Գեղարվեստական հաղորդում (26-05-2016)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ: ----------------------
Իրանցի դերասան Շահաբ Հոսեյնին շահեց Ֆրանսիայի Կաննի միջազգային կինոփառատոնի լավագույն դերասանի մրցանակը:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Իրանի ու աշխարհի ճանաչված կինոբեմադրիչներից համարվող Ասղար Ֆարհադիի «Վաճառորդը» գեղարվեստական ֆիլմի դերասան Շահաբ Հոսեյնին կիրակի գիշեր շահեց Կաննի միջազգային 69-րդ կինոփառատոնի լավագույն դերասանի «Ոսկե արմավենի» մրցանակը:
Նույն ֆիլմի համար Ասղար Ֆարհադիին շնորհվեց լավագույն կինոսցենարի «Ոսկե արմավենի» մրցանակը:
«Վաճառորդը» ֆիլմը, որտեղ հանդես են գալիս Շահաբ Հոսեյնին, Թարանե Ալիդուսթին, Բաբաք Քարիմին և Մինա Սադաթին անդրադառնում է մի զույգի առօրյա կյանքին, ովքեր պատրաստվում են բեմում ներկայացնել Արթուր Միլերի «Շրջիկ վաճառորդի մահը» թատերգությունը:
Ասղար Ֆարհադին իր «Էլիի մասին», «Նադերի բաժանումը Սիմինից» և «Անցյալը» ֆիլմերով շահել է միջազգային բազմաթիվ վավերական ու արժեքավոր կինոմրցանակներ: Նրա «Նադերի բաժանումը Սիմինից» գեղարվեստական ֆիլմը շահեց 2012 թվականի լավագույն արտասահմանյան ֆիլմի Օսկարյան մրցանակը:
----------------------
Մայիսի 17-ին Իրանի արվեստագետների տանը տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արրտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի արվեստների տան գործադիր տնօրեն Մաջիդ Ռաջաբի Մեըմարի հետ:
Ռաջաբի Մեըմարը ներկայացրեց Իրանի արվեստագետների տան աշխատանքը մշակույթի տարբեր ոլորտներում: Արվեստագետների տան կազմում ընդգրկված են ութսուն հազարից ավելի անդամներ, ովքեր ակտիվորեն մասնակցում են կազմակերպված միջոցառումներին, այդ թվում նաև այլ երկրների հետ մշակութային համատեղ ծրագրերին: Ռաջաբի Մեըմարը իր պատրաստակամությունը հայտնեց Հայաստանի հետ մշակութային համագործակցության ակտիվացման գործում:
ՀՀ դեսպանը պատմեց Հայաստանում մշակութային կյանքի և այդ ոլորտում կառավարության ու հայկական կազմակերպությունների գործունեության մասին: Արտաշես Թումանյանը անդրադարձավ մի շարք ոլորտների (գրականություն, թատրոն, կինո երաժշտություն, գեղանկարչություն և այլն), որտեղ մեծ հնարավորություններ կան հայ-իրանական համագործակցությունը խորացնելու առումով: Ներկայացվեց մինչև հիմա կատարված աշխատանքը և տեսակետներ հայտնվեցին առաջիկա ծրագրերի մասին:
Կողմերը խոսեցին առանձին ծրագրերի, փոխայցելությունների, համատեղ միջոցառումների կազմակերպման մասին: Արտաշես Թումանյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Իրանի արվեստագետների տան կողմից կազմակերպվող Իրանում կրոնական աստվածային կրոնների հետևորդների մշակութային կոնգրեսի կազմակերպմանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում հաստատել ՀՀ դեսպանության և Իրանի արվեստագետների տան համատեղ միջոցառումների ծրագիր:
-------------------
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնը Երեւանի Թերլեմեզյանի անվան պետական գեղարվեստական քոլեջում ցուցահանդես-մրցույթ է կազմակերպել «Կապույտ մզկիթ» անվանումով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԻԻՀ-ի դեսպանատան մշակութային խորհրդական Մաջիդ Մեշքին հայտնել է, որ նման միջոցառումները մշակութային փոխանակման լավագույն միջոցներից են: «Հատկապես գեղարվեստի օգնությամբ բավականին հետաքրքիր եղանակով հնարավոր է իմանալ որեւէ մշակույթից տվյալ մարդու տպավորությունների մասին: Կարծում եմ, որ այս գեղեցիկ ցուցահանդեսի նպատակն է նպաստել Իրանի եւ Հայաստանի միջեւ մշակութային երկխոսությանը: Երեւանյան «Կապույտ մզկիթը» ոչ միայն պատմական հուշարձան է, այլեւ մշակութային եւ կրոնական »,-նշել է Մեշքին: Ցուցահանդեսին, շարունակել է նա, ցույց է տրվել հայ երիտասարդ նկարիչների վերաբերմունքն այդ հուշարձանին: «Միջոցառումը կազմակերպվել է` եւս մեկ անգամ ընդգծելու երկու երկրի մշակութային եւ պատմական ընդհանրությունը», - հավելել է Մաջիդ Մեշքին:
Ժյուրիի որոշմամբ առաջին տեղին արժանացել է քոլեջի ուսանողուհի Շուշան Գեւորգյանը: ««Կապույտ մզկիթը» ինքնին շատ հետաքրքիր կառույց է` մի քիչ այլ մշակույթով: Եվ մզկիթի շուրջ մթնոլորտը լիովին աշխատանքի է տրամադրում», - նշել է նա:
--------------------------------
Իրանի Շիրազ քաղաքում տեղի է ունեցել «Ուրարտական ժառանգություն» խորագրով ցուցահանդես: Այս մասին մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի վարիչ Էմին Թորոսյանը:
«Մենք այցելություն ունեցանք Շիրազ քաղաք, ունեցանք պատասխան ցուցահանդես` նախորդ տարի Պերսեպոլիսի ցուցահանդես էր կազմակերպվել Երեւանում: Ներկայացվեց ուրարտական մշակույթը` «Ուրարատական ժառանգություն» խորագրով: Մի շարք քաղաքների հետ ձեռք բերվեցին հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ»,-ասաց նա:
---------------------
Երեւանի Պետական համալսարանի եւ իրանական «Ադաբիաթե ֆարսի» կայքէջերի հաղորդման համաձայն մայիսի 26-ին Երեւանի Պետական համալսարանում տեղի է ունենալու «Պարսից գրականություն եւ պատմություն՝ ի մեծարումն Սաադի Շիրազիի» միջազգային արևելագիտական գիտաժողով, որը նվիրված կը լինի իրանցի մեծանուն միջնադարյան բանաստեղծ Սաադի Շիրազիին:
Բացի ԵՊՀ-ի Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնից, գիտաժողովի կազմակերպմանը իրենց աջակցությունն են ցուցաբերում նաեւ Տաջիկստանի Խուջանդի Պետական համալսարանը, Վրաստանի Իլիայի Պետական համալսարանը, իրանական «Ալամե Թաբաթաբայի», «Շահիդ Բեհեշթի» եւ Շիրազի համալսարանները, ինչպես նաեւ Թեհրանի «Իրանագիտական հաստատությունը», Պարսից լեզվի եւ գրականության ակադեմիան, «Բոնիադէ Սաադի» հաստատությունը, Իրանի Գրավոր ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Շվեդական «P.S.R» մշակութային հաստատությունը, Իրանի «Մոբին» մշակութային կազմակերպությունը, Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը եւ այլ գիտամշակութային կենտրոններ:
Գիտաժողովի գլխավոր քարտուղարությունները գտնվում են Հայաստանում, Իրանում, Տաջիկստանում եւ Շվեդիայում:
Գիտաժողովի գլխավոր դասախոսներն են՝ Երեւանի Պետական համալսարանի Արեւելագիտության ամբիոնի Իրանագիտության ամբիոնի տնորեն եւ գիտաժողովի նախագահ դոկտ. պրոֆ. Վարդան Ոսկանյանը, Գիտաժողովի իրանցի նախագահ դոկտ. պրոֆ. Ասղար Դադբեհ, Երեւանի Պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի տնoրեն դոկտ. պրոֆ. Գուրգեն Մելիքյանը, պրոֆեսոր-դոկտորներ՝ Ջորջ Սանիկիձեն Վրաստանից, Քավուս Հասանլին՝ Իրանից, Նուրալի Նուրզադը՝ Տաջիկստանից, Սաֆֆար Աբդոլլահը՝ Ղազախստանից, Լյուդվիգ Պոլը՝ Գերմանիայից: Դասախոսելու են նաեւ՝ Երեւանի Պետական համալսարանի տնորեն Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ՝ Մաջիդ Մեշքին, Երեւանի Պետական համալսարանի դասախոսներ՝ դոկտ. Թադեոս Չրչյանը, դոկտ. Իլիուշա Ղազարյանը, դոկտ. Գառնիկ Գեորգին եւ ուրիշներ:
-------------------------------
Իրանցի պրոդյուսերը շահեց 2016 թվականի Կաննի կինոփառատոնի շրջանակներում հանձնվող Ասիայի և Օվկիանիայի կինոմրցանակը:
Համաձայն ԻՍՆԱ-ի հաղորդման, Ֆրանսիայի Կաննի միջազգային կինոփառատոնը հինգշաբթի օրը «Լուսնի լույսի տակ» ֆիլմի պրոդյուսեր Մանուչեհր Մոհամմեդիին Ասիայի ու Օվկիանիայի կինոյի մրցանակաբաշխության 10-րդ շրջանի հաղթող ճանաչեց: Սա համարվում է տարածաշրջանի և ֆիլմարտադորղների հավաքականության միջազգային ֆեդերացիայի ամենաարժեքավոր կինոմրցանակը:
Ֆեդերացիայի ներկայացուցիչ Բենուա Ջինիսին ասել է. «Ասիայի ու Օվկիանիայի կինոյի մրցանակաբաշխության 10-րդ շրջանն Իրանին գնահատում է մրցութային բաժնում թվով ամենաշատ ֆիլմերն ունենալու համար»:
Մոհամմեդին երկրորդ անգամ է շահում Ասիայի ու Օվկիանիայի կինոմրցանակը:
Նա 2013 թվականին նույն մրցանակին էր արժանացել «Նկարչության ավազանը» ֆիլմի համար:
-------------------------
ԱՄՆ-ում հայտարարվել է Ռոբերտ Ֆրոստի անվան 6-րդ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողի անունը: Այս տարի չափածո պոեզիայի ոլորտում մրցանակին արժանացել Մասաչուսեթսում բնակվող հայազգի Ջեյմս Նաջարյանը:
Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, Նաջարյանը մրցանակին արժանացել է «Մութ դարեր» ոչ հանգավոր պոեմի համար: Մրցանակի հետ միասին Նաջարյանը 1000 դոլար ծավալով պարգևավճար է ստանում, ինչպես նաև՝ հրատարակման իրավունք The Evansville Review ամսագրում:
«Մութ դարեր» պոեմը փոխաբերությունների օգնությամբ պատմում է կյանքում մահվան էլեգիայի` Ալցհեյմերի հիվանդության մասին` մոր հիշողության կորուստը համեմատելով Բրիտանիայից հռոմեացիների հեռանալուց հետո ստեղծված իրավիճակի հետ:
--------------------
Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի առաջին հրատարակության հազվագյուտ օրինակը կարող է աշխարհի ամենաթանկարժեք մանկական գիրքը դառնալ: Մասնագետներն այն 2 մլն ֆունտ սթեռլինգ (գրեթե 3 մլն դոլար) են գնահատել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Oxford Times-ը:
Գիրքն աճուրդի է հանել Christie's աճուրդի տունը: Վաճառքը կկայանա Նյու Յորքում, հունիսի 16-ին:
Սա գրքի առաջին տպագրությունից պահպանված 22 օրինակներից մեկն է: Քերոլն այն նվիրել է քոլեջից իր ընկերոջը՝ Ջորջ Ուիլյամ Քիթչինին: 150 տարեկան գիրքը հրաշալի վիճակում է:
«Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքն առաջին անգամ տպագրվել է 1865 թվականին, Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունում: Նկարազարդող Ջոն Թենիելը դժգոհ է եղել տպագրության որակից, եւ գրքի տպագրությունը դադարեցվել է:
Արդեն տպագրված 50 օրինակի մի մասը, սակայն, հեղինակը նվիրել է իր մտերիմներին, մյուս մասը, ենթադրաբար բաժանել են մանկատներին: Ներկայում 16 գիրք գտնվում է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի գրադարաններում եւ ինստիտուտներում, իսկ 6-ը՝ մասնավոր հավաքածուներում:
------------------------------
Ամերիկացի գրող Դեն Բրաունը դեռահասների համար կթողարկի «Դա Վինչիի ծածկագիրը» վեպի կրճատ տարբերակը, հաղորդում է Newsweek-ը: Հանրահայտ վեպի նոր տարբերակը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին՝ Մեծ Բրիտանիայում և սեպտեմբերի 13-ին՝ ԱՄՆ-ում:
«Դա Վինչիի ծածկագրի» օրիգինալ տարբերակը թողարկվել է 2003թ-ին: Ըստ Penguin Random House հրատարակչության՝ աշխարհում վաճառվել է գրքի 82 մլն օրինակ: Բացի այդ, Հոլիվուդում վեպի հիման վրա ֆիլմ են նկարահանել, որում գլխավոր դերակատարը Թոմ Հենքսն է:
Հիմա Բրաունը մտադիր է թողարկել իր աշխարհահռչակ աշխատանքի նոր տարբերակը, ինչն ամսագրի կարծիքով, տարօրինակ քայլ է, քանի որ դեռահասներն ուղղակի կարող են կարդալ գրքի օրիգինալ տարբերակը:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, Բրաունի որոշումն արդեն քննադատության է ենթարկվել:
--------------------
Թոմի Էդիսոնը բնակվում է Միացյալ Նահանգներում, նա ի ծնե կույր է և կյանքի ընթացքում որևէ ֆիլմ չի դիտել։ Սակայն տեսողությունից զրկված լինելու փաստը չի խանգարել Էդիսոնին կինոտեսություններ ստեղծել տարատեսակ ֆիլմերի վերաբերյալ:
Մի անգամ Թոմին իր ընկերոջ` Բենի հետ հերթական մարտաֆիլմը քննարկելիս բողոքել է, որ համարյա ոչինչ չի հասկանում, քանի որ նման ֆիլմերում հիմնական շեշտը դրվում է հատուկ էֆեկտների վրա, իսկ կուլմինացիոն պահը կատարվում է լիակատար լռության պայմաններում: Լսելով ընկերոջ բողոքները` Բենն առաջարկել է Թոմիին կույր մարդու անունից կինոռեցենզիաներ գրել: Առանց երկար-բարակ մտածելու` Թոմին համաձայնել է` չկասկածելով անգամ, որ հենց այդ օրվանից սկսվելու է կինոքննադատի իր կարիերան:
Այդ օրն ընկերները գնացել են կինոթատրոն. Բենն ընդհանրապես չի օգնել Թոմիին, ոչինչ չի պատմել ու չի նկարագրել։ Մինչդեռ Թոմին ֆիլմը «դիտել» է լիակատար լռության մեջ` կենտրոնանալով միայն սցենարի, երաժշտության ու ձայնային էֆեկտների վրա: Դիտումից հետո նրանք գնացել են տուն` «գրելու» առաջին կինոքննադատությունը: Ստացված տեսանյութը նրանք տեղադրել են YouTube-ում, ինչից հետո այն համացանցում տարածվել է կայծակնային արագությամբ:
Մի տեսանյութին հաջորդել է մյուսը և աստիճանաբար կույր կինոքննադատն ունեցել է միլիոնավոր հետևորդներ: