Ապրիլ 28, 2022 03:22 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։

Հայ ժողովուրդը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ կազմակերպվեցին մի շարք գեղարվեստական միջոցառումներ:

Ապրիլի 24-ին, Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը Սիամանթոյի ստեղծագործություններն ընթերցեց ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը, երաժշտական կատարումներով հանդես եկան «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայելյան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկավար՝ Լուսինե Նազարյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արտեմ Խաչատուր):

«Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկայացվել են Անի Գևորգյանի, Արմինե Հարությունյանի, Աննա Վանեսյանի, Ինեսսա Պողոսյանի աշխատանքները:

Մանրանկարները կցուցադրվեն մինչև ապրիլի 29-ը:

Սկսած 2003 թվականից՝ յուրաքանչյուր ապրիլի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը:

 

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պատկերասրահում բացվեց ֆրանսահայ նկարիչ, փորագրող Ժան-Պիեռ Սեֆերյանի «Անապատը. մահվան քայլերթ» ժամանակավոր ցուցահանդեսը:

Ցուցադրության հեղինակը արվեստի լեզվով փորձում է ցեղասպանության իրողությունը ներկայացնել ավելի լայն հասարակությանը: Ըստ հեղինակի՝ ցուցադրությունը ցույց է տալիս «Մահվան քայլերթ»-ի այն ճանապարհը, որը 1915 թվականին  անցել են մեր հայրենակիցները:

Հեղինակը՝ ով նույնպես ցեղասպանությունը վերապրածների հետնորդ է, շնորհակալություն հայտնեց թանգարանի ամբողջ անձնակազմին ցուցադրությունը կազմակերպելու համար:

Նա նշեց, որ աշխատանքները ստեղծելիս ի սկզբանե ներշնչվել է քայլելուց: « Քանի որ երիտասարդ տարիքում շատ եմ քայլել՝ բարձրանալով բազմաթիվ սարեր, լեռներ, քայլելու ընթացքում շատ դժվար իրավիճակներ մեջ եմ գտնվել: Դու կարճ ժամանակում կարող ես ոչինչ չունենալ ուտելու, չկարողանաս քայլել և մոլորվես: Եվ ես ինքս ինձ հարցրեցի, թե ինչպե՞ս են մեր նախնիները քայլել այդքան երկար՝ սոված, ծարավ և շարունակել հաջորդ օրը նորից քայլել: Այն, ինչ ինձ իսկապես ներշնչել է այդքան երկար տանջանքներից, տառապանքներից հետո, կենդանի մնալն էր: Մարդիկ ովքեր քայլում էին ու վերապրել էին այդ քայլերթը, շարունակել են քայլել, բայց չիմանալով, թե ինչու: Ահա թե ինչպես է ստեղծվել ցուցադրությունը»,- ասաց Ժան-Պիեռ Սեֆերյանը:

Նա ընդգծեց, որ որոշել է այդ ամենը ներկայացնել երկար և կարճ ստվերների միջոցով ՝ ժամանակի և տարածության մեջ: Եթե ստվերը կարճ է ուրեմն արև է, եթե երկար է, ուրեմն երեկո է, այսինքն՝ կարելի է ասել ժամանակի նշանը տվել է  ստվերների միջոցով, իսկ եթե չկան ստվերներ, դա նշանակում է՝ այդ մարդիկ կորսված են:

Հեղինակը շեշտեց այն փաստը, որ փորագրությունները արված է այնպես, որ հակառակ կողմից նայելուց ցույց է տալիս վերադարձ, ինչը խորհրդանշում է այդ բոլոր վերապրածների սերունդների վերածնվել, ապրել և նորից հայրենիք վերադառնալը, ինչպես ինքն է այսօր այստեղ: Այսպիսով, «վերադարձի» խորհուրդը մշտապես ներկա է նրա աշխատանքներում:

Ժան-Պիեռ (Հարություն-Պետրոս) Սեֆերյանը ծնվել է Մարսելում 1954 թ. հունվարի 10-ին: Հայրը՝ ծագումով Սեբաստիայից, մայրը՝ Անկարայից, Ֆրանսիա են գաղթել 1925 թ.: Հաստատվելով Փարիզի մոտակա Իսի լե Մուլինո արվարձանում՝ Ժան-Պիեռ Սեֆերյանը 18 տարեկանում որոշում է մասնագիտանալ գրաֆիկական արվեստի և գովազդի մեջ: Աշխատելով արվեստանոցներում և գովազդային գործակալություններում՝ նա զուգահեռաբար ավարտում է նկարչի կրթությունը Փարիզի կիրառական արվեստների դպրոցում (երեկոյան դասընթացներ, 1975), նկարչական տեխնիկայի ուսումը Գեղարվեստի դպրոցում (1976):

Ամուսնանալուց հետո Ժան-Պիեռ Սեֆերյանը տեղափոխվում է ֆրանսիական մեկ այլ հայաշատ քաղաք՝ Ալֆորվիլ։ Խորհրդատվություն տրամադրելով ֆրանսիական խոշոր ապրանքանիշներին և զբաղվելով դրանց գրաֆիկական դիզայնով՝ Ժան-Պիեռ Սեֆերյանը միաժամանակ կտավներ է ստեղծում, որտեղ իր շրջապատի կերպարներն ամենուր են՝ հաճախ նրանց դիմանկարները չպատկերելով:

Ժան-Պիեռ Սեֆերյանի գործերը ցուցադրվել են տարբեր երկրներում (Կորեա, Ճապոնիա, Չինաստան, ԱՄՆ, Հայաստան): 2008 թ. Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է նկարչի «Գորշ անախրոնիզմ» շարքի աշխատանքներով անհատական ցուցահանդեսը: Ժան-Պիեռ Սեֆերյանը ստեղծագործում է հայաստանյան տարբեր թեմաներով՝ ոգեշնչվելով 2005 թ. Հայաստան կատարած առաջին այցից: Ժան-Պիեռ Սեֆերյանը նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված «Խաչքարերը մտնում են Լուվր» վավերագրական ֆիլմի (2007) համահեղինակն է: Այն լայնորեն հեռարձակվել է ԱՊՀ բոլոր երկրների ազգային հեռուստատեսություններով։

Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) ապրիլի 18-25-ը Հայաստանում իրականացրեց ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված էր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակին:

ՀԳԱ-ի կողմից իրականացվող մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվեց 2002թ.-ին: Այն իր առանձնահատուկ տեղն ունի գրադարանային մշակութային միջոցառումների շարքում:

Միջոցառմանն իրենց առանձին ծրագրերով մասնակցեցին հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները:

Գրադարաններում այս օրերին անցկացվեցին հանդիպումներ, գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված միջոցառումներ, պոեզիայի ժամեր, ցուցահանդեսներ, վիկտորինաներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ:

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային գրադարանային շաբաթի փակումն ու արդյունքների ամփոփումը:

 

 

Հայաստանը 2022-ի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը կմասնակցի ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակ հանդիսացող Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին, որն այս տարի կազմակերպվում է «Երազների կաթը» («The Milk of Dreams») խորագրի ներքո: Այն հղում է Լեոնորա Քարինգթոնի նույնանուն գրքին, որում սյուրռեալիստ արվեստագետը, ըստ բիենալեի համադրող Չեչիլ Ալեմանիի, նկարագրում է «կախարդական աշխարհ, որտեղ կյանքը երևակայության տարբեր շերտերի ներքո մշտապես նոր պատկերավորուﬓեր է ստանում, և որտեղ յուրաքանչյուրը կարող է փոխվել, կերպարանափոխվել` դառնալով այլ մարդ կամ առարկա»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով ապրիլի 21-ին մեկնել են Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ):

«2022 թվականին Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանը կներկայանա հայ-լիտվացի արվեստագետ և կոմպոզիտոր Անդրիուս Հարությունյանի «Ղարիբ» նախագծով, որը հաղթող էր ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021թ. կազմակերպված մրցույթի արդյունքում:

Ցուցահանդեսը ներկայացնում է Անդրիուս Հարությունյանի նոր ստեղծագործությունների և ինստալացիաների շարք, որի հիմնական տարրերն են ձայնը և երաժշտությունը: Նախագիծն աղերսվում է հունահայ ﬕստիկ, կոմպոզիտոր Գ. Ի. Գյուրջիևի գաղափարաբանությանը, ում ﬕասին լինելու մտորուﬓերը, հնագույն գիտելիքների վրա հիﬓված երաժշտական համակարգերի  ստեղծման տեսությունը, հիպնոտիկ երաժշտությունը, ինչպես աքսորի, այնպես էլ գոյաբանության փիլիսոփայությունն առանցքային են դարձել նախագծի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բիենալեի հրավերին համահունչ՝ «Ղարիբ» նախագիծը հետագծում է երևակայական մի ճամփորդություն՝ ուսումնասիրելով Մերձավոր Արևելքի երկրներում համընդհանուր տարածում ստացած մշակութային մի շերտ՝ բացահայտելով վերջինիս արդիականության լայն և խորը զարգացումները՝ որպես տարբեր աշխարհագրական տարածությունների, մշակույթների և պատմությունների համընդհանուր գաղափար: Որպես Արևելքին բնորոշ պատմագրական և հայեցակարգային հասկացություն` «Ղարիբը» սահմանում է պատկանելության և օտարացման համաժամանակյա լինելիության մի եղանակ, որը դուրս է Արևմուտքի պատկերակարգերից և ընկալվում է որպես ժամանակի, տարածության ռիթմի և ներդաշնակի ընկալումներին տարահունչ:

«Նախագծի շրջանակում նախատեսվում է «Ղարիբ» գրքի, ինչպես նաև նույնանուն գրքույկի հրատարակում: Հայկական տաղավարի պաշտոնական բացումը կայացավ 2022 թ. ապրիլի 21-ին:

Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը կարևորագույն իրադարձություն է ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակում նոր երկխոսությունների զարգացման, ինչպես նաև ոլորտում համագործակցության սերտացման, նոր կապերի և պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

 

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը շարունակում է ճանապարհորդել աշխարհի չորս անկյուններում՝ ապրիլ-մայիս ամիսներին հասնելով Հարավային Կորեայի մեծագույն քաղաքներից մեկը՝ Չոնջուն։

Ասիական ամենակարևոր փառատոներից մեկը՝ անկախ և փորձարարական ֆիլմեր սատարող Չոնջու միջազգային ֆիլմերի փառատոնի՝ JEONJU IFF. գեղարվեստական ղեկավարն իր պաշտոնական հաղորդագրության մեջ մեծ ուրախությամբ և պատվով հայտարարում է հայ ռեժիսորի վերջին ֆիլմի ասիական պրեմիերան հյուրընկալելու մասին։

«Փելեշյանը վերադառնում է նոր ֆիլմով՝ պարզ վերնագրված՝ «Բնություն», որի միջոցով նա շարունակում է ուսումնասիրել մարդկային համայնքների համակեցությունը շրջակա միջավայրի հետ՝ իր ստեղծագործության կենտրոնական թեման: Տեսողական էլեգիա հանդիսացող այս ֆիլմը վճռականորեն ընդունում է բնության գերազանցությունը, որը կարող է սաստկել մարդկային ամեն փառասիրություն»,- ասվում է փառատոնի կայքէջում։

«Բնություն» Ֆիլմը ցուցադրվելու է JEONJU IFF փառատոնի պատվավոր «Masters» անվանակարգում։ Այս բաժնում են ընդգրկվում մեծ ռեժիսորների նոր ֆիլմերը՝ հնարավորություն տալով փառատոնի հիմնականում երիտասարդ հանդիսատեսին տեսնելու ժամանակակից աշխարհը հանրահայտ ռեժիսորների տեսանկյունից։

Ապրիլի 28-ից մայիսի 7-ը Չոնջուն քաղաքում ցուցադրվելու են ընդհանուր առմամբ 217 ֆիլմ՝  57 երկրից։

 

Netflix-ի սթրիմինգային ծառայության բաժնետոմսերն էժանացել են 25,7 տոկոսով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել Է ՌԴ-ից հեռանալուց հետո անցյալ եռամսյակում 200 հազար վճարովի բաժանորդների թվի նվազման մասին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Աշխարհում Netflix-ի վճարող բաժանորդների ընդհանուր թիվը, ներառյալ նորեկները, առաջին եռամսյակում կազմել է 221միլիոն 640 հազար՝ 200,000-ով պակաս 2021 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ: Այս անկումն առաջինն էր 2011 թվականից ի վեր։

Netflix-ը, մասնավորապես, հայտարարել է, որ միայն Ռուսաստանում ծառայության փակումը հանգեցրել է 700 հազար բաժանորդների կորստի: Ավելի վաղ Netflix-ը, հետևելով մի շարք այլ արևմտյան ընկերությունների, որոշել էր «դադարեցնել աշխատանքը» Ռուսաստանում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Ընկերությունը նաև կանխատեսում է ընթացիկ եռամսյակի արդյունքներով արդեն 2 միլիոնով վճարովի բաժանորդների թվի նվազում:

 

Ռուս ականավոր գրող Ալեքսանդր Պուշկինի առաջին ժողովածուն ապրիլի 21-ին գրական հիմնադրամում աճուրդի հանվեց 6 միլիոն ռուբլի մեկնարկային գնով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 18-ին հայտնել է աճուրդի տան մամուլի ծառայությունը։

Գրքում ներառված են «Ռուսլան և Լյուդմիլա», «Կովկասի գերին», «Պոլտավա» ստեղծագործությունները:

«Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը (1820) ներկայացված է 142 էջով, այն ուղեկցվում է ձեռագիր թերթիկով՝ «Վերջաբան», որը Պուշկինը գրել է Կովկաս աքսորի ժամանակ։ «Կովկասի գերին» (1822) պատմվածքը շարադրված է 53 էջով, այն նվիրված է բանաստեղծի ընկեր Նիկոլայ Ռաևսկուն։ «Պոլտավա» պոեմը գրվել է 1828 թվականին, տպագրվել 1829 թվականի մարտին՝ 1,2 հազար օրինակ տպաքանակով։

 

Կացինը, որով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմում Ջեք Նիկոլսոնի կերտած կերպարը կոտրում է դուռը, վաճառքի է հանվել ԱՄՆ-ում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 18-ին հայտնել է TMZ պորտալը՝ վկայակոչելով Gotta Have Rock and Roll աճուրդի տունը:

Աճուրդի կազմակերպչի խոսքով՝ կացինը լավ վիճակում է և կներկայացվի հատուկ շրջանակով՝ ֆիլմից կադրերով: Աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ից: Աճուրդի տունը նախատեսում է կացնի դիմաց առնվազն 100 հազար դոլար ստանալ: