Մայիս 03, 2022 11:03 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։


Հայաստանի կոմպոզիտորների միությունը հիմնադրման 90-ամյակի առթիվ հանդես կգա հոբելյանական փառատոնով, մրցույթներով, համերգային ծրագրերով, ցուցահանդեսով և այլ նախաձեռնություններով, որոնց իրականացմանը կաջակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսի 19-ին:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով միությանը, ասաց՝ միայն Կոմպոզիտորների միության պատմությանը քաջածանոթ մարդիկ գիտեն, թե  ինչ է նշանակում 90 տարի, որոնք փորձություններով, նվաճումներով, դժվարություններով են անցել, այնինչ կառույցը գոյատևել է: «Ուրախ եմ, որ վերջին շրջանում նախարարության և միության համագործակցությունն ակտիվացել է, ինչի արդյունքում  նոր շունչ է ստացել Դիլիջանի կոմպոզիտորների տան համերգասրահը՝ մեծանուն արվեստագետ, կոմպոզիտոր, հասարակական, քաղաքական այր  Էդվարդ Միրզոյանի ջանքերով կառուցված դահլիճը: Այժմ շատերն են հետաքրքրություն ցուցաբերում սրահի նկատմամբ, և այնտեղ պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում, ինչը շատ կարևոր է»,-շեշտեց փոխնախարարը:

Խզմալյանի խոսքով՝ նախարարության առաջնահերթություններից է մշակութային գործընթացների, մշակութային արդյունքի ապակենտրոնացումը:

Նախարարությունը փորձում է ուշադրություն հրավիրել ժամանակակից կոմպոզիտորների վրա՝ հանդես գալով տարբեր նախաձեռնություններով, որոնցից է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կազմակերպած Հայ կոմպոզիտորական արվեստի  փառատոնը, որի ռազմավարական շեշտադրումները գնալով առավել հստակ են դառնում:

«Ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործական աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն փառատոներով, համերգային կատարումներով: Մենք պետք է շարունակենք տարվա ընթացքում աջակցել լավագույն ստեղծագործողներին ինչպես տեղեկատվական, այնպես էլ պատվերների միջոցով, նոտաների հրատարակման ճանապարհով: Այն, ինչ կախված է այս երեք կառույցից՝ լիազոր մարմնից, Կոմպոզիտորների միությունից, Սիմֆոնիկ նվագախբից, մենք  բավարար չափով իրականացնում ենք, պարզապես իմ ակնկալիքը մեծ է հենց բուն մասնագիտական հանրությունից, որովհետև պաշտոնական հարաբերություններով ոլորտի կարգավորումն անհեռանկարային է, եթե գործընթացները չեն հասունանում ընդերքից՝ մասնագիտական հանրությունից»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Նա կոչ արեց կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմին, երաժշտագետներին, ուսանողներին, երիտասարդ կոմպոզիտորներին շատ ավելի ակտիվ մասնակցել կոմպոզիտորական փառատոներին և հույս հայտնեց, որ յուրաքանչյուր ներկայացված աշխատանքի վերաբերյալ կծավալվի մասնագիտական քննարկում, ինչը լավ արդյունքի կբերի:

Խզմալյանը մեծ նշանակություն տվեց նաև Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա հանրապետական մրցույթին՝ նշելով, որ անհրաժեշտ է վաղ տարիքից պայմաններ ստեղծել պատանիների, երիտասարդների համար լսելու սեփական ստեղծագործությունը, կատարումները, որովհետև նաև լսելն է կրթության և ինքնազարգացման կարևորագույն բաղադրիչը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ հիշեցրեց, որ հայ կոմպոզիտորական արվեստը ավանգարդ է եղել դեռ խորհրդային տարիներից: «Միությունը հիմնադրվել է 1932 թվականի մայիսի 19-ին: Առաջին նախագահը եղել է երաժշտագետ Մուշեղ Աղայանը, հետո շատ ճանաչված կոմպոզիտորներ, որոնք զարգացրել են կոմպոզիտորական արվեստը: Ավանգարդ երևույթը Խորհրդային միությունում բուրժուական արվեստ էին համարում, բայց հայ կոմպոզիտորները շարունակում էին ստեղծագործել: Հիշում եմ՝ Միրզոյանն ասում էր, որ ժամանակը կգա,  և նրանք իրենց դեմքը ցույց կտան, այսինքն՝ երիտասարդները: Նրանք իսկապես իրենց դեմքը ցույց տվեցին, և այսօր շատ ճանաչված կոմպոզիտորների անուններ կարող ենք տալ, որոնք անցել են այդ դպրոցը և շարունակում են ավանդույթները: Մեր կոմպոզիտորների գործերն այսօր էլ հնչում են Մոնակոյում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում»,-ասաց Սաթյանը:

Խոսելով հոբելյանական միջոցառումներից՝ միության նախագահը տեղեկացրեց, որ կկազմակերպվի վեց համերգ՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային և այլն: Նախատեսում են իրականացնել ցուցահանդես՝ նվիրված հոբելյանին: Կներկայացվեն միությանը վերաբերող արխիվային նյութեր:

Սաթյանը հայտնեց՝ հոբելյանական փառատոնին, որը կմեկնարկի մայիսի 19-ին,  կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ, որոնց զգալի մասը պրեմիերաներ: Բացման համերգին ելույթ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը, Վանաձորի պետական կամերային նվագախումբը, անվանի մենակատարներ, իսկ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա հանրապետական մրցույթին, որը կանցկացվի մայիսի 10-13-ը, իրավունք կունենան մասնակցելու  մինչև 18 տարեկան հայազգի  պատանի ստեղծագործողներ, որոնք կբաժանվեն երկու տարիքային խմբերի՝ ներկայացնելով մանկական ստեղծագործություն: Մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն  խրախուսական նվերներով, պատվոգրերով, ինչպես նաև ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում ձայնագրվելու և մարզային համերգի հնարավորություն կստանան:

Տոնական համերգներ կանցկացվեն ամբողջ տարվա ընթացքում:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանում առաջին անգամ թատերական պաստառների փառատոն կանցկացնեն:

Փառատոնին կարող են մասնակցել դիզայներներ, ստեղծագործողներ, թատրոններ/թատերախմբեր և կազմակերպություններ՝ բոլոր երկրներից։

Մասնակցությունը փառատոնին անվճար է։ Փառատոնը մրցութային է, նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։

Փառատոնի արդյունքները կամփոփվեն 2022 թվականի սեպտեմբերին։

Նախնական ընտրությունն անցած պաստառները Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվեն 2022-2023 թվականների թատերաշրջանի ընթացքում։

Մինչև ապրիլ փառատոնն արդեն իսկ ստացել է 149 պաստառ՝ 23 երկրների 62 դիզայներներից։ Մասնակից երկրների շարքում են՝ Հայաստան, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Իտալիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Հարավային Աֆրիկա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ։

 

 

«Հայկական Ֆիլմ Ֆորում»-ը տարեկան միջոցառում է, որի ընթացքում ցուցադրվում են նախորդ տարիներին կինոթատրոնների էկրաններ բարձրացած հայկական արտադրության կամ համարտադրության ֆիլմերը, քննարկվում են հայկական կինոոլորտի արդիական հարցեր։

«Հայկական Ֆիլմ Ֆորումն» առաջին անգամ անցկացվել է 2019 թվականին։ Այս անգամ ֆորումը տեղի կունենա մայիսի 7-14-ը։ Ցուցադրվելու են 2019, 2020, 2021 թվականներին կինոէկրաններ բարձրացած Հայաստանի արտադրության կամ համարտադրության մոտ 20 լիամետրաժ ֆիլմ:

Ցուցադրությունները տեղի են ունենալու Երևանում` «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմերի ցուցադրությունները տեղի են ունենալու մայիսի 7-13-ը, իսկ մայիսի 14-ին ՀԲԸՄ երևանյան գրասենյակի դահլիճում տեղի կունենա քննարկումների շարք, որի ընթացքում կխոսվի հայկական կինոոլորտին առնընչվող արդիական խնդիրների մասին։ Բանախոսները լինելու են ոլորտը ներկայացնող մասնագետները։ Նպատակը ազատ միջավայրի ստեղծումն է, որի շնորհիվ հնարավորություն է տրվելու ներկայացնել ոլորտում առկա բացթողնումները, փորձել գտնել լուծումներ, ինչպես նաև խոսել նախորդ տարիների ձեռքբերումների մասին։

Այս տարի առաջին անգամ անցկացվելու է ֆորումի ընթացքում ցուցադրված ֆիլմերի վերաբերյալ գրախոսականների մրցույթ։ Լինելու է խրախուսական մրցանակ։

 

Ապրիլի 29-ին Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:

Ցուցադրության միջոցով առաջին անգամ անդրադարձ է կատարվում հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ հոլանդական արձագանքին: Չորս խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ փաստաթղթեր, ժամանակի հոլանդական մամուլում տեղ գտած Հայոց ցեղասպանության թեմայով բացառիկ նմուշներ, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ:

Ներկայացված նյութերի մեծ մասը ցուցադրության հեղինակ՝ հոլանդացի հետազոտող դոկտոր Դիրք Ռոոդզանտի անձնական հավաքածուից է:

Ցուցադրությունը կազմակերպվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դոկտոր Դիրք Ռոոդզանտի համագործակցությամբ:

Ցուցադրությունը կգործի մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը:

 

«10 օր Անրի Վեռնոյի հետ». այս խորագրով է հրատարակել իր հուշագրությունը անվանի կինոգետ, հայ կինոն ներկայացնող 11 գրքի և շուրջ 30 սցենարի հեղինակ, նախկինում մի քանի կինոամսագրերի հիմնադիր Ռոբերտ Մաթոսյանը։

1980 թվականին աշխարհահռչակ մեր հայրենակից Անրի Վեռնոյը (Աշոտ Մաղաքյան) 10 օրով այցելության է գալիս Հայաստան, որտեղ երբեք չէր եղել, և այդ 10 օրերի ընթացքում առավոտից մինչև ուշ գիշեր նրա անբաժան ուղեկիցն էր Ռոբերտ Մաթոսյանը։ Անրի Վեռնոյը շրջել է Հայաստանում, շփվել հայ մարդու հետ, մի շարք հանիպումներ ունեցել մեր կինոգործիչների հետ և հեռացել չափազանց տպավորված։

Երկու տարի առաջ լրացավ Վեռնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որը նշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, նաև Հայաստանում անցյալ տարի միայն՝ համավարակի պատճառով։ Ռոբերտ Մաթոսյանն այդ օրերին էր ցանկանում տպագրել իր հուշապատումը Հայաստանում աշխարհահռչակ ֆրանսահայ ռեժիսորի անցկացրած 10 օրերի մասին, բայց ֆինանսավորում չգտնելով հետաձգվեց հուշապատումի հրատարակությունը և ի վերջո իր ընկերոջ ֆինանսավորմամբ այս օրերին կարողացավ լույս ընծայել «10 օր Անրի Վեռնոյի հետ» 55 էջանոց գրքույկը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Ազգային գրադարանում։ Գիրքը հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը։

Այդ տասնօրյա այցի ժամանակ Վեռնոյի հետ հանդիպումներ են ունեցել, զրուցել, հազար ու մի հարցեր քննարկել մեր լավագույն կինոգործիչները՝ Մալյանը, Դովլաթյանը, Խորեն Աբրահամյանը և ուրիշներ, որոնք այսօր, ցավոք, մեզ հետ չեն, և Ռոբերտ Մաթոսյանի հուշապատումից շատ բան կարելի է տեղեկանալ նրանց այդ հանդիպումներից, ծանոթանալ նաև գրքույկում զետեղված և այդ հանդիպումների մասին պատմող Մաթոսյանի կողմից արված լուսանկարներին։

«Իր մոտ կային բջիջներ, որ արթնացան։ Եվ պատահական չէր այդ գալուց տասը տարի հետո «Մայրիկի» նկարահանումը։ Այդ գաղափարը հենց Երևանում է ծնվել։ Վերջին օրն էր, արդեն ճանապարհում ենք նրան, «Արմենիա» հյուրանոցի մեծ սրահում Հենրիկ Մալյանը կանչեց, ասեց՝ Աշոտ ջան, ես մի թեմա ունեմ, որ ուզում եմ նկարահանես դու, էստեղ ինձ չեն թողնի, դա Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն է։ Չնայած նա Թեհլերյանի մասին ֆիլմ ամբողջական չնկարեց, բայց ի վերջո «Մայրիկը» սկսվում է Սողոմոն Թեհլերյանի դատավարությամբ»։

«10 օր Անրի Վեռնոյի հետ» հուշագրության խմբագիր, անվանի կինոգետ Արծվի Բախչինյանը ընդգծում է. - «Մեր հռչակավոր հայրենակից Անրի Վեռնոյի մասին բավական շատ է գրվել տարբեր լեզուներով, հայերեն նույնպես։ Սակայն նրա հայաստանյան այցելության մանրամասները մինչ օրս բացահայտված չէին։ Եվ այդ բացը լրացրեց մեր վաստակաշատ լրագրող, կինոգետ, պրոֆեսոր Մաթոսյանը։ Մենք տեսնում ենք մի շարք մեկը մյուսից հետաքրքրական շտրիխներ այդ մեծ հայորդու դիմանկարին, բացահայտում ենք նրա հայության տարբեր դրսևորումները, կարող են կռահել, թե ինչպես հայաստանյան նրա այցելությունը տարիներ անց պետք է արձագանքն գտներ, որպեսզի գրեր «Մայրիկ» վեպը և այդ վեպով համանուն ֆիլմ նկարահաներ։ Մեզ շատ են պակասում այս տիպի հուշագրությունները մեզանում քիչ ծանոթ մարդկանց մասին, հատկապես այս ոճով գրված, երբ հուշագիրը գրում է ոչ թե իր մասին, այլ այն մարդու մասին, որին նվիրված է հուշագրությունը»։

Գրքի նախաբանում Ռոբերտ Մաթոսյանը գրում է. - «Անրի Վեռնոյը ընդամենը իր մեկ ֆիլմով համայն աշխարհին ասաց՝ Ես Հայ եմ․․․ Ահա հայի այս տեսակն է, որ ազգ ու ժողովուրդ է ներկայացնում, եթե կուզեք՝ նաև պահում․․․ Ու հայի այս տեսակն է, որ մեզ այնքան շատ է պակասում․․․»:

 

 

Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիան հայտարարություն է տարածել Ռուսաստանում կինոցուցադրումների շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդպես, COVID-19 համավարակի ժամանակ շուկայի անկումը վճարների մասով կազմել է 26.6 տոկոս եւ հաճախումների մասով՝ 33.6 տոկոս։

Սակայն վերջին ամիսների իրադարձությունները, ինչպես ասվում է ասոցիացիայի հաղորդագրության մեջ, «կտրուկ փոխեցին ռուսական կինոպրոկատի ոլորտը»։

Շուկայի անկումը մարտին 2019 թվականի մարտի համեմատ կազմել է համապատասխանաբար 54 տոկոս եւ 59 տոկոս։ 2022 թվականի ապրիլի կեսերին երկրում կինոթատրոնների 36.4 տոկոսն արդեն փակվել էր։

«Առաջիկա 2 ամսվա ընթացքում ռեպերտուարի խիստ պակասը կինոթատրոններից եկամուտների ավելի քան 80 տոկոս անկման կհանգեցնի, ինչպես նաեւ՝ կինոդահլիճների առնվազն 50 տոկոսի փակմանը»,- եզրակացրել են ասոցիացիայում։ Դրանում նաեւ ընդգծել են, որ հենց կինոթատրոններն են բարձրորակ կինոյի ստեղծման երաշխավորը։

 

Ամերիկացի եւ գերմանացի նկարիչ Էմանուել Լոյցեի (1816-1868) «Վաշինգտոնը հատում է Դելավերը» (1851) կտավը, որը 40 տարի կախված էր Սպիտակ տան արեւմտյան թեւի ընդունարանում, մայիսի 12-ին աճուրդի է հանվել։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով Christie's աճուրդի տունը։

Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ կտավը կվաճառվի 15-20 մլն դոլարով։

«Վաշինգտոնը հատում է Դելավերը» կտավը մշակութային երեւույթ է, որին հղումները հանդիպում են ամենուր, այդ թոժվում՝ The New Yorker-ում եւ The Simpsons-ում: Այս խորհրդանշական նկարը կցուցադրվի Christie's 20th Century Evening Sale-ում մայիսին եւ պոտենցիալ գնորդներին հնարավորություն կտա մոտիկից նայել Ամերիկայի ճակատագիրը որոշած իրադարձությունը պատկերող կտավին»,- ասվում է Christie's-ի կայքում:

Լոյցեի կտավից բացի, մայիսի 12-ին կայանալիք աճուրդում կներկայացվեն Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի, Վինսենթ վան Գոգի, Պոլ Սեզանի եւ Էնդի Ուորհոլի կտավները։