Շաբաթվա ամփոփում
Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։
Իրանն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին համապատասխան, այդ թվում՝ տարածաշրջանի բոլոր բնակիչների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավունքների նկատմամբ հարգանքի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը։
-----------------------
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար »,-հավելել է Իրանի դեսպանը:
Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների` Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:
«Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում»,-ասել է նա:
2021 թվականի դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նաև հավանական է համարել մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը:
«Տեխնիկական և մասնագիտական հարցեր կան, որոնք համապատասխան մասնագետները ուսումնասիրում և քննարկում են: Ճիշտ չի լինի դրանց ավարտից առաջ մենք ցանկանանք ինչ-որ բան ասել: Սպասենք տեխնիկական, մասնագիտական արդյունքներին, բայց արդյունքը, ինչ էլ լինի, երկու երկրների օգտին է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:
Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով՝ նշելով, որ Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են:
-------------------
Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները։ Կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
Նշենք, որ թեև բրյուսելյան հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ չկար խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանի առաջարկած 5 կետերի մասին որևէ հիշատակում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե խաղաղության բանակցությունների համար հիմնական դեր են խաղալու իրենց 5 սկզբունքները։
«Մի քիչ գուցե ոչ ճշգրիտ և անհասկանալի է ձևակերպված, բայց իրականում խոսքն այն մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները։ Կա կարևոր բանավեճ միջազգային հանրության շրջանում, որը հասել է ՀՀ։ Հիմա կա հարցադրում, թե արդյոք խաղաղության օրակարգը կամ հարաբերությունների կարգավորման թեման պե՞տք է լուծի ԼՂ հիմնախնդիրը, թե՞ այն պետք է տարանջատվի և դիտվի որպես առանձին հարց»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանն ասում է, թե իրար նկատմամբ տարածքային պահանջներ չպետք է լինեն, ինչը հայկական կողմի համար ընդունելի է, քանի որ ԼՂ հարցը երբեք տարածքային խնդիր չէ, այլ իրավունքի։ Ըստ Փաշինյանի` ԵՄ նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին` այդ ենթատեքստն ընդգծելու համար։
«Ընդդիմության ներկայացուցիչները զարգացնում են այն օրակարգը, որ հարաբերությունների կարգավորման օրակարգը պետք է տարանջատել ԼՂ կարգավորման օրակարգից։ Սա լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող տեսակետ է. այս ընթացքում պետք է քննարկումներ ունենանք, սակայն ցավոք, ընդդիմադիրները հրաժարվում են քննարկումներից։ Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե այս ճամփաբաժանին որ մոտեցումն է ավելի լավը»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ Վարչապետը վստահեցրեց, որ ինքն իր դիրքորոշումն ունի, բայց կարծում է, որ այդ հարցը կորոշակիացնեն ավելի լայն շրջանակների հետ քննարկումներից հետո, և Արցախի դիրքորոշումն էական է լինելու։
Հարցին, թե խաղաղության բանակցությունները երբ են սկսվելու, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այժմ բանակցություններ ընթանում են ձևաչափի, պարամետրերի համար։ Նրա խոսքով` երկու երկրների ԱԳ նախարարություններն աշխատում են իրար հետ, քանի որ կան հարցեր, որոնք էական են։
---------------
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։
---------------
Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։
Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
-------------
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
------------
Թեև հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է, սակայն թուրք գործընկերները որոշակիորեն սինքրոնացնում են այս գործընթացը հայ-ադրբեջանական գործընթացի հետ:
Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հավանական է, որ առաջիկայում հանդիպում տեղի ունենա Հայաստանում կամ Թուրքիայում:
Միրզոյանն ասաց, որ այդքան մեծ կարևորություն չի տալիս հանդիպման վայրին: Նա չբացառեց, որ ինչ-որ պահի, երբ գործընթացն արդեն շոշափելի հաջողություններ սկսի արձանագրել, այդպիսի հանդիպումներ լինեն նաև Անկարայում և Երևանում:
«Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն, որքան էլ, որ հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինքրոնացնում են այս գործընթացը Ադրբեջանի հետ մեր ունեցած գործընթացի հետ կամ նարատիվի մաս են դարձնում դա՝ նախապայման չդարձնելով: Սա, իհարկե, կառուցողական հավելյալ արժեք չի հաղորդում գործընթացին և ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը»,-ասաց Միրզոյանը:
Քննարկումները շարունակվում են: ԱԳ նախարարի խոսքով՝ այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք, ցավոք, չկա: Նա վերահաստատեց, որ հայկական կողմը հաստատակամ և անկեղծ է իր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ, հետաքրքրված է սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ ու կցանկանար նույնը տեսնել նաև Թուրքիայից: ԱԳ նախարարը նշեց, որ նաև Թուրքիայի ԱԳ նախարարի ժեստերը չեն նպաստում այդ գործընթացին:
----------------
Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց, որ սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:
Վարչապետը հայտնեց, որ արբանյակի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: «Արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում: Սա է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: