Մայիս 24, 2022 15:06 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։


Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական ավելի քան 25 պատմական տարազների ցուցահանդեսը, որոնք ներկայացնում են թե՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թե՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները:

Մայիսի 19-ի առավոտյան բացումը կատարվեց ցուցահանդեսի, որը նախաձեռնությունն է «Արտակ Մանուկյան» ազգ. թանգարանի եւ «Թագավորական զգեստների թանգարանի»: Բացման հանդիսությանը «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանի տնoրեն Ալիս Շահմուրադյանն իր գնահատանքի խոսքը ուղղեց՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, Թեհրանի «Հայ կին» միությանը, որի ջանքերի շնորհիվ տասնամյակներ հավաքագրվել ու պահպանվել են հայկական պատմական տարազները եւ տարիներ է ինչ գտնվում են «Արտակ Մանուկյան» ազգ. թանգարանում: Նա նաեւ գնահատանքով անդրադարձավ բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիվ կազմակերպվել է ցուցահանդեսը, ինչպես՝ Կարինե Մանուչերյանին՝ ցուցահանդեսը դասավորելու համար: Միջոցառմանը Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամյանն իր գնահատանքի խոսքն ուղղեց «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանի տնօրենությանն իր ջանքերի համար, նաեւ բարձր գնահատեց «Հայ կին» միությանը: Նա կարեւորեց նման վայրերում հայկական մշակույթը ներկայացնող նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը, այն համարելով խաղաղ գոյակցության եւ բարի կամքի դրսեւորման վառ  օրինակը: Ցուցահանդեսի բացման հանդիսությանը ներկա էին երկու արվեստագետներ՝ Օֆիկ Նազարյանն ու Մարո Զովելյանը, որոնց ձեռքի աշխատանքները եւս ցուցադրության էին դրված:

Ներկա էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի,Կրթական խորհրդի , ազգային իշխանության ներկայացուցիչները, Հ. Մ. «Արարատ» կազմակերպության, Հ. Մ. «Սիփան» միության ,«Հայ կին» միության վարչությունների անդամներ եւ միութենականներ, համալսարանի դասախոս եւ Իրանի նորաձեւության ասպարեզում աշխատողներից առաջինը համարվող՝ դոկտ. Էդնա Զեյնալյանը: Ցուցահանդեսը իր աշխատանքը շարունակելու է մինչեւ մայիսի 26-ը:

 

Իրանահայ ճանաչված թատերական բեմադրիչ, թարգմանիչ, կինոռեժիսոր Արբի Հովհաննիսյանը արժանացել է կարճամետրաժ կինոակադեմիայի՝ ԻՍՖԱ-ի մրցանակին:

Մայիսի 21-ի երեկոյան կայացած կարճամետրաժ-կինո ակադեմիայի 12-րդ մրցանակաբաշխության եւ ԻՍՖԱ շքանշանի հանձնման միջոցառման ընթացքում իրանահայ ճանաչված թատերական բեմադրիչ, կինոռեժիսոր, թարգմանիչ Արբի Հովհաննիսյանը արժանացել է ԻՍՖԱ-ի շքանշանին:

Նա՝ մրցանակ ստանալու առթիվ արտերկրից իր պատգամն է հղել, որի տեքստում նշել է, որ ֆիլմերի նկարահանման ընթացքում փորձել է հասնել ինքնաճանաչողության, եւ կինոարտադրությունն իր համար ինքնաբացահայտման պրակտիկայի նման է:

 

 

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին,  Ա. Սպենդիարյանի տուն–թանգարանում բացվեց «Մեկ ցուցանմուշի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Ցուցադրությանը ներկայացվել են երկու յուրահատուկ ցուցանմուշ. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն աուդիո ուղեցույցով և Ալեքսանդր 2-րդ կայսեր հրովարտակը՝ «Սպենդիարովները՝ Ռուսական Կայսրության տոհմիկ պատվավոր քաղաքացիներ» խորագրով երկլեզու տեսանյութի ցուցադրությամբ:

Նշվում է, որ Առաջնորդարանի շենքում Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ կոմպոզիտորին հատկացվել է աշխատասենյակ, որտեղ նա գրել է իր առաջին հայաստանյան ստեղծագործությունը՝ նշանավոր «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ սյուիտը: Մանրակերտի ուղեցույցի օգնությամբ այցելուները կծանոթանան այդ պատմությանը:

Համայն Ռուսիո կայսեր հրովարտակը՝ Սպենդիարովների ընտանիքին տոհմիկ պատվավոր քաղաքացիների կոչում շնորհելու վերաբերյալ տրվել է կոմպոզիտորի հորական պապի՝ առաջին գիլդիայի վաճառական Ավքսենտի Սպենդիարովի այրուն՝ Ելիզավետա Սպենդիարովային Ռուսական Կայսրության սենատի կողմից, 1878 թ.: Հրովարտակը պահվում է Երևանի Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի՝ Սպենդիարյանի ֆոնդում: Այցելուներին ներկայացվել է հրովարտակի կրկնօրինակը և Սպենդիարյանի տուն-թանգարանի կողմից պատրաստված փաստագրական տեսանյութ՝ Սպենդիարովների տոհմի ուշագրավ ձեռքբերումների պատմությամբ:

Թանգարանային գիշերը՝ մայիս 21-ին, տուն-թանգարանը նախապատրաստել էր երկու նախագիծ:

«Հանդիպում կոմպոզիտորի պատշգամբում» նախագծի շրջանակում թանգարանի պատշգամբում տարբեր երաժշտական կրթօջախների տաղանդաշատ պատանիների հետ իրենց փորձով և մասնագիտական խորհուրդներով կիսվեցին դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և նրա պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը:

Իսկ այնուհետև մինչև ուշ երեկո տուն-թանգարանի բակում կայացավ բացօթյա համերգ:

Մասնակիցներն էին Երևանի Միքայել Միրզոյանի անվ. երաժշտական դպրոցի, Առնո Բաբաջանյանի անվ. պետական երաժշտամանկավարժական քոլեջի, Շառլ Ազնավուրի անվ. պետական արվեստի քոլեջի սաները և Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ջազային ամբիոնի սաները՝ մեներգիչներն ու ժողովրդական անսամբլները: Համերգը նվիրվել էր թավջութակահար, հայկական ջազային երաժշտության հիմնադիր, Ալեքսանդր Սպենդիարյանի սան՝ Արտեմի Այվազյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին: Ծրագրում ընդգրկված էին հայկական ժողովրդական կատարումներ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիրված ջազային-էստրադային ստեղծագործություններ:

Չխախտելով թանգարանային գիշերվա ավանդույթը՝ այցելուները ճաշակեցին «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»:

 

 

Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի թանգարանը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում մայիսին և առաջիկա ամիսներին հանդես կգա հետաքրքիր նախաձեռնություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը տեղեկացրել էր,որ մայիսի 21-ին բաց կլինի «Մշակութային դրսևորումները Ս. Փարաջանովի թանգարանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում այցելուներն իրենք պետք է վերնագրեն լուսանկարները, իսկ 3 լավագույն վերնագրերի հեղինակները կարժանանան մրցանակների:

«Թանգարանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի մշակութային կյանքին, և մեզ համար կարևոր է, որ թանգարանի յուրաքանչյուր առարկա կենդանանա: Այդ գաղափարը ծնվեց, երբ պատրաստում էինք այս ցուցահանդեսը:  Տարվա սկզբին մեր թանգարանում ներդրվել է վիդեոինստալյացիա ծրագիրը, որը բաղկացած է 4 հետաքրքիր աշխատանքներից, որոնք Սերգեյ Փարաջանովն ստեղծել է բանտում: Ձեռքբերում եմ համարում թանգարանային առարկաների միջոցով «Կարմեն» անիմացիոն ֆիլմի ստեղծումը, որի միջոցով պարզ է դառնում, թե ինչպես էր Փարաջանովը պատկերացնում Կարմենի ու Խոսեի հանդիպումը»,-պատմեց նա ու հավելեց՝ հունիսի ութին պատրաստվում են Փարաջանովի սպասքի ցուցադրությունը կազմակերպել:

Մայիսի 25-ին ներկայացվել են «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը; Այն իրականացրել  են ռեժիսոր Վահան Բադալյանի հետ: 2018 թվականին հանրության շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած այս նախագիծը, համագործակցելով Երևանի վեց թանգարանների հետ, հարստացրել է Երևանի թանգարանային մշակույթն իր նորարարական լուծումներով և ստեղծարարությամբ: Նախագծի հեղինակ և ղեկավար Վահան Բադալյանն այս տարի շարունակում է Երևանի և Գյումրու մի քանի այլ թանգարանների հետ այս համագործակցությունը, որը կրկին ուղղված է լինելու թանգարանների հարուստ հավաքածուների հանրահռչակմանն ու արժևորմանը հանրության շրջանում: Նախագծի երկրորդ ներկայացում-ինստալյացիան տեղի կունենա Փարաջանովի թանգարանի տարածքում՝ ընդգրկելով թանգարանի շենքի բակային հատվածը, ինչպես նաև թանգարանի ցուցասրահները, որոնցում կվերստեղծվեն ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմից տեսարաններ:

Ներկայացում-ինստալյացիան կուղեկցվի ձայնային էֆեկտներով, որոնք ներշնչված են համանուն ֆիլմից: Կենդանություն ստացած կադրերն առավելագույնս կվերարտադրեն Փարաջանովի կերտած կերպարներն ու իր ստեղծագործական ոգին:

Անահիտ Միքայելյանը շեշտեց՝ ամռանը թանգարանում նաև թատերական ներկայացումներ կպատրաստվեն: Արվեստասերների դատին կհանձնեն «Անիրական կյանքը» բեմադրությունը:

 

 

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում, միջմշակութային համագործակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացված են պատառիկներ Չարենցի «Կոմիտասի հիշատակին. Requiem Aeternam» պոեմի ձեռագրից, որոնք նվիրաբերվել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: Ցուցադրվեց նաև Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) «Չարենցը և Կոմիտասը» կտավը։

Ձեռագրերի մասին տեղեկություններ հաղորդելով՝ բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցն ասաց՝ Չարենցը երբեք չէր հանդիպել Կոմիտասին և առաջին անգամ տեսավ, երբ Կոմիտասի աճյունը մահից ամիսներ անց հասավ Հայաստան: «Չնայած Չարենցը վատառողջ էր, սակայն գնաց վերջին հրաժեշտը տալու Կոմիտասին ու այնտեղից մի մոմե երկնագույն ծաղիկ վերցրեց որպես հիշատակ: Երկու օր անց Չարենցը մի քանի օրում գրեց «Կոմիտասի հիշատակին. Requiem Aeternam» պոեմը: Հետագայում նա մշակեց պոեմը և փոփոխությունների ենթարկեց»,-պատմեց Գոհար Չարենցը:

Ձեռագիրը Չարենցի բազմաթիվ այլ գործերի հետ միասին հողի տակ պահել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի, Չարենցի մտերիմ ընկեր Ռեգինա Ղազարյանը: Ստեղծագործությունները հողի տակ են մնացել 17 տարի: Դրանք դուրս են բերվել Կոմունիստական կուսակցության առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից հետո: Մի մասը ոչնչացել է և հնարավոր չի եղել վերականգնել, սակայն «Կոմիտասի հիշատակին. Requiem Aeternam»  պոեմը բավականին լավ վիճակում է եղել:

 

Մայիսի 19-ից մեծ էկրան է բարձրացել «Վիշապ»  գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի ստեղծագործական խումբը վստահեցում է՝ այս ժանրում աշխատելը նոր էր ու բարդ:

«Ամբողջ աշխարհում կա սուպերհերոսների մասին ֆիլմ նկարահանելու ձևաչափը: Մտածեցինք, իսկ ինչու չունենանք նաև մենք։ Եվ Ռուբեն Ջաղինյանի հետ ծնվեց մտահղացումը, որից էլ փորձեցինք ստանալ ֆիլմը։ Նախագիծը դժվար և բարդ ճանապարհ անցավ 2020 թվականին, բայց, ինչպես ասում են, մենք էլ սուպերհերոսաբար դրանք հաղթահարեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը:

Նրա խոսքով՝ թիմային որոշում էին կայացրել, որ ֆիլմի գլխավոր դերակատարները պետք է հանրությանը հայտնի չլինեին, ինչը ռիսկային էր, սակայն դերասաններն արդարացրել են իրենց սպասումները:

«Առաջին փորձը արված է: Կարծում եմ, որ հայ երիտասարդների համար սա հաճելի անակնկալ կլինի, նոր էջ է բացվում հայկական ֆիլմարտադրության մեջ: Սցենարով՝ մեր դերասանները 18-20 տարեկան են, իսկ այդ տարիքային խմբում չունենք փորձառու դերասաններ: Դժվար էր, սակայն նաև շատ հետաքրքիր էր նրանց հետ աշխատելը: Կարծում եմ, որ շատ լավ ճանապարհ է բացվում նրանց համար, իսկ լսարանն էլ նոր դեմքեր կտեսնի, թեպետ ֆիլմում կան նաև շատ հայտնի և փորձառու դերասաններ»,-ասել ֆիլմի բեմադրիչ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:

Ֆիլմի ռեժիսոր Արման Սարգսյանի խոսքով էլ Վիշապ անունը պատահաբար չի ընտրվել:

«Հիմքում հայկական լեգենդ կա:  Ու մենք փորձել ենք ցույց տալ, որ եթե կյանքում կա չար ուժ, ապա դրան հաղթող բարի ուժ էլ կա»:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում Միլանի 29-րդ Sguardi Altrove Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնին արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:  Այս մասին հայտնում են կինոկենտրոնից։

Հիշեցնենք, որ «Ժառանգը» ֆիլմն ընդգրկվել է ևս մի իտալական փառատոնի մրցութային ծրագրում: Այն մասնակցելու է Միլանում սեպտեմբերին անցկացվելիք «Մետրոպոլիս» կինոփառատոնին (Metropolis Film Festival):

Ֆիլմի սցենարի հեղինակն է Էվելինա Բարսեղյանը,  պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը,  կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյանը։ Դերակատարներ՝ Լևոն Հախվերդյան, Դիանա Մալենկո, Ջուլիետա Ստեփանյան:

 

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Մոսկվայում մասնակցել է Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին, որն անցկացվել է մայիսի 17-ից 20-ը: Նվագախումբը դիրիժոր Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ մայիսի 18-ին Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես է եկել համերգով՝ կատարելով հայ և օտարազգի հանրահայտ հեղինակների ստեղծագործություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ասաց՝ 2022-ին փառատոնն անցկացվում է «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլի հիմնադրման 30-ամյակի առթիվ: Ե՛վ անսամբլի, և՛ փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Յուրի Բաշմետն է:

Նա հիշեցրեց, որ 2022-ին նշվում են Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60, Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակները:

Փառատոնից հետո Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 30-ին համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ համագործակցելով իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի հետ: Կներկայացնեն «Բիթլսի» և Ֆրենկ Սինատրայի լավագույն ստեղծագործությունները, որոնց գործիքավորումն իրականացրել է իտալացի տրոմբոնահար Մասսիմո Մորգանտին: Կլինեն համագործակցություններ նաև այլ երաժիշտների և կոմպոզիտորների հետ: