Գեղարվեստական հաղորդում (315)
Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։
Սինգապուրի Լիոնի փառատոնում Առլեն Քեշիշյանի «Լույսի որոնումներում» լուսանկարն արժանացել է PSS մրցանակին։
Այս փառատոնում, որն անցկացվել է Լուսանկարչական արվեստի միջազգային ֆեդերացիայի (FIAP) և Ամերիկյան լուսանկարչության ասոցիացիայի (PSA) հովանու ներքո, ընդունվել են մի շարք իրանցի լուսանկարիչների աշխատանքները, որոնց շարքին էր նաև իրանահայ Առլեն Քեշիշյանը: Առլեն Քեշիշյանից բացի փառատոնին մասնակցել էին Մեհդի Զաբոլ Աբասին, Միտրասադատ Ամինին, Ալի Սամեին, Միր Ալի Փառանդակը և Նադեր Շարիֆին։
Նաև Լյուքսեմբուրգի Վայրի բնության փառատոնում, որն անցկացվել է Լուսանկարչական Արվեստի Միջազգային Ֆեդերացիայի (FIAP) հովանու ներքո, լուսանկարիչների աշխատանքները, ովքեր Focus Photo Club-ի (FIAP ներկայացուցչություն Իրանում) անդամ են, այդ թվում՝ Սեյեդ Ռեզա Ջավադին, Համիդ Ահմադի Բասիրը, ընդունվել են Ալի Սաղաֆին, Միր Ալի Փառանդակը և Օվիս Ղաֆարին։
Լուսանկարչության արվեստի միջազգային ֆեդերացիան (FIAP), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է լուսանկարչության ոլորտում միակ միջազգային ինստիտուտը, հիմնադրվել է 1946 թվականին և այդ ժամանակից ի վեր հանդիսանում է ողջ աշխարհի ազգային լուսանկարչության ինստիտուտների միջև հաղորդակցման միջոց: Որպես գործադիր անդամ՝ ֆեդերացիան սերտորեն համագործակցում է ամբողջ աշխարհի լուսանկարչության ազգային ինստիտուտների հետ՝ թվով ավելի քան 90 ազգային ինստիտուտներ հինգ մայրցամաքներում: FIAP-ը յուրաքանչյուր երկրում ունի միայն մեկ գրասենյակ, իսկ Իրանում FIAP-ի պաշտոնական ներկայացուցիչն է՝ «Focus Photo Club»-ը, որին անդամակցում են փառատոնին մասնակցած բոլոր լուսանակրիչները։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Հայաստանի բոլոր կինոթատրոններում տեղի ունեցան միայն հայկական արտադրության կինոցուցադրումներ:
Այս մասին հայտնել է կինոկենտրոնը:
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:
«Հայ կինոյի օրվա» առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած բոլոր միջոցառումներն առաջին հերթին ուղղված են անցյալի կինոժառանգությանը և ժամանակակից կինոյի հանրայնացմանը, մասնավորապես՝ կինեմատոգրաֆիստների նոր սերնդին, վերջին տարիներին միջազգային տարբեր կինոհարթակներում գրանցված հաջողությունների ներկայացմանը։
Եթերում է մեր գործընկեր Ռ․Մ․-ը․․․․․

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը 2022-ին տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարվել է նաև փառատոնի արտադրական հարթակի՝ GAIFF Pro հավատարմագրման բացման մասին։
GAIFF Pro-ն սկսում է C2C նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի հայտերի ընդունումը: C2C շուկան այս տարի տեղի կունենա հուլիսի 11-15-ը:
Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմի նախագիծը, ինչպես նաև այն ներկայացնել կինոոլորտի միջազգային մասնագետներին՝ խթանելով և հաստատելով համագործակցություն երկրների միջև:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը կմասնակցի մայիսի 17-25-ը կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային, որտեղ կունենա տաղավար (Palais 1, Booth N 23.04):
«Առաջարկում ենք բոլոր կինոգործիչներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Marche du Film կինոշուկային նախօրոք կապ հաստատել կինոկենտրոնի հետ, որպեսզի մենք կարողանանք աջակցել ձեզ ձեր պլանավորած հանդիպումները հայկական տաղավարում կազմակերպելու համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Եթերում է մեր գործընկեր Ռ․Մ․-ը․․․․․

Ավարտվել է ապրիլի 1-ից մեկնարկած Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, որը նպատակ ուներ բարձրացնել երեխաների՝ գրքի ու ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, ճանաչել մեր կողքին ապրող ու ստեղծագործող գրողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:
Շաբաթվա շրջանակում գրադարանում կազմակերպվել են ցուցահանդեսներ, ցերեկույթներ, գրքի քննարկումներ, հայ ժամանակակից գրողների հեքիաթների շուրջ հեքիաթապատումներ, երաժշտական ունկնդրումներ, ինտերակտիվ խաղեր ու թատերական ներկայացումներ:
Գրադարանում տոնել են տարվա հոբելյարների՝ մանկագիր Յուրի Սահակյանի 85 ու գուսան Շերամի 165-ամյակները: Այս տարի լրանում է նաև ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջ» գրքի 180-ամյակը, որի շրջանակում գրադարանում անցկացվել է գրքի տեսությունը։
Ապրիլի 7-ին տեղի է ունեցել Մայրության և գեղեցկության օրվան նվիրված ցերեկույթ, որի ժամանակ գրադարանի ակտիվ ընթերցողները կատարել են մայրերին նվիրված երգեր, ընթերցեցին բանաստեղծություններ, բեմադրեցին թատերական ներկայացում: Շաբաթվա ընթացքում կազմակերպվել է այցելություն Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, որտեղ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում ծառատունկ է իրականացվել:
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա փակումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին, որի շրջանակում կազմակերպված գրական ցերեկույթին հրավիրվել էին ժամանակակից հայ մանկագիրները՝ ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր Ա. Վարդանյանը, Ս. Ղազարյանը, Օ. Դարյանը, Ա. Հովսեփյանը և Մ. Սարգսյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ապրիլի 15-ին պատվոգրեր հանձնեց այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք 2021 թվականին պատշաճ լուսաբանել են միության նախաձեռնած միջոցառումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվոգրեր տրվեցին «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից Անժելա Համբարձումյանին, «Հանրային հեռուստաընկերության» լրագրող Նունե Ալեքսանյանին, «Ազատության» թղթակից Գայանե Դանիելյանին, «Առավոտ» օրաթերթի լրագրող, գրող Վովա Արզումանյանին, «Իրավունք» թերթի մշակութային բաժնի պատասխանատու, լրագրող Նունե Զաքարյանին, «Գրական թերթ»-ի լրագրող Շաքե Երիցյանին, լրագրող, գրող Հովհաննես Ավդարյանին: Պատվոգրեր տրվեցին «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ին, «Շանթ» հեռուստաընկերությանը, «Զինուժ մեդիա»-ին և «Հանրային ռադիո»-ին:
Միլիտոնյանն ընդգծեց, որ միությունը տարվա ընթացքում հետաքրքիր միջոցառումներ է անցկացրել՝ նշելով «Գիրք նվիրելու օրը», «Պոեզիայի միջազգային օրը»: Վերջերս հուշագիր են ստորագրել Բրյուսովի անվան համալսարանի հետ, ըստ որի՝ համագործակցելու են թարգմանական խմբերի ուսանողների հետ:
«Տոնել ենք Չարենցի 125-ամյակը և Չարենցին նվիրված գիրք ենք պատրաստում լույս ընծայել: Գրքում կլինեն բանաստեղծություններ, պատմվածքներ ու խոհագրություն»,-նշեց միության նախագահն ու հավելեց՝ նախատեսում են Չարենցին նվիրված միջոցառում կազմակերպել նաև Ծաղկաձորում:
Միությունը կնշի Դերենիկ Դեմիրճյանի 145-ամյակը:
«Նա մեր գրականության, ինքնության այն մեծերից է, որն արժանի է ամենայն մեծարանքի: Նրա «Քաջ Նազարը» համաշխարհային կատակերգական ժանրի լավագույն գործերից է: Մեր ժողովուրդը պետք է կարդա Դերենիկ Դեմիրճյանի նաև էսսեները, պատմվածքներն ու ճանաչի ինքն իրեն»,- նշեց Միլիտոնյանը:
Նա պատմեց՝ մինչև 27 տարեկան ստեղծագործողների համար մի քանի մրցանակաբաշխություն են անցկացնում, իսկ այս տարի ավելացել է ևս մեկը: ՀԲԸՄ-ի հետ համատեղ անցկացնելու են մինչև 27 տարեկան ստեղծագործողների բանաստեղծության, արձակի և մանկապատանեկան գրականության մրցանակաբաշխություն: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին Ծաղկաձորում:
«Մենք և աշխարհը» շարքի շրջանակում գրքերով անդրադառնալու են Վրաստանին և ռուս պատմությանն ու գրականությանը:
Խոսելով «Մանկապատանեկան գրքի շաբաթ»-ի մասին՝ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ այն իրականացվում է երկար տարիներ: Անցկացվել է խորհրդային տարիներին, իսկ հետո վերականգնվել է:
«Մանկապատանեկան գրականությունը կինոյի, թատրոնի, կերպարվեստի հիմքն է: Եթե գրականությունը չի հրատարակվում, այդ ոլորտները ևս տուժում են: Ես չեմ հիշում, որ վերջին 30 տարում Հայաստանում մանկապատանեկան թեմայով կինո նկարահանված լինի, այնինչ դրա կարիքը կա: Պետք է մանկապատանեկան լավ գրքեր, ամսագրեր լինեն, դպրոցն արտադասարանական ընթերցանության պետք է մղի երեխաներին, կանոնակարգի գրքերը և այլն»,-շեշտեց Էդվարդ Միլիտոնյանն ու ընդգծեց, որ 2021-ին քննարկում են կազմակերպել թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում հայ հեղինակների՝ մոտ 15 մանկապատանեկան պիես շրջանառվում է բեմադրման համար:

Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնը անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԵՊՀ-ից։
«Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանտի, Էքս-Մարսելի, ինչպես նաև Պյատիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են եկել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի շրջանակում ԵԼՀ ֆակուլտետի 30-ամյակին նվիրված «Խոսույթը գիտական համատեքստում» գիտաժողովին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամերիկացի դերասան, ԱՄՆ կինոակադեմիայի անդամ Հարրի Լենիքսը հայտարարել է, որ դերասան Ուիլ Սմիթը պետք է ինքնակամ վերադարձնի «Օսկարը»։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին դերասանը գրել է Variety-ի սյունակում։
Ըստ Լենիքսի, Ուիլ Սմիթը միակ մարդն է, ով այս պահին կարող է վերականգնել այս կինոմրցանակի «լավ անունը»։
«Նա պետք է գիտակցի իր կատարած արարքի ծանրությունը. նա մարտի 27-ին «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ միլիոնավոր մարդկանց աչքի առաջ ուղիղ եթերում ապտակեց հաղորդավար Քրիս Ռոքին»,- գրել է արտիստը:
Հարրի Լենիքսի կարծիքով, Սմիթը պետք է փոստով հետ ուղարկի իր արձանիկը Ամերիկյան կինոակադեմիա և հրապարակային հայտարարություն անի՝ նշելով, որ իրեն անարժան է համարում լինել այս մրցանակի պահապանը։
Ուիլ Սմիթը Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ հարվածել է հաղորդավար Քրիս Ռոքին այն բանից հետո, երբ նա կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Նրա խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։ Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։
Սմիթը արժանացել է Օսկարի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար։