Հուլիս 13, 2022 08:06 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող միջազգային տեղեկատվության և ցանցային կապի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնը առանձին հոդվածով անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված՝ «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով Հայաստանի Հանրապետության հայտի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցմանը, որը տեղի է ունեցել 2020 թ. Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ.-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ նստաշրջանին:

Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից Թադեոսի հիշատակին: 2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ` Թադեի վանքը Ս. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին «Հայկական եկեղեցիները Իրանում» անվանումով գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ս. Թադեոս առաքյալի վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության վկայությունն է: Այն հատուկ նշանակություն ունի ողջ հայության համար: Ամեն տարի` հուլիս ամիսին, նախանշված օրերին, կազմակերպվում է Թադեոս առաքյալին նվիրված եռօրյա ուխտագնացություն դեպի վանք և բազմաթիվ հայ քրիստոնյաներ Իրանից, Հայաստանից և արտերկրից մասնակցում են այդ ուխտագնացությանը: Տեղի է ունենում պատարագ, մատաղի արարողություններ, մկրտություններ, ժողովրդական երգ ու պար: Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունենալու հուլիսի 28-30-ը։

«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտի գրանցումն արժևորվում է այն հանգամանքով, որ այն ներկայացնում է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը:

 

 

Հայաստանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու են նաև իրանական ֆիլմեր: Փառատոնի ժյուրիի կազմում նույնպես ներառված է ռեժիսոր Մոհամմադ Մեհդի Ասկարփուրը։

«Ոսկե ծիրան»  կինոփառատոնը կանցկացվում է հուլիսի 10-ից 17-ը՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Փառատոնին կցուցադրվեն ռեժիսոր Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը», Նարգես Ջոդաքիի և Իման Փաք Նիհադի «Բիբի Ջան», Իդրիս Աբդիի և Ավարահ Օմարի «Լաբորատորիա թիվ 2» (Իրանի և Իրաքի համատեղ արտադրություն), Մոհամամդռեզա Ֆարզադի «Ենթագումարներ»  և Մեհդի Զամանփուր Քյասրիի «Ջուր, քամի, հող, հաց» ֆիլմերը:

 

 

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro համարտադրական շուկայում կներկայացվի 12 նախագիծ և 4 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը:

«Այս տարի ընդլայնել ենք աշխարհագրությունը: Կլինեն ռեժիսորներ Արևմտյան Ասիայից, կինոգործիչներ Լիբանանից, Սիրիայից, Հորդանանից, Վրաստանից, նախագծեր Հայաստանից: Բացի համարտադրական հարթակից, որի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ արտերկրից հրավիրված կինոգործիչների հետ, կլինեն աշխատարաններ կինոքննադատների համար: Աշխատարանները ևս միջազգային են: Կհյուրընկալվեն մասնակիցներ Մեքսիկայից ու Մալայզիայից: Նրանց հոդվածները լույս են տեսնելու  փառատոնի օրաթերթում»,-նշեց Կարապողոսյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում են միջոցառումներ, որոնք բաց են հանրության համար: Միջոցառումները նվիրված են լինելու կինոարտադրողներին հուզող թեմաներին: Մեծ հետաքրքրություն են վայելում «Ռանդեվու» խորագրով հանդիպումները: 2022-ին կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպելու Թերի Ջորջի, Կոստա Գավրասի, Ալբերտ Սերայի, Մայքլ Գուրջյանի, Ֆիլիպ Բոբերի հետ:

 

2022 թվականին հայկական կինոն նշում է 100-ամյակը: Այդ կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար:

 

 

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց  «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ  «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը AHA collective-ի նախագիծն է, որը ուրվագծվել է 2020 թվականի նոյեմբերի 13-ին ԼՂ-ի  Դադիվանքում  դրոշմներ ստեղծելու արդյունքում, երբ արվեստագետների մի արշավախումբ Երևանից արտակարգ իրավիճակի թելադրանքով մեկնել էր Քարվաճառ։

Ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրյանը ընդգծեց, որ այս դրոշմների շուրջ երկխոսում են տարբեր տեխնիկաներով ներկայացված արվեստի գործեր։

Ցուցահանդեսի հեղինակը նշեց, որ Դադիվանք այցի ժամանակ իրենց հետ տարել են թուղթ և կավ, որպեսզի կարողանային տեղանքն արձանագրել: «Մենք ցանկանում էինք Դադիվանքի եկեղեցու պատերից դրոշմներ ստեղծել: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում են գտնվում այդ դրոշմների ինստալյացիան՝ որպես Դադիվանքի ուխտագնացության վկայություն-մասունք: «Արծիվ» սրահում էլ ցուցադրության շարունակությունն է, որտեղ տարբեր տեխնիկաներով աշխատանքներ ներկայացնում են պատերազմի վերքերը, փլուզումները»,- ասաց Խաչատուրյանը:

 «Պատկերասրահ Մեկ»-ում էլ ցուցադրվում է կարճամետրաժ մի ֆիլմ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է մարդկությունը ապրեցնում տեղանքն ու ժառանգությունը:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը նշեց, որ այս նախագիծը շատ կարևոր, բայց միևնույն ժամանակ բարդ նախագիծ է:

«Երբ առաջին անգամ ստացանք առաջարկը AHA collective-ից ի դեմ համադրող հիմնադիր Նայիրի Խաչատուրյանի, իրականում մի քիչ տարակուսանքի մեջ էինք՝ արժե արդյոք այս թեմայով ցուցադրություն իրականացնել, թե՞ ոչ: Կարելի է ասել այս ողբերգական իրադարձությունը բավականին թարմ է, և նույնիսկ այդ վերքը, որ բոլորիս ինչ-որ առումով միավորում է, դեռ չի սպիացել, բայց կարծում ենք, որ ակտուալ թեմաներից պետք է միշտ խոսել, երբ ասելիք կա և անդրադառնալ հատկապես արվեստի լեզվով»,- ասաց նա:

Արմեն Եսայանցը նշեց, որ ցուցադրությունը եռամաս է՝ երեք տարբեր թեմաների անդրադարձով, որոնք  անցյալից ներկա և ապագա են տանում:  Այցելուների համար ցուցադրությունը բաց կլինի հուլիսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ը:

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը ստորագրեցին  համագործակցության հուշագիր` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համատեղ իրականացնելու նպատակով, ինչպես նաև հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, դրա ավանդույթների պահպանման, ճանաչման ընդլայնման և հանրահռչակման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց, որ փառատոնը ամենամյա է, իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«Փառատոնի գլխավոր նպատակն է տարածել  դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները լայն շրջանակներում, ինչպես նաև  սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսգրումը, նոտաների թվագրումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն կտա հայ երիտասարդ կոմպոզիտորներին ներկայացնել իրենց նոր ստեղծագործությունները»,- ասաց Բալբաբյանը:

Նա հավելեց, որ փառատոնի համերգային երեկոներին  հանդես կգան մենակատարներ Հայաստանից և արտասահմանից՝ իրենց երգացանկում ընդգրկելով դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 

  

Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, բացվեց նրա կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, նվագեց  կիսանդրու բացմանը՝ այդպիսով փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին, որը նաև իր վարպետն էր:

Ջիվան Գասպարյան կրտսերն ասաց, որ դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը:

«Պապս ասում էր՝ պետք է կա՛մ լավը լինել, կա՛մ չնվագել առհասարակ: Դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Նրա վստահությունն ինձ ոգևորում էր, թևեր էր տալիս: Նա ասում էր, որ կարևոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանը գտավ պանթեոնում: Պապս ասում էր, որ պանթեոնում թաղված շատ մեծերի հետ է հաղորդակցվել, ընկերություն արել: Այդտեղ հանգրվանել են մեծեր, որոնց հետ նաև ես եմ շփվելու պատիվն ունեցել»,-ասաց կրտսեր Գասպարյանը:

Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը, համագործակցելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երևանում:

Քանդակի հեղինակն ընդգծեց, որ վարպետի քանդակի մյուս տարբերակը Գանձասարի Վանք գյուղում է տեղադրված:  «Ջիվանի հետ շփվելու ընթացքում, ավելի խորը ճանաչելով վարպետին, կարողացել եմ ամեն ինչ անել, որ իր կերպարին հարազատ մնա: Աշխատել եմ անել ամեն բան, որ կարողանամ  իսկական Ջիվանին մոտ արդյունք ստանամ»,- ասաց Ալեքսան Բաբայանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ վարպետը դուդուկի ձայնը բարձրացրել է այն մակարդակի, որ այսօր մենք բոլորս աշխարհի տարբեր անկյուններում հպարտությամբ նշում ենք, որ սա մեր ազգային գործիքն է:

Ջիվան Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, կյանքից հեռացել է 2021-ի հուլիսի 6-ին, ԱՄՆ-ում: