Գեղարվեստական հաղորդում (314)
Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 4-ին կայացավ Եղիշե Չարենցի հոբելյանական 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Երեկոյի ընթացքում անվանի դերասաններ՝Մխիթար Ավետիսյանի, Արթուր Ութմազյանի, Սամսոն Ստեփանյանի, Բաբկեն Չոբանյանի, Սամվել Թոփալյանի ընթերցմամբ հնչել են Չարենցի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները: Ցուցադրվել է բանաստեղծին ու նրա ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է հատվածներ հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից: Երաժշտական կատարումներով հանդես են եկել տենոր Տիգրան Մելքոնյանը, Երևանի պետական կամերային երգչախումբը։
Երեկոյի մեկնարկից առաջ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշի մարման արարողությունը։
Մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցն՝ իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
«Չնայած բոլոր փորձություններին՝ Չարենցը մնաց իր հայրենիքի պաշտպանության ազատամարտիկը, իր գրչով պայքարեց հանուն արդարության ու հայրենասիրության: Չարենցի թողած գրական ժառանգությունը, խորապես ազգային լինելով, նաև համամարդկային արժեք է»,- ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը՝ հավելելով՝ նամականիշը գիտելիքների յուրօրինակ աղբյուր է, որը հատում է ժամանակի և տարածության սահմանները, դառնում մարդկանց հոգևոր և մշակութային շփման միջոց:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ սա յուրօրինակ ձևաչափ է՝ անդրադառնալու հռչակավոր մարդկանց ու իրադարձություններին՝ ևս մեկ անգամ հանրային կարևորություն տալով նրանց:
«Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է, ամփոփում է հայության և՛ հոռետեսությունը, և՛ հայրենասիրական վերելքները, և՛ բառ ու բանը՝ բառիս ամենաբարձր իմաստով: Կարծում եմ՝ ինչ էլ անելու լինենք, մենք դեռ Չարենցին մեր պարտքը տալու առիթներ ունենալու ենք»,- ընդգծել է փոխնախարարը:
Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկոն ավարտվել է «մերօրյա աղոթք»-ով՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ, որը հոտնկայս ասմունքել է ամբողջ դահլիճը:

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 14-ին տեղի ունեցավ Ա.Տերտերյանի «Սոմա.Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան, որը նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, բեմադրող նկարիչը Ռաֆայել Խաչատրյանը: Ներկայացման հագուստների հեղինակն է Ռուբինէ Հովհաննիսյանը: Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է: Մենակատարներն են՝ Սիլվա Պետրոսյան, Լուսինե Մակարյան, Ֆերդինանդ Մուրադյան, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան։
Օպերայի հիմքում Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմներն են:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ «Սոմա.Կրակե օղակ» օպերային ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է և առաջին անգամ է բեմադրվում Օպերային թատրոնում։
«Օպերա՝ խաղաղության, բարության, հաղթանակի և սիրո մասին. ահա այսպիսի սյուժե է պարունակում ներկայացման լիբրետոն: Այս օպերան յուրահատուկ է, այն պատմում է մարդու ներաշխարհի, սիրո մեծ էներգիայի մասին»,- նշում են Օպերայի և բալետի թատրոնից՝ հավելելով, որ օպերայի ծնունդից անցել է կես դար, սակայն, Ավետ Տերտերյանի ճշմարտությունն անընդհատ հաստատվում է, և սա այն բանի ապացույց է, որ Ավետ Տերտերյանը մեր արվեստի հանճարն է։

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Լայն հանրության համար այն բաց է ապրիլի 7-ից:
Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ, տարազային համալիրներ:
Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող «Դրվագներ ինքնության» շարքի հերթական մասն է: Այս շարքը հնարավորություն է տալիս նաև զարդարվեստի միջոցով պատկերացում կազմելու հայ ինքնության մասին հասարակական տարբեր շերտերում և մակարդակներում: Զարդերը՝ որպես մշակութային երևույթ, իրենց խորհրդանշական և ներկայացուցչական առանձնահատկություններով կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս ազգային գեղագիտական ընկալումները, զգացողությունը, ճաշակն ու ոճը:
Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերն ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել այլ երկրներում և ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:
Ցուցահանդեսի համար հիմք է ծառայել թանգարանի աշխատակից Աստղիկ Իսրայելյանի գիտական կատալոգը, որը վերջերս է լույս տեսել:
«Սա նաև յուրօրինակ հաղորդագրությամբ հետաքրքիր նվեր է Մայրության և գեղեցկության տոնին՝ անցյալից դեպի ներկա շատ երևույթների նորովի նայելու, արժևորելու առումով»,- ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Նա իրազեկել է, որ գրեթե ամեն շաբաթ թանգարանը հրավիրում է բանախոսի, որը ընթացիկ ցուցահանդեսի շրջանակում բացահայտում է որոշակի շերտեր՝ նոր դիտանկյունից ներկայացնելով տվյալ դարաշրջանն ու ցուցադրվող նմուշները:
«Դրվագներ ինքնության» շարքի ավանդույթը կշարունակվի նաև այլ ցուցադրություններով:

Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին հայտարարում են Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
«Մանկական Եվրատեսիլը» Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ՝ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ լավագույն տասնյակում տեղ է զբաղեցրել:
«Անհամբեր ենք տեսնելու, թե ինչպես են Երևանի մեր գործընկերները գործի դնելու այն բացառիկ ոգևորությունն ու ավյունը, որ ունեն «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հանդեպ»,-ասել է «Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը։

Ապրիլի 7-ին լրացել է Հայաստանի նկարիչների միության հիմնադիր և առաջին նախագահ, Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր և առաջին ռեկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, «Նեմեսիս» ծրագրի մասնակից, հայ մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի 120-ամյակը։
Ապրիլի 9-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառումների շարք։
Բացման խոսքով թանգարանի բակում հանդես եկավ Արա Սարգսյանի թոռնուհի և տուն-թանգարանի վարիչ Աննա Սարգսյանը, այնուհետև ելույթ ունեցավ «Բյուրական» միջնադարյան երաժշտության անսամբլը՝ Գոհար Հարությունյանի ղեկավարությամբ։
Միջոցառման երկրորդ մասում Հակոբ Կոջոյան սրահում ելույթ ունեցավ «Արար» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյանի ղեկավարությամբ, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորներ Տ․ Մանսուրյանի, Ե․ Երկանյանի, Ա․ Ոսկանյանի և այլոց ստեղծագործությունները։

Դերասան Ուիլ Սմիթին տասը տարով արգելել են մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ արգելել են այցելել «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Այս մասին գրում է Variety-ն։
Ակադեմիան հայտարարել է, որ որոշումը քայլ է «մեր անդամների և հյուրերի անվտանգությունն ապահովելու համար»:
««Օսկար» 94-րդ մրցանակաբաշխությունը նախատեսված էր մեր համայնքի բազմաթիվ մարդկանց մեծարելու համար, ովքեր անցյալ տարի անհավանական աշխատանք կատարեցին։ Այնուամենայնիվ, այդ պահերը խաթարվեցին անպատշաճ պահվածքով, որը մենք տեսանք բեմին՝ պարոն Սմիթի կոմից», - ասվում է Ակադեմիայի հայտարարության մեջ:
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ բարձրացել էր բեմ ու հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին այն բանից հետո, երբ վերջինս կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։
Սմիթը արժանացել է Օսկարի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար։

Ամստերդամի «Հերմիտաժ» թանգարանը փոխել է անվանումը՝ դառնալով «Ամստերդամի հոլանդական ժառանգություն»: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թանգարանի ներկայացուցիչ Մադլեն վան Վլիետը։
«Մենք բացել ենք ցուցահանդեսների շարք՝ բաղկացած հինգ մասից, որը կոչվում է «Ամստերդամի հոլանդական ժառանգություն», որոնցից յուրաքանչյուրը նվիրված է մեկ գլուխգործոցի: Բոլոր ցուցահանդեսներն անցկացվում են երկրի մեր գործընկեր թանգարանների հետ համագործակցությամբ, այստեղից էլ անվանումը»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ թանգարանը չի օգտագործի «Հերմիտաժ» անվանումն այս ցուցահանդեսների համար, քանի որ դասական «Հերմիտաժի բանաձևը»՝ Սանկտ Պետերբուրգի Պետական թանգարանից աշխատանքների փոխառության հիման վրա ցուցահանդեսներ ստեղծելը, այստեղ կիրառելի չէ։
«Ամառվանից հետո հույս ունենք, որ կհայտարարենք ցուցահանդեսների նոր ծրագրի մասին, հիմա մտածում ենք թանգարանի երկարաժամկետ ապագայի մասին»,- հավելեց մամուլի խոսնակը։
Նշենք, որ մարտի 3-ին «Ամստերդամի Հերմիտաժ» թանգարանը որոշել է դադարեցնել համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի պետական «Հերմիտաժ» թանգարանի հետ՝ կապված Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ։

Շաբաթ օրը Ֆրանսիան որոշում է կայացրել բարերար Մորոզովների հավաքածուից առգրավել նկարը, որը Louis Vuitton հիմնադրամին է փոխանցվել «Ժամանակակից արվեստի սրբապատկերներ» ցուցահանդեսի համար, որը տեղի է ունեցել Փարիզում՝ 2021թ․ սեպտեմբերի 22-ից մինչև 2022թ․ ապրիլի 3-ը։ Եւս մեկ կտավի առգրավումն ուսումնասիրման փուլում է, գրում է ֆրանսիական Zimo News լրատվական կայքը։
Հավաքածուի մնացած մասը, որը բաղկացած է Գոգենի, Ռենուարի, Մատիսի, Բոննարի և Վան Գոգի շուրջ 200 աշխատանքներից, չի տուժել և առաջիկա օրերին պետք է հայրենադարձվի Ռուսաստան։
Հրատարակությունը նշում է, որ խոսքը «Մոխրագույնով ինքնադիմանկար»-ի մասին է, որը ստեղծվել է 1910թ․՝ նկարիչ Պյոտր Կոնչալովսկու (1876-1956) կողմից, ում «ռուս Սեզան» են կոչում, և որն, ի դեպ, ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու և Նիկիտա Միխալկովի պապն է:
«Նկարը պատկանում է հայտնի օլիգարխ, Վլադիմիր Պուտինի մերձավորներից Պյոտր Ավենինին։ Մինչ ուկրաինական պատերազմի սկսվելը Բորիս Ելցինի այս նախկին խորհրդականը ղեկավարում էր «Ալֆա-բանկը»՝ Ռուսաստանի խոշորագույն առևտրային բանկը: Բերսիի խոսքով՝ սա հակամարտության սկզբից արվեստի գործի երրորդ առգրավումն է Ֆրանսիայում»,- նշում է Zimo News-ը։