Ապրիլ 06, 2022 09:58 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։

Ապրիլի 7-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով:

Թանգարանից հայտնում են, որ ցուցահանդեսում ներառված են լինելու Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ:

Զարդերը կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս ազգային գեղագիտական ընկալումները, զգացողությունը, ճաշակն ու ոճը:

Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերը ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել տարբեր երկրներում, և որ ամենակարևորն է՝ ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:

 

 

Մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 10-13-ը, Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբերում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները (մինչև 13 տ., ) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված մինչև 2 գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տ.)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ): Մրցութային փուլը կանցկացվի մայիսի 10-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Նույն համերգասրահում մայիսի 13-ին էլ տեղի կունենա գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:           

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, նաև հնարավորություն կունենան ձայնագրվելու ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն երկու խմբերի հաղթողների համար:

Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:

 

Մարտի 22-ին, Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքի Դեսպիո Վլերիկ թանգարանում, «Երազ» փառատոնի շրջանակներում, բացվել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների «Ես միայն երազելու իրավունք ունեմ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը երեք ամիսների ընթացքում Փարաջանովի արվեստը կներկայացնի ոչ միայն ֆրանսիացիներին, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից քաղաք ժամանող հարյուրավոր օտարազգի հյուրերին։ Այս մասին հայտնում են Փարաջանովի թանգարանից։

«Ցուցահանդեսը «ծնվեց» մոտ մեկ տարի տևած հայ-ֆրանսիական սերտ  համագործակցության արդյունքում, որը ժամանակի ընթացքում վերածվեց ջերմ բարեկամության Սերգեյ Փարաջանովի և Դեսպիո Վլերիկ թանգարանների միջև»,- նշում են Սերգեյ Փարաջանովի թանգարանից։

 

 

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը նվաճել է «Լավագույն դրամա» մրցանակը Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում /Կանադա/, /Toronto AltFF/՝ լիամետրաժ ֆիլմերի կատեգորիայում:  Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ արդյունքները հրապարակվել են 2022 թվականի մարտի 27-ին:

Ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում է դիտողին 1990-ականների Հայաստան՝ մութ ու ցուրտ տարիներ:

Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, ռեժիսորը՝ Արման Չիլինգարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյանը: Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը:

 

 

Ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» խաղարկային կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Պորտուգալիայում անցկացվող IndieLisboa International Film Festival 19-րդ փառատոնի մրցութային ծրագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Կինոկենտրոնի պետական աջակցությամբ և «Փոուզ Մեդիա» ընկերության կողմից նկարահանված ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն Օվսաննա Շեկոյանն է, պրոդյուսերը և օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը:

 

 

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը կոգեկոչվի Վերսալի պալատի Թագավորական մատուռում կայանալիք բացառիկ համերգով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Մի՛ մոռացեք: Աչք մի՛ փակեք»,- մեկնաբանել է նա իր գրառումը:

Լաքոտը նաեւ համերգի պաստառն է հրապարակել:

«Շաբաթ՝ ապրիլի 23-ին, Վերսալի պալատի Թագավորական մատուռում հինգ վիրտուոզներ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ներկայացնելով հոյակապ դասական եւ հանրաճանաչ երաժշտություն, որոնցից մի քանիսը հազարամյակների պատմություն ունեն, որպեսզի հիշատակն ու կյանքի ուժը միավորվեն այդ խորհրդավոր պահին»,- ասվում է համերգի պաստառում:

 

Ուկրաինական լրատվամիջոցներն աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն ուկրաինացի նկարիչ են հռչակել։

Մարիուպոլի քաղաքային խորհուրդը Telegram-ի իր ալիքում հայտնել է Մարիուպոլում Արխիպ Կուինջիի անվան արվեստի թանգարանի շենքի ավերման մասին, որտեղ պահվում էին աշխարհահռչակ վարպետների բնօրինակ նկարներ։

«Գնդակոծության պահին թանգարանում Կուինջիի ստեղծագործությունների բնօրինակներ չեն եղել։ Մնացել են Անդրեյ Յալանսկու եւ Ալեքսանդր Օլխովի հեղինակային պատճենները:

Թանգարանում պահվում էին ուկրաինացի նկարիչներ Իվան Այվազովսկու, Նիկոլայ Գլուշչենկոյի, Տատյանա Յաբլոնսկայայի, Միխայիլ Դերեգուսի եւ այլոց ստեղծագործությունների բնօրինակները։ Դրանց ճակատագիրն այս պահին անհայտ է»,- հայտարարել է խորհուրդը։

Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում, հայ վաճառական Այվազյանի (Գայվազովսկի) ընտանիքում, մկրտվել է Հովհաննես անունով։ Հայազգի մեծանուն նկարիչը՝ ծովային տեսարանների ստեղծողը, ունեցել է գաղտնի խորհրդականի կոչում, եղել է արվեստի հայտնի ակադեմիաների պատվավոր անդամ՝ Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Ամստերդամում եւ եվրոպական այլ քաղաքներում։ Նա երկար է ապրել, ունեցել է բացառիկ աշխատունակություն եւ թողել է մի քանի հազար արվեստի գլուխգործոց։ Դրանցից մի քանիսը ներառված են համաշխարհային գեղանկարչության Ոսկե ֆոնդում։

 

 

YouTube վիդեոհոսթինգն ապաարգելափակել է «Խորհրդային հեռուստատեսություն. Գոստելերադիոֆոնդ» եւ «Խորհրդային ռադիո» ալիքները։ Դրանք հասանելի են դարձել հարթակում։

Սերվիսը «Ռոսկոմնադզոր»-ի խնդրանքով ապաարգելափակել է խորհրդային ֆիլմերով եւ ռադիոներկայացումներով ալիքները:

Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ YouTube-ը սահմանափակել է մուտքը «Սովետսկոյե տելեվիդենիե. Գոստելերադիոֆոնդ» եւ «Սովետսկոյե ռադիո. Գոստելերադիո» ալիքներ:

 

Դերասան Ուիլ Սմիթը հեռացել է ԱՄՆ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայից այն բանից հետո, երբ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հարվածեց հաղորդավար Քրիս Ռոքին, հաղորդում Է Deadline պարբերականը՝ վկայակոչելով դերասանի հայտարարությունը:

Ուիլ Սմիթը ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ պաշտպանեց իր կնոջ պատիվը։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաղորդավար Քրիս Ռոքը կատակեց Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին և արարողությանը ներկայացել էր սափրված գլխով: Այդ խոսքերից հետո Ուիլ Սմիթը բեմ դուրս եկավ և հարվածեց գործընկերոջ դեմքին։

«Մրցանակաբաշխության ժամանակ իմ գործողությունները ցնցող էին, ցավալի և աններելի... Ես հրաժարվում եմ Կինոարվեստի և գիտությունների ակադեմիային անդամակցելուց»,- ասվում է Սմիթի հայտարարության մեջ։

Դերասանը հայտարարել է, որ վիրավորել է անձամբ Ռոքին, ինչպես նաև «իր ընտանիքին», բոլորին, ովքեր ներկա են եղել արարողությանը, ինչպես նաև մրցանակաբաշխությանը հետևող հանդիսատեսին ամբողջ աշխարհում։ «Ես դավաճանել եմ Ակադեմիայի վստահությանը, մյուս թեկնածուներին և հաղթողներին զրկեցի տոնելու և շնորհավորանքներ ստանալու հնարավորությունից՝ իրենց ակնառու աշխատանքի համար։ Իմ սիրտը կոտրված է», - ասել է դերասանը։

Նա հայտարարել է, որ պատրաստ է ընդունել բոլոր հետևանքներն իր պահվածքի համար։

Ավելի վաղ Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել էր, որ Սմիթի նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել:

 

 

Ֆրանսիայում 4.2 մլն եվրոյով վաճառվել է 19-րդ դարին թվագրվող փայտյա դիմակը Կենտրոնական Աֆրիկայից՝ չնայած գաբոնական համայնքի բողոքին, որն աճուրդի տանը կոչ էր անում «փոխհատուցել» այդ հնագույն առարկայի համար:

Հազվագյուտ փայտյա դիմակը, որը կիրառվում է գաբոնական ժողովուրդների ծիսակատարությունների ժամանակ, Մոնպելիեյում կայացած աճուրդում գերազանցել է նախապես հնչեցված գինը, որը կազմում էր 300 000 - 400 000 եվրո:

Աճուրդին ներկա տղամարդը, որը ներկայացել էր որպես Մոնպելիեի գաբոնական համայնքի անդամ, սպառնացել է բողոք ներկայացնել՝ աճուրդի տանը մեղադրելով գողացված առարկայի վաճառքի համար:

Միեւնույն ժամանակ աճուրդն անցկացնող Ժան-Քրիստոֆ Ջուզեպպին հայտարարել է, որ միջոցառումը բացառապես օրինական է անցկացվել, որքանով իրեն հայտնի է:

Պահակների ուղեկցությամբ ցուցարարները հեռացել են աճուրդի սրահից:

Շաբաթօրյա աճուրդին ներկայացված է եղել նաեւ կոնգոլեզյան աթոռ, որը վաճառվել է 44 000 ովրոյով: 

 

 

ԱՄՆ-ի բնակչուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ օպերային երգչուհին ։

Փենսիլվանիայից Վիկտորիա Բրինքերը ռեկորդ է սահմանել 7 տարեկան 314 օրականում, երբ նա Փիթսբուրգի թատրոնում երգեց «Կրակներ և լեգենդներ» օպերայում՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

Վիկտորիան արդեն 10 տարեկան է։ Նա ասել է, որ երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել շատ վաղ տարիքում։

«Ես շուտ եմ սկսել խոսել, իսկ երգել սկսել եմ երկու տարեկանից։ Միշտ երգել եմ», - նշել է նա։

Վիկտորիան պատմել է, որ օպերային երաժշտություն սկսել է ուսումնասիրել մոր շնորհիվ։ Նրա խոսքով՝ իրեն գրավել է երգչուհիների տեխնիկան, նրանց կատարումներն ու տարբեր մշակումները։

«Ինձ դուր են գալիս բարդ մշակումները, երգելու համար պահանջվող տեխնիկան, տարբեր լեզուները, որոնցով գրված են բոլոր արիաները»,- ավելացրել է ամերիկուհին։

Վիկտորյան և նրա ծնողները դեռ չգիտեն՝ օպերան կդառնա՞ նրա կյանքի գործը, թե՞ դա ընդամենը ժամանակավոր հոբբի է: Սակայն փաստ է, որ նա ամեն անգամ բեմում ելույթ ունենալիս հաճույք է ստանում։