Օգոստոս 20, 2022 05:49 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի այս շաբաթվա համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա գեղարվեստական ոլորտին վերաբերող կարևոր լուրերին: Եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:


---------------------------------

Անցած շաբաթ կյանքին հրաժեշտ տվեց իրանահայ կինոգետ Շահեն Բազիլը:

Շահեն Բազիլն Իրանում միջազգային կինոյի ոլորտի փորձագետ էր, ով մեծապես ազդել է Իրանում արտասահմանյան ֆիլմերի տարածման վրա:

Շահենը ծնվել էր Թեհրանում: Ուսանել էր ճարտարապետություն՝ պետական համալսարանում, իսկ ավելի ուշ ավարտել Ազատ համալսարանի թարգմանչական բաժինն անգլերեն լեզվի ուղղությամբ:

Որպես դիպլոմային աշխատանք նա թարգմանեկ է Էռնեստ Հեմինգուեյի «Մեր ժամանակներում» պատմվածքների առաջին ժողովածուն։

Ֆիլմերի և ծրագրերի ոլորտում իր աշխատանքը նա սկսել է «Ֆարաբի» կինո-հիմնադրամում՝ 1990 թվականին, որտեղ աշխատել է մինչեւ 2003 թվականը: Միևնույն ժամանակ, ակտիվորեն ներգրավված է եղել Իրանի հեռուստատեսային ծրագրերի գրասենյակում:

Շահեն Բազիլը համագործակցել է Թեհրանի «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի, ինչպես նաեւ Կաննի, Բեռլինի, Լոնդոնի, Բեյրութի, Կահիրեի, Միլանի և այլ փառատոների հետ։

2000-ից 2003 թվականները նա նախաձեռնել է Իրանում ֆիլմի իրավունքի մասնավոր ձեռքբերման առաջին փորձերը Visual Media Institute-ի պետական ներկայացուցչության համար, իսկ ավելի ուշ ստանձնոլ Century 21 Visual Media կոչվող մասնավոր ընկերության ձեռքբերման բաժնի գործադիր տնորենի պաշտոնը, որը բանակցում էր այլ կառույցների հետ Իրանում տեսա-ձայնային սկավառակների, ցանցային հեռուստաալիքների, եւ առհասարակ տեսահոլովակների իրավունքների ուղղությամբ:

Շահեն Բազիլն իր մահկանացուն կնքեց հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո:

 

Image Caption

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կիրականացնի «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, փառատոնի ծրագրում ընդգրկված է 30 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։ 

Ցերեկային ցուցադրությունները լինելու են Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ժամը 20:00-ից մինչև կեսգիշեր՝ Ուջանի այգում՝ բաց երկնքի ներքո։ Ամերիկահայ ռեժիսոր (նիդեռլանդաբնակ) և կինոտեսաբան Թինա Բաստաջյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդես կգա «Walking through the Interactive Documentary: Speculative Interfaces and Thresholds» դասախոսությամբ։

Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Փառատոնի շրջանակում կգործի նաև Ուջանի կինոդպրոցը, որտեղ ուջանցի երեխաները, փառատոնի մասնագետների օգնությամբ կնկարեն կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն փակման արարողության ժամանակ։ Դպրոցը գործում է 2019 թվականից։

Վիետնամից ժամանած ռեժիսոր և արտիստ Թհու Ան Նգույենը կվարի կոլաժի աշխատարան Ուջանի և հարակից գյուղերի նկարչական խմբակների երեխաների համար. ստեղծված կոլաժները կցուցադրվեն փառատոնի ավարտին։

Հայ և վրացի երիտասարդ կինոռեժիսորների համար հատուկ աշխատարան կվարի հոլանդացի կինոգործիչ Դիրք Վիլեմսենը:

Փառատոնի շրջանակում Ուջան ժամանած արտերկրյա շուրջ 30 հյուրերը մեկ շաբաթ կապրեն ուջանցիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին և մշակույթին:

Image Caption

 

 

Օգոստոսի 12-ին «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացած համերգով մեկնարկեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։

Ունկնդրին ներկայացան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։ Դաշնամուրի և ֆագոտի հետաքրքիր համադրմամբ երաժշտական երեկոների հաճախ չենք ականատես լինում Երևանում։ Փառատոնի բացման համերգի ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Թանսմանի, Պաուլ Հինդեմիթի, Կլոդ Դեբյուսիի, Հենրի Դյուտիյոյի, Անտոնիո Տոռիանիի ստեղծագործությունները։ Իսկ Անտոնիո Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչում էր առաջին անգամ։

Անահիտ Դիլբարյանը նշում է, որ Նիկոլայ Պողոսյանի հետ այս ձևաչափով համագործակցում է առաջին անգամ։ Դաշնակահարուհին ֆագոտի և կլառնետի հետ ունեցել է համագործակցություն, և այդ տրիո գործակցությունն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։ Խոսելով Տոռիանիի Դիվերտիսմենտի մասին, երաժիշտն ընդգծում է, որ այն շատ հետաքրքիր հնչողություն ունի։ Դաշնակահարուհին այս ստեղծագործությունը կատարում է առաջին անգամ և խոստովանում, որ իր համար շատ հետաքրքիր էր այդ գործն ուսումնասիրելը։

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), փառատոնի անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՄՍ-ն։ Համերգաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը: Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն նաև աշխարհահռչակ երաժիշտներ: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Image Caption

 

Կոտայքի մարզի Բջնի համայնքի մշակույթի տունը տարիների ընթացքում խարխլվել է և մասամբ փլուզվել, ինչի արդյունքում տանը գտնվող Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարը վտանգված է։

ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, նախաձեռնել է իրականացնել հուշարձանի փրկարարական՝ ամրակայման ու վերականգնման աշխատանքներ։

Մշտադիտարկման արդյունքում Բջնի այցելած աշխատանքային խումբը քննարկել է որմնանկարի պահպանության երկու հիմնական տարբերակ՝ այն տեղում ամրակայել և վերականգնել կամ տեղափոխել համապատասխան այլ վայր:

Համաձայն առաջին տարբերակի՝ Կոտայքի մարզպետարանի միջոցներով պետք է իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական (սեյսմիկ, կոնստրուկտորական, ճարտարապետական) ուսումնասիրությունը՝ դիտարկելու շենքի հիմնանորոգման հնարավորությունը: Այս համատեքստում առաջնային են համարվել շինության ճակատային մասի հարթաքանդակների,  ծավալատարածական ու ճարտարապետական լուծումների և որմնանկարը անխաթար պահպանելու հանգամանքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, կողմերը փաստել են, որ հիմնանորոգումը երկուստեք շահավետ կլինի թե՛ որմնանկարի, թե՛ գյուղի ենթակառուցվածքների զարգացման առումով:  

Երկրորդ տարբերակը դիտարկելու դեպքում որմնանկարի տեղափոխման վայր կնախատեսվի Չարենցավան քաղաքի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոտայքի մարզպետարանի հետ իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական ուսումնասիրությունը, որից հետո հնարավոր կլինի քննարկել տեղում որմնանկարի փրկման (ամրակայման և վերականգնման) հետագա գործընթացը:

Առաջին տարբերակի անհնարինության դեպքում որմնանկարը կտեղափոխվի նախանշած վայր:

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» (1975 թ․) որմնանկարը 2018 թ. Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի կողմից ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան։

 

Image Caption

 

«Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Արվեստանոց» նախագիծը։ Այն  նվիրված է հայկական ժամանակակից գեղանկարչության և քանդակի նշանակալի դեմքերին և կերպարվեստի ոլորտի արդի զարգացումներին:

Նախարարությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է հասարակության շրջանում զարգացնել հետաքրքրությունը և գիտելիք փոխանցել մշակութային ոլորտի վերաբերյալ, ծանոթացնել մեր ժամանակի ականավոր արվեստագետներին, վերջիններիս ստեղծագործական կյանքին և արվեստի բնագավառում ստեղծագործական աշխատանքի հիմունքներին և հնարավորություններին` խրախուսելով հետաքրքրությունը գեղարվեստի տարբեր ուղղությունների նկատմամբ և նպաստելով շահառուների հետագա մասնագիտական կողմնորոշմանը:

Նախագիծն իրականացվում է 2020 թվականից: Այս տարի նախագծի 3-րդ եթերաշրջանն է, որը ներառում է 4 մասից բաղկացած մշակութային հաղորդաշարի նկարահանում և հեռարձակում՝ յուրաքանչյուրը 10-ից 15 րոպե տևողությամբ։

Շարքի նախորդ եթերաշրջանների թողարկումները նվիրված են եղել ժողովրդական նկարիչներ Գետիկ Բաղդասարյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, գեղանկարիչներ Էդուարդ Խարազյանին, Ավետիս Խաչատրյանին, անիմատոր Նաիրա Մուրադյանին, քանդակագործ Գևորգ Թադևոսյանին, երիտասարդ արվեստագետներ Նարինե Ալեքսանյանին, Մանվել Մաթևոսյանին, ֆիլմաշարում բանախոսություններով հանդես են եկել արվեստաբան Արարատ Աղասյանը, գեղանկարիչ Սերգեյ Խաչատրյանը և այլք։

Image Caption

 

 

Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի նախագահ Իվան Կուդրյավցևը հրապարակել է այս տարվա ստուգատեսի ժյուրիի կազմը։ Նրա խոսքով, գլխավոր մրցույթի ժյուրին կգլխավորի դերասան և պրոդյուսեր Եվգենի Միրոնովը։

Հիմնական մրցույթի ժյուրիի կազմում են պրոդյուսեր Թանդի Դևիդսը Հարավային Աֆրիկայից, կինոօպերատոր, ռեժիսոր, Ռուսաստանի և Թուրքիայի օպերատորների գիլդիայի անդամ Հայկ Կիրակոսյանը, Բեռլինի կինոփառատոնի մանկական մրցույթի Գրան պրիի դափնեկիր, ռուս ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Կրավչուկը։

Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում են մալայզիացի ռեժիսոր Ու-Վեյ Բին Հաջի Շաարին, ռուս ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Նատալյա Գուգուևան և ղազախ կինոռեժիսոր Վլադիմիր Տյուլկին։

Այս տարի Մոսկվայի միջազգային կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը։

 

Image Caption

 

Ժամանակակից գրող Հուսիկ Արայի «Կորած սերունդ»-ը դրվել է ընթերցողի սեղանին։ Գիրքն ամփոփում է Հուսիկ Արայի՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները թեմատիկ ընտրությամբ, որ Ազգային զարթոնքի, Ղարաբաղյան ազատամարտի, վերակերտած խորհրդանիշների և մեր ոգու բանաստեղծական անդրադարձն է: Ժողովածուն կազմվել է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով: Այն լույս է ընծայել «Անտարես»-ը, խմբագիրը Արքմենիկ Նիկողոսյանն է։ Գրքի ստեղծմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։«Անտարես»-ից հայտնում են, որ գիրքը նվիրված է ականավոր պատմաբան, հայագետ Արտակ Մովսիսյանի հիշատակին։

Բանաստեղծ Հուսիկ Արան աշխատել է «Գարուն» ամսագրում և «Գրական թերթ»-ում, Հայաստանի հանրային ռադիոյւմ վարել է «Գրական հանդիպում» հեղինակային հաղորդաշարը։

Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մարդու որդիները», որ անկախության շարժումն ու Ղարաբաղյան ազատամարտն է ամփոփում, տպագրել է 1996թ., երկրորդ գիրքը` «Լուսանցքի մարդիկ», որ ընկճված քաղաքն է պատերազմից հետո, տպագրել է 2003թ., բանաստեղծություների երրրոդ գիրքը` «Սևագրություններ» վերնագրով, տպագրել է 2004թ., որի համար 2005թ. արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2010թ. տպագրել է էսսեների և ակնարկների գիրքը` «Անիծվածները», որի համար Հայաստանի գրողների միության կողմից արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի: Իսկ 2011թ. «Միայնակ շան լուսնահաչը» վիպակի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակի, որ տրվում է անտիպ գեղարվեստական արձակին:

2012թ. հանդես է եկել երկու գրքով` «Աստծու հետ խոսելու ժամանակը» (բանաստեղծական ժողովածու), «Միայնակ շան լուսնահաչը» (արձակ): 2013թ. հեղինակել է «Ազատության հրապարակ» բանաստեղծությունների ժողովածուն: 2008թ. արժանացել է Պարույր Սևակի, 2012թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակների։ «Ազատության հրապարակ», «Տան դուռը», «Երևան քաղաք», «Եվ սերը ասաց» և այլ գրքերի հեղինակ է