Գեղարվեստական հաղորդում (319)
Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը, Սպահանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն ու այլ պաշտոնյաներ այցելել են Սուրբ Ամենափրկիչ վանք։ Նրանք եղել են Սուրբ Ամենափրկիչ վանքի Նոր Ջուղայի հայոց Ազգագրական թանգարանում, «Յովսեփ Արիմաթացի» եկեղեցում և «Ներսես Շնորհալի» գրադարանում, ապա հանդիպել Թեմական խորհրդի հետ:
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տեղեկություններ է փոխանցել Ս. Ամենափրկիչ վանքը ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու գործընթացի վերաբերյալ: Քննարկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում Ս. Ամենափրկիչ Վանքի ընդգրկման գործի ընթացքը և հույս են հայտնել, որ այն հնարավորինս շուտ իրականություն կդառնա։

Ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը, այս մասին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի էջը:
«Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, ԼՂ-ից և Սփյուռքից:
Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար:
Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի», ասված է Գագիկ Ծառուկյանի էջում։
---

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Մաթևոսյանական ընթերցումներ-4» խորագրով գիտական նստաշրջան:
«Գիտաժողովը նպատակ ուներ վառ պահելու Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, շեշտելու նրա ամենօրյա ներկայությունը այսօրվա գրական կյանքում, ապահովելու հայ մեծ արձակագրի ստեղծագործության գիտական հետազոտության ու նրա գեղարվեստական արժեքի հետագա հանրայնացումը: Գիտական հոդվածները լույս կտեսնեն առանձին ժողովածուով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը նշել է. «Ավանդույթի համաձայն՝ նշանավոր գրողի հոբելյանները Մայր բուհում նշվում են նրա ստեղծագործություններին նվիրված գիտական նստաշրջաններով: Ցավոք, վերջին գիտաժողովը հնարավոր չեղավ կազմակերպել համավարակի պատճառով, սակայն գոհունակությամբ պետք է նշենք, որ հիմա այդ հնարավորությունը մենք ունենք: Այս տարի նաև լրանում է Հրանտ Մաթևոսյանի վաղաժամ մահվան 20 տարին, և այս գիտական նստաշրջանը հարգանքի տուրք է մեծ արվեստագետի հիշատակին»:
«Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները մշտապես եղել են ԵՊՀ-ի ուշադրության կենտրոնում. իր կենդանության օրոք նշանավոր գրողը բազմիցս հյուրընկալվել է Մայր բուհում, հանդիպումներ ունեցել ԳԽ-ի և առանձին ֆակուլտետների հետ: Մեծ գրողի մահվանից հետո նրա լուսավոր հիշատակը հավերժացնելու և վաստակը վերստին իմաստավորելու նպատակով ֆակուլտետի՝ հայ նորագույն գրականության ամբիոնը պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ հիմք է դրել «Մաթևոսյանական ընթերցումներ» անվանումը կրող գիտաժողովների շարքը»,- հավելել է ռեկտորը:
Նիստի նախագահող, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոցենտ, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն իր խոսքում նշել է. «Մաթևոսյանի գրականությունը լեցուն է հարուստ գաղափարներով, հարցադրումներով, ազգային մտածողությամբ: Ես կարծում եմ, որ մեր գիտական նստաշրջանը ևս մի կարևոր քայլ կկատարի մաթևոսյանագիտության մեջ»:
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոցենտ, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը խոսել է գիտական նստաշրջանի կարևորության մասին: Պրոֆեսորն ասել է. «Գիտաժողովի շրջանակում վառ է պահվում Հրանտ Մաթևոսյանի հիշատակը և շեշտում նրա ամենօրյա ներկայությունը մեր գրական կյանքում: Դեռևս շարունակվում են նրա արձակի, հրապարակախոսության, գեղագիտության խնդիրների նոր բացահայտումները: Յյուրաքանչյուր տարի համալսարան նոր ուսանողներ են գալիս, և բոլոր սերունդները պետք է լսեն այդ խոսքը, սնվեն այն գաղափարներով ու գեղագիտությամբ, որ թողել է Հրանտ Մաթևոսյանը:
Թեմաներն ընտրվում են հնարավորինս տարբեր ուղղություններով, որպեսզի գրողը բազմակողմանի ներկայացվի: Մաթևոսյանի ասելիքը թաքնված է իր տեքստերի խորքում, հետևաբար անհրաժեշտ է անընդհատ վեր հանել և բացահայտել այդ խորքային ենթաշերտերը»:
Նշվում է, որ գիտաժողովին ներկա է եղել նաև «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի որդին:
«Մաթևոսյանի գրական ժառանգությունը շատ հարուստ, խորը, անընդհատ ուսումնասիրության և վերարծարծման կարիք ունեցող գրականություն է, որովհետև բարձրացնում է թեմաներ, մտքեր և գաղափարներ, որոնք այսօր պետության, ազգագոյության, ազգի չկործանման համար կարևորագույն եզրույթներ ու մտքեր են»,- ընդգծել է Դավիթ Մաթևոսյանը:
Զեկուցող մասնակիցները տասներեքն են եղել, որոնց թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ, մագիստրանտներ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Մատենադարանի գրականագետներ:
Գիտաժողովին ներկա են եղել նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ և այլ հյուրեր:
ԵՊՀ-ից հայտնում են, որ նախորդ երեք նստաշրջանների ընթացքում ներկայացված հոդվածները տպագրվել են առանձին ժողովածուներով: Հերթական՝ չորրորդ ժողովածուի մեջ կներկայացվեն Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության խնդիրների ուսումնասիրության մեջ Մայր բուհի ներդրած ջանքերը:

Մայիսի 10-ին, մեկնարկել է «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը»:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող այս նախագծի մրցութային փուլին իրավունք են ստացել մասնակցելու հայազգի 15 պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստան) և Թեհրանից (ԻԻՀ):
Մասնակիցները կբաժանվեն տարիքային 2 խմբի՝ ներկայացնելով մեկական ստեղծագործություն:
Մայիսի 12-ին մրցույթի մասնակիցներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
Հավելենք նաև, որ նախագիծն իրականանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի» գործընկերությամբ:

Հանրաճանաչ երաժիշտներ թավջութակահար Սևակ Ավանեսյանը (Բելգիա) և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վերջապես կյանքի կոչեցին իրենց գարնանային տաք գույներով հարուստ տարվա առաջին համատեղ համերգը։
«Մի փոքր արև» համերգը տեղի ունեցավ մայիսի 10-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգը երկու անգամ հետաձգվել է համաճարակի և հետպատերազմյան իրադարձությունների պատճառով։ Հայաստանյան հանդիսատեսին երաժիշտները ներկայացրել են Աստոր Պիացոլայի, Իգոր Ստրավինսկու, Խեսուս Տորեսի, Ռոդիոն Շչենդրինի, Մանուել Դե Ֆայայի, Գասպար Քասադոյի և Էնրիկե Գրանադոսի ստեղծագործությունները։ Որոշ ստեղծագործություններ Հայաստանում հչնել են առաջին անգամ։
«Այս ծրագիրը Սևակի հետ միասին հավաքել էինք մինչքովիդյան շրջանում, այնուհետև մեր բոլոր նպատակներն ուղղեցինք հետագայում առ Արցախ ու վիրտուալ ելույթներ։ Այսօր արդեն ցանկանում ենք կենտրոնանալ գեղեցիկ ու վառ ծրագրի վրա, որին վերաբերվում ենք նաև նորովի. թող այն գարնան, արևի ու լավ տրամադրության վերածնունդ լինի բոլորիս համար»,- նշում է դաշնակահար Հայկ Մելիքյանը։
Նշենք, որ Սևակ Ավանեսյանն ու Հայկ Մելիքյանը արդեն հասցրել են ելույթ ունենալ միասին՝ Fratres` «Եղբայրներին» խորագրով համերգով։ Այն տեղի էր ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում մասնակցելու է միանգամից երկու կինոփառատոնի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմն ընդգրկվել է Միլանի 29-րդ Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնի ծրագրում: Այն հեղինակավոր կինոփառատոն է, որը անցկացվել է 2022 թվականի մայիսի 10-15-ը:
«Ժառանգը» մասնակցելու է նաև Միլանում սեպտեմբերին կայանալիք «Մետրոպոլիս» կինոփառատոնին (Metropolis Film Festival):
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Էվելինա Բարսեղյանն է, արտադրող ընկերությունը՝ Ակադեմի ֆիլմս, պրոդյուսերն Արամ Թորոսյանն է, իսկ օպերատորը՝ Արտավազդ Խաչատրյանը:

Բրիտանական հանրահայտ Guardian պարբերականն անդրադարձել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին՝ ներկայացնելով և վերլուծելով դրա սյուժեն։
Նշվում է, որ ֆիլմը նկարահանվել է Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա, իսկ ռեժիսորը Հենրիկ Մալյանն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիր Փիթեր Բրեդշոուն հայտնել է, որ ֆիլմը ցուցադրվելու է Klassiki սթրիմինգային ծառայության հարթակում:
Հոդվածագիրը նշում է, որ ֆիլմում ընդգծվում է սրամտությունն ու փիլիսոփայական հումորը:
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը մայիսի 10-ին ցուցադրվել է Լոնդոնի «Լումիեր» կինոթատրոնում, մայիսի 10-ին այն լինելու է նաև Klassiki հարթակում:
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը նկարահանել է «Հայֆիլմ» կինոստուդիան 1969 թվականին:
Ֆիլմում նկարահանվել այնպիսի վաստակաշատ դերասաններ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արտավազդ Փելեշյանը, Արմեն Այվազյանը:
Ֆիլմի սյուժեն հետևյալն է:
Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ, և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։
Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորձում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ, և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։
Քննությունը շարունակելու համար լեյտենանտը որոշում է գործի մասնակիցներին՝ Իշխանին, Ավագին, Պավլեին, Զավենին ու Ռևազին, տանել միլիցիայի բաժանմունք։ Իսկ քանի որ հենց այդ օրերին գյուղից պետք է ոչխարներ տանեին մթերակայան, նրանք քաղաք են գնում սարերով՝ իրենց հետ տանելով մթերման հոտը։

Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը Christie's աճուրդում վաճառվել է 195 միլիոն դոլարով և դարձել ամերիկյան արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը:
«Shot Sage Blue Marlin» անվանումով նկարը, որտեղ Մոնրոն պատկերված է բաց փիրուզագույն ֆոնի վրա, Ուորհոլի կողմից ստեղծվել է 1964 թվականին՝ օգտագործելով մետաքսե տպագրություն։
Դիմանկարն արվել է աստղի մահից հետո։
Լոտի համար պայքարել է չորս գնորդ: Այն բաժին է հասել աշխարհում ամենահայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանին: