Գեղարվեստական հաղորդում (334)
Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի այս շաբաթվա համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա գեղարվեստական ոլորտին վերաբերող կարևոր լուրերին: Եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:
---------------------------------
Իրանում հրատարակվել է Գրիգորիս Բալաքյանի գրչին պատկանող «Հայկական Գողգոթա» գիրքը:
Գիրքը պարսկերենի է թարգմանել Իրանի հայերեն ռադիոժամի նախկին աշխատակից, Իրանում ՀՀ դեսպանության թարգմանիչ Նորայր Մեհրաբյանը: Գրքի խմբագիրն է Գարուն Սարգսյանը:
Գրքի նախաբանում կարդում ենք. «Հեղինակը որպես իրադարձությունների վկա ու վերապրող փաստագրական հարուստ տեղեկություններ է ներկայացնում: Գրքում հեղինակի լռությամբ տարվող զրկանքներին ու տառապանքներին զուգահեռ նաև անդրադարձ է կատարվում աքսորի ու մահվան ճամբին մի ժողովրդի կրած ցավերին: Գրքի գլխավոր առաքելությունն է փաստագրական տեղեկություններ ներկայացնել ձերբակալության ու աքսորի ճանապարհին հայ մտավորականության ու հոգևորականության ապրումների մասին: Նկատի առնելով այն փաստը, որ հեղինակն ինքը հայ անվանի մյուս գործիչների հետ աքսորվել է, մանրամասնությամբ պատկերել է նրանց կյանքի վերջին պահերի ապրումները»:
Պարսիկ ընթերցողը գրքի ընթերցմամաբ մասամբ ծանոթանում է 20-րդ դարի սկզբում քաղաքակիրթ Եվրոպայի հայացքի դիմաց ու մարդկային հասարակության լռության պայմաններում հայ ժողովրդի ցեղասպանության հետ:
Գրքի հեղինակ Գրիգորիս Բալաքյանը 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականության հետ ձերբակալվում ու աքսորվում է: Հրաշքով մահից փրկվելով որպես գերմանացի, 1918 թվականին վերադառնում է Պոլիս: Հետագային՝ 1919 թվականին, փոխադրվում է նախ Ֆրանսիա, ապա Անգլիա և ծառայում է, որպես Մանչեսթերի ու Մարսեյի հայերի հոգևոր հովիվ:
Իրանցի Աբբաս Էղբալ Մեհրանի գրչին պատկանող «Ողջույն Հայաստանին» բանաստեղծությունների ժողովածուն գրվել է երկու տարվա ընթացքում և ներառում է 20 բանաստեղծություններ, որոնք արտացոլում են հայերի հերոսական ոգին և գիտական, մշակութային ու արվեստի ոլորտում առաջատար դիրքը: Գրքում նաև մեծարվել են հայ մեծանուն դեմքեր:
Գրքի նախաբանում հեղինակը գրել է.«Բանաստեղծությունները գրելու միտքը ծագել է Սպահանի Նոր Ջուղայում գտնվող Վանք եկեղեցի կատարած իմ այցելությունից և հայոց պատմությունն ու այս սիրելի ու հարուստ մշակույթի տեր ժողովրդի մեծ ողբերգությունները ուսումնասիրելուց հետո, որոնք իմ սիրտը լցրել են ցավով և վշտով»։
Գրքի նախաբանում հեղինակ Աբբաս Էղբալ Մեհրանը նշել է.«Եթե այսօր Սպահանը հայտնի է որպես աշխարհի կեսը, ապա վստահաբար հայերի ազդեցությունը պատմական ու գեղեցիկ այս քաղաքի շքեղության մեջ շատ գունեղ է։ Ջուղան հայերի և իրանցիների բարեկամության և խաղաղ կյանքի, ինչպես նաև այս երկու ժողովուրդների միջև փոխվստահության խորհրդանիշն է։ Իրանի աշխարհագրական տարածքում բազմաթիվ եկեղեցիների առկայությունը նույնպես երկու ժողովուրդների ազատության և խորը բարեկամության նշան է»։
Բանաստեղծ Աբբաս Էղբալ Մեհրանը երախտագիտություն է հայտնել Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ պրոֆ. Արսեն Ավագյանին իր ցուցաբերած հովանավորության համար և գիրքը նվիրել է Հայաստանի ժողովրդին:
30 երկրներ դիմել են Թեհրան-Մուբարաք տիկնիկային թատրոնի փառատոնին մասնակցելու համար:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրան-Մուբարաք տիկնիկային թատրոնի 19-րդ միջազգային փառատոնի գործադիր շտաբը հայտարարել է, որ Unima կայքում փառատոնի մասին հրապարակումից հետո, փառատոնի շտաբին են փոխանցվել ավելի քան 130 ներկայացումներ 30 երկրների 100 միջազգային տիկնիկային թատերախմբերից:
Այս շտաբը ուսումնասիրում է աշխատանքները և խորհրդակցում դիմորդ խմբերի հետ՝ ընտրելու լավագույն ներկայացումները, որոնք կմասնակցեն փառատոնին:
Թեհրան-Մուբարաք տիկնիկային ներկայացումների 19-րդ միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 22-ը։
Օգոստոսի 25-ին Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսեյ Շորի, Ժորժ Բիզեի ստեղծագործությունների ներկայացմամբ ամփոփվել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Այն օգոստոսի 12-ից գեղեցիկ երաժշտական երեկոներ էր պարգևում դասական երաժշտության սիրահարներին։ Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Նենսի Ժուոն։ Համերգը ղեկավարում էր Սերգեյ Սմբատյանը։
Ջութակահար Նենսի Ժուոյի երաժշտական վարպետությունը ջերմորեն է ընդունվում համաշխարհային լսարանի կողմից, և նրան հրավիրում են բեմը կիսելու աշխարհի առաջատար նվագախմբերի հետ: Ջութակահարը համագործակցել է Ստոկհոլմի թագավորական, Հոնկոնգի ֆիլհարմոնիկ, Շանհայի և Կանզաս Սիթիի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
Նենսի Ժուոն նկատում է, որ նման փառատոները շատ կարևոր են և՜ տվյալ երկրի համար, որտեղ դրանք անցկացվում են, և՜ արտիստների։ Նա ընդգծում է, որ ուրախ է «Սիմֆոնիկ Երևանին» մասնակցելու հնարավորության համար։ Ջութակահարուհին առաջին անգամ էր համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Մինչ այս ես նվագախմբի մասին լսել էի իմ գործընկերներից։ Ըստ իս՝ շատ լուրջ երաժիշտներ են ներգրավված՝ լի էներգիայով։ Նրանցից շատերը երիտասարդ են, ինչը նվագախումբը ինքնատիպ է դարձնում։ Ուրախ եմ այս համագործակցության համար»,- ասաց Նենսի Ժուոն։ Նա նաև նշեց, որ առաջին անգամ է կատարում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։ «Ուրվականներ» ջութակի կոնցերտը, որը, ըստ երաժշտի, ունի շատ գեղեցիկ հնչողություն, իր մեջ ընդգրկում է տարբեր էլեմենտներ. «Կարծում եմ՝ այն շատ հետաքրքիր գործ է, հաճելի ունկնդրման համար, և հանդիսատեսը հաճույք կստանա նրա հնչյունների ներքո»։ Ջութակահարուհին նկատեց, որ ուրախ է, որ համերգին ներկա է լինելու նաև հեղինակը և ունկնդրելու է կոնցերտի իր մեկնաբանումը։
Նենսի Ժուոն և “Symphonic Yerevan” փառատոնին հրավիրված բազմաթիվ երաժիշտներ վարպետության դասեր են անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համար։ Բոլոր արտիստները տպավորված էին մեր պատանիների երաժշտական գիտելիքներով և ընդգծում էին, որ դասական երաժշտության ապագան Հայաստանում ապահով ձեռքերում է։
Փառատոնային համերգներին ներկա են եղել մեծ թվով ունկնդիրներ, այդ թվում զբոսաշրջիկներ, որոնք ջերմությամբ են ընդունել կամերային ու սիմֆոնիկ համերգները, բազմազան երկացանկը, որտեղ մեծ տեղ էր հատկացված նաև հայ կոմպոզիտորական արվեստին։ Երևանում հանդես եկան աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտներ, որոնք իրենց կատարողական վարպետությունը փոխանցեցին հազարավոր ունկնդիրների։
Հիշեցնենք, որ երաժշտական այս տոնը Երևանում կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում էր Երևանի քաղաքապետարանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ֆիլմն արժանացել է նաև «Բացառիկ արժանիքների համար» («EXCELLENCE») մրցանակի:
Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը:
Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկեցին քրիստոնյա ժողովուրդների զավակներին:
«Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» փառատոնը բացառապես վավերագրական կինոյի և վավերագրական դրամայի փառատոն է:
IVI առցանց կինոթատրոնը կդառնա Հայաստանում ռուսական ֆիլմերի օնլայն փառատոնի անցկացման հարթակը, որը տեղի կունենա օգոստոսի 22-ից սեպտեմբերի 12-ը: Ռուսական հայտնի սերիալներն ու ֆիլմերը կթարգմանվեն հայերեն և հասանելի կլինեն IVI-ում անվճար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական կինոյի օրերը Russian Film Festival բրենդի ներքո շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը, և այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում։ Հեռուստադիտողը կվայելի ռուսական կինեմատոգրաֆի ամենաթեժ սերիալներն և կինոհիթերը հայերեն ենթագրերով։
Փառատոնի ծրագիրը ներառում է հինգ ռուսական ֆիլմ՝ IVI Originals շարքի սերիալային հիթերը՝ «Եվ կրկի՛ն բարև ձեզ» Անդրեյ Մերզլիկինի գլխավոր դերակատարմամբ եւ Աննա Մելիքյանի «Քնքշություն» մելոդրամատիկ սերիալը, քվեստ այն մասին, թե ինչպես վճարել հիփոթեքը «Ընտանեկան բյուջե» կատակերգությունում, ինչպես նաեւ «Սուպեր Մյաու», եւ «Երկու պոչ» մուլտֆիլմերի հմայիչ հերոսների արկածները:
Ռուսական կինոյի օրերը Հայաստանում կազմակերպել է «ՌՈՍԿԻՆՈ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ։
«Մենք ուրախ ենք հայ հանդիսատեսին ծանոթացնել ժամանակակից ռուսական կինոյի տարբեր ժանրերի հետ: Հայկական եւ ռուսական կոնտենտի ինդուստրիան շփման շատ կետեր ունի, ռուսական կինեմատոգրաֆում աշխատում են բազմաթիվ տաղանդավոր ռեժիսորներ, դերասաններ, պրոդյուսերներ՝ հայկական արմատներով: Այս տարի լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հունիսին Ռուսաստանում անցկացվեցին Հայկական մշակույթի օրեր, որոնք համընկնում էին այս իրադարձության հետ։ Իսկ այժմ Ռուսական կինոյի օրերը շարունակում են մշակութային միջոցառումների այս շարքը։ Հուսով եմ՝ մեր ֆիլմերի ընտրությունը՝ կատակերգական սերիալները, ֆիլմերը, հետաքրքրաշարժ անիմացիոն ֆիլմերը և հատուկ տեղական հանդիսատեսի համար պատրաստված ենթագրերը հեռուստադիտողին հիանալի տրամադրություն կհաղորդեն»,-ասել է «ՌՈՍԿԻՆՈ»-ի գլխավոր տնօրեն Իննա Շալիտոն:
IVI օնլայն կինոթատրոնի կոնտենտի տնօրեն Իվան Գրինիի խոսքով՝ նման համագործակցությունը նոր հանդիսատես գտնելու հնարավորություն է։
«Մենք ուրախ ենք, որ առաջարկելու բան ունենք։ Մեր Originals շարքի սերիալները արդեն իսկ գերազանց արդյունքներ են ցույց տվել: Համոզված եմ, որ նրանք կսիրվեն նաև Հայաստանի հանդիսատեսի կողմից։ Հայրենական արտադրության լավագույն ֆիլմերն ու սերիալները կներկայացվեն հայերեն թարգմանությամբ։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերոջը՝ «ՌՈՍԿԻՆՈ»-ին, նման բացառիկ ձևաչափով հանդիսատեսին մեր արտադրանքին, ինչպես նաև փառատոնի ծրագրի ֆիլմերին ծանոթացնելու հազվագյուտ հնարավորության համար»,-ասել է նա:
Մոսկվայի միջազգային կինոփառատոնը (ՄՄԿՓ) Ռուսաստանի մայրաքաղաքում բացվելու Է օգոստոսի 26-ին. այս տարի ստուգատեսը տարվա երկրորդ կեսին Է տեղափոխվել արտասահմանյան երկրների կինեմատոգրաֆիստների խնդրանքով:
44-րդ ՄՄԿՓ-ն, որը 2018 թվականից անցկացվում Է ապրիլի վերջին, այս տարի տեղափոխվել Է արտասահմանյան երկրների կինեմատոգրաֆիստների այն դիմումից հետո, որ իրենք չեն կարողանա ժամանել եւ իրենց ֆիլմերը ներկայացնել ցուցադրությանը:
Փառատոնի բացման ֆիլմն այս տարի կդառնա ռեժիսոր Անտոն Մեգերդիչեւh «Պարմայի սիրտը» կինոնկարը: Փառատոնը կփակի հարավկորեացի ռեժիսոր Պակ Չհան Ուկայի «Հեռանալու որոշումը» աշխատանքը, որը Կաննի կինոփառատոնում նշվել Է լավագույն ռեժիսուրայի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հույն հնագետների ասոցիացիան (SEA) բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին վճռական միջամտություն ցուցաբերել՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտպանելու համար, հայտնում է Art News-ը։
Աշխարհի ամենակարեւոր կրոնական եւ մշակութային վայրերից մեկը՝ Սուրբ Սոֆիան 1985-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ էր դարձել: Այն ի սկզբանե որպես եկեղեցի էր կառուցվել, սակայն 2020-ին Թուրքիայի կառավարությունը խիստ վիճահարույց որոշում կայացրեց՝ այն մզկիթի վերածելով։ Ըստ SEA-ի, բյուզանդական դարաշրջանի տաճարը տարիների ընթացքում վնասման եւ վանդալիզմի է ենթարկվել:
Նամակում SEA-ն խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որի պաշտպանության տակ է գտնվում օբյեկտը, «վճռականորեն միջամտություն ցուցաբերել ներկայիս իրավիճակը փոխելու համար, ինչը միայն վտանգներ է ստեղծում Սուրբ Սոֆիայի համար»: SEA-ն օբյեկտի ներկայիս կառավարումն «ավերիչ» է անվանել:
Հռոմեական կայսր Հուստինիանոս I-ի կողմից 532-ից 537 թվականներին կարուցված տաճարը՝ Սուրբ Սոֆիան, մինչեւ 1453 թվականը որպես աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճար է ծառայել: Այդ ժամանակ Կոստանդնուպոլիսը գրավվել էր Օսմանյան կայսրության կողմից, իսկ Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածվել։ Այնուհետեւ 1935 թ. թուրք առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն այն թանգարանի էր վերածել։
Բաց նամակը հայտնվել է Սուրբ Սոֆիայի մարմարե հատակների մաքրման ժամանակ հասցված վնասվածքների, ինչպես նաեւ վերջին երկու տարվա ընթացքում շենքում արվեստի եւ ճարտարապետական գործերի՝ Կայսերական դարպասի եւ Տիրամոր խճանկարի վնասման ֆոնին։