Սեպտեմբեր 04, 2022 07:00 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։


 

Հայաստանն ու Իրանը պատրաստվում են երկկողմ տնտեսական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնել, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները, խթանել երկու երկրների գործարարների միջև կապերը: Նույն ուղղությամբ Երևանում սեպտեմբերի 1-ին անցկացվեց Հայ-իրանական գործարար համաժողով:

Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամի գլխավորած պատվիրակությունը Երևան էր մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով: Պատվիրակության կազմում էին ինչպես պետական հատվածի ներկայացուցիչներ, այնպես էլ առևտրականներ, տարբեր ոլորտների իրանցի գործարարներ, որոնք հանդիպումներ են ունենալու հայ գործարարների հետ:

«Ակնկալում ենք, որ այդ հանդիպումները արգասաբեր կլինեն: Կկազմվեն նոր գործարար պայմանագրեր, ինչը կարող է շատ կարևոր խթան լինել առրևտրաշրջանառության համար»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը:

Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճում է: 2022 թվականի առաջին 6 ամիսներին 2021-ի նույն ժամանակի համեմատ բավականին մեծ աճ է գրանցվել: «307 միլիոն դոլարի կարգի եղել է 2022 թվականին, 224 միլիոնի կարգի՝ 2021-ի նույն շրջանում: Մենք ակնկալում ենք, որ տարվա երկրորդ կիսամյակում կունենանք ավելի ինտենսիվ աճ»,-ասաց Արզումանյանը:

Պաշտոնյան վստահեցնում է՝ նախարարությունը, կառավարությունը, դեսպանատունը, Իրանում Հայաստանի առևտրային կցորդը միասին փորձում են դրա համար բոլոր նախադրյալները ստեղծել: Այսպիսով, երկու երկրները փորձելու են շատ ոլորտներում համագործակցության շրջանակները լայնացնել: Նաև քայլեր են իրականացվում Հայաստանում Իրանից ներդրումներ ներգրավելու, Հայաստանի արտադրողների, արտահանողների համար նոր շուկաներ գտնելու ուղղությամբ:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է իր հարևան երկրների հետ կայուն հարաբերությունների զարգացումը: «Արևելյան Ատրպատականը Իրանի տնտեսապես հզոր նահանգներից է: Նահանգապետի գլխավորած պատվիրակության այցը խոսում է Իրանի կամքի մասին՝ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար»,-ասաց դեսպանը:

Նա նկատեց, որ համաժողովը կօգնի երկու կողմին ծանոթանալ միմյանց տնտեսական և առևտրային ներուժին և երկկողմ հարաբերություններին տրամաբանական զարգացում տալ:

Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամին ևս ընդգծեց. «Այստեղ ենք, որ կարողանանք երկկողմ հարաբերություններն առավել զարգացնել: Մեր կարևորագույն նպատակն է զարգացնելու Արևելյան Ատրպատական նահանգի հարաբերությունները հայկական կողմի հետ, որպեսզի որպես սահմանակից նահանգ կարողանանք մեծացնել այդ համագործակցությունը, արտահանման ծավալները »:

Նա հավելեց՝ հաշվի առնելով, որ Արևելյան Ատրպատականը հանդիսանում է Իրանի արդյունաբերական նահանգներից մեկը, իրենց նպատակն է նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելի բարձր մակարդակի հասցնելուն: Նահանգապետը խոսեց նաև մաքսային ոլորտում առկա որոշակի խնդիրների մասին՝ նշելով, որ պետք է ջանքեր գործադրել դրանք վերացնելու համար:

Նա հույս հայտնեց, որ այցի ընթացքում կգրանցվեն լուրջ ձեռքբերումներ: «Հաշվի առնելով երկու երկրների պատմամշակութային անցյալը, կապերը՝ փորձենք երկրների հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում բարձր մակարդակի հասցնել»,-ասաց նա:

Նահանգապետի խոսքով՝ որպես Հայաստանին սահմանակից նահանգ՝ մտադիր են ԵԱՏՄ շուկա, ԵՄ շուկա դուրս գալ՝ Հայաստանի միջոցով:

--------------------

ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարել է, որ դեպի Հայաստան Իրանի արտահանման ծավալներն աճել են 20 տոկոսով:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գլխավոր տնօրեն Ռահմաթոլլահ Խարմալին ասել է. «Իրանական ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին (2022թ. մարտի կեսերից հուլիսի կեսերին) Իրանի արտահանումը Հայաստան կազմել է մոտ 115 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով»:

Նշելով, որ Հայաստանը կարևոր դեր ունի դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների մուտքի համար,  Խարմալին հավելել է. «Հայաստանն Իրանի հյուսիսային հարևանն է և ԵԱՏՄ անդամ: Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների մուտքի դարպաս դեպի Եվրասիա»։

Նա նշել է, որ Իրանից Հայաստան են արտահանվում այնպիսի ապրանքներ, ինչպես ամրաններ, բիտում, պողպատ, սննդամթերք, նավթաքիմիական արտադրանք, շինարարական ապրանքներ:

Խարմալին հավելել է. «Հայաստանում առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվի 2 հա տարածք զբաղեցնող Իրանի առևտրի կենտրոնը»:

Նշենք, որ այս տարի Իրանից Հայաստան են գործուղվել բժշկական եւ դեղագործական ապրանքների և սարքավորումների ոլորտում ակտիվ երկու առևտրային պատվիրակություններ:

---------------------------------------

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակներում բացվել է դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ։

Խերես(Jerez) -Մեղրի էլեկտրահաղորդման 90 կիլոմետրանոց գիծը կարող է 400 կիլովատ էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։

Նշվում է, որ Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը եւ Արեւելյան Ատրպատակնի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը բացել են ավելի քան 2000 նախագիծ, քանի որ Իրանում նշվում է Կառավարության շաբաթը:

--------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել:

Քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ», -ասել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և  այստեղ էլ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։

«Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետը անհրաժեշտ է համարում շարունակել հետևողական աշխատանքը. «Անհրաժեշտություն է, և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- եզրափակեց Փաշինյանը:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

------------------------------------

Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հադիպել է Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։

Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ: Երախտագիտություն է հայտնվել ռուսական կողմին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։

----------------------------------

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն անդրադարձել է ԵԱՏՄ երկրների միջև ընդհանուր գազի շուկայի ձևավորման գործընթացին։

----------------------------------

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվել  ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Հաշվի առնելով այս իրողությունները և պետական դավաճանության դրսևորումներից ածանցվող անվտանգության սպառնալիքների մակարդակը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետության անվտանգության և պետության կենսագործունեության հիմունքների դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը: