Հուլիս 23, 2022 06:52 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

 

«Ծիծեռնակ» ամսագրի նոր համարում տեղ են գտել Իրանի ժամանակակից գրողներ Նադեր Իբրահիմի, Ահմադռեզա Ահմադիի,  Հաֆեզ Միաֆթաբինի ստեղծագործությունները, որոնք հայերեն է թարգմանել Էդուարդ Հախվերդյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը տեղեկացրեց, որ համարը լույս է տեսել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի աջակցությամբ:

«Պարսկական արվեստի մասին խոսելիս տեսնում ենք արևելքի ճոխ գույները, լսում ենք սոխակի ծլվլոցը: Իրանի գրականությունը մարդասեր է, երեխայի, բնության  երևույթների մասին գրում են սիրով և քնքշությամբ»,-նշեց նա:

Անուշ Վարդանյանը հիշեցրեց, որ «Ծիծեռնակ» ամսագիրը լույս է տեսնում 1929 թվականից: Այն տարիներ շարունակ պետական աջակցությամբ է հրատարակվել, իսկ  վերջին տարիներին՝ Միլիտոնյանների ընտանիքի ջանքերով: Այն նախադպրոցական տարիքի երեխաների համար է: Ամսագրում տեղ են գտնում դպրոցականների ստեղծագործոթյունները՝ հեքիաթները, պատմվածքները, բանաստեղծությունները: «Ծիծեռնակ» ամսագրում աշխատում են Սաթենիկ Ղազարյանը, Հովիկ Գրիգորյանը, Մարիամ  Սարգսյանը, Էդվարդ Միլիտոնյանը և այլք:

«Կոլեկտիվը պահպանում է ամսագրի տպագրության սկզբունքը: Մնք հրապարակում ենք անտիպ ստեղծագործություններ: Լինելով նաև Հայասանի գրողների միության  մանկական բաժանմունքի վարիչը՝ կապ եմ պահպանում բոլոր գրողների հետ և հրատարակում ենք այն գործերը, որոնք  ոչ մի գրքում չեն տպագրվել: Ամսագիրն ուղարկում ենք նաև ԼՂ, Վրաստան, երբեմն՝ ԱՄՆ»,-ընդգծեց Վարդանյանը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ ասաց, որ «Ծիծեռնակ»-ը Հայաստանում ամենահին ու հեղինակավոր ամսագրերից է և մեծ տարածում ունի դպրոցներում: «Այս տարի նշվում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Տոնի շրջանակում մենք մի շարք միջոցառումներ ենք իրականացնում: «Ծիծեռնակի» հետ համագործակցությունը դրա վառ ապացւյցներից է: Ամսագրում հրատարակել ենք հեղինակավոր  մանկագիրների գործեր»,-նշեց Թաբաթաբային:

Նրա խոսքով՝ իրանական գրականության գաղտնիքները կարելի է բացահայտել՝ ամսագրում կարդալով Նադեր Իբրահիմի «Իմ փոքրիկ սիրտն ո՞ւմ նվիրեմ» պատմվածքը:

 

Երևանում կբացվի Նոր կինոյի միջազգային դպրոց՝ Yerevan International New Cinema School-ը։ Այն նպատակ ունի պատրաստել  ռեժիսորների և սցենարիստների, որոնք կունենան այն հմտություններն ու գիտելիքները, որոնք պահանջում է ժամանակակից կինոն և զգայուն կլինեն ժամանակակից նյութի նկատմամբ, որից կստեղծեն «կենդանի» կինո։

Դպրոցի ստեղծման գաղափարն առաջացել է Մոսկվայի Նոր կինոյի դպրոցի, Yerevan Biennale Art Foundation-ի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյունքում։

Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ասաց, որ կինոդպրոցի ստեղծումը նախապատրաստական փուլում է:  Նրա խոսքով՝ ուրախ է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որն այժմ ընթանում է, առիթ դարձավ, որ Հայաստանում հյուրընկալվեն այն մարդիկ, որոնց հետ որոշել են կյանքի կոչել միջազգային կինոդպրոցի բացման գաղափարը: «Կա կարծիք, որ անկախ, ապաքաղաքական կինոդպրոցներն ապահովում են ավելի բարձր արդյունավետություն,  եթե որպես չափանիշ ավելի շատ դիտարկում ենք փառատոներում ուսանողների նկարահանած ֆիլմերի առատությունը, քան կինոյին նվիրված պետական ինստիտուտները»,-ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ  «Ոսկե ծիրանի» ճանաչում ունեցող հյուրերին ևս ներգրավելու են դպրոցի աշխատանքներում:

Թե երբ Երևանում կբացվի կինոդպրոցը, դեռ հստակեցված չէ:

 

 

 

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մայիս-հունիս ամիսներին 7 ներկայացմամբ մասնակցել է 5 միջազգային փառատոնի՝ ստանալով ընդհանուր առմամբ 10-ից ավելի մրցանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԵՊՏԹ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն՝ ասուլիսում ամփոփելով 5 փառատոների մասնակցության արդյունքները:

«Թատրոնը մայիս-հունիս ամիսներին 7 ներկայացմամբ մասնակցել է 5 միջազգային փառատոնի՝ ստանալով ընդհանուր առմամբ 10-ից ավելի մրցանակ»,-ասաց Բաբայանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանն աջակցության համար:

Թատրոնը ներկայացումներով հանդես է եկել Ռուսաստանում ու Վրաստանում՝ «Մատնաչափիկ», «Կոկորդիլոս», Իրանում և Իտալիայում՝  «Կոկորդիլոս» ներկայացումներով,  ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում՝ «Գելը», «Քրիստոֆեր» ներկայացումներով:

Բաբայանն ընդգծեց, որ  Իրանում փառատոնից բացի «Կոկորդիլոս» ներկայացումը ցուցադրվել է Թեհրանի  «Արարատ» հայկական համայնքում:

«ԱՄՆ-ում բացի 2 ներկայացումների ցուցադրությունից տիկնիկային թատրոնի ստեղծագործական կազմը կազմակերպել է վարպետաց դասեր թատրոնի կազմի հետ, որի արդյունքում բեմադրվել է կարճ 10 րոպեանոց ներկայացում և ցուցադրվել փառատոնի պաշտոնական փակման արարողության ժամանակ»,- նշեց Բաբայանը։

2022 թվականին թատրոնը դեռ պետք է մասնակցի մի շարք փառատոնների:

 

 

 

Հուլիսի 12-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «Երկխոսություն» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:

Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը միավորել է ժամանակակից արվեստագետի ստեղծագործությունները միջնադարյան ձեռագրերի հետ: Պողոսյանի՝ գրքի ձևով արված մեծաթիվ աշխատանքները երկխոսում են Մատենադարանում պահվող և ցուցադրվող ձեռագիր մատյանների հետ և ներդաշնակորեն ներկայանում կողք կողքի։

Պողոսյանի արվեստի առանձնահատկությունը կրակի կիրառումն է իր աշխատանքներում: Կրակը նրա ընտրած գեղարվեստական լեզուն է, որով նա ստեղծագործում է կտավի, թղթի, գրքի, պլաստիկական զանգվածի վրա: Արվեստագետն օգտագործում է տարբեր նյութեր, այդ թվում՝ ջրաներկ, ածուխ, յուղ, գունանյութեր և ակրիլային ներկեր:

«Այս ցուցահանդեսը մի նոր փորձառություն է ներկայացնելու հինն ու նորը մի հարկի ներքո, ցույց տալու, որ մարդկության ու նրա ստեղծած ժառանգության հիշողությունն իր մեջ ամփոփող գիրքը կարող է ներկայանալ գեղարվեստական տարբեր միջոցներով»,- նշված է ցուցահանդեսի մասին տեղեկության մեջ։

«Երկխոսություն» ցուցահանդեսն այցելուների համար բաց է լինելու մինչև 2022 թ. հոկտեմբերի 8-ը:

