Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս շաբաթ Հայաստանում ու նրա սահմաններին տեղի ունեցած իրադարձություններին և Իրան-Հայաստան հարաբերություններին:
-----------------------------------------------
Հայաստանում Իրանի դեսպանն ընդունել է Զանջանի Առևտրի պալատի պատվիրակությանը: Աբբաս Զոհուրին հայտարարել է, որ Իրանի կառավարության քաղաքականությունն է ընդլայնել համագործակցությունը հատկապես հարևան երկրների հետ, և Հայաստանում Իրանի դեսպանությունը պատրաստ է այս ուղղությամբ համակողմանի գործակցել տնտեսական ակտիվ դերակատարների հետ։
Իրանի դեսպանը հայկական շուկան որակել է որպես մրցունակ, ուր հնարավոր է մուտք գործել բարձր չափանիշներով և պրոֆեսիոնալ քայլերով։
Զոհուրին հայտնել է նաև, որ երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է՝ հասնելով 560 միլիոն դոլարի: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի իշխանությունները մտադիր են այն հասցնել 1 միլիարդ դոլարի։
«Հայաստանը շատ шնվտшնգ, հուսալի և ամուր կամուրջ է այլ երկրների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության և մնացած երկրների հետ առևտրային փոխանակումների համար»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանը:
---------------------------
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ: Հաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Տարածաշրջանում կայունության ապահովման գործում ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը:
Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին նախատեսված է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ասդրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
---------------------------------
Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
Միխայիլ Միշուստինը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն արդիական թեմաների` ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերությունների շուրջ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ բարձր ենք գնահատում մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների պատմական և հոգևոր խորը կապերի վրա: Հաջորդ շաբաթ` օգոստոսի 29-ին, մենք կնշենք նշանակալի տարեդարձ` Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հիմքերն է դրել»:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, դա արդյունավետ երկխոսություն է»:
«Համոզված եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` միասին կհաղթահարենք իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում մեր տնտեսությունների, համագործակցության համար: Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հնարավորություն ունենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա մենք նեղ կազմով շատ մանրամասն ամեն ինչ քննարկեցինք, եւ կարծում եմ` եկանք կառուցողական լուծումների».-նշել է ՀՀ վարչապետը:
------------------------
2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը զգալի աճ է ապահովել ԵԱՏՄ երկրների հետ առևտրում։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջկառավարական խորհրդի նիստը լավ հնարավորություն է մի շարք առանցքային հարցերի շուրջ կարծիքների փոխանակման ու երկուստեք ընդունելի որոշումների մշակման, վերջին ամիսներին անհավանական մասշտաբների ու խորության հասած համաշխարհային տնտեսության մարտահրավորներով պայմանավորված ռիսկերի նվազեցման համար։ Չնայած, գլոբալ տնտեսական տրանսֆորմացիաների և ֆինանսական համակարգերի էական ցնցումների դրական դինամիկա է նկատվում առևտրատնտեսական հարաբերություններում` շնորհիվ ԵԱՏՄ առավելությունների։ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալներում զգալի աճ է ապահովել։ Այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5%-ով`հասնելով 1.7 մլրդ դոլարի»,- իր ելույթում ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանի արտահանումն աճել է 48,9%-ով, ներմուծումը` 54,2%-ով։
«Համոզված եմ, որ հետագա համագործակցությունը, նոր նախաձեռնությունները հաշվի առնելով, պակաս արդյունավետ չի լինի»,- նշել է ՀՀ վարչապետը։
Հավելենք, որ նախորդ տարի ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը հասել էր ռեկորդային 72.6 մլրդ դոլարի։ 2021 թվականին փոխադարձ առևտրի ծավալները Եվրասիական տնտեսական միության գործունեություն մեկնարկից ի վեր առավելագույնի են հասել։ Այս ցուցանիշը 31,9%-ով ավելի է 2020 թվականի համեմատ և 17,8%-ով ավելի` 2019 թվականի համեմատ։
Օգոստոսի 26-ին, Ղրղզստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։
Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։
---------------------------------
Հայ-ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերություններում իրավիճակն այնքան ծանր է, ու այնքան մեծ անհարթություններ կան ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, որ ՀՀ վարչապետը շտապում է Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթն օգտագործել` հող նախապատրաստելով ապագա զիջումների համար։ Նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` նշելով, որ տվյալ համատեքստում պետք է դիտարկել վարչապետի ուղերձի այն հատվածը, որը վերաբերում է մասնավորապես հարևաններին ու դաշնակիցներին։
----------------------------------
Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն հաղորդագրություն է տարածել՝ իր վրդովմունքն արտահայտելով «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսաստանյան կառույցների հասցեին»:
Առանց կոնկրետ հայտարարություններ և դրանց հեղինակներին մատնանշելու՝ Երևանում ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունը պնդում է, որ «դիտարկում է դա որպես ուղղակի սադրանք նման հերյուրանքների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից՝ ուղղված ռուս – հայկական դաշնակցային հարաբերությունների սասանմանը»:
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ արձագանքել է ՌԴ դեսպանության նամակին, սակայն պատասխանը չի հրապարակել:
Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 16, վիրավորվեց՝ 63 հոգի։ Այս դեպքից հետո արևմտյան որոշ լրատվամիջոցներ փորձեցին պայթյունը կապել Ռուսաստանի հետ: Ռուսաստանն արձագանքեց այդ մեղադրանքներին: ՀՀ ԱԳՆ-ն ուղղված ՌԴ դեսպանատան բողոքի նոտայում ասվում է «Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին»:
Հարկ է նշել, որ հետաքննության նախնական տվյալներով ապյթյունը դիտավորյալ չի եղել, ինչպես նաևչի կրել ահաբեկչական բնույթ: Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, արևմտյան ԶԼՄ-ները միջազգային մակարդակով առաջ են տանում ռուսաֆոբիայի քաղաքակաանությունը և հակառուսական մեդիա արշավը, փորձելով խաթարել հարևանների հետ Ռուսատսանի հարաբերությունները: Սակայն հստակ գիտակցելով արևմտյան ծրագրի նպատակները, այդ թվում՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները խաթարելուն ուղղված ջանքերը, Ռուսաստանը լուրջ նախազգուշացում է տվել Հայաստանի իշխանությանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է. «ՌԴ դեսպանատան պատասխան նամակը տրված է, սակայն այդ նամակի հրապարակումը կոռեկտ չենք համարում»։
Իսկ այս մեղադրանքների հիմքում ՀՀ Ազգային բևեռ արմևտամետ կուսակցության հայտարարությունն էր, որում ասվում էր . «Երևանում տեղի ունեցող պայթյուններն ու ռումբերի տեղադրման մասին նախազգուշացումները գաղութատիրական տերության հրամանատարության տակ գտնվող հրամանատարական կենտրոնի գործողությունների արդյունք են՝ նոր զիջման նախօրեին խուճապ ստեղծելու նպատակով»: Այս հայտարարությունն արևմտամետ մամուլին հնարավորություն տվեց մեղադրանքներ ուղղել Ռուսաստանի դեմ։
Սակայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մակարդակը քաղաքական, աշխարհաքաղաքական, պատմական և տնտեսական առումով չեզոքացնում է Արևմուտքի ապակառուցողական ջանքերի զգալի մասը։ Անդրադառնալով երկու կողմերի հարաբերությունների մակարդակին, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության 42 տոկոս աճը վերջին վեց ամսում ռեկորդային է եղել: Երկու երկրներն այս ընթացքում 1,6 միլիարդ դոլարի ապրանքներ և ծառայություններ են փոխանակել»։
Հայաստանում Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությունը չի սահմանափակվում հակառուսական քարոզչության մասին վերջերս հրապարակված բողոքի նամակով։ Հուլիսի 15-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի անսպասելի այցը նույնպես դժգոհություն է առաջացրել Կրեմլում:
Ուիլյամ Բըրնսի այցից երեք օր անց Հայաստան այցելեց Ռուսաստանի արտաքին հետախուզական կազմակերպության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Տարածաշրջանի ներկա իրավիճակում և ուկրաինական պատերազմի հետ կապված զարգացումների ֆոնին այս պաշտոնյաների հաջորդական այցերը ցույց են տալիս, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական և ռազմական մրցակցությունը տարածվել է նաև Կովկասում։
Ամփոփելով, կարելի է ասել, որ մեդիա տարածքում հասարակական կարծիքի վրա ազդելուն ուղղված քարոզչության նպատակն է վնասել Մոսկվայի և Երևանի հարաբերություններին: Սակայն Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, Ռուսաստանի հետ հարաբերություններն ու Մոսկվայից ունեցած կարիքն ինչպես նաև տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը և Հայաստանում ռուսական ներդրումների ավելացման ակնկալիքը, անօգուտ են դարձնում Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ջանքերն ու ծրագրերը՝ խաթարելու Մոսկվայի և Երևանի հարաբերությունները: