու համար, վախ, որ նա պետք է բանակ գնա և այլն: Ֆիլմում հուզիչ ու դրամատիկ տեսարան կա, որի պատճառով անգամ երկմտում էի ու մտածում դերից հրաժարվելու մասին: Դերասանի համար հաճելի էմոցիաներ են, սակայն իրական կյանքում սա ողբերգություն է: Ֆիլմում ողբերգություն կա»,-ընդգծում է Մարգարյանը:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։
Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհաննիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։
Ստեղծագործական կազմը վստահ է՝ «Գարուն ա» կինոնկարն ունի բոլոր հնարավորությունները միջազգային հարթակներում ցուցադրվելու համար, քանի որ նկարահանվել է բարձրագույն ստանդարտներով: «Գարուն ա» ֆիլմի ամերիկյան պրեմիերա նախատեսված է ապրիլի 1-ին:
Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, ձեռներեց է. մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լևոնը, վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ, սակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են՝ առաջ բերելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը:

82-ամյա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը կյանքի փորձից ելնելով է ասում՝ ցանկացած խնդիր պետք է հաղթահարել՝ արարելով․ կյանքը շարունակվում է։ Կյանքն առանց երաժշտարվեստի չի պատկերացնում, բայց եթե ոչ մի ուրիշ բան չունենար անելու, կշարունակեր մարդուն սիրել, եւ դա կլիներ ամենամեծագույն առաքելությունը իր կյանքում: Ինքն այսպես է մեկնաբանում․ «Մարդ արարածին սիրել եւ փորձել օգնած լինել իր դժվարությունների մեջ. ահա իմ ապրելու համոզումը: Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երաժշտարվեստի: Աստված ինձ շնորհներ է տվել, որոնցից մեկը նկարչությունն է, որով զբաղվում էի, գրականությունը, որ շատ սիրում էի, գրում էի բանաստեղծություններ, արձակ գործեր»։
Իր կյանքն առանց երաժշտարվեստի չպատկերացնող կոմպոզիտորը անընդհատ նոր ստեղծագործություններ է գրում: Կատակում է՝ «կորոնային շնորհակալ եմ, «բանտարկության» արդյունքում ես մոտ 20-22 նոր գործ եմ գրել եւ ձայնագրել»: Շեշտում ՝ կորոնավիրուսի սահմանափակումները որոշակիորեն դժվարացնում են համերգներ կազմակերպելու ծրագրերը։ Ասում է՝ շատ դժվար է նվագախումբ եւ երգիչներ գտնելը։ Այդուհանդերձ, մաեստրոն հիմա շատ մեծ ծրագրի վրա է աշխատում։
«Հենց հիմա օպերային երգիչների հետ պատրաստում եմ մի ծավալուն ծրագիր: Առաջարկել եմ համերգ կազմակերպել, որին կհրավիրվեն օտարերկրյա դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ»,-ասաց Ամիրխանյանը՝ ընդգծելով՝ դիվանագետներին հրավիրելու նպատակն է՝ աշխարհի տարբեր լեզուներով մեր մշակույթը նրանց լսելի դարձնելն ու ապացուցելը, որ Հայաստանը տարածաշրջանում ունի իր ինքնությունը եւ ուրույն մշակույթը։
«Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան ներկայացնող դիվանագետները պիտի գան լսեն եւ հասկանան, որ Հայաստանը ունի ինքնաարտահայտման այսպիսի ձեւեր: Համերգների շարքը կոչել եմ «Հայաստանը որպես աշխարհի մշակույթի կենտրոն»: Մի քիչ ամբիցիոզ է, բայց հնարավոր է: Ես աշխարհի տարբեր լեզուներով գրված ստեղծագործություններ ունեմ՝ ֆունդամենտալ պոեզիայի, անցած դարերի բանաստեղծների գործերի հիման վրա՝ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, լատիներեն, իտալերեն, չեխերեն, ճապոներեն եւ այլն: Միգուցե, հունիսին մեզ հաջողվի իրագործել այն»,-ասաց Ամիրխանյանը։
Այս ծրագիրը ներկայացվել է նաեւ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին։ «Վերջերս մենք հանդիպում ունեցանք նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ՝ իմանալու համար, թե ինչպես ենք մենք ապրում: Մարդիկ խոսեցին իրենց հոգեվիճակից, ոչ մի քաղաքական «աստառ» տակը չդրվեց, որովհետեւ՝ մենք ի՞նչ գործ ունենք հասկանանք, թե քաղաքական դաշտում ինչ է տեղի ունենում: Մեզ հարկավոր է շարունակել մեր անելիքները: Ես այդտեղ ներկայացրեցի այս ծրագիրը, ինչը շատ մեծ ոգեւորության եւ քաջալերանքի արժանացավ: Ներկաները գտան, որ դա պետք է իրագործել, եւ մենք հիմա աշխատում ենք դրա վրա»,-նշեց նա:
Հետպատերազմյան Հայաստանում Ամիրխանյանի ստեղծագործությունների թեմատիկան ինչ-որ իմաստով փոխվել է: Պատերազմի թեման չէր կարող իրեն չհուզել:
Ասում է՝ ստեղծագործությունը այն է, ինչ ծնվում է մեր ներքին պատկերացումների, զգացումների արդյունքում, ստեղծագործությունները կառուցված են հոգեւոր ձգտումների վրա՝ կապված բանաստեղծական աշխարհի, պոեզիայի եւ այլ բաների հետ:
«Ես այդ ընթացքում գրել եմ մի քանի ստեղծագործություններ, որոնցից մեկը կոչել եմ՝ «Զինվորս»: Զոհված զինվորի հիշատակին նվիրված երգ է՝ գրված սահմանամերձ գյուղում ապրող մի բանաստեղծուհու ստեղծագործության հիման վրա»,-ասաց նա:
Մաեստրոն մտավախություններ ունի մշակութային ոլորտում տիրող քաոսի պատճառով: Ադրբեջանցիները ԼՂ-ի հայկական ժառանգությունը փորձում են աղճատել, ներկայացնել այն որպես ալբանական: Մաեստրոն շեշտում ՝ նրանք մեր վարկանիշը ոտնատակ անելու համար են այս քայլերին գնում, եւ աշխարհի քաղաքակիրթ բազմությունը միապաղաղությամբ է ընդունում դա:
«Նրանց ագրեսիան բացահայտ կողմնորոշված է հայ ազգի վերջանական բնաջնջման ուղղությամբ, իսկ քաղաքակիրթ աշխարհը այդ անհանգստությունը չի կիսում մեզ հետ: Ստացվում է, որ աշխարհում բոլորը իրենց շահերով են ապրում: Սա ինձ ամենից շատն է անհանգստացնում»,-ցավով արձանագրեց Ռոբերտ Ամիրխանյանը:

Մատենադարանում պահվող բացառիկ նմուշներն առաջին անգամ թվային ցուցադրությամբ ներկայացվեցին Լոռու մարզի Դեբետ գյուղում գործող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում։ Կենտրոնի բոլոր պատերին մեկ ժամ շարունակ ցուցադրվեցին Մատենադարանում պահվող եզակի ձեռագրեր հայերեն, հունարեն, սլավոներեն, արաբերեն, պարսկերեն, չինարեն, լատիներեն և այլ լեզուներով։
Դրանց մի մասը եզակի օրինակներ են Մատենադարանում։
Միջոցառման նպատակն էր տարբեր քաղաքակրթություններ ներկայացնել կենտրոնում, իր խոսքում ասաց ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
«Իրականության մեջ ես կբնութագրեմ Մատենադարանը որպես մեր հավաքական ինքնության հիշողության մատյանը: Հիշողության մատյան երբ որ նայում ենք որպես Մատենադարանը, հասկանում ենք, որ պարտադիր հաստատություններից պետք է լինի յուրաքանչյուր հայի համար, որ այցելի առնվազն գոնե մեկ անգամ իր կյանքում», - ասաց Խաչատուրյանը:
Մատենադարանից, որտեղ պահվում են շուրջ 23 հազար ձեռագրեր և 300 հազար արխիվային փաստաթղթեր, թվային ցուցադրության համար ընտրել էին թե՛ հայ մանրանկարիչների լավագույն գործերից և թե՛ հայերեն ու օտարալեզու ձեռագրերի հավաքածուներից, որոնք ցույց են տալիս տարբեր մշակույթների առնչությունները, «Ազատությանն» ասաց Մատենադարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Վարդի Քեշիշյանը։
«Նույնիսկ միջազգային շատ հարթակներում նման ձևաչափով ցուցադրություններ դեռևս չեն եղել, այստեղ առանձնակի ուշադրություն է դարձված Մատենադարանի ձեռագրական մշակույթին՝ իբրև արժեքների կենտրոն լինելու հանգամանքը», - նշեց նա:
Վարդի Քեշիշյանն ասում է՝ ձեռագրերը Մատենադարանում միշտ համալրում են։ Սփյուռքի համայնքներից, Հայաստանի շատ ընտանիքներից շարունակ դիմում են, առաջարկում իրենց մոտ պահվող հին փաստաթղթեր ու հնագույն գտածոներ։ Դրանք կա՛մ նվիրատվությամբ են հասնում հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոց, կա՛մ մասնակի վճարի դիմաց։
«Վերջին ամենակարևոր ձեռքբերումը, որ ունեցանք, մեր սփյուռքի համայնքներից մեկից մեծ քանակի ձեռագրերի նվիրաբերությունն է, և շատ ուրախ ենք, որ այդ ավանդությունը, սովորությունը մեր ժողովրդի մեջ շարունակվում է», - ընդգծեց Քեշիշյանը:
Մատենադարանի նմուշների թվային տեխնոլոգիաների միջոցով ցուցադրությանը 100-ից ավելի հյուրեր կային։ Ներկա էին նաև դեսպաններ, պաշտոնյաներ։ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն զրույցում շեշտեց՝ ցուցադրությունը տեղի է ունենում ԼՂ-ի Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հայ մշակութային արժեքների նկատմամբ, իր բնորոշմամբ, բարբարոսական գործողություններին զուգահեռ։
«Խոսում ենք սրա մասին այն ժամանակ, երբ ունենք բարբարոսական արտահայտումը դեպի մեր մշակույթ, և լինելով միջազգային հանրության անդամ, կարծում եմ, որ պիտի շարունակենք արտահայտել այս ամենը, արտահայտել մեր անհամաձայնությունն ու դժգոհությունը և պայքարել մեր մշակութային արժեքների համար ու թույլ չտալ բարբարոսությունը», - նշեց Մնացականյանը:
Մատենադարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Վարդի Քեշիշյանը վստահեցնում է, որ Մատենադարանում նմուշների պահպանման համար բոլոր պայմանները կան, և ամբողջ տարին այցելությունների մեծ հոսք են ունեցել մինչև քովիդի համավարակը։ Բայց վերջին տարիներին արդեն սահմանափակումներ են գործել նաև իրենց համար. զբոսաշրջային մեծ խմբեր մոտ երկու տարի չեն ունենում։ Ուստի առաջիկայում ևս արժեքավոր նմուշները կներկայացնեն թվային տարբերակով։
Սա առաջին քայլն էր, որ արվել էր «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի նախաձեռնությամբ, նշեց Մատենադարանի միջազգային կապերի պատասխանատուն։