 

Image Caption

 

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում hուլիսի 13-ին տեղի ունեցավ «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով մշակութային միջոցառումը:

Ցուցահանդես-համերգի շրջանակում յուրօրինակ ձևաչափով ներկայացվեց  Գնդեվանքի վանական համալիրի տարածքից տարիներ առաջ հայտնաբերված և առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվող «գանձը»։

Միջոցառմանը կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Դիրիժորն է Լյուք Բաղդասարյանը։

Միջոցառման կազմակերպիչներն էին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: 

 

Հայտնի է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը կայանալիք Վենետիկի 79-րդ կինոփառատոնի միջազգային ժյուրիի կազմը։

Ժյուրին կգլխավորի ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրը։ Նա Օսկարի, BAFTA-ի և Էմմիի դափնեկիր է և հայտնի է կինոյում և հեռուստատեսությունում իր նշանավոր դերերով: Մուրն առաջին ամերիկացի դերասանուհին է, ով արժանացել է Բեռլինի, Կաննի և Վենետիկի կինոփառատոների գլխավոր մրցանակներին։

Ժյուրիի կազմում կլինեն նաև իրանցի դերասանուհի Լեյլա Հաթամին, արգենտինացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մարիանո Կոնը, իտալացի ռեժիսոր Լեոնարդո դի Կոստանցոն, իսպանացի ռեժիսոր և սցենարիստ Ռոդրիգո Սորոգոյենը, գրականության Նոբելյան մրցանակակիր, բրիտանացի գրող, ճապոնական ծագումով Կազուո Իշիգուրոն և ֆրանսիացի կինոռեժիսոր Օդրի Դիվանը:

 

 

Բրիտանական նոր օրենքի համաձայն, հուշարձանների վրա հարձակվող վանդալներն այժմ կարող են ենթարկվել ավելի խիստ պատժի՝ մինչև տասը տարվա ազատազրկման։

Նախկինում ազատազրկման հնարավոր ժամկետը (և 2,5 հազար ֆունտ ստերլինգ տուգանք) չէր գերազանցում երեք ամիսը և սահմանափակվում էր միայն այն դեպքերով, երբ վնասը կազմում էր ավելի քան 5 հազար ֆունտ։

Նոր սահմանափակումները լայն քրեական օրենքի մի մասն են, որի նպատակն է ոստիկանությանն ավելի մեծ լիազորություն տալ՝ ճնշելու բողոքի ակցիաները:

Օրենքի ընդունման համար պատճառ է դարձել 2020 թվականին BLM շարժման ժամանակ անկարգությունները և պատմական դեմքերի արձաններին սպառնացող վտանգը։

Այսպիսով, 2020 թվականի հունիսի 7-ին Լոնդոնում մի երիտասարդ ներկել էր Ուինսթոն Չերչիլի հուշարձանի պատվանդանը։ 1642 ֆունտ ստերլինգ վնաս պատճառելուց հետո նա տուգանվել էր 200 ֆունտով (ինչպես նաև լրացուցիչ իրավական վճարներ և փոխհատուցում): Նման միջադեպերից հետո կոչեր էին հնչում, որ ավելի խիստ պատիժներ սահմանվեն։

 

 

Վան Գոգի ինքնանկարը գտել են նրա՝ «Գեղջկուհու գլուխը» նկարի հակառակ կողմում։ Յուրօրինակ արդյունքն է եղել նոր ցուցադրության նմուշների ռենտգենագրաֆիկ հետազոտության։

Daily Mail-ի տվյալներով՝ նկարները հնարավոր է անջատել, բայց դա կպահանջի բարդ վերականգնողական աշխատանքներ։

Այսպես թե այնպես՝ Շոտլանդիայի Ազգային թանգարանի այցելուները կկարողանան տեսնել նկարի ռենտգենյան պատկերը։ Սա հնարավոր կլինի հատուկ լուսավորությամբ սարքի շնորհիվ։