Հուլիս 06, 2022 10:04 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

---------------------------------

Երեքշաբթի հունիսի 28-ին, Թեհրանի «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանում տեղի ունեցավ Երևանի Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվետ Թաջարյանի՝ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ: Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում և լավագույնս պատկերում են ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը: Միջոցառումը մեկնարկեց ազգային թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադյանի ողջույնի խոսքերով, ով անդրադարձավ նաև թանգարանի աշխատանքներին:

Գրքի մասին համապարփակ բացատրություն փոխանցեց հեղինակ Իվետ Թաջարյանը, ընդգծելով, որ հայերենով, անգլերենով և պարսկերենով լույս տեսած եռալեզու սույն աշխատանքի մեջ հավաքագրված են Մատենադարանում առկա Իրանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ լավագույն ձեռագրերից մի ծաղկաքաղ: Նա ընդգծեց, որ գիրքը հրատարակվել է Ռուսաստանից «Վիկտորիա» հիմնադրամի հովանավորությամբ և Գայիանե Գեորգյանի ջանքերով, շատ քիչ տպաքանակով և մտադրություն կա վերահրատարակել աշխատությունը, քանզի գիրքը հուշում է Իրան–Հայաստան սերտ կապերի մասին: Նա նշեց. «Ես փորձել եմ, որպես իրանահայ իմ ներդրումը ունենալ այս գրքի կազմավորման մեջ, ձեռագրերի հավաքագրման և ուսումնասիրման հարցով»:

Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես եկան՝ Իրանում ԻԿՕՄ-ի պատասխանատու Մոհիթ Թաբաթաբային, Իրանում ՀՀ դեսպանության դիվանագետ Գարիկ Գրիգորյանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահե Թարոյանը, իսկ եզրափակիչ խոսքով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը:

Սրբազան Հայրն իր ելույթի ընթացքում կարևորելով կատարված աշխատանքը և բարձր գնահատելով հեղինակին, գիրքը բացահայտ օրինակը համարեց Իրան-Հայաստան մշակութային և պատմական սերտ կապերի և կարևորեց Իրանում հայկական կոթողների նկատմամբ Իրանի կառավարության անվերապահ ուշադրությունը, ընդգծելով, որ թե՛ արևմտյան Հայաստանում, և թե՛ այսօր ԼՂ-ում ցավոք ավերում են հայկական կոթողները: Սրբազան Հայրը գնահատանքով անդրադարձավ Իրանի նման բարյացակամ մոտեցմանը և հրատարակված գիրքը համարեց երկու ժողովրդի հոգեկան, մշակութային, հոգևոև կապը և բարձր գնահատեց գրքի հեղինակ Իվետ Թաջարյանի աշխատանքը:

 

Image Caption

 

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի Կորիզ» տարածաշրջանային կարճամետրաժ մրցութային ծրագրում ընդգրկված են ֆիլմեր Հայաստանից, Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Պաղեստինից, Վրաստանից, կան նաև համատեղ արտադրության ֆիլմեր։

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի Կորիզ» տարածաշրջանային կարճամետրաժ մրցութային ծրագրի շրջագծում ցուցադրվելու է իրանական արտադրություն համարվող «Ջուր, քամի, հող, հաց» ֆիլմը, որի ռեժիսորն է Մահդի Զամանփուր Քիասարին

Նույն ծրագրում ներառված է նաև Իրանի ու Լեհաստանի համատեղ արտադրությունը համարվող «Ենթագումարներ»-ը, որի ռեժիսորն է Մոհամադռեզա Ֆարզադը:

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

 

Image Caption

 

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փառատոնի պատվավոր հյուրն է լինելու Կաննի և Բեռլինի փառատոնների գլխավոր մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը։

«Կոստա-Գավրասի օսկարակիր «Z»-ը Օսկարի պատմության առաջին ֆիլմն է, որն առաջադրվել է թե՛ «Lավագույն ֆիլմ», և թե՛ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում:

1982 թվականին «Անհետ կորած» ֆիլմի համար Կոստա-Գավրասն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և «Օսկար» մրցանակի՝ լավագույն էկրանավորման սցենարի համար, իսկ «Երաժշտական արկղիկ»-ը (1989թ.) Բեռլինի 40-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակին:

Նա եղել է ֆրանսիական կինոյի նահապետ Ռենե Կլերի օգնականը և իր հերթին ազդեցություն է ունեցել այնպիսի ռեժիսորների վրա, ինչպիսիք են Օլիվեր Սթոունը և Սթիվեն Սոդերբերգը։

«Ոսկե ծիրան» -ից օրեր անց Լոկառնոյի կինոփառատոնը Կոստա-Գավրասին կշնորհի պատվավոր մրցանակ՝ կինոարվեստում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Ֆրանսիական Սինեմատեքի նախագահ Կոստա-Գավրասը մի քանի ամիս անց կդառնա 90 տարեկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Image Caption

 

Հայաստանի ազգային գրադարանում հունիսի 29-ին տեղի ունեցավ ռեժիսոր Հակոբ Փափազյանի, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի եւ պրոդյուսեր Նվեր Մնացականյանի հեղինակած «Գիրք Հայրենիքը. Հակոբ Մեղապարտ» երեք մասանոց փաստավավերագրական ֆիլմաշարի առաջին սերիայի ցուցադրությունը: Այն հանրությանը ներկայացվում էր առաջին անգամ:

Հայ գրատպության 510-ամյակին ընդառաջ ֆիլմը բացառիկ վավերագրություն է 16-18-րդ դարերի հայ գրատպության պատմության, որում հեղինակները բացահայտում են նոր ոսկե դարաշրջանի լուսավոր ու մութ ծալքերը. ով եւ ինչ պայմաններում հայկական շունչ տվեց եվրոպական գրատպությանը։

Ֆիլմի ռեժիսոր Հակոբ Փափազյանը «Արմենպրես»-ին պատմեց, որ ժապավենի ստեղծումը մեծ ջանքեր է պահանջել, նկարահանումները մի քանի անգամ կանգնեցվել են:

«Նկարահանումները սկսվեցին 2012թ.-ից: Ինչպես հայ տպագրիչներն են 16-18-րդ դարերում մեծ չարչարանքների գնով տպագրություններ արել, այդպես էլ մենք՝  չարչարանքներով ֆիլմը ստեղծեցինք, շատ մեծ դժվարությամբ: Ֆիլմի նկարահանումներն իրականացնելու համար, հատկապես խաղարկային դրվագները կերտելիս,  մեզ օգնել են Մխիթարյան միաբանության հոգեւորականները»,-պատմեց նա:

Նկարահանման բացառիկ իրավունքով ֆիլմի հեղինակները փաստավավերագրական ժապավենում առկա հարուստ նյութը ձեռք են բերել Վենետիկից, Վիեննայից, Փարիզից, Ամստերդամից, Ստամբուլից, Ջուղայից եւ այլն:

«Սցենարիստի առաջ խնդիր դրվեց անպայման կերպավորել մատուցվելիք նյութը: Արդյունքում ստացանք առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի մասին սցենարական յուրահատուկ լուծումներով, արհեստավարժ հայագետների վկայություններով հայկական ավանդական հանդերձանքով խաղարկային տպավորիչ դրվագներ, որ տալիս են բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Փաստորեն ունենք երեք ֆիլմ, որոնցում բարձր դասարանի աշակերտները իբրեւ դաս կարող են տեսնել ու հասկանալ, թե ինչպես ստեղծվեց հայ առաջին գիրքը, Աստվածաշունչը եւ այլն: Ֆիլմի սյուժեն հենց գրատպությունն է: «Գիրք հայրենիքը» ընդհանուր ֆիլմն է, որն ունի երեք մաս: Երկու մասը՝ «Ոսկան Երեւանցին», «Մխիթար Սեբաստացին» հանրայնացրել էինք, «Հակոբ Մեղապարտը»՝ ոչ, անավարտ լինելու պատճառով»,-նշեց ռեժիսորը:

Image Caption

 

Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 23-ին տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ, որի ընթացքում կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ համերգի ամբողջ հասույթը կուղղվի Հանրային հեռուստաընկերության բարեգործական նպատակներին:

Համերգի ծրագրում ներառված են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ», «Արևիկ», «Հին օրերի երգ», «Յոթ սարից այն կողմ», «Գիքոր», «Կտոր մը երկինք» ֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների երաժշտությունները:

Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

 

Image Caption

 

Հուլիսի 6-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանի» պաշտոնական բացումը:

Թանգարանում ցուցադրված է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշ։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու՝ առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որտեղ բացի զարմանալուց ու զվարճանալուց, ձեռք կբերեն նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից:

«Թանգարան ստեղծելու գաղափարը վաղուց կար և տարիներով ուսումնասիրել ենք տարբեր երկրներում գտնվող նմանատիպ թանգարաններ։ Կարծում ենք, որ այն հետաքրքիր կլինի ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Գյումրի քաղաքն էլ պատահական չենք ընտրել։ Այս քայլով ցանկանում ենք ակտիվացնել քաղաքի ժամանցային կյանքը»,-նշել է թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը։

 

Image Caption

 

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտարարել է, որ հաջորդ տարվա ընթացքում Էրմիտաժի կողմից արտասահմանյան ցուցահանդեսների մորատորիումը չի տարածվում Չինաստանի և բարեկամ երկրների վրա:

«Սա մեր որոշումն է։ Միևնույն է, մշակույթի նախարարությունն է մեր բոլոր ցուցահանդեսների թույլտվությունը տալիս, և մոտ ապագայում դրանք Եվրոպա տանելն անվտանգ չէ, իսկ ԱՄՆ-ի հետ 15 տարի է ինչ փոխանակումներ չունենք։ Իհարկե, դա չի վերաբերում Չինաստանին և այլ երկրներին, եթե անվտանգության բոլոր պահանջները պահպանվեն»,-  ասել է նա։

Պիոտրովսկին նշել է, որ Էրմիտաժը կապեր է պահպանում բարեկամ երկրների մշակութային հաստատությունների հետ և մեծ մուլտիմեդիա նախագիծ է պատրաստում Չինաստանի քաղաքներում։ Ցուցահանդեսներ բարեկամ երկրներում նախատեսվում են նաև այլ կառույցների կողմից։ Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հաղորդմամբ, Վասիլի Պոլենովի աշխատանքների ցուցահանդեսը, որը մշակույթի նախարարությունը նախատեսել էր Ֆրանսիայում անցկացնել 2024 թվականին, կանցկացվի Մերձավոր Արևելքի երկրներից մեկում։

 

Image Caption

 

Ամերիկյան Universal Pictures կինոընկերությունը կփակի ռուսական գրասենյակը և ամբողջությամբ կլքի երկիրը:

«Մայր ընկերությունը որոշել է դադարեցնել գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ օտարերկրյա ընկերությունների առջև ծառացած բազմաթիվ դժվարությունների պատճառով բիզնեսով զբաղվելն անհնար է դարձել»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասվում է ընկերության նամակում։

Ավելի վաղ Disney, Paramount, Warner Bros., Sony Pictures, Lionsgate, A24 և Universal Pictures ընկերությունները դադարեցրել էին իրենց ֆիլմերի վարձույթը Ռուսաստանում։

Image Caption

 

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Վուդի Ալենը հայտնել է, որ իր կարիերան կարող է ավարտել վերջին ֆիլմի նկարահանումներից հետո, քանի որ ստեղծագործական գործընթացը դադարել է «սուր զգացողություններ« բերել իրեն, հաղորդում Է Reuters-ը:

«Մեծ հուզմունքն անհետացել է», - ասել է Ալենը ֆիլմարտադրության մասին:

Նրա խոսքով՝ առաջ, երբ ֆիլմ էր նկարահանում, այն ամբողջ երկրի կինոթատրոններում էր։ «Այժմ ֆիլմ ես նկարահանում, մի քանի կամ միգուցե չորսից վեց շաբաթ ցուցադրում են կինոթատրոններում, իսկ հետո անմիջապես անցնում ես սթրիմինգային ցուցադրությանը։ Ինձ դա դուր չի գալիս»,- նշել է ռեժիսորը։

Այս կապակցությամբ ռեժիսորը ենթադրել է, որ շուտով կդադարի նոր նախագծեր նկարահանել։ Վուդի Ալենը պատմել է, որ աշնանը կմեկնի Փարիզ ֆիլմի վրա աշխատելու համար, իսկ հետո հնարավոր է ավարտի կարիերան